#իվենթաPAN
April 25

Առաջին «սելֆին», արևից առաջ ընկած լուսինը, և Բոստոնը՝ 609 մետրից. «Առաջնեկ» ֆոտոները՝ երկրից մինչև երկինք

Այսօր լուսանկար անելու համար մեզ բավական է անգամ ամենասովորական սմարթֆոնը։ Ընդամենը մեկ վայրկյան ու լուսանկարը ցույց է տալիս իրական կյանքը, մարդկանց, առարկաներն ու գույներն արտացոլող պատկերներ։ Բայց միշտ չէ, որ այդպես է եղել։ Ընդամենը 2 դար առաջ լուսանկարչությունը անհասանելի մի բան էր, իսկ գունավոր լուսանկարչությունն՝ առավել ևս։ Լուսանկարչության գյուտից հետո պատկերները բացառապես սև ու սպիտակ էին ու էնտուզիաստները տարբեր եղանակներ էին փնտրում գունավոր լուսանկարներ ստանալու համար։

«Առաջին» լուսանկարը գուցե մեկն է, բայց PAN-ը գտել է բազմաթիվ «առաջին» լուսանկարներ՝ սև ու սպիտակից մինչև գունավոր, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն ու հետագիծ ունի։

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Ով կմտածեր, որ պատուհանից երևացող մի համեստ տեսարան դառնալու է պատմական լուսանկար։ 1826 թվականին ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսը դարձավ աշխարհում առաջին լուսանկարի հեղինակը։ Իր առանձնատան վերին հարկի պատուհանից էլ ստեղծվեց մեր օրեր հասած աշխարհի ամենահին լուսանկարը, որն անվանվեց «Տեսարան Լե Գրասի պատուհանից»:

Լուսանկարն այսօր պահպանվում է Օստինի Տեխասսյան համալսարանի հավաքածուում և մեծ արժեք ու կարևորություն ունի լուսանկարչական արվեստի ժառանգության համատեքստում։

ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՐԴ ՊԱՏԿԵՐՎԵՑ

Առաջին անգամ լուսանկարում մարդ հայտնվեց 1838 թվականին։ Լուսանկարի հեղինակը ֆրանսիացի գյուտարար Լուի Դագերն է, որն առավել հայտնի է դագերոտիպ պրոցեսի հայտնագործմամբ։ Այս լուսանկարը համատեղությամբ նաև Փարիզը պատկերող ամենահին լուսանկարն է։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Հիմա գուցե մտածեք, որ ինչ-որ բան խառնում ենք, որովհետև լուսանկարում մարդիկ չեն երևում։ Բայց առավել ուշադիր զննեք ու կտեսնեք ձախ ստորին անկյունում ուրվագծվող երկու մարդկանց։ Բանն այն է, որ լուսանկարչության գյուտից հետո սկզբնական շրջանում լուսանկարները ստանալու համար երկար ժամանակ էր պահանջվում։

Հենց այս լուսանկարը ստանալու համար առնվազն 7 րոպե ժամանակ է պահանջվել։ Այդ պատճառով էլ փողոցով քայլող կամ տարածքում ինչ-որ պահ երևացող մարդիկ կադրից կարծես «անհետանում» էին ու ստացվում էր այնպես, որ փողոցները «դատարկ» են։ Իսկ այս երկու տղամարդիկ այդ բոլոր րոպեների ընթացքում գրեթե անշարժ են եղել, որովհետև նրանցից մեկը կոշիկ փայլեցնող էր, իսկ մյուսը նրա հաճախորդը։

ԱՌԱՋԻՆ ԳՈՒՆԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Լուսանկարչական խցիկը ծանոթացավ աշխարհի գույների հետ, երբ ֆիզիկոս Ջեյմս Քլերք Մաքսվելը ներկայացրեց գունային լուսանկարի եռագույն տեխնիկան։ Հենց այս մեթոդով էլ 1861 թվականին արվեց պատմության առաջին գունավոր լուսանկարը։

Նախ եկեք պարզաբանենք, թե ի՞նչ է պատկերված լուսանկարում։ Սա ժապավեն է, գործվածքի կտոր։ Գուցե ցանկանաք շտկում անել և ասել, որ այս լուսանկարից առաջ ևս գունավոր լուսանկարներ ստեղծվել են։ Իրականում չեք սխալվի, այդ պնդումը մասամբ ճիշտ է։ Բայց միայն այս մեթոդի շնորհիվ է հնարավոր դարձել ստեղծել գունավոր լուսանկար, որը կպահպանի իր գույները։

Իրականում պետք է նշել, որ լուսանկարը ստանալու համար «կոճակը սեղմել է» մեկոսպնյակավոր հայելային տեսախցիկի գյուտարար Թոմաս Սաթոնը, բայց գիտական գործընթացի մշակումը Մաքսվելինն էր։

ԱՌԱՋԻՆ «ՍԵԼՖԻՆ»

Պատկերացրեք՝ եթե այսօր ստիպված լինեինք ընդամենը մեկ սելֆիի համար մեկ րոպե ամբողջովին անշարժ նստել խցիկի առջև։ Սա ամեն դեպքում կօգներ րոպեում 182 սելֆի արագությամբ չհիանալ սեփական պատկերով։

Իսկ սելֆիներից ու տեխնոլոգիական առաջընթացից շատ տարիներ առաջ՝ 1839 թվականին ամերիկացի Ռոբերտ Կորնելիուսն աշխարհին հայտնի առաջին ինքնանկարն է արել։ Նա տեղադրել է ֆոտոխցիկը և մեկ րոպեից ավելի նստել ոսպնյակի առջև, որպեսզի ստանա իր ինքնանկարը։ Ֆիլադելֆիայում գտնվող իրենց ընտանեկան խանութում 30-ամյա տղամարդն առանձ գիտակցելու պատմական լուսանկար է արել։

ԱՌԱՋԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Գիտական ​​լուսանկարչության հետ կապված առաջին փորձերը սկսվել են 1840 թվականին։ Մանրադիտակի միջոցով բժիշկ Ալֆրեդ Ֆրանսուա Դոնեթը ֆիքսեց ոսկորների և ատամների բեկորներ: Բայց սա միայն սկիզբն էր։ Ֆրանսիացի նյարդաբան Գիյոմ Դյուշեն դե Բուլոնը ոչ միայն դարձավ առաջինը, ով լուսանկարեց մարդկանց՝ իր հիվանդներին, այլ նաև ապացուցեց բժշկական հանրությանը, որ լուսանկարչությունը ևս խիստ կարևոր ու անհրաժեշտ գործիք է բժիշկների համար։

ԱՌԱՋԻՆ ՖՈՏՈԿՈԼԱԺԸ

1857 թվականին «Կյանքի երկու ուղիներ» «ֆոտոկոլաժի» համար Օսկար Գուստավն արեց ավելի քան երեսուն առանձին լուսանկար, իսկ հետո հավաքեց դրանք մեկ ընդհանուր լուսանկարի մեջ: Այս մեծամասշտաբ լուսանկարը հստակ սյուժե ուներ։ Այն հիմնված էր երկու երիտասարդների մասին պատմող մի պատմության վրա, ըստ որի նրանք պետք է լուրջ ընտրություն կատարեին իրենց կյանքում։

Բայց այնպես չէ, որ աշխարհն այս լուսանկարը ճանաչում է միայն տեխնիկապես բարդ աշխատանքի շնորհիվ։ Իրականում լուսանկարը մեծ սկանդալ էր առաջացրել և անբարո որակվել՝ մերկ մոդելների պատճառով։

ԱՐԵՎԻ ԵՎ ԼՈՒՍՆԻ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Լուսանկարչական խցիկն առաջինը լուսինն է ֆիքսել։ Դագերոտիպ-լուսանկարն արվել է Ջոն Վ. Դրեյփերի կողմից՝ 1840 թվականի մարտի 26-ին, Նյու Յորքի համալսարանի իր աստղադիտարանի տանիքից:

Արեգակի դագերոտիպային պատկերն արվել է  1845 թվականի ապրիլի 2-ին, առավոտյան ժամը 9:45-ին։ Լուսանկարի հեղինակներն են ֆրանսիացի ֆիզիկոսներ Լուի Ֆիզոն և Լեոն Ֆուկոն։ Արեգակի ամենավաղ արված և ամենահին լուսանկարներից մեկում նաև հստակ նկատվում է արևային հետքերի առկայությունը։

ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԿԻ՞ԶԲԸ

Լրագրողական առաջին լուսանկարն արվել է 1847 թվականին ու թեև ֆոտոլրագրողի անունը չի պահպանվել, այս լուսանկարը պատմական է լուսանկարչության պատմության և հատկապես ֆոտոլրագրության համար։ Նկարն արվել է դագերոտիպով։ Լուրերի համար արված առաջին լուսանկարում պատկերված է Ֆրանսիայում մի տղամարդու ձերբակալությունը։

ՕԴԻՑ ԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Օդից արված առաջին լուսանկարում պատկերված է Բոստոնը։ Լուսանկարը ոչ թե ուղղաթիռից կամ ինքնաթիռից է արված, այլ օդապարիկից։ 1860 թվականին արված այս պատմական կադրը ցույց է տալիս Բոստոնը՝ 609 մետր բարձրությունից։ Լուսանկարի հեղինակը  Ջեյմս Ուոլես Բլեքն է։ Հեղինակն ասում էր, որ լուսանկարում պատկերված է «Բոստոնը, ինչպես այն տեսնում են արծիվները»։

ԵՎ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄ ՊԱՏԿԵՐՎԵՑ

Առաջին ռազմական հակամարտությունը, որը ֆիքսվեց լուսանկարներով, մեքսիկա-ամերիկյան պատերազմն էր: Անհայտ լուսանկարիչը 50 դագերոտիպ լուսանկար է ստացել՝ պատկերելով բանակը, վնասված տներն ու հուղարկավորությունները։

Այնուամենայնիվ, աշխարհին որպես պատերազմական առաջին լուսանկարներ առավել հայտնի են Ռոջեր Ֆենտոնի շատ ավելի լավ պահպանված լուսանկարները: Դրանք արվել են շուրջ մեկ տասնամյակ անց՝ Ղրիմի պատերազմի ժամանակ և պատկերում են զինվորների կյանքը։

Լուսանկարչական «առաջինների» ցանկը շատ երկար է և դրանց մասին տեղյակ լինելն ու երբեմն ուսումնասիրելը կարևոր ու հետաքրքիր կարող է լինել ոչ միայն լուսանկարիչների, այլև բոլորիս համար։ Լուսանկարչությունը շատերի հոբբին է, գուցե, որովհետև մարդիկ կարծում են, որ որակյալ լուսանկար ստանալը հեշտ գործ է։ Բայց պետք է արժանին մատուցել այն լուսանկարիչներին, որոնց միջոցով լուսանկարչությունն արվեստի ուղղություն է դարձել, ու խուսափել «X կամայական անուն photography» բնույթի ինքնավստահ էջեր ստեղծելու շատ գայթակղիչ գաղափարից։


✍️ Նանե Մանուկյան / PAN