#իվենթաPAN
July 4

Սովետի առաջին երգող շատրվանը, «Իրանից» ոգեշնչված չինովնիկն ու Խաչատրյանի 15 րոպեն. Ինչպես Հրապարակը սկսեց «երգել»

Իրեն հարգող ցանկացած երևանցի գոնե 1 անգամ կանգնել ու վայելել է Հանրապետության հրապարակի «երգող» ու «պարող» շատրվանների շոուն։ Բայց երևանցիների «աչքը կշտացել է» կարծես ու հաճախ նրանք պարզապես անտարբեր անցնում են շատրվանների կողքով։ Մոռանում են, որ մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար սա տեսարժան վայրերի թոփում է գտնվում։

Երբեմն անգամ տպավորություն է, որ շատերի համար երգող շատրվանները տեսնելը գրեթե հավասարազոր է քաղաքը տեսնելուն։ Իսկ ինչպե՞ս ստեղծվեցին շատրվաններն ու ի՞նչ էվոլյուցիա ապրեցին տասնամյակների ընթացքում։

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՆ ՈՒ ԼԵՆԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Ամեն ինչ սկսվեց դեռ նախորդ դարի կեսերին, իսկ ավելի հստակ՝ 1949 թվականին։ Հենց այդ թվականին էլ ազդարարվեց Հանրապետության հրապարակի շատրվաններով ջրավազանի կառուցման մեկնարկը։ Կառուցման նախագիծը պատկանում է ճարտարապետներ Մարկ Գրիգորյանին և Էդուարդ Սարապյանին։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Այդ ժամանակ երգող շատրվանների մասին խոսք անգամ չէր գնում։ Մարկ Գրիգորյանի թոռան՝ լրագրող Մարկ Գրիգորյանի խոսքով, նախնական շրջանում անգամ ջրավազանի կառուցումը նախատեսված չէր։ Բայց գաղափարը ծնվել է ոգեշնչման արդյունքում։ Իսկ ոգեշնչվել էր ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը, երբ դիտել էր «Իրան» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի կադրերում հասարակական շինությունների և մզկիթների առջև ջրավազանների հայելիներ էին երևում։

ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ «ԵՐԳԵԼ»

Շուրջ երկու տասնամյակ պահանջվեց, որ այս ջրավազանի շատրվանները սկսեն «երգել»։ Որոշումը կայացրեց Երևանի Քաղխորհուրդը։ Առիթը տոնական էր. Նշվում էր  ՀԽՍՀ-ի կազմավորման եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցության 50 ամյակը։

Հրապարակի և Ազգային պատկերասրահի ճիշտ մեջտեղում գտնվող շատրվանները ԽՍՀՄ տարածքում առաջին ջրային երաժշտական կառույցն էին։ Աշխատանքները տևեցին շուրջ երեք տարի։

1971 թվականին հրապարակի շատրվաններն առաջին անգամ սկսեցին «երգել» ու «պարել»։ Սա իրական տոն էր քաղաքի բնակիչների համար։ Հրապարակը մշտապես մարդաշատ էր՝ անգամ աշխատանքային օրերին։

Նախագծի աշխատանքային խմբի ղեկավարը հայ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Աբրահամյանն էր։ ԽՍՀՄ-ում առաջին գունաերաժշտական շատրվանների համալիրի նախագծող գիտնականի համար սա երազանքի պես մի բան էր։ Գույնի, ձայնի ու ջրի համակցությունը նորարարական մի բան էր, որ ոչ միայն չկար ԽՍՀՄ տարածքում, այլև առանձնապես տարածված չէր աշխարհում։ Այդ տարիներին գունաձայնային շատրվաններ կային Փարիզում, Կասաբլանկայում ու Նյու Յորքում, բայց դրանք այլ սկզբունքով էին շահագործվում։

«Գույների և շատրվանների կառավարումը տարվում է ոչ թե երաժշտությունից, այլ մագնիսային ժապավենի մյուս կողմում նախապես ձայնագրած հոսանքի ազդակներից»:

Իսկ Երևանի հանրապետության, նախկինում՝ Լենինի հրապարակի շատրվաններն այլ սկզբունքով էին աշխատում։ Երաժշտական ծրագիրը նախ ձայնագրվում էր մագնիսային ժապավենի վրա։

«Այնուհետեւ էլեկտրական զտիչների օգնությամբ ձայնային հաճախականությունները բաժանվում են երեք շարանի, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական գունային լուսավորման եւ մեխանիկական կառավարման ալիքը: Այդպիսով՝ մեղեդին «կառավարում է» գույները, լուսավորվածության ուժգնությունը, շիթի բարձրությունը: Սարքավորումը բարդ է: Ցանկալի արդյունքին հասնելու համար մեր կողմից օգտագործվել են ռադիոէլեկտրոնիկայի, ավտոմատիկայի, լուսային տեխնիկայի եւ էլէկտրաակուստիկայի ձեռքբերումները»:

Արդյունքն այնքան տպավորիչ էր, որ աշխատանքային խումբը մեկը մյուսի հետևից նոր պատվերներ էր ստանում։ Մի քանի տարում հայ մասնագետների ներգրավվածությամբ երգող շատրվաններ բացվեցին Բաթումիում (Ծովափնյա զբոսայգի), Մոսկվայում, Սոչիում (գլխավոր պողոտայում եւ «Չայկա» հյուրանոցի բակում), Կրիվոյ Ռոգում,  Կարագանդայում, Խարկովում (Շեւչենկոյի անվան քաղաքային զբոսայգի) և այլ վայրերում։

1976 թվականին Հանրապետության հրապարակի շատրվանների մոդելը ցուցադրվեց Բուենոս Այրեսում՝ Հայկական ԽՍՀ ազգային ցուցահանդեսի տաղավարում։ Ի դեպ, մոդելի լամպերը պատրաստվել էին Արզնիի հայկական բյուրեղապակուց։

1978 թվականին Աբրահամ Աբրահամյանի թիմը պարգևատրվել է գիտության և տեխնիկայի բնագավառում ՀԽՍՀ-ի պետական մրցանակով։ Աբրահամյանը հետագայում մշակել է Երևանի «Երրորդ մասի» հրապարակի շատրվանների նախագիծը։ Բացի դրանից, մշակել է ձայնագունային երգեհոնի նախագիծը՝ Կամերային երաժշտության տան համար։

ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ՝ 2000-ԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒ ԱՅՍՕՐ

ԽՍՀՄ փլուզումից հետո շատրվանները չէին գործարկվում։ Ծանր շրջան էր՝ պատերազմ, ճգնաժամ, մութ ու ցուրտ տարիներ։ Երկար լռությունից հետո 2006 թվականին սկսվեցին շատրվանների ռեստավրացիոն աշխատանքները։ Այս գործում ներգրավված էին ֆրանսիացի մասնագետներ, գունաձայնային նորագույն տեխնիկան ևս Ֆրանսիայից էր ներկրված։

Արդիական համակարգչային կառավարում, լուսաձայնային նոր էֆեկտներ, գունային ու երաժշտական նոր լուծումներ, հոլոգրաֆիկ պատկերներ. Ժամանակակից լուծումները և նոր երաժշտացանկը Երևանի բնակիչներին ներկայացվեցին 2007 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

Առհասարակ, այս տարիների ընթացքում տեխնիկական և երաժշտական մի քանի թարմացումներ են եղել։ Շատրվանի շիթերից 16-ի բարձրությունը հասնում է մինչև 50 մետր։ Ի դեպ, շատրվանների կառավարումը հենց հրապարակի տակ գտնվող բունկերից է իրականացվում։ Ինչ վերաբերում է շատրվանների «երաժշտական ճաշակին», Հանրապետության հրապարակի երգող շատրվանների «երգացանկը» փոխվել է նաև 2017 թվականին։

Հնչող երաժշտությունը բազմաժանր է՝ դասականից մինչև հին երևանյան երգեր։ Հատուկ ներառված է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից կազմված 15 րոպեանոց ծրագիրը, իսկ երաժշտական շոուն սովորաբար եզրափակվում է Շառլ Ազնավուրի «Հավերժ սեր» երգով։ Երբ Հայաստան են ժամանում հատուկ հյուրեր կամ պատվիրակություններ այլ երկրներից, նրանց պատվին երգացանկում նաև տվյալ երկրների երաժշտություն են ներառում։

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ ՍԻՐՈՂ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԸ

Իհարկե, շարժվելով «մերն ուրիշ է» սկզբունքով, Հանրապետության հրապարակի երգող շատրվաններին ոչինչ չի հասնի, բայց հաստատ արժի ծանոթանալ աշխարհի ամենահայտնի մի քանի շատրվաններին ևս։ Գոնե միայն նրա համար, որ այդ քաղաքներում հայտնվելիս պարտադիր այցելության վայրերին ավելացնեք նաև սրանք։

Աշխարհի ամենաերկար կամուրջ-շատրվանը գտնվում է Սեուլում։ 1140 մետրանոց «Ծիածան շատրվանը» անգամ պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում։ Պաշտոնապես շատրվանի բացումը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսին։

Ի տարբերութուն սովորական շատրվանների, որոնք ուղղված են դեպի վեր՝ կամուրջ-շատրվանի ցայտերն ուղղված են դեպի կողք և ներքև: Ջուրը հավաքվում և թափվում է Հանգան գետը։ Շատրվանը սարքավորված է 38 պոմպով,  ջրի ցայտի հեռավորությունը 20 մետր է։

Աշխարհի ամենատարբերվող ու ստեղծագործական առումով ամենահետաքրքիր շատրվաններից մեկը գտնվում է Չիկագոյում, իսկ ավելի հստակ՝ Միլենիում զբոսայգում։ Քրաուն շատրվանը (Crown Fountain) ներկայացվում է որպես հանրային արվեստի ինտերակտիվ ստեղծագործություն։

Շատրվանի քանդակները նախագծել է իսպանացի նկարիչ Ժաումե Պլենսան։ Շատրվանն իրենից ներկայացնում է սև գրանիտի վրա ջրից ստացված հայելի, որը գտնվում է երկու ապակե աշտարակների ճիշտ մեջտեղում։ Աշտարակներն ունեն 15.2 մետր բարձրություն։

Բայց այս շատրվանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ աշտարակների ներքին կողմերում ներկառուցված են լուսադիոդներ՝ թվային տեսագրություններ ցուցադրելու համար։ Այս տեսագրությունները նկարահանվել են դեռ 2001 թվականից, իսկ շատրվանի պաշտոնական բացումը եղել է 2004 թվականին։ Քրոուն շատրվանների կառուցումն ու նախագծումն արժեցել է 17 միլիոն դոլար:

Դուբայի շատրվանն այս ցանկում գուցե ամենահայտնին է։ Այն Բուրջ Խալիֆա երկնաքերի հարևանությամբ գտնվող ավելի քան 12 հեկտար տարածք զբաղեցնող արհեստական լճում է։

Ի դեպ, այս շատրվանը նախագծել է նույն ընկերությունը, որը նախագծել է Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոցի դիմաց գտնվող հայտնի շատրվանը։ Դուբայի շատրվանն աշխարհի ամենաբարձր շատրվաններից մեկն է, երկարությունը 275 մետր է։ Շատրվանը լուսավորված է 25 գունավոր և 6600 լուսարձակներով։

Շատրվանի փորձարկման մեկնարկը տրվել է 2009 թվականի փետրվարին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 8-ին՝ Dubai Mall-ի բացման արարողության հետ միասին։

Ու քանի որ խոսք գնաց նաև Լաս Վեգասի հայտնի շատրվանի մասին՝ մեր այս ցանկը ավարտենք հենց այդ «թանկարժեք» շատրվանով։ Բելաջիոյի շատրվանի կառուցումն արժեցել է 40 միլիոն դոլար, այն բաղկացած է 1200 վարդակներից ու 4500 լույսերից։

Շատրվանները կարող են ջուր արձակել 24 հարկանի շենքի բարձրությամբ։ Ի դեպ, շատրվանի ամենօրյա սպասարկման համար պատասխանատու է 30 ինժեներներից բաղկացած թիմը, որոնք բոլորն էլ որակավորված սուզորդներ են: Մինչև 2009 թվականը Լաս Վեգասի շատրվաններն ապահովում էին աշխարհի ամենամեծ շատրվանային շոուն, բայց  ամեն բան փոխվեց Դուբայի շատրվանի բացումից հետո։

Երգող-պարող շատրվանները տեսողական հաճույքից բացի վստահաբար նաև ոգեշնչման աղբյուր կարող են դառնալ։ Դրանցից որոշներն իրենք իրենցով արդեն իսկ արվեստի գործեր են։ Իսկ Երևանի Հանրապետության հրապարակի մեր հարազատ շատրվանները զբոսաշրջիկների ու տեղացիների համար քաղաքային տրամադրությունը վայելելու լավագույն վայրերից կարող է լինել։ Միայն թե՝ առանց արևածաղիկ կեղևազրկելու ու Երևանի սիրտն աղտոտելու։


✍️ Նանե Մանուկյան / PAN