Հարրի Փոթերի աշխարհից մինչև մեռած տիեզերք. 2023-ի ամենասպասված 12 համակարգչային խաղը
2023-ը խոստանում է դառնալ ոչ միայն համակարգչային խաղերի էկրանավորումների «անեծքի» հաղթահարման տարի (շնորհակալություն The Last of Us սերիալին), այլև հարուստ է լինելու հայտնի ֆրանշիզների շարունակություններով, ռիմեյքներով ու նոր թայթլներով։ Բոլորի մասին խոսելն անհնար է, որոշները (նույն S.T.A.L.K.E.R.-ի սիքվելը) փաստ չի, որ դուրս կգան այս տարի։
Սակայն PAN-ը փորձել է հավաքել ամենասպասված խաղերի` մի քիչ սուբյեկտիվ, մի քիչ օբյեկտիվ թոփը։ Այն բաղկացած է 12 խաղից, սպասվածության աստիճանն աճում է հերթական համարի թվանշանի նվազման հետ։
Տիեզերական հորրորների սիրահարները հույս ունեին, որ օրիգինալ Dead Space-ի ստեղծող Էրիկ Լիբի The Callisto Protocol-ը կդառնա սիրված ժանրի մեծ վերադարձը, սակայն, ցավոք, բացի գեղեցիկ պատկերից խաղն այլ բան չկարողացավ առաջարկել։ Հիմա էլ նրանք հույսը կապում են 2008թ-ի խաղի ռեմեյքի հետ, որով զբաղվում է EA Motive ստուդիան։ Ըստ տեսահոլովակների, այստեղ գործ ունենք «փափուկ» ռեմեյքի հետ. խաղը զրոյից հավաքվել է իններորդ սերնդի կոնսոլների ու PC-ի համար, մեծացվել է սյուժեն, ավելացվել են մեխանիկաներ Dead Space 2-ից, իսկ «Իշիմուրա» տիեզերանավով կարելի կլինի ազատ շարժվել առանց «կարերի»` բոլոր հատվածներ այցելելով ու անհրաժեշտության դեպքում հետ վերադառնալով առանց ներբեռնման պատուհանների։
Էականը, սակայն, օրիգինալ երկու խաղի` տիեզերական հորրորի մածուցիկ մթնոլորտի պահպանումն է, որը երրորդ խաղում EA-ն լրիվ ոչնչացրեց, ինչից հետո փակեց ամբողջ ֆրանշիզը։
Խաղը դուրս կգա հունվարի 27-ին` Playstation 5-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
11. HOGWARTS LEGACY
Քանի դեռ Հարրի Փոթերի մասին կինոֆրանշիզն ապրում է իր մայրամուտը, իսկ Warner Bros-ը փորձում է լեգենդար սեթինգից գումար աշխատելու նոր ուղիներ որոնել, Avalanche Software ստուդիան ոսկե սարեր է խոստանում` կապված Փոթերի աշխարհում իր մասշտաբային խաղի հետ։
Ըստ էության, Hogwarts Legacy-ն իրենից ներկայացնելու է 19-րդ դարում Հոգվարտսի ուսանողի կյանքի սիմուլյատոր, որում խաղացողը կկարողանա ընտրել ֆակուլտետը, այցելել դասերի, խնամել ֆանտաստիկ արարածների, ուսումնասիրել Արգելված անտառը և այլն։ Խաղի հետ կապված սպասումները մեծ են, ի վերջո` սեթինգում վերջին լավ խաղերը դուրս են եկել դեռ զրոյականների կեսերին։ Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Avalanche Software-ը ոչ մի փորձ չունի նմանատիպ խոշոր խաղերի ստեղծման գործում։
Խաղը դուրս կգա փետրվարի 10-ին` Playstation 5-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի, ապրիլի 4-ին` Playstation 4-ի ու Xbox One-ի, ու հուլիսի 25-ին` Nintendo Switch-ի վրա:
10. ATOMIC HEART
Չնայած համացանցը լի է այս ամբիցիոզ նախագծում աշխատած մարդկանց բողոքներով, որ Mundfish ստուդիայում աշխատանքային պայմանները, մեղմ ասած, անբավարար են, իսկ մենեջերները չեն հասկանում, ինչ են ուզում, խաղը սպասված է թեկուզ նրա համար, որ տեսնենք ինչ կստացվի վերջում. կամ epic fail, կամ epic win։ Սպասված է նաև վառ, էներգիայով լեցուն խաղային հոլովակների շնորհիվ։
Atomic Heart-ը FPS է, որի իրադարձությունները ծավալվում են ալտերնատիվ ԽՍՀՄ-ում` 1950-ականներին։ Գլխավոր հերոսը հայտնվում է կատաղած մարդանման ռոբոտներով լի գործարանում, որտեղ կենդանի մնալու միակ տարբերակը աջ ու ձախ հակառակորդներից սալատ սարքելն է` ճիշտ և ճիշտ Doom-ի նման։ Հուսանք, նման խաղերի ստեղծման փորձառություն չունեցող ու աշխատակիցների անդադար հոսքով հայտնի դարձած Mundfish-ը կարդարացնի գեյմերների սպասումները։
Խաղը դուրս կգա փետրվարի 21-ին` Playstation 4-ի, Playstation 5-ի, Xbox One-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
9. DIABLO IV
Ժամանակին լավագույն խաղերը ստեղծող Blizzard ստուդիան, որը հիմա առաջացրել է գեյմերների վրդովմունքը Warcraft 3-ի անհաջող թարմացմամբ, փողաքամիչ Diablo: Immortal մոբայլ խաղով ու կորպորատիվ անհաջող քաղաքականությամբ, շանս ունի ապացուցելու, որ վառոդամաններում դեռ վառոդ կա։
Diablo IV-ը կոչված է վերականգնելու երկրպագուների սերը ոչ միանշանակ երրորդ մասից հետո. այն ուղիղ շարունակելու է Diablo II-ը, խոստանում է լինել նույնքան մռայլ ու նույն գեյմփլեյով, սակայն հերոսների զարգացումը դառնալու է ավելի ճկուն։ Blizzard-ի ավանդաբար հիասքանչ սինեմատիկ թրեյլերները հույս են ներշնչում, որ այս անգամ ընկերությունը չի հիասթափեցնի։
Խաղը դուրս կգա հուլիսի 6-ին` Playstation 4-ի, Playstation 5-ի, Xbox One-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
8. LIES OF P
Քանի դեռ FromSoftware-ը Elden Ring-ի փառահեղ հաջողությունից հետո որոշել է ժամանակավոր դադարեցնել souls-like խաղերի ստեղծումն ու անցել Armored Core-ի նոր մասին, ենթաժանրի սիրահարները պարապ չեն մնա, որովհետև այն ոգեշնչում է ոչ միայն երկրպագուներին, այլև այլ ստուդիաների։
Այսպես, Neowiz-ի Round8 Studio դուստր ստուդիան պատրաստվում է տանջել ձեզ Կառլո Կոլլոդիի հեքիաթի իր մռայլ վերաձևակերպմամբ. գլխավոր պրոտագոնիստը Պինոքիո անունով անդրոիդն է, ով պետք է այցելի թշնամիներով լի Կրատ քաղաք` իր ստեղծողին` վարպետ Ջեպետոյին փրկելու համար։ Ու ինչպես իրեն հարգող ցանկացած souls-like, խաղն իսկական փորձության է ենթարկելու խաղացողին, ով ստիպված է լինելու նորից ու նորից անցնել խաղի տարբեր հատվածները` մահանալով ու կատարելագործելով իր վարպետությունը։
Խաղը դուրս կգա այս տարի` Playstation 4-ի, Playstation 5-ի, Xbox One-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
7. MINECRAFT LEGENDS
Microsoft-ը մի ձեռքով պայքարում է Activision Blizzard-ը գնելու համար, մյուսով` չի մոռանում իր մյուս կարևոր ներդրումների մասին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ամենահայտնի ավազարկղին` Minecraft-ին։ Չնայած, Minecraft Legends-ն իրենից ներկայացնում է ոչ թե ավազարկղ, այլ action-strategy, որի իրադարձությունները Minecraft-ի աշխարհում հայտնի լեգենդ են։
Այդ լեգենդի համաձայն, Ստորին աշխարհի խոզերը ներթափանցում են Վերին աշխարհ, ու միայն Մեծ հերոսը (խաղացողը) կարող է փրկել բոլոր մոբերին։ Խաղը լինելու է երրորդ դեմքից, այստեղ կա թե կոոպերատիվ, ու թե մրցակցային բազմօգտատեր ռեժիմներ։
Խաղը դուրս կգա ապրիլի 18-ին` Nintendo Switch-ի, PlayStation 4-ի, PlayStation 5-ի, Xbox One-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
6. HADES 2
Հադեսի ստորգետնյա աշխարհի մասին վառ roguelike-ի առաջին մասը, շնորհիվ բացառիկ սյուժետային քայլերի ու հիանալի խաղային մեխանիկայի, դարձավ 2020-ի ամենատպավորիչ խաղային իրադարձություններից մեկը` չնայած ժանրը միշտ բավականին կոմպակտ է եղել։
Երկրորդ մասը մշակել է նույն Supergiant Games ստուդիան։ Այս անգամ Զագրեուսի փոխարեն խաղալու ենք Մելինոյե աստվածուհու համար, ով պետք է հաղթի Օլիմպոսին սպառնացող Քրոնոս տիտանին։
Խաղը վաղ հասանելիությամբ դուրս կգա այս տարի` Windows-ի վրա:
5. ALAN WAKE 2
Ֆիննական Remedy ստուդիան, որը նվիրել է մեզ Մաքս Փեյնի արկածները, Control ֆանտաստիկ թրիլլերի հաջողությունից հետո որոշեց ձեռնարկել իր մեկ այլ լեգենդար թայթլի` Alan Wake-ի վերակենդանացումը, որին երկրպագուները սպասել են 13 տարի։ Խաղի մասին առայժմ քիչ բան է հայտնի. այն ստեղծվելու է Control-ի տեխնոլոգիական բազայի վրա ու առաջին անգամ Remedy-ն կներդնի նաև survival էլեմենտներ։
Խաղը դուրս կգա այս տարի` Playstation 5-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
4. BALDUR'S GATE 3
Dungeons & Dragons սեղանի խաղի աշխարհում Baldur’s Gate համակարգչային RPG-ի պատմությունը սկսվել է դեռ 1998-ին` BioWare-ի ջանքերով, որը Mass Effect-ից հետո դեռ չի կարողանում գտնել իր տեղը շուկայում։ Երրորդ համարային խաղի մշակմամբ զբաղվում է բելգիական Larian Studios-ը, ու այն մշակվում է վաղ հասանելիության ռեժիմում` ժամանակի հետ փոփոխվելով, նաև` երկրպագուների կարծիքը հաշվի առնելով։
Ամռան վերջին գեյմերներին պետք է ներկայացվի խաղի վերջնական տարբերակը` համալրված հիմնական կոնտենտով։ Այդուհանդերձ, երկրպագուները մինչ օրս բանավիճում են. արդյո՞ք նոր խաղն ավելի շատ կլինի Baldur’s Gate, թե՞ Divinity:
Խաղը դուրս կգա օգոստոսին` Windows-ի ու macOS-ի վրա:
3. STARFIELD
Fallout-ի վերջին մասերն ու The Elder Scrolls-ը ստեղծած Bethesda Game ստուդիան կատարյալ վարպետության է հասել բաց աշխարհով RPG-ների ստեղծման գործում. միայն Skyrim-ն ինչ ասես արժի։ Starfield-ը պետք է դառնա ստուդիայի ստեղծագործական կազմի ամենահավակնոտ ու մասշտաբային նախագիծը։ Կատակ բան չէ, քանի որ գործ ունենք տիեզերական RPG-ի հետ, որի ստեղծման վրա մոտ 450 աշխատակից տառապում է արդեն 10 տարի։ Ու այդ ամենը, որպեսզի գեյմերները ստանան հարդքորային RPG-ի փորձառություն բաց աշխարհում` այցելելով տարբեր մոլորակներ ու ուսումնասիրելով դրանք։
Սյուժեի մասին, սակայն, դեռ քիչ բան է հայտնի։ Կարևորը, որ նման խոշոր նախագիծը չվերածվի Star Citizen-ի ու Beyond Good and Evil 2-ի, իսկ դրա համար խաղի ռելիզը պիտի կայանա:
Խաղը դուրս կգա այս տարի` Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
2. RESIDENT EVIL 4
Առանց չափազանցնելու` տարվա երկրորդ ամենասպասված խաղը։ Ի տարբերություն survival horror ժանրում իր մրցակից Konami-ի, որը հաջողությամբ թաղեց Silent Hill շարքը (հիմա էլ փորձում է վերակենդանացնել), Capcom-ը Resident Evil 6-ի անհաջողությունից հետո գտավ ֆրանշիզը զարգացնելու իդեալական ճանապարհը։ Ընկերությունը, մի կողմից, թողարկում է նախորդ խաղերի հիանալի ռեմեյքներ (ընդ որում` լիարժեք ռեմեյքներ, ըստ էության` նոր խաղեր), մյուս կողմից` հաջողությամբ էքսպերիմենտներ է անում Resident Evil-ի նոր մասերի հետ։
Ու հիմա ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ֆրանշիզի, թերևս, ամենաազդեցիկ մասի` Resident Evil 4-ի ռեմեյքը։ Ու եթե Capcom-ը այդ ռեմեյքի ստեղծմանը մոտենա նույնպիսի ջերմությամբ, սիրով ու խնամքով, ինչպես Resident Evil 2-ի ռեմեյքի դեպքում, վստահաբար կունենանք 2023-ի լավագույն խաղերից մեկը, եթե ոչ լավագույնը։ Մռայլ իսպանական գյուղակում Լեոն Քենեդիի արկածները խոստանում են անմոռանալի փորձառություն։
Խաղը դուրս կգա մարտի 24-ին` Playstation 4-ի, Playstation 5-ի, Xbox Series X|S-ի ու Windows-ի վրա:
1. THE LEGEND OF ZELDA: TEARS OF THE KINGDOM
2017-ին Nintendo Switch-ի վրա դուրս եկած The Legend of Zelda: Breath of the Wild-ը ոչ միայն ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի բաց աշխարհով action-adventure-ը, ոչ միայն հիացրեց գեյմերներին ու կինոքննադատներին աշխարհի հետ առնչվելու իր բացառիկ ճկունությամբ ու բազմազանությամբ` արժանանալով ամենաբարձր գնահատականների ու բազմաթիվ մրցանակների, այլև վերակենդանացրեց հռչակավոր ֆրանշիզն ու ստիպեց մյուս արտադրողներին վերանայել բաց աշխարհով խաղերի իրենց կոնցերտները։
Ուղիղ սիքվելը` Tears of the Kingdom-ը, խոստանում է ոչ պակաս, եթե ոչ ավելի տպավորիչ լինել` կրկին շատ մեծ ու հարուստ բաց աշխարհով, դրա հետ փոխազդելու բազմաթիվ, հաճախ ոչ ակնհայտ հնարավորություններով ու արկածների իսկական ոգով։ Միանշանակ` սա 2023-ի ամենասպասված խաղն է։
Խաղը դուրս կգա մայիսի 11-ին` Nintendo Switch-ի վրա:
Այս տարվա սպասված խաղերի թվում կարելի էր ավելացնել նաև Star Wars Jedi: Survivor, Suicide Squad: Kill the Justice League, Final Fantasy XVI, Avatar: Frontiers of Pandora, Wanted Dead, Like a Dragon: Ishin!, Dead Island 2, Street Fighter 6, Armored Core VI: Fires of Rubicon, Final Fantasy VII Rebirth, Hollow Knight: Silksong, Sea of Stars, Tchia և բազմաթիվ այլ խաղեր, բայց մեր նյութը ռետինից չի։