Սենսացիա չստացվեց. Gamescom 2022-ի մեկնարկն առատ էր, բայց ահավոր սովորական
Օգոստոսի 23-ին մեկնարկեց Gamescom 2022 միջազգային խաղային ցուցահանդեսի գլխավոր ցուցադրությունը՝ Opening Night Live-ը, որի ընթացքում խաղային հրատարակիչները ներկայացրին իրենց նորույթները, ավելի հստակ խոսեցին արդեն իսկ հայտարարված նախագծերի մասին ու անգամ որոշ ռելիզային ամսաթվեր անվանեցին։ Ու չնայած ցուցադրված խաղերը մեծաքանակ էին, դժվար է խոսել սենսացիայի կամ որևիցե բեկումնային իրադարձության մասին։ Իրոք մեծ կամ բացառիկ խաղեր, որոնք կարող են նախանշել ինդուստրիայի զարգացումը ապագայում, կամ չկային, կամ էլ անգամ մեկ ձեռքի մատներով դժվար կլիներ հաշվել։
Այդուհանդերձ, PAN-ը պատմում է Opening Night Live-ի 16 առավել հետաքրքիր անոնսի մասին։
EVERYWHERE
Opening Night Live-ի կենտրոնական անոնսը GTA-ի ու Red Dead-ի պրոդյուսեր Լեսլի Բենզիսի ստեղծած Everywhere խաղի թրեյլերն էր։ Խաղը նկարագրվում է որպես «բաղկացած մի շարք աշխարհներից, այն ջնջում է իրականության ու թվային տիեզերքի միջև սահմանները», սակայն թրեյլերում ներկայացված գրաֆիկայի որակից ելնելով՝ հավանաբար խոսքը հերթական մետավերսի, կամ էլ Roblox-ի նման թվային միջավայրի մասին է, որտեղ խաղացողները ստեղծում են սեփական մինի-խաղերը։ Ռելիզը նախատեսված է 2023թ-ին։ Արդեն իսկ բացվել է կայք, որտեղ կարելի է բաժանորդագրվել նախագծի հետ կապված նորություններին։
DUNE: AWAKENING
Նորվեգական Funcom-ը ներկայացրեց երկար սպասված Dune: Awakening-ի դեբյուտային թրեյլերը. ըստ հեղինակների՝ նախագիծն իրենից ներկայացնում է MMO բաց աշխարհում ու գոյատևման էլեմենտներով։ Իրադարձությունները ծավալվելու են Արակիս մոլորակում, որի բաց աշխարհում միաժամանակ հազարավոր խաղացողներ են լինելու. վերջիններս փորձելու են գոյատևել վտանգավոր մոլորակում, կառուցել ավազամրրիկներից պաշտպանվելու ապաստարաններ, փորձել խուսափել Շաի Հուլուդի հետ հանդիպումից, հետևել, որ դիսթիկոմբը լինի նորմալ վիճակում և այլն։ Հեղինակները խոստանում են կերպարի մանրակրկիտ կարգավորում ու զարգացում, սեփական ամրոցի ու ֆրակցիայի ստեղծում, սփայսի հավաքում, առևտուր, քաղաքական խաղեր, բաց կոնֆլիկտներ, ճակատամարտեր գետնի վրա ու տրանսպորտում և այլն։ Խաղը ստեղծվում է PC-ի, PS5-ի, Xbox Series X-ի ու S-ի համար։ Դուրս գալու ժամկետներն առայժմ անհայտ են, սակայն շուտով մեկնարկելու է բետա-թեստավորումը։
THE CALLISTO PROTOCOL
Striking Distance ստուդիան, որի միջուկը կազմում են Dead Space խաղի ստեղծողները, ներկայացրեց The Callisto Protocol տիեզերական հորրորի նոր գեյմփլեյ թրեյլերը՝ ցուցադրելով մի շարք հետաքրքիր խաղային մեխանիկաներ։ Տեսանյութի առաջին 1.5 րոպեները նվիրված են մարտերին։ Գլխավոր հերոսը կարող է թիկունքից ծածուկ մոտենալ թշնամուն ու սպանել մեկ ակնթարթում, ինչը survival horror ժանրի համար նորություն է։ Բացի այդ, խաղացողը կարող է թշնամիներին ոչնչացնել շրջակա միջավայրի առարկաների միջոցով, ինչպես նաև օգտագործել մի հակառակորդի կրակային միջոցները՝ մյուսին ոչնչացնելու համար։ Հոլովակի երկրորդ մասում կոյուղին ընկնող հերոսը պետք է խուսանավի՝ վնասվածքներ չստանալու համար։ The Callisto Protocol-ը դուրս է գալու 2022-ի դեկտեմբերի 2-ին՝ PC, PS4, PS5, Xbox One, Xbox Series X ու Series S պլատֆորմների վրա։
THE LORDS OF THE FALLEN
Արտադրական դժոխքում հայտնված Lords of the Fallen 2 RPG-ն որոշակի փոփոխությունների է ենթարկվել ամառվա ընթացքում։ Նախ, այն այլևս չի կոչվում Lords of the Fallen 2, անվանումը փոխվել է The Lords of the Fallen-ի։ Բացի այդ, խաղի ստեղծմամբ զբաղվում է ոչ թե հիմնական CI Games ստուդիան, որը նախագիծը սկսել էր դեռ 2014-ին, այլ Defiant անկախ ստուդիան, որին նախագիծն առաջարկել էին դեռ 2018-ին, սակայն 2020-ից նախագծով զբաղվում էր Hexworks-ը. վերջինը CI Games-ը ձևավորել էր հատուկ այս նախագծի համար։ Խաղը դուրս կգա միայն PC-ի ու 9-րդ սերնդի կոնսոլների վրա, ենթադրաբար, 2023-ին։
ATLAS FALLEN
Deck13 ստուդիան Focus Entertainment հրատարակչության հետ համատեղ ներկայացրին Atlas Fallen ֆենթեզի ժանրի action RPG-ն, որն «առաջարկելու է խաղացողներին ճամփորդության ուղևորվել հնադարյան վտանգներով, գաղտնիքներով ու անցյալի պատառիկներով լի հավերժական եզերքի ավազներով»։ Atlas Fallen-ի հերոսները հետապնդելու են լեգենդար հրեշների ու մենամարտելու են նրանց հետ՝ օգտագործելով ավազի միջոցով ուժեղացվող կարողություններն ու զենքերը, որոնք կարող են փոխել իրենց ձևը։ Դա թույլ կտա խաղացողներին մշակել խաղալու սեփական ոճը՝ կիրառելով հերոսի փոփոխվող կարողությունները։ Խաղի սյուժետային մասը, որը պատմելու է աստվածների լծից մարդկության ազատագրման մասին, հնարավոր կլինի անցնել ինչպես միայնակ, այնպես էլ կոոպերատիվ ռեժիմով։ Ռելիզը պլանավորված է 2023-ին՝ PC-ի ու 9-րդ սերնդի կոնսոլների վրա։
HOGWARTS LEGACY
Ներկայացվեց նաև Հարրի Փոթերի աշխարհում ծավալվող Hogwarts Legacy RPG-ի նոր թրեյլերը, որում պատկերված են Հոգվարտսի աշակերտների մենամարտերը ստորգետնյա անձավներում։ Առանձին ներկայացվեց նաև դելյուքս հրատարակությունը, որը խաղը հասանելի է դարձնելու համաշխարհային պրեմիերայից 72 ժամով շուտ։ Խաղը դուրս կգա 2023-ի փետրվարին, իրադարձությունները ծավալվելու են 19-րդ դարի սկզբին։
UNDER THE WAVES
Լեգենդար Quantic Dream ստուդիան այս անգամ հանդես է եկել որպես հրատարակիչ, իսկ խաղը մշակել է Parallel Studio ստուդիան։ Under the Waves-ում խաղացողներն ուսումնասիրելու են ստորջրյա աշխարհն՝ այդ թվում սուզանավի միջոցով։ Ռելիզը նախատեսված է 2023-ին։
GOAT SIMULATOR 3
Իհարկե, ոչ մի Goat Simulator 2 գոյություն չունի, սակայն նման խելահեղ խաղի ստեղծողները նաև բավարար խելառ են՝ առաջին խաղից հետո միանգամից երրորդը ստեղծելու համար՝ շրջանցելով սիքվելը։ Մնացած առումով ամեն ինչ այնպես է, ինչպես առաջին խաղում։
RETURN TO MONKEY ISLAND
Devolver Digital հրատարակչությունն ու Terrible Toybox ստուդիան հայտարարեցին, որ Return to Monkey Island-ի պաշտոնական ռելիզը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ PC (Steam) ու Nintendo Switch պլատֆորմների վրա։ Իրադարձությունները ծավալվելու են ծովահեն Գայբրաշ Տրիպվուդի ու իր հակառակորդի՝ զոմբի-ավազակ ԼեՉակի մենամարտից տարիներ անց։ Խաղացողները կրկին շփվելու են հին ընկերների ու նոր կերպարների հետ արդեն ծանոթ կղզիներում, դուրս են գալու բաց ծով ու լուծելու են բարդ գլուխկոտրուկներ։
MOONBREAKER
Subnautica-ով հայտնի Unknown Worlds ստուդիան ներկայացրեց Moonbreaker քայլային ստրատեգիան, որը հրատարակելու է կորեական KRAFTON-ը։ Խաղացողն իր բանակը հավաքելու է իսկական մանրակերտերից, թեկուզ և թվային։ Ընդ որում, դրանք հնարավոր կլինի ներկել գրեթե ձեռքով ու օգտագործել AI-ի կամ կենդանի հակառակորդի դեմ մարտերում՝ պրոցեդուրալ գեներացվող քարտեզներում։ Գիտաֆանտաստիկ սեթինգի մշակման համար պատասխանատու է գրող Բրենդոն Անդերսոնը։ Խաղը դուրս կգա Steam-ով՝ սեպտեմբերի 30-ին։
LIES OF P
Neowiz հրատարակչությունն ու Round8 ստուդիան ներկայացրին Պինոկիոյի պատմության վրա հիմնված Lies of P action RPG-ի նոր գեյնփլեյ թրեյլերը։ Պինոկիո անունով մեխանիկական խամաճիկի դերում խաղացողը պետք է գտնի իր ստեղծողին՝ Ջեպետոյին ու փրկի խելագարության ու արյան ծարավի գրկում հայտնված Կրատ քաղաքի բնակիչներին։ Խաղի ստեղծողները խոստանում են զենքի ավելի քան 30 կոմբինացիա, ավելի քան 30 բոսս, եղանակի փոփոխություններ ու 30 ժամ տևող կամպանիա։ Նրանից, թե ինչ է անում ու ասում գլխավոր հերոսը, կախված է լինելու (այդ թվում) նաև խաղի ավարտը։
STRANDED։ ALIEN DAWN
Frontier Foundry-ն ու Haemimont Games-ը ներկայացրին Stranded։ Alien Dawn-ը։ Խաղը նկարագրվում է որպես օտար մոլորակի վրա գոյատևման սիմուլյատոր ու պատմում է մահացու վտանգավոր այլմոլորակային աշխարհում լքված մարդկային համայնքի մասին։ Խաղացողները պետք է պայքարեն հիվանդությունների, էքստրեմալ եղանակի ու վտանգավոր այլմոլորակային կյանքի դեմ, հավաքեն ռեսուրսներ, կառուցեն անվտանգ ապաստարաններ և այլն։ Ընդ որում, խաղացողը պետք է հոգ տանի ոչ միայն ընդհանուր համայնքի, այլև խմբի յուրաքանչյուր անդամի մասին։
HOMEWORLD 3
Gearbox Publishing հրատարակչությունն ու կանադական Blackbird Interactive ստուդիան ցուցադրեցին Homeworld 3 եռաչափ տիեզերական ստրատեգիայի գեյմփլեյ թրեյլերը։ Տեսանյութը հնարավորություն է տալիս գնահատել տիեզերական ճակատամարտերի մասշտաբներն ու ռազմանավերի դիզայնը։ Խաղն առաջարկելու է միայնակ կամպանիա գրանդիոզ սյուժեով, մուլտիփլեյեր, լրիվ եռաչափ տիեզերք և այլն։ Ռելիզը սպասվում է 2023-ի առաջին կեսին՝ Steam-ում։
SCARS ABOVE
Mad Head Games ստուդիան ու Prime Matter հրատարակչությունը ներկայացրին Scars Above գիտաֆանտաստիկ երրորդ-դեմքից շութերը։ Սյուժեի համաձայն, Երկիր մոլորակի մոտակայքում հայտնվում է այլմոլորակային օբյեկտ։ Տիեզերագնացների խումբն ուղևորվում է այն ուսումնասիրելու, սակայն ինչ-որ պատճառով հայտնվում են սարսափելի հրեշներով բնակեցված օտար մոլորակում։ Նախագիծն առաջարկելու է վտանգավոր միջավայրում գոյատևման բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ զենքի ստեղծման ու մոդեռնիզացման հնարավորություն։ Խաղը դուրս կգա Xbox Series X|S, PlayStation 5, Xbox One, PlayStation 4 ու PC պլատֆորմների վրա։ Հստակ ամսաթիվն անհայտ է։
WHERE WINDS MEET
Չինական Everstone Games-ը ներկայացրեց Where Winds Meet բաց աշխարհով action RPG-ն, որի իրադարձությունները ծավալվում են միջնադարյան Չինաստանի սեթինգում։ Դուրս գալու ժամկետներն առայժմ անհայտ են։
DEAD ISLAND 2
Deep Silver հրատարակչությունն ու Dambuster ստուդիան ներկայացրին Dead Island-ի տառապալից սիքվելի դուրս գալու ժամկետներն ու երկու հոլովակ։ Ինչպես ենթադրվում էր, Dead Island 2-ի իրադարձությունները ծավալվելու են զոմբի վիրուսի համաճարակից ոչնչացված Լոս Անջելեսում։ Խաղն առաջարկելու է կոոպերատիվ երեք հոգու համար, զոմբիների տասնյակ տիպեր ու հարյուրավոր տարբերակներ, ունիկալ կարողություններով լրիվ կարգավորելի հերոսներ։ Խաղը դուրս կգա PC, PS4, PS5, Xbox One, Xbox Series X ու S պլատֆորմների վրա 2023-ի փետրվարի 3-ին։