#իվենթաPAN
March 30, 2023

Մեքենայից թանկ ու շատ ծանր կիմոնոն, թունավոր դիմափոշին և «վաճառված կուսությունը». Ճապոնիան՝ սակուրաներից անդին

Կիոտոն Ճապոնիայի ամենակոլորիտային քաղաքներից մեկն է, ու հանրահայտ է արդեն քաջ հայտնի սակուրաներով։ Բայց այս ծաղկող բալենին Կիոտոյի միակ այցեքարտը չէ։ Ավանդույթների, մշակույթի ու պատմության ամբողջությունը մեկտեղելն այստեղ Գեյշաների մենաշնորհն է։ Գեյշաները, որոնց Արևելյան Ասիայի մասին քիչ պատկերացում կազմող արևմուտքներում երբեմն անգամ համեմատում են մարմնավաճառների հետ, իրականում Ճապոնիան բնութագրող ամենավառ գույներից ու առանցքային կերպարներից են։

Ո՞Վ Է ԳԵՅՇԱՆ

Նախ սկսենք բառի բացատրությունից։ Գեյշա ճապոներեն նշանակում է «արվեստի մարդ»։ Գեյշաները կանայք են, որոնք տիրապետում են բազմաթիվ հմտությունների՝ երաժշտություն, պար, խաղեր, զվարճանք, մի խոսքով այն ամենը, ինչը կբավարարի և լավ տրամադրություն կփոխանցի տղամարդուն։ Բայց իրականում սա շատ ավելին է, քան պարզապես տղամարդուն բավարարելը։ Գեյշաները ճապոնական ավանդույթների մարմնավորում են։ Նրանք «հյուրերի» համար ճապոնական երգեր ու պարեր են կատարում, նվագում են ազգային գործիքներ, հատուկ արարողակարգով թեյ են մատուցում և, որ ամենակարևորն է, հյուրերի հետ զրուցում են ամենատարբեր թեմաներով. եղանակից մինչև քաղաքականություն։ Գեյշաները գուցե սիրահետում են տղամարդկանց, բայց նրանց հետ սեռական հարաբերություններ չեն ունենում։ Սա հստակ արգելք է։

Հարյուրամյակների ընթացքում գեյշաների հաճախորդներն էին բարձրաստիճան ու մեծահարուստ տղամարդիկ, քաղաքական գործիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ այդ ճոխությունը։ Շարքային քաղաքացիների համար գեյշաների ներկայությունը վայելելու հնարավորությունը հասանելի դարձավ շատ ավելի ուշ։

Գեյշայի վարսահարդարումից մինչև պարեր, շարժուձև և հագուստ, ամեն բան հաշվարկված է։ Կան հարյուրավոր նրբություններ ու կանոններ, որոնք գեյշաները սովորում են տարիներով։ Օրինակ, սկսած ամենապարզ կանոնից, որն արգելում է գեյշաներին մի սեղանից օգտվել և մի սեղանի շուրջ ուտել կամ խմել հաճախորդների հետ։ Ու վերջացրած արդեն տարիներ պահանջող հմտություններն ու բազմակողմանի զարգանալու ձգտումը։

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

Դարեր առաջ գեյշաներն ամենևին էլ այնպիսին չէին, ինչպիսին նրանց տեսնում կամ պատկերացնում ենք այսօր։ Ավելին՝ առաջին գեյշաները, որ հայտնվեցին դեռ 13-րդ դարում, տղամարդիկ էին։ Ի սկզբանե հենց տղամարդիկ էին տարբեր հնարքների միջոցով զբաղեցնում մարդկանց։ Նրանք ավելի շատ «ծաղրածուի» կարգավիճակ ունեին, հիմնական գործառույթն էլ մարդկանց զվարճացնելն էր։ Արդեն 16-17րդ դարերում, երբ սոցիալական սահմանափակումները փոքր-ինչ ավելի մեղմ էին, կանայք ևս սկսեցին զբաղվել այս աշխատանքով։ Իսկ 1750-ականներին կին գեյշաներն արդեն գերազանցում էին տղամարդկանց։ Ի դեպ, մարմնավաճառությամբ զբաղվել գեյշաներին արգելվել է դեռ 1779 թվականին։ 1900-ականներին արդեն Ճապոնիայում մինչև հարյուր հազար գեյշա կար։ Վերջին հարյուրամյակը նրանց փառքի ամենաառանցքային դրվագն էր։

Այստեղ կարևոր է ընդգծել նաև այս «բումի» սոցիալական պատճառները։ Կար շրջան, երբ աղքատ ընտանիքները վաճառում էին իրենց աղջիկներին հատուկ կացարանների, որ կոչվում են օկիյա։ Ստացվում էր այնպես, որ ընդամենը 5-6 տարեկան աղջիկներն իրենց գիտակից ամբողջ կյանքն այդ միջավայրում են անցկացնում, սովորում բոլոր մանրուքներն ու հետագայում դառնում հաջողակ գեյշաներ։ Ի դեպ, կրթությունն այդ կացարաններում անվճար էր, իսկ երբ աղջիկը դառնում էր գեյշա, հետագայում իր աշխատած գումարով փոխհատուցում էր կացարանին։ Հիմա աղջիկներն օկիյայում հայտնվում են միայն  15-16 տարեկանում։ Ընդունվելիս միջնակարգ կրթություն ունենալը պարտադիր պայման է։

ԳԵՅՇԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գեյշաներին պատրաստում են տղամարդկանց հետ շփման և տղամարդկանց միջավայրում իրենց դրսևորելու համար։ Իսկ իրականում գեյշաներն ապրում են մայրիշխանական մթնոլորտում։ Օկիյաներն ունենում են տիրուհիներ, որոնք իրենք էլ նախկին, այսպես ասած՝ թոշակի անցած գեյշաներ են։ Նրանց անվանում են օկասան, այսինքն՝ «մայր»։ Հենց նրանք են հոգում աղջիկների ծախսերը, սովորեցնում բոլոր հմտությունները, աշխատեցում թեյարանները։ Կարելի է ասել, որ օկիյաները գիշերօթիկներ են, որտեղ աղջիկները կարող են շարունակել ապրել նույնիսկ գեյշա դառնալուց հետո։

Վերադառնալով գեյշայի հմտություններին՝ մի փոքր ավելի մանրամասնենք։ Գեյշան, որպես կանոն տիրապետում է առնվազն մեկ երաժշտական գործիքի։ Օրինակ՝ շամիզենը փոքր ճապոնական կիթառ է, որը նվագելով գեյշան ապահովում է հաճախորդի ուրախ ժամանցը։ Սրան զուգահեռ ցանկալի են, օրինակ, նիհոն֊բույո ավանդական պարը և մի շարք երգեր։ Դասընթացների ցանկին գումարվում են ծաղիկների ձևավորման, գեղագիտության և շատ այլ թեմաներով դասեր։ Գեյշան պետք է գոնե ընդհանրական պատկերացում ունենա հաճախորդին հետաքրքրող թեմաներից, հենց այդ պատճառով էլ պիտի հետևի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ նորությունների։ Եթե կարճ ու հստակ ձևակերպենք, ապա գեյշայի գլխավոր նպատակը հաճախորդին երջանիկ ու գոհ ճանապարհելն է՝ այնպես, որ տղամարդը հաջորդ անգամ էլ վերադառնա։

Մի կարևոր փաստ ևս։ Գեյշան միայնակ կին է, իրավունք չունի ամուսնանալ։ Իսկ եթե ամեն դեպքում որոշում է ամուսնանալ, ապա ստիպված է թողնել մասնագիտությունը։

Արդեն հասկացանք, որ գեյշաները մեր իմացած մարմնավաճառների հետ որևէ կապ չունեն։ Այս կանոնն այնքան կարևոր է, որ նույնիսկ ստեղծվել են այն շրջանցելու մասին կանոններ։

Եթե գեյշան, այնուամենայնիվ, որոշում է սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ, ապա դա մի գիշերվա համար չէ։ Մշտական այդ հաճախորդին անվանում են դաննա։ Հաճախորդը և գեյշան պարտավորվում են երկարատև հարաբերություններ ունենալ։ Սրա համար նույնիսկ հատուկ արարողություն է արվում, որը կարող ենք նմանեցնել ամուսնության։ Ի դեպ, եթե ինչ֊որ պահի գեյշան և իր դաննան որոշում են ավարտել հարաբերությունները, սրան պետք է հաջորդի մեկ այլ արարողություն ևս, այլ կերպ ասած՝ ամուսնալուծության արարողակարգ։ Այսինքն, ստացվում է, որ գեյշան ամուսնանալու իրավունք չունի, հաճախորդի հետ միայն մեկ գիշեր անցկացնելի իրավունք ևս չունի, բայց կարող է այդ հաճախորդի հետ պաշտոնապես հաստատված երկարատև հարաբերություն ունենալ, որն ամուսնություն չէ, բայց նման է դրան։

ՓՈԽՎՈՂ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ՈՒ ԱՐՏԱՔԻՆԸ

Նախ հստակ ընդգծենք, որ գեյշա դառնալը չի սահմանափակվում մի քանի տարվա կրթությամբ։ Այս կոչմանը պետք է հասնել, իսկ մինչ այդ մի քանի կոչումներ, կամ այսպես կոչված կարգեր կան։ Մինչև մեկ տարի ժամանակահատվածում աղջիկը համարվում է սիկոմի, այսինքն՝ սան։ Նրա գործառույթը սահմանափակվում է օկիյան հավաքելով և գեյշաներին օգնելով։ Սրան հաջորդող փուլում աղջիկներին անվանում են միներայներ։ Նրանց իրավունքները մի փոքր ավելի ընդլայնված են։ Օրինակ՝ կարող են գեյշաների հետ գնալ թեյատներ։ Երրորդ և շատ հայտնի կարգավիճակը կոչվում է մայկո։ Մայկոներն արդեն իրավունք ունեն մասնակցելու տարբեր հանդիպումների, բայց սահմանափակումներ այստեղ ևս կան։

Այս սահմանափակումներն արտահայտնվում են նույնիսկ արտաքին տեսքի վրա։ Գեյշաները կարող են կեղծամներ կրել, իսկ մայկոները պարտավոր են սանրվածքներն անել իրենց սեփական մազերից։ Այս պատճառով էլ նրանք քնում են հատուկ բարձերի վրա, որոնց մեջտեղում անցք կա։ Այսկերպ սանրվածքը չի փչանում։

Մայկոյից գեյշա փոխվելու ծեսը կոչվում է էրիկաե, այսինքն՝ «օձիքի շրջում»։ Մայկոների կիմոնոյի օձիքը որպես կանոն կարմիր է, գեյշաներինը՝ սպիտակ։ Սրանից բացի գեյշայի կիմոնոն ընդգծում է կնոջ պարանոցը, որը ճապոնական մշակույթի համաձայն կնոջ մարմնի ամենանուրբ ու զգայուն մասն է։ Ի դեպ, կիմոնոներն այնքան թանկ են, որ դրանց արժեքը կարելի է համեմատել միջինից մինչև թանկ ավտոմեքենաների գնի հետ։ Դրանք հագնելը շատ բարդ է, հետևաբար գեյշաներն ունեն օգնականներ, որոնք օգնում են հագնել կիմոնոն։ Այն հագնելը բառի բուն իմաստով ծանր գործ է: Մեկ հանդերձանքը 6-7 կգ է կշռում, իսկ ձմեռային հանդերձանքի քաշը կրկնակի մեծ է: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա գեյշաները հագնում են օկոբո կոճվող փայտե բարձրակրուկներ։

Գեյշաների այցեքարտը նրանց սպիտակ շպարն է։ Այս դիմահարդարումն անելու համար նրանցից ժամեր են պահանջվում։ Սկզբնական շրջանում՝ դարեր առաջ, սպիտակ շպարը կապարից էր պատրաստվում, ու նույնիսկ կա վարկած, որ այն թունավոր էր։ Հիմա, իհարկե, ժամանակները փոխվել են։ Ամեն բան շատ ավելի պարզ ու մատչելի է դարձել։ Գեյշաները քսում են սպիտակ դիմափոշին, կարմիր շրթներկը, ընդգծում աչքերն ու հոնքերը։ Ի դեպ, մայկոներն իրավունք ունեն շրթներկը քսել միայն ստորին շուրթին։

ՄԵՐ ՕՐԵՐ

Եթե 1900֊ականներին գեյշաների թիվը մոտ 100,000 էր, ապա այսօր կարելի է փաստել, որ այս մասնագիտությունը ոչնչացման եզրին է։ Ճապոնիայում այժմ մոտ 1000 գեյշա կա, մեծ մասը՝ Կիոտոյում։ Պատճառները, իհարկե, բազմաշերտ են։ Սկսած սոցիալ֊տնտեսական վիճակից մինչև ավանդույթների արժեզրկում, և պարզապես կյանքի նոր տեմպ ու որակ։ Նախ, շատ աղջիկների համար կրթական գործընթացը երբեմն շատ ծանր է ընթանում և շատերն այդ զոհողությունների իմաստը պարզապես չեն տեսնում։

Մյուս կողմից, կան նաև աղջիկներ, որոնք գեյշայի աշխատանքը թողնում են ամուսնանալու կամ էլ համալսարանում կրթություն ստանալու համար։ Այս ամենը հաշվի առնելով, պետք է նաև նշել, որ նույնիսկ այսօր իր գործին լավ տիրապետող գեյշան կարող է լավ գումարներ աշխատել։ Օրինակ՝ միջինում ժամում 1000 դոլար։ Այստեղ հաշվի առեք, որ մի երեկոյի ընթացքում փորձառու գեյշան առավելագույնը երկու ժամ կարող է տրամադրել հաճախորդին։

Կիոտոյի փողոցներով քայլելիս տասնյակ «գեյշաների» կարելի է հանդիպել, բայց այստեղ պետք է շատ զգույշ և ուշադիր լինել։ Հասարակ կանայք բիզնեսի նոր ձև են մշակել։ Ներկայանում են որպես գեյշա, լուսանկարվում զբոսաշրջիկների հետ և դրա դիմաց գումար պահանջում։ Եթե ինչ֊որ մի օր հայտնվեք Կիոտոյում և որոշեք տեսնել իրական գեյշաների, ապա կա միայն հինգ թաղամաս, որտեղ դա հնարավոր է. Գիոն կոբու, Միյաբա տյո, Պոնտո տյո, Միյագավա տյո, Մակիսիտիկեն, Գիոն հիգասի։

Մեկ այլ հուշում էլ տանք։ Իրական գեյշաների կիմոնոյի գոտին ամրացված է մեջքի հետևում։ Գոտու հանգույցն առանց մասնագետի օգնության հնարավոր չէ արձակել, որովհետև թե՛ ամրացնելու, թե՛ արձակելու համար հատուկ ծիսակարգ է պահանջվում։

Գեյշաները մտահոգված են իրենց մասնագիտության ապագայով։ Ասում են, որ իրենց նախկինում անվանում էին «Տոկիոյի ծաղիկներ», իսկ հիմա ծաղիկները թոշնում են։ Գեյշաները մշտապես ամենօրյա կյանքի ու «մեծ բիզնեսի» մաս են եղել, իսկ հիմա գոյատևում են միայն «մշակույթի պահպանման» համատեքստում։ Մեկ այլ պատճառ էլ, ըստ գեյշաներին հյուրընկալող թեյարանի տիրոջ, երիտասարդների հետաքրքրվածության բացակայությունն է։ Մասնագիտությունը մահանում է այն գնահատող տղամարդկանց հետ միասին։

«ԳԵՅՇԱՅԻ ՀՈՒՇԵՐԸ»

Գեյշաների մասին լայն հանրությունն ավելի շատ սկսեց խոսել, երբ 1997֊ին Արթուր Գոլդենը հրատարակեց իր «Գեյշայի հուշերը» վեպը։ Այս գրքում նկարագրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Ճապոնիայում ապրող և աշխատող գեյշաների կյանքը։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես վեպի գլխավոր հերոսուհին ստրուկի կարգավիճակից դարձավ շրջանի ամենահաջողակ ու հայտնի կանանցից մեկը։ Այս պատմության ամենասկանդալային դրվագներից էլ այն էր, որ գլխավոր հերոսուհին կուսությունը հանում է աճուրդի և վաճառում աստղաբաշխական գումարով։ Հետագայում այս վեպի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվում։ «Գեյշայի հուշերի» մասին պատմությունը կավարտվեր հենց այստեղ, եթե չլիներ դրա ամենասկանդալային նախապատմությունը։

Գրքի նախատիպը Մինեկո Իվասակին է, 1960֊ականներին Ճապոնիայի ամենահայտնի ու ցանկալի գեյշան և մինչև օրս էլ Ճապոնիայի ամենահայտնի կանանցից մեկը։ Իվասակիի ճանապարհը գեյշաների աշխարհում սկսվում է դեռ հինգ տարեկանում։ Իսկ արդեն 16֊ում, երբ Իվասակին նույնիսկ չէր ստացել գեյշայի կոչում, նա համարվում էր Ճապոնիայի ամենահայտնի գեյշան։ Ամենամեծ ու բեկումնային պահն այն էր, երբ իր փառքի գագաթնակետին Մինեկո Իվասակին որոշեց թողնել աշխատանքը և «թոշակի անցավ» 29 տարեկանում։

Նա դարձավ ժամանակակից արտիստ, ամուսնացավ ու երեխա ունեցավ, բայց Իվասակիին չէին մոռացել, իսկ Արթուր Գոլդենը շատ հմտորեն նրան օգտագործեց ու պատմությունը փոփոխելով դարձրեց աղմկահարույց գրքի նախատիպ։

Գեյշաները երդում են տալիս, որ իրենց կյանքի մասին ոչ մի մանրամասն որևէ տեղ չեն հանրայնացնելու։ Իվասակին դրժել էր այս խոստումը և Արթուր Գոլդենին պատմել մի շարք դրվագներ իր կյանքից։ Իվասակիի միակ պայմանն անանուն մնալն էր։ Գրողը ոչ միայն հրապարակում է Իվասակիի անունը որպես սկզբնաղբյուր, այլև խեղաթյուրում ու դրամատիկ երանգներ է հաղորդում նրա պատմություններին։ Ամենապարզ օրինակն էլ այն է, որ Իվասակիի խոսքով ինքը երբևէ կուսությունն աճուրդի չի հանել։ Պայմանագրի խախտման և զրպարտության համար Իվասակին գրողին դատի է տալիս և շահում դատը։ Արդյունքում Արթուր Գոլդենը նրանից ներողություն է խնդրում և պարտավորվում վճարել մի կլորիկ գումար։

Այս պատմության happy end֊ն էլ դառնում է այն, որ Իվասակին արդյունքում որոշում է ինքը գրել իր պատմությունը և 2002֊ին հրատարակում է իր ինքնակենսագրականը։

Այս ինքնակենսագրականի ամենահետաքրքիր դրվագներից մեկը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհու, նաև նրա որդու՝ Չարլզի հետ հանդիպումն է։ Իվասակին թագուհուն բնութագրում է որպես ինքնահավան մի կին, որը չփորձեց հատուկ իր համար պատրաստված ճապոնական ուտելիքներից և ոչ մեկը։ Գեյշային առանձնապես չէր տպավորել նաև Չարլզը։ Նա առանց թույլտվության վերցրել էր գեյշայի հովհարը և վրան թողել իր ստորագրությունը, կարծելով թե Իվասակիի համար դա մեծ պատիվ էր լինելու։ Գեյշան էլ արձագանքել է՝ ասելով, որ այդ քայլն ամենևին էլ տեղին չէր և ինքը ստիպված է լինելու հովհարը նետել աղբամանը։

Գեյշաների մասին խոսելիս յուրահատուկ է ամեն բան՝ արտաքինից մինչև հմտություններ և ավանդույթներ։ Փաստ է, որ սա վաղուց դարձել է ճապոնական ավանդույթների մաս և դադարել է լինել պարզապես մասնագիտություն։ Թեև մեր օրերում սխալ մեկնաբանություններն ու թյուրընկալումները շատ են, այն, ինչ անում են գեյշաները, իրականում նաև մշակույթի դրսևորում է։ Նրանք Ճապոնիայի խորհրդանիշն են, որովհետև մարմնավորում են ոչ միայն այդ երկրի ժառանգությունն ու մշակույթը, այլև հյուրընկալությունը։


✍ Նանե Մանուկյան / PAN