Զենդեյայի մատանին, Դեմիի մրցանակը, Քայլիի համբույրն ու, իհարկե՝ հայերը. Ինչպիսին էր Ոսկե գլոբուս 2025-ը
Կալիֆոռնիայում այսօր պայքարում են մոլեգնող հրդեհի ու դրա հետևանքների դեմ, բայց ընդամենը մի քանի օր առաջ Լոս Անջելեսում տեղի ունեցավ կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ 82-րդ «Ոսկե գլոբուսը»: Այն բացեց 2025 թվականի մրցանակաբաշխությունների շքերթը՝ առանց հստակ ֆավորիտների։ Եթե նախորդ տարի «Օփենհայմերը» ակնհայտ ֆավորիտ էր, ապա այս անգամ իրավիճակն այլ է, հետևաբար՝ անակնկալների պակաս չկար։
«ՉԱՓԻ ՄԵՋ» ՈՒ ԵՐԲԵՄՆ ԱՆՀԱՄ ԿԱՏԱԿՆԵՐԸ
Երեկոյի վարողն ամերիկյան հայտնի սթենդափ արտիստ Նիկի Գլեսերն էր, որն առաջին անգամ էր միայնակ վարում նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը: Ի տարբերություն նախորդ տարվա վարող Ջո Քոյի, որի կատակները հաճախ ոչ միանշանակ զգացողություններ էին առաջացնում, Գլեսերը փորձում էր ամեն բան «չափի մեջ» անել։ Մարդկանց մի մասը կարծում է, որ նա հաջողեց, մյուսներն էլ՝ որ կատակներից շատերը չստացված էին։
Գլեսերը կատակեց Թիմոթի Շալամեի բեղերի, Հոլիվուդի՝ «Օփենհայմերի» հանդեպ սիրո մասին, իսկ նրա ամենահամարձակ կատակը, իհարկե, քաղաքական էր, և վերաբերում էր ԱՄՆ-ում վերջերս կայացած նախագահական ընտրություններին.
«Դուք բոլորդ այնքան հայտնի եք, այնքան տաղանդավոր, այնքան ազդեցիկ: Դուք կարող եք անել ամեն ինչ, բացի մարդկանց ասելուց, թե ում օգտին քվեարկեն»:
Ամեն դեպքում, լեգենդար Ռիկի Ջերվեյսին բնորոշ անողոք ոճի պակասը հաստատ զգացվում էր: Տարիներ շարունակ նրա կատակներն ու մեջբերումները կանգնում էին հոլիվուդյան աստղերի կոկորդին ու երեկոյի ամենաթանկ շամպայնն անգամ չէր օգնում կուլ տալ և մարսել Ջերվեյսի չափազանց ուղիղ խոսքը։
ԵՐԵԿՈՅԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Արդեն նշեցինք, որ ամեն բան իսկապես անկանխատեսելի էր, ու հստակ ֆավորիտների բացակայությունն առավել հետաքրքիր էր դարձնում մրցանակաբաշխությունը։ Ամենաշատ մրցանակների արժանացավ ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» ֆիլմը՝ թմրանյութերի մեքսիկական կարտելի ղեկավարի մասին, որը որոշում է կին դառնալ: Ֆիլմը, որ ներկայացված էր տասն անվանակարգում, շահեց չորս մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն», «Լավագույն օտարալեզու ֆիլմ», իսկ Զոի Սալդանան արժանացավ «Լավագույն աջակցող կին դերասան, մյուզիքլ կամ կատակերգություն» մրցանակին: Բացի այդ, ֆիլմի «Էլ Մալ» երգը ճանաչվեց լավագույնը:
Մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից էր Դեմի Մուրի հաղթանակը: 45-ամյա կինոկարիերայի ընթացքում առաջին անգամ դերասանուհին արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ «Լավագույն կին դերասան, կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում՝ «Սուբստանցիա» ֆիլմում դերի համար: Մուրը կարողացավ գերազանցել «Անորա» ֆիլմի՝ վերելք ապրող աստղ Մայքի Մեդիսոնին, նոր սերնդի ամենախոստումնալից անուններից՝ Զենդեային, և այլ մրցակիցների։
Ոչ պակաս հուզիչ էր նաև բրազիլուհի Ֆերնանդա Տորեսի պատմությունը: «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմում նրա դերն օգնեց առաջ անցնել այնպիսի անուններից, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանն ու Անջելինա Ջոլին: Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, որը փորձում է գտնել Բրազիլիայի ռազմական դիկտատուրայի ժամանակ անհետացած ամուսնուն: Ուղիղ 25 տարի առաջ այս նույն անվանակարգում ներկայացված էր եղել Տորեսի մայրը՝ Ֆերնանդա Մոնտենեգրոն: Դերասանուհին իր հաղթանակը նվիրեց 95-ամյա մայրիկին, որը նույնպես մասնակցություն է ունեցել «Ես դեռ այստեղ եմ» ֆիլմում:
Մրցանակաբաշխության մյուս մեծ հաղթողը Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստն» էր: Ֆիլմը հաղթեց երեք հիմնական անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ՝ դրամա», «Լավագույն ռեժիսոր» (Բրեդի Քորբեթ) և «Լավագույն դերասան» (Էդրիեն Բրոուդի):
Պատմական պահ էր Լատվիայի կինեմատոգրաֆի համար. «Հոսք» անիմացիոն ֆիլմը դարձավ երկրի առաջին ստեղծագործությունը, որն արժանացավ «Ոսկե գլոբուսի»: Ի դեպ, այս ֆիլմը 2024-ին ցուցադրվել էր Երևանում՝ «ՌեԱ» փառատոնի շրջանակում:
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Մրցանակաբաշխությանը ներկայացված էր նաև Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացած «Անորա» ֆիլմը: Շոն Բեյքերի այս ռոմանտիկ կատակերգությունը, որը պատմում է Բրայթոն Բիչում ապրող սեքս-աշխատողի մասին, առաջադրված էր հինգ անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ, կատակերգություն կամ մյուզիքլ», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն) և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով): Սակայն, հակառակ սպասումների, ֆիլմը մնաց առանց մրցանակների: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաև ֆիլմի հայ դերակատարներ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։
Հեռուստատեսային անվանակարգերում փայլեց «Սյոգուն» սերիալը՝ Ջեյմս Կլավելի՝ 17-րդ դարի Ճապոնիայի մասին պատմող վեպի հիման վրա նկարահանված ստեղծագործությունը: Այն հաղթեց չորս անվանակարգում՝ «Լավագույն դրամատիկ սերիալ», «Լավագույն դերասանուհի դրամատիկ սերիալում» (Աննա Սավաի), «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստատեսությունում» (Տադանոբու Ասանո) և «Լավագույն դերասան դրամատիկ սերիալում» (Հիրոյուկի Սանադա):
ՍԵՐ, ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Մրցանակաբաշխությունն աչքի ընկավ նաև սիրային դրսևորումներով ու ռոմանտիկ պահերով: Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն երկար ընդմիջումից հետո առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առջև: Թեև միասին չլուսանկարվեցին կարմիր գորգի վրա, բայց դահլիճում՝ սեղանի շուրջ, ջերմ պահերի ու համբույրների պակաս չեղավ։
Առաջին անգամ իրենց նշանադրության մասին հայտարարելուց հետո հանրության առջև հայտնվեցին Սելենա Գոմեսն ու Բեննի Բլանկոն: Երջանիկ սիրահարները վայելում էին արարողությունը, ու սա հատկապես ուրախալի էր Գոմեսի համար, քանի որ նրա մասնակցությամբ «Էմիլիա Պերես»-ը ներկայացված էր 10 անվանակարգում և հաղթեց դրանցից 4-ում:
Կարմիր գորգի գլխավոր անակնկալը Զենդեյայի մատին փայլող մատանին էր։ Նախ ենթադրությունների մակարդակով տարածված լուրը կարծես հաստատվում է՝ Թոմ Հոլլանդն ամուսնության առաջարկություն է արել դերասանուհուն։
Երեկոյի մեկ այլ քննարկված թեմա դարձավ Էմմա Սթոունի անսպասելի կերպարանափոխությունը: Դերասանուհին մրցանակաբաշխությանը ներկայացել էր շատ կարճ մազերով։ Նման կերպարով երկրպագուներն օսկարակիր դերասանուհուն առաջին անգամ էին տեսնում։
«Ոսկե գլոբուսը» հեռարձակվում էր CBS հեռուստաալիքով, այն գրանցեց 9.3 միլիոն դիտում՝ փոքր-ինչ զիջելով 2024 թվականի ցուցանիշներին: Նախկին հեռարձակող NBC-ն հրաժարվել էր ցուցադրել մրցանակաբաշխությունը 2022-ին՝ Los Angeles Times-ի բացահայտումներից հետո: Պարզվել էր, որ Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA) սևամորթ անդամներ չուներ, ինչը հանգեցրել էր PR գործակալությունների և կինոստուդիաների բոյկոտի: Բարեփոխումների փորձերից հետո 2023-ին ասոցիացիան լուծարվեց, և ոչ առևտրային կազմակերպության անդամները վերափոխվեցին առևտրային ձեռնարկության աշխատակիցների: 2024-ից մրցանակաբաշխության հեռարձակման իրավունքը ստանձնեց CBS-ը:
Չնայած մրցանակների անսպասելի բաշխմանը, պետք է նշել, որ «Ոսկե գլոբուսը» ոչ միշտ է համընկնում աշխարհի գլխավոր կինոմրցանակի՝ «Օսկարի» հետ, հատկապես վերջին տարիներին, երբ սկանդալների պատճառով մրցանակաբաշխությունը կորցրել է իր նախկին դիրքերը մրցանակային դաշտում: Այնուամենայնիվ, «Ոսկե գլոբուսում» հաղթանակը կարող է լավ խթան հանդիսանալ «Օսկարի» արշավի համար և օգնել ավելի մեծ ուշադրություն հրավիրել հաղթող ֆիլմերի վրա: Այսպիսով, 82-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը մեկնարկ տվեց 2025-ի կինոմրցաշարին։ Հաջորդ կանգառը՝ «Օսկար»: