#իվենթաPAN
October 31

Անեծքներ ու «կրակ Հիսուսի անունից». Ի՞նչ է Հելոուինը՝ սատանի՞զմ, թե պարզապես ուրախ ժամանց

Ահա եկավ տարվա այդ օրը… շատերի համար՝ ամենասպասվածը։ Եվ ո՛չ, խոսքը ո՛չ Ամանորի մասին է, ո՛չ ամառային աձակուրդի առաջին օրվա, ու ո՛չ էլ Black Friday-ի: Խոսքն ամենահակասական, ամենամեծ քննարկումներն առաջացնող, «ամենաարնախում» տոնի՝ Հելոուինի մասին է։

Շատերի համար սա պարզապես տոն է, որի ընթացքում ինքնադրսևորվում են տարբեր հագուստներով, լիցքաթափվում ու լավ ժամանակ են անցկացնում, մյուսների համար էլ սա սատանայական, հակաքրիստոնեական ու դավադրության տեսությունների մի ամբողջ փաթեթ պարունակող տոն է։

Անշուշտ, հանդուրժող այս երկնքի տակ ցանկացած կարծիք գոյատևելու իրավունք ունի։ Ճիշտ ու սխալ անելն այստեղ ամենաանշնորհակալ գործն է ու սա ապացուցում է նաև PAN-ի թղթակից Յուլիաննա Լալաբեկովայի` 2017-ին գրված կարծիքը։ Սա հեղինակի կարծիքը ներկայացնող նյութ էր, բայց այդ հրապարակման մեկնաբանությունները հերթական ապացույցն էին, որ իրենց պատկերացումներից դուրս ցանկացած դիտարկման մարդիկ երբեմն թուր ու սրով, անգամ՝ հայհոյանքով ու վիրավորանքով են արձագանքում։

Ամեն դեպքում, այստեղ ոչ ոքի չենք փորձելու ապացուցել կամ համոզել, որ այս կամ այն բանը ճիշտ է, կամ այս կամ այն մարդու տեսակետը փաստարկներ չունի։ Խոսելու ենք փաստերով, ներկայացնելու ենք պատմություններ ու չենք էլ ակնկալելու, որ որևէ մեկը պիտի փոխի իր կարծիքը։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչ պնդումներ ու հակափաստարկներ ունի ոմանց համար սատանայական, մյուսների՝ շատ սպասված այս օրը։

ՀԵԼՈՈՒԻՆՆ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ

Եկեք քննարկենք, թե ինչ նախապատմություն և պատմական ակնարկ է թաքնված այս տոնի հիմքերում։ Այսօր Հելոուինը ժամանակակից համաշխարհային տոն է, որ ավանդաբար նշվում է Միացյալ Թագավորությունում, Միացյալ Նահանգներում, եվրոպական բազմաթիվ երկրներում, վերջին շրջանում նաև այս քարտեզն ընդլայնվել ու ներառում է Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, վերջերս՝ ԱՊՀ մի շարք երկրներ, և, անշուշտ՝ Հայաստանը։

Ոչ անգլախոս երկրներում այս տոնի տարածումը գուցեև 20-րդ դարավերջի գլոբալիզացիայի հետևանք էր։ Իսկ իրականում Հելոուինը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում։ Հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են։ Նախատիպն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից։ Տոնի անվանումը հին իռլանդերեն Samhain բառից է առաջացել, որ նշանակում է «ամռան ավարտ»։

8-րդ դարում «Բոլոր սրբերի օրը» աստիճանաբար փոխարինել է Սամայնին և հենց այդ շրջանում էլ ապագա Հելոուինի առաջին «ծիլերն» են երևացել։ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even՝ «բոլոր սրբերի երեկո»։ Սա «բոլոր սրբերի օրվան» նախորդող երեկոն էր։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Հետագայում դարերի ընթացքում այս տոնը տարբեր բնութագրումներ ու ծիսակարգեր է ստացել։ Քաղցրավենիք խնդրելու սովորույթը, օրինակ, առաջացել է 16-րդ դարում, երբ երեխաներն ու նաև որոշ մեծահասակներ կտորից դիմակներ էին հագնում և տուն առ տուն գնում հյուրասիրության հետևից։

Իսկ ինչպե՞ս տոնը հասավ Միացյալ Նահանգներ։ Իրականում հատուկ որևէ բան չկա։ Պարզապես շոտլանդացիների և իռլանդացիների՝ դեպի ԱՄՆ մասսայական արտագաղթի արդյունքում Հելոուինը մտավ նաև ամերիկացիների կյանք։ Կարելի է ասել, որ աշխարհում այս տոնի տարածման հիմքը հենց Ամերիկայից է եկել, որտեղ տոնին ինչ-որ առումով «կոմերցիոն» բնույթ տվեցին։

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Որքան մարդիկ կարծեն, թե Հելոուինի միակ «խորհրդանիշը» սարսափազդու դիմակներով երիտասարդներն են, իրականում այս տոնի հետ կապված խորհրդանիշներից շատերը ևս հետաքրքիր նախապատմություն ունեն ու անգամ կապվում են հին ժամանակների հետ։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթն առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով, ըստ ավանդության, հոգիները գտնում էին մաքրագործման ուղին։

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ. Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց երբ ամերիկացիների «ձեռքը հասավ» այս տոնին, դրան արագ փոխարինման եկավ դդումը։ Պատճառը կրկին շատ պարզ է. դդումն ավելի մատչելի էր խանութներում և հասանելի բանջարեղեն էր։

Վերադառնալով մեր օրեր հասած այլ ավանդույթների։ Իհարկե, քաղցրավենիքի հյուրասիրությունը այս տոնի ամենաբարի ավանդույթն է, երբ բոլորը իրենց տներում պատրաստ քաղցրավենիք ունեն՝ դուռը թակող երեխաներին դրանք տալու համար։ Բայց այս բարի ավանդույթի հետևում մեծ գումարներ են նաև։ ԱՄՆ-ում կոնֆետներ և քաղցրավենիք արտադրող ընկերությունները Հելոուինի շրջանում ամեն տարի 2 միլիարդ դոլարից ավելի գումար են աշխատում։

Անշուշտ, այս տոնի գլխավոր ու ամենաառանցքային ավանդույթը և խորհրդանիշը հանդերձանքն է։ Բայց այնպես չէ, որ սա ի սկզբանե կարևորագույն էլեմենտ է եղել։ Պարզապես տարիների ընթացքում տոնի «կոմերցիալիզացիայի» ֆոնին մարդիկ սկսել են այս զգեստների միջոցով ինքնարտահայտվել, ցուցադրել իրենց երևակայությունը, ճաշակը, հետաքրքրությունները, անգամ սիրած արտիստներին։

Հանդերձավորված խնջույքներ ԱՄՆ-ում դեռ վաղուց կային և Հելոուինը, կարծես, լավ առիթ էր՝ «ձուլելու» այս ավանդույթի հետ։ Բայց արդարության համար պիտի նշել, որ առաջին անգամ դիմակահանդեսային զգեստների կրումը Հելոուինին գրանցվել է 1895 թվականին՝ Շոտլանդիայում։

Այսօր արդեն Հելոուինի համար նախատեսված հագուստը սկսում են վաճառել դեռ ամռանը, մարդիկ ամիսներ առաջ արդեն մտածում ու պլանավորում են, թե ինչ կերպարով են ներկայանալու։ Համաշխարհային աստղերից մինչև դպրոցահասակ երեխաներ՝ բոլորն անհամբեր են ցուցադրել իրենց կերպարներն ու, ինչու ոչ՝ ոգեշնչվել մյուսների մտահղացումներից։

Եթե նախորդ դարում այս կերպարները հիմնականում սարսափեցնող էին, կմախքներ ու սատանաներ, արյուն և դանակ էին պարունակում, ապա հիմա սա տարբերակներից միայն մեկն է։ Այս սարսափազդու կերպարների կողքին կան վառ կոստյումներ, ինչի միջոցով տոնն իսկական շոուի է վերածվել։

Անշուշտ, Հելոուինի հանդերձանքի հիմնական թեման շարունակում է պտտվել «չար հոգիների» ու գերբնական կերպարների շուրջ, բայց սրանց վաղուց ավելացել են փերիների, թագուհիների, փոփ աստղերի, ֆիլմերի հերոսների, անգամ քաղաքական գործիչների կերպարներ։

Հանդերձանքից զատ շատ կարևոր է նաև «տան հանդերձանքը»։ Տների տոնական զարդարանքը պետք է անպայման աշնան խորհրդանիշեր ընդգրկի. դդումներ, սպիտակ սավաններ, կմախքներ, խրտվիլակներ և այլն։ Ավանդական գույները սևն ու նարնջագույնն են։

Այս տարվա հելոուինյան նախապատրաստությանն առաջարկում ենք անդրադառնալ մի քանի թվի ու լուսանկարի միջոցով, որոնք բոլորն ավելի, քան խոսուն են։ Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան ակնկալում է, որ ամերիկացիներն այս տարի Հելոուինի համար կծախսեն 11,6 միլիարդ դոլար՝ 2023 թվականին ԱՄՆ բնակիչների՝ տոնի համար ծախսած ռեկորդային 12,2 միլիարդ դոլարից հետո։

Տոնին, ինչպես միշտ, մեծ ոգևորությամբ պատրաստվում են փոփ աստղերը։ Երկրպագուներն էլ նախապես սկսում են գուշակել, թե ինչ կերպարով է ներկայանալու իրենց սիրելի աստղը։ Այս տարվա մի քանի տպավորիչ կերպար ներկայացնում ենք ստորև։

Սոֆի Թրներ
Lizzo
Սելենա Գոմես և Բենի Բլանկո
Էնն Հեթեուեյ
Քրիստինա Ագիլերա

ՀԵԼՈՈՒԻՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հելոուին ու Հայաստան բառերը մեկ նախադասության մեջ գրելիս շատ երկար է պետք մտածել ու զգույշ լինել։ Լավագույն դեպքում՝ քննադատության, իսկ վատագույն՝ անեծքի բաժին կարող եք դառնալ։ Առողջ քննադատությունը միայն խրախուսելով և բաց քննարկում հորդորելով հանդգնում ենք այս երկու բառը, ամեն դեպքում, դնել մեկ նախադասության մեջ։

Մեր երկրում ամեն տարի այս օրերին ազգը երկու մասի է բաժանվում։ Թեև ավելի ճիշտ կլինի ասել՝ երեք։ Սատանայական տոնը քննադատող ու մասնակիցներին հնարավոր բոլոր ձևերով փնովող մարդիկ, Հելոուինը նշող և Երևանի փողոցներում ու փաբերում լավ ժամանակ անցկացնողներ, և երրորդ՝ մարդիկ, որոնք պասիվ դիտորդ են ու կարծիք բարձրաձայնելուց առաջ կողմնորոշվում են, թե շրջակայքում վերը նշված երկու խմբից որի ներկայացուցիչներն են գերակշիռ մաս կազմում։

Առաջին խմբի մարդկանց ծանոթանալու համար կարող ենք առաջարկել մի քանի մեկնաբանություն կարդալ։

Արդարության համար պիտի նշենք, որ կգտնվեն նաև մարդիկ, որոնք իրենց կարծիքն առանց ավելորդ ագրեսիայի են հայտնում։ Ամեն դեպքում՝ հույս ունենք, որ նման մարդիկ ինչ-որ պահի մեծամասնություն են կազմելու։

Երկրորդ խմբի մարդկանց ճանաչելու համար առաջարկում ենք նախորդ տարիներին արված մի լուսանկարների մի փոքրիկ ծաղկաքաղ ուսումնասիրել։ Կնկատեք, որ հիմնականում խոսքը դեռահասների և երիտասարդների մասին է։ Նրանց կարելի է հանդիպել Երևանի կենտրոնում, տարբեր փաբերում ու ակումբներում։ Բայց վերջին տարիներին ավելացել է այն ժամանցի վայրերի թիվը, որոնք Հելոուինի առիթով որևէ «միջոցառում» են կազմակերպում, հատուկ ձևավորում տարածքը, ճիշտ այնպես, ինչպես կանեին օրինակ Վալենտինի համար։

Երրորդ խմբի հետ կապված շատ ինֆորմացիա տալ չենք կարող։ Նրանք շատ են՝ ինքներդ էլ կգտնեք ձեր շրջապատում։

Իսկ ի՞նչ է ասում այս ամենի վերաբերյալ եկեղեցին։ 2014 թվականին՝ դեռ տասը տարի առաջ, Տեր Եսայի քահանա Արթենյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հայ եկեղեցու վերաբերմունքը Հելոուինին բացասական է։ Նա խորհուրդ էր տալիս այդ տոնի փոխարեն նույն խանդավառությամբ նշել մեր Բարեկենդանը և կարևորել դրա բովանդակությունը։

«Բարեկենդանը, իհարկե, լրիվ այլ խորհուրդ ունի, բայց որոշակի դրսևորումներով իրար նման են: Այնպես չէ, որ մենք պետք է անպայման ինչ-որ մի տոն գտնենք, որ մեր հասարակության մեջ մարդիկ անընդհատ նշեն: Եղած տոները մենք շատ հաճախ անտեսում ենք: Ի վերջո՝ մեր ավանդական, ազգային, հոգևոր արժեքներին հաղորդակից լինելով է, որ մենք մեր ազգային դիմագիծը պահում ենք»:

Ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկացած տոն նշելը նորմալ երևույթ է, պարզապես ավանդական մշակույթի հետ հոգևոր կապը պետք է չկորի։

«Եթե մարդը ունի տոնի կարիք, պետք է մասնակցի դրան, հակառակ դեպքում կունենա սթրեսային լարվածություն։ Հիմա, երբ նշում են տոնը, մեղադրելու չէ, որովհետև չեն հիշում, չեն պրոպագանդում հայկական ավանդական հետաքրքիր տոնակատարությունները»։

Ազգագրագետը նաև նշել էր, որ սատանիստական կարելի է համարել ամեն ինչ, նույնիսկ՝ Ամանորը, որի ժամանակ սեղանին դրված խոզի բուդը հակասում է ավանդական Նոր տարուն։

«Դիմակներ, կերպարներ, երբեմն՝ վախենալու, կան նաև հայկական Բարեկենդանը տոնելիս, սակայն դա ոչ ոքի չի գրավում։ Չեն լսել, չգիտեն, թե ինչ է։ Դեռ մանկուց պետք է սերմանել երեխաների մեջ այդ տոները, որպեսզի նրանք գիտելիք ունենան դրանց մասին, հետագայում էլ երիտասարդ դառնալով՝ չտարվեն օտարերկրյա տոնակատարություններով։ Հելոուինը այնքան խորն է ամրապնդվել, որ դուրս հանել չի լինի»։

Եվ իսկապես, որպես ամփոփում եկեք վերհիշենք, թե ինչ է իրենից ներկայացնում հայկական ավանդական Բարեկենդանը։

«Բարեկենդանի գլխավոր զվարճությունը, սակայն, դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին…Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էւն տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե»:

Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական են։ Իսկ թեման, ինչպես միշտ, բաց է քննարկման, քննադատությունների ու «մինչև վերջին շունչ» կենաց-մահու կռվի համար։ Ի վերջո, այս թեման բոլորը հիշում ու մոռանում են տարվա մեջ ընդամենը մեկ օր։


✍️ Նանե Մանուկյան / PAN