Վարդագույն պանտերան, բրազիլական կրքերն ու ոստիկաններից լուծված վրեժը. «Փայլուն կողոպուտներ»՝ հայտնի սերիալներից ավելի դիտարժան
Արդեն մի քանի օր մարդիկ քննարկում ու մեմեր են հրապարակում Վաշինգտոնում Apple֊ի խանութներից մեկում կողոպուտի դեպքին նվիրված։ Կողոպտիչները բավական խորամանկ էին, որպեսզի կարողանային կես միլիոն դոլարի ապրանք թալանել՝ դրանց մեծ մասը՝ iPhone֊ներ։
Առաջին հայացքից կարելի է մտածել, որ կողոպտիչները շատ էն դիտել հոլիվուդյան ֆիլմեր ու հենց դա էլ նրանց ոգեշնչել է։ Կողոպուտի համար նրանք առևտրի կենտրոն են մտնել՝ հարևան խանութի զուգարանի պատի մեջ անցք բացելով։
Սա, իհարկե, նոր ֆիլմի լավ սցենար կարող էր լինել, բայց իրական կյանքում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է և հաճախ կողոպտիչները բոլոր սցենարիստներից ու ռեժիսորներից էլ ավելի լավ երևակայություն են ունենում։ Նույնիսկ արագ Google Search֊ով պարզ է դառնում, որ նման կողոպուտների ցանկն այնքան երկար է, որ դրանց քննարկմանը մի ամբողջ շարք կարելի է նվիրել։ PAN-ն առանձնացրել է 20֊րդ դարավերջի և նոր դարի ամենաաղմկահարույց կողոպուտներից մի քանիսը։
ԱՆՏՎԵՐՊԵՆԻ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԸ. «ՓԱՅԼՈՒՆ» ԿՈՂՈՊՈՒՏ
Բելգիական Անտվերպենը հայտնի է ադամանդների մշակմամբ և առուծախով։ Սա գիտեն բոլոր զբոսաշրջիկները։ Ու գիտեն նաև նրանք, ովքեր կողոպուտի պլաններ են գծում։ Լեոնարդո Նոտարբարտոլոն, որ հաջողված կողոպուտների մեծ ցանկ ուներ իր «կարիերայում», 2003֊ին որոշում է գերազանցել սեփական ռեկորդներն ու կազմակերպում է ամենամեծ կողոպուտներից մեկը։ Սրա համար նրան երեք տարի է պահանջվում։ Նախ. Լեոնարդոն իր հանցակիցների հետ նույն շենքում գրասենյակ է վարձում, ներկայանում որպես գործարար, որ զբաղվում է անդամանդի առևտրով։ Այդ ընթացքում շահում է տարածքի աշխատողների վստահությունը, կրկնօրինակում անհրաժեշտ բանալիները, ծանոթանում անվտանգության համակարգի բացերին ու միայն երեք տարի անց գրանցվում է աննախադեպ կողոպուտը։
189 սեյֆից բանդան կարողանում է վերցնել միայն 123-ի պարունակությունը, իսկ պատճառը միայն տեխնիկական էր. Գողոնը չափից դուրս շատ էր ու ամեն բան տանել չի ստացվում։ Այսպիսով, Լեոնարդոն ու բանդան գողանում են ավելի քան 100 միլիոն դոլարի ադամանդներ։ Լեոնարդոյին որոշ ժամանակ անց ձերբակալում են, բայց այդպես էլ որևէ կերպ չի բացահայտվում, թե ինչպես է նա կարողացել այդքան հստակ, մանրակրկիտ ու գրեթե անսխալ գործել։ Նոտարբարտոլոն, ի դեպ, պնդում էր, թե կողոպուտը եղել է մեկ այլ ադամանդավաճառի պատվերով, ու ինքը դարձել է նրա ձեռքի գործիքը։ Ոստիկանությունն այս վարկածին չի հավատում։
«ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՊԱՆՏԵՐԱՆ»
Երբ զարդեր կողոպտողների միջազգային թիմը սկսեց կողոպուտների շարքն ամբողջ աշխարհում, ինտերպոլը նրանց անվանեց «Վարդագույն Պանտերաներ»: Շվեյցարիայից մինչև Գերմանիա, Ֆրանսիա և Ճապոնիա. Այս խումբը հայտնվում էր ամենաանսպասելի տեղերում և ամենաանսպասելի կերպարներով։ Նրանց ամենահայտնի կողոպուտներից մեկը Փարիզի Harry Winston ոսկերչական սրահի կողոպուտն էր, երբ չորս տղամարդ կանացի հագուստով և կեղծամներով մտան ավելի քան 105 միլիոն դոլար արժողությամբ զարդեր վաճառող սրահ։
Ի դեպ, այս սրահում խումբը ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հաջողված կողոպուտ է իրականացրել, և դրանք դարձել են պատմության «ամենաեկամտաբեր կողոպուտներից»։ 2007-ին տղամարդիկ նկարիչների հագուստով էին և օրը ցերեկով գողացան 37 միլիոն դոլարի զարդ: Մեկ տարի անց՝ 2008 թվականին, նույն տղամարդիկ ոսկերչական խանութը թալանեցին արդեն կանացի հագուստով։ 20 րոպեի ընթացքում առանց որևէ կրակոց արձակելու նրանք գողացան 104 ժամացույց և 73 միլիոն դոլար արժողությամբ 297 զարդ: Իհարկե, առանց խնդիրների նման մեծամասշտաբ կողոպուտը գրեթե անհնար կլիներ։ Բանդայի անդամներից որոշները ձերբակալվեցին։ Բանտարկվեց նաև ոսկերչական սրահի անվտանգության աշխատակիցը, որը, պարզվեց, բանդայի հանցակիցն էր։
Գողոնի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց, իսկ այս բանդան, բացի կողոպուտներից, հայտնի է նաև իրենց կազմակերպած փախուստներով։ Աշխարհի տարբեր բանտերում փակված իրենց գործընկերներին ազատելու համար բանդան փախուստի բազմաթիվ սցենարներ է մշակել ու իրագործել։
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Անշուշտ, բանկերն ու զարդերի խանութները շատ շահավետ են կողոպտիչների աչքերում, բայց ավելի պրոֆեսիոնալ և «արվեստից հասկացող» գողերը լավ գիտեն թանգարանների և այնտեղ պահվող արվեստի եզակի նմուշների կարևորությունը։ Ու հենց այս պատճառով էլ աշխարհում ամենահայտնի և սկանդալային կողոպուտներից շատերը կապված են հենց թանգարանների հետ։ Այս առումով իրավիճակն ավելի ծանր է լինում, քանի որ, ֆինանսական կորուստներից բացի, արվեստի նմուշների կողոպուտը ծանր է նաև մշակութային ժառանգությունը վտանգելու տեսանկյունից։
Բոստոնի Isabella Stewart Gardner թանգարանի կողոպուտն այս շարքում ամենամեծը չէ, բայց ամենաքննարկվողներից ու արտառոցն է։ Հատկապես արդեն հեռավոր 1990-ի պրիզմայով։ Այդ ժամանակ, երբ չկային սմարթֆոններ կամ այլ սարքեր, շատ բարդ էր կարճ ժամանակում ճշտել տեղեկատվության հավաստիությունը։ Ոստիկանի համազգեստով երկու տղամարդ մտնում են թանգարան և պահակներին ասում, թե թանգարանից կանչ են ստացել ու պետք է ստուգեն տարածքը։ Պահակները, չկասկածելով անգամ, ներս են թողնում նրանց՝ այսկերպ, իհարկե, խախտելով թանգարանի անվտանգության ներքին կանոնադրությունը։ Իսկ այն, ինչ լինում է հետո, իրական ֆիլմի սցենար է։
Երկու անզեն աշխատակցին ձեռնաշղթաներ են հագցնում և առանց շտապելու, մեկ ժամ 20 րոպե ընտրում են, թե որ նկարներն են կողոպտելու։ Արդյունքում 300 միլիոն դոլար արժողությամբ գողոնի շարքում կային Ռեմբրանդի, Վերմեերի և այլ հայտնիների կտավներ։ Այս դեպքից չորս տարի անց անանուն հաղորդագրությամբ առաջարկում են վերադարձնել գողոնը՝ գումարի և պատասխանատվությունից ազատվելու երաշխիքների դիմաց, բայց այս գործն այդպես էլ հանգուցալուծում չի ստանում։ Ոչ ոք այս գործով չի ձերբակալվում։ Ի դեպ, ամենահետաքրքիրն այն է, որ կողոպտիչները չէին գողացել ամենաթանկարժեք կտավները, ինչից կարելի է ենթադրել, որ իրականում նրանք այնքան էլ արվեստից չէին հասկանում։
ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԿՐՔԵՐ
Բրազիլիա, 2005 թվական։ Հարավային Ամերիկայի պատմության ամենաբարդ և լավ ծրագրված կողոպուտներից մեկի համար բանդան պատրաստվել էր ամիսներ շարունակ։ Բրազիլիայի կենտրոնական բանկը թալանելու համար նրանք 200 մետր խորությամբ թունել էին փորել և ներթափանցել բանկ։ Թունելը փորելու ընթացքում առաջացած թափոնն էլ թաքցնելու համար հանցագործների խումբը կողոպուտից ամիսներ առաջ կանաչապատման ընկերություն էր «հիմնել»։ Ավելի ուշ տարածքում ապրող մարդիկ պատմում էին, որ ավազակախումբն ամեն օր բեռնատարներով հող էր տեղափոխում, բայց հարևաններին սա տարօրինակ չէր թվում, որովհետև կանաչապատման ընկերության համար սա սովորական գործունեություն էր։
Ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկից 65 միլիոն դոլար էր գողացվել։ Տարիների ընթացքում հանցագործներից մի քանիսը ձերբակալվեցին, մի քանի միլիոն դոլար վերականգնվեց, բայց մոտ 50 միլիոն դոլարի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց։
ՎՐԵԺ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՑ
Տարիներ շարունակ Ֆիլիպ Նոել Ջոնսոնը ցանկանում էր ոստիկան դառնալ, բայց ոչ մի ոստիկանական բաժանմունք նրան աշխատանքի չէր ընդունում: Ի վերջո, նա սկսեց աշխատել որպես վարորդ, բայց ոստիկանական ուժերում աշխատելու իր անկատար երազանքի մասին Ջոնսոնը չմոռացավ։ Սրան գումարվեց ցածր վարձատրությունն ու անդարդարության զգացումը և արդյունքը դարձավ սառնասրտորեն պլանավորված կողոպուտ։
Ժամում 7 դոլար աշխատելը Ջոնսոնի համար նվաստացուցիչ էր, բայց այսկերպ նա աշխատեց մոտ տասը տարի։ 1997 թվականին 33-ամյա երիտասարդն ուղղակի որոշեց, որ իր անունը պետք է գրվի պատմության մեջ, և արդեն կապ չուներ՝ որպես հերոս ոստիկան, թե սառնասիրտ կողոպտիչ:
Ջոնսոնը թալանեց հենց այն կազմակերպությունը, որտեղ ինքն էր աշխատում։ Սեփական գործընկերների ճակատին ատրճանակ պահեց, ձեռնաշղթաներ հագցրեց, գողացավ 18 միլիոն դոլար և դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ չափով կանխկիկ գումար կողոպտած հանցագործը։ Այս կողոպուտը Ջոնսոնը պլանավորել էր հինգ տարի, կեղծ վկայականներ ուներ, սովորել էր իսպաներեն ու բեռնատարով փախել էր Մեքսիկա։ Միակ խնդիրն այն էր, որ ամբողջ կանխիկ գումարը բեռնատարով տեղափոխել հնարավոր չէր, հետևաբար մի մասը ստիպված էր թաքցնել Հյուսիսային Կարոլինայում։ Դեպքից հինգ ամիս անց Ջոնսոնը վերադառնում է ԱՄՆ, ու երբ փորձում է հատել սահմանը, նրա լարվածությունն ամերիկացի սահմանապահի մոտ միանգամից կասկածներ է հարուցում։ Այս պատմությունն ավարտվում է Ջոնսոնի ձերբակալությամբ և գումարի մեծ մասի վերադարձով։ Թե որքանով ոստիկանական համակարգից լուծված վրեժը հաջողվեց, իհարկե՝ միանշանակ չէ։
ՇՎԵԴԱԿԱՆ ԲԱՐԻ ԼՈՒՅՍԸ
Ստոկհոլմում 2009 թվականի կողոպուտը շատերը համարում են կանխիկ գումարի դարաշրջանի ավարտը։ Ընդամենը 20 րոպեում մարդիկ ականատես եղան, թե ինչպես բանկից թալանվեց 5 միլիոն դոլար արժողությամբ շվեդական կրոն։ Կհարցնեք՝ իսկ ոստիկանությո՞ւնը։ Ոստիկանությունը ոչինչ անել չկարողացավ։ Կողոպտիչները դիմակավորված ու զինված՝ առևանգված ուղղաթիռով վայրէջք կատարեցին շենքի տանիքում։ Ջարդեցին պատուհանը, պայթուցիկներով բացեցին պողպատե պահարանները, պարանների միջոցով բարձրացին հափշտակած գումարն ու նույն ուղղաթիռով էլ անհետացան։
Իրավապահները ոչինչ անել չկարողացան. նախ, որովհետև հանցագործները «հոգացել էին», որ նրանց ուղղաթիրռներն օդ չբարձրանան։ Կեղծ ռումբեր էին տեղադրել, ճանապարհին էլ փշալարեր լցրել։ Փակ էր օդն ու ցամաքը։ Գողոնն այնքան մեծ էր, որ Ստոկհոլմի բանկոմատներում կանխիկ գումար գտնելը որոշ ժամանակ մեծ խնդիր էր։ Ի դեպ, կարևոր է նաև նշել, որ այս մեծածավալ ու վտանգավոր կողոպուտի արդյունքում բանկի ոչ մի աշխատակից չի տուժել։
Նոր դարում փոխվում են հանցագործությունների և կողոպուտների սխեման, տեսակը, չափն ու աշխատող գործիքները։ Կիբերկողոպուտները դարձել են նոր դարի ամենամեծ սպառնալիքներից, և եթե նախորդ դարում մարդկային գործոնը գլխավորն էր և դրա դեմ ֆիզիկական պայքարն ավելի հավանական էր, ապա նոր դարում, երբ հանցագործը համակարգչի հակառակ կողմում է և ոչինչ կասկած չի հարուցում, ամեն ինչ շատ ավելի բարդանում է։