«Ոչ կատարյալ» Քիմը, նվեր ստացված երիկամը և սկանդալային ապտակը. Հայտնիների հայտնի ու անհայտ հիվանդությունները
Սելեբրիթիները կամ ինչպես հայկական իրականությունն է նրանց ընկալում՝ «աստղերը», երբեմն այնքան անհասանելի են մարդկանց թվում, որ անգամ մոռանում ենք, որ աստղը փոխաբերական իմաստ է պարունակում ու իրենց ոլորտում հայտնի այդ մարդիկ ևս մարդկային հատկանիշներ, ասել է թե՝ մարդկային խնդիրներ, հոգսեր ու թույլ կողմեր ունեն։
Հիշեցման կարգով. այս անգամ որոշել ենք մի տեղում հավաքել հայտնի դեմքերի հայտնի հիվանդությունները, որոնց պատճառով նրանք թողել են կարիերան, ստիպված են եղել դադար վերցնել, ծանր վիրահատություններ են տարել ու դեռ մի ամբողջ կյանք պիտի ապրեն այդ հիվանդությունների հետ։
ՍԵԼԻՆ ԴԻՈՆ
Կանադացի աշխարհահռչակ երգչուհին մինչև վերջերս էլ ակտիվ երաժշտական կարիերա էր վարում. համերգներ, նոր ու հին երգերի կատարումներ, երկրպագուների հետ շփում։ Մինչև այն պահը, երբ երգչուհին հայտարարեց, որ առողջական լուրջ խնդիրների պատճառով չեղարկում է 2023֊ի գարնանը նախատեսված իր եվրոպական շրջագայությունը։
«Ես երկար ժամանակ զբաղվել եմ իմ առողջական խնդիրներով և ինձ համար շատ դժվար է եղել առերեսվել դրանց հետ, խոսել այն ամենի մասին, ինչի միջով անցել եմ։ Վերջերս ինձ մոտ ախտորոշվեց շատ հազվադեպ նյարդաբանական խանգարում։ Ցավոք, դա ազդում է իմ կյանքի վրա, երբեմն դժվարանում եմ քայլել, երգել, ինչպես նախկինում: Ինձ ցավ է պատճառում այսօր ձեզ ասել, որ ես պատրաստ չեմ վերսկսել իմ եվրոպական շրջագայությունը»։
Մկանային կաշկանդվածության համախտանիշն իսկապես հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որն առաջացնում է մարմնի հյուսվածքների ոսկրացում: Քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ այս հիվանդությունը սահմանափակում է մարդու շարժունակությունն ու հետևաբար թույլ չի տալիս նորմալ կյանք վարել։ Մարդիկ չեն կարողանում ոչ միայն նորմալ տեղաշարժվել, այլև խոսել։ Այս հիվանդությունն առաջանում է 1 միլիոն մարդուց մեկի մոտ։
Հայտնի է, որ այս փուլում հիվանդությունը դեռևս բուժում չունի։ Կան դեղամիջոցներ, որոնք գուցե դանդաղեցնեն հիվանդության զարգացումը, բայց վերջնական արդյունք խոստանալ չեն կարող։ Երգչուհին սա շատ լավ հասկանում է ու խոստացել է անել հնարավորը՝ գոնե ախտանիշները նվազագույնի հասցնելու համար։
ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում տրված է թերևս ամենահստակ ձևակերպումներից մեկը. «Երբ հիվանդի մոտ ախտորոշվում է այս համախտանիշը, նա և նրա ընտանիքն ավելի շատ հարցեր են ունենում, քան պատասխաններ»:
Ի դեպ, վերջերս Սելին Դիոնի առողջական վիճակի մասին խոսել է քույրը, ասել, որ չեն կարողանում գտնել որևէ դեղամիջոց, որ օգնում է այս հիվանդության դեմ պայքարում։ Ամեն դեպքում, երգչուհին լավատես է ու պայքարում է ապաքինման համար։
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆ
Մեր հայրենակցուհին ևս ամեն օր բախվում է առողջական խնդիրների և ստիպված է կրել դրանց հետևանքները։ 2010 թվականից Քիմի մոտ հայտնաբերվել է մաշկային հիվանդություն՝ պսորիազ։ Այս մասին ռեալիթի շոուի աստղը չի էլ թաքցրել ու պատմել է հենց նույն շոուի ընթացքում։
Պսորիազը քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն Է, որը հիմնականում ախտահարում Է մաշկը: Քիմի դեպքում քրոնիկ հիվանդությունն արտահայտվում է մարմնի տարբեր հատվածներում կարմիր հետքերով։ Քարդաշյանը, որ անընդհատ ամսագրերի շապիկին է ու տեսախցիկների առաջ, մի առիթով խոստովանել է, որ հոգնել է թաքցնել պսորիազի արտաքին դրսևորումները։
«Ես արդեն նույնիսկ չեմ էլ փորձում թաքցնել այդ գրգռվածությունները: Երբեմն մտածում եմ, որ եթե բոլորն արդեն գիտեն խնդրի մասին, էլ ի՞նչ կարիք կա թաքցնելու»:
Հիվանդությունն ունենում է տարբեր փուլեր ու հատկապես ագրեսիվանում է էմոցիոնալ ապրումների ֆոնին։ 2017֊ին փարիզյան հայտնի կողոպուտից հետո Քիմը գրել էր, որ հիվանդությունը տարածվել է նաև դեմքի վրա։ Երկրպագուները սա միանգամից կապել էին դեպքի պատճառով առաջացած սթրեսային ապրումների հետ։
Ամեն դեպքում, հիվանդությունը Քարդաշյանին չի սահմանափակում ու չի կաշկանդում։ Նա բուժական սննդակարգ Է պահպանում, օգտագործում Է քսուքներ և բուժական ներարկումներ անում:
ԿԱՐԱ ԴԵԼԵՎԻՆ
Մաշկային այս հիվանդությունը հայտնաբերվել է նաև մոդել և դերասանուհի Կարա Դելևինի մոտ։ Այս մասին մոդելը քիչ չէր խոսում, բայց ինչ֊որ պահից որոշեց նաև բարձրացնել պսորիազի մասին իրազեկվածության մակարդակը։ Ու քանի որ Կարան հայտնի է իր անկաշկանդ կերպարով, ապա շատերի համար զարմանալի չէր, երբ 2022֊ի Met Gala֊ին Դելևինը բաց հագուստով ամբողջովին ցուցադրեց մարմնի վրայի հետքերը։
«Ես միշտ խոսել եմ իմ հիվանդության մասին, ուստի սա որևէ մեկի համար նորություն չէր: Բայց ես երբեք մերկ չեմ եղել հանրության առաջ, և ինձ համար ինչ֊որ պահի իսկապես ծանր ու ճնշող էր մաշկային խնդիրս մարդկանց ցուցադրելը։ Ամեն դեպքում՝ միայն հետո հասկացա, թե դա որքան կարևոր էր»:
Դելևինը խոստովանել է, որ սկզբնական շրջանում չէր համակերպվում առողջական այս խնդրի հետ, բայց որքան կռիվ էր տալիս դրա դեմ, այնքան ամեն բան ավելի էր բարդանում։
«Ես գիտեմ, որ շատ մարդիկ ունեն այս խնդիրը։ Իհարկե, այնպես չէ, որ հաճելի կամ գեղեցիկ է մաշկային այս խնդիրն ունենալը, բայց հիմա ես հպարտանում եմ դրանով այն իմաստով, որ այն ինձ է պատկանում»:
Բելլա Հադիդը ևս մարդկանց իրազեկելու նպատակով, ինչպես նաև սոցցանցերում իր կյանքի կարևոր դրվագներով կիսվելու արդյունքում հաճախ է խոսում իր հիվանդության մասին։ Մոդելի մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն։
Այն տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում սա բավականին տարածված հիվանդություն է։ Այն փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:
Հադիդի մոտ հիվանդությունն ախտորոշել են 2012 թվականին։ Նրա մոտ հիվանդության սրացումներ հաճախակի են լինում, ինչի պատճառով էլ Հադիդը ստիպված է լինում դադարեցնել աշխատանքը և չի հայտնվում հանրային վայրերում։ Ախտանշաններից են՝ սրտի առիթմիա, տրամադրության կտրուկ փոփոխություններ, հոդացավեր, սրտխառնոց, անքնություն, գլխացավեր, տագնապային խանգարումներ:
Վերջերս Հադիդը Լայմի հիվանդության սրացման դեմ 100 օր պայքարելուց ու երկարատև բուժումից հետո սոցցանցերում առաջին անգամ հրապարակում էր արել ու պատմել, թե ինչ դժոխային ճանապարհ է անցել։ Ամեն դեպքում, մոտ ապագայում Բելլա Հադիդին դժվար տեսնենք պոդիումի վրա։ Այս փուլում նա ամբողջությամբ կենտրոնացած է ապաքինման վրա։
ՋԻՋԻ ՀԱԴԻԴ
Հադիդ քույրերը ստիպված են առողջական խնդիրների դեմ պայքարել երկուսով։ Ջիջի Հադիդի մոտ էլ ախտորոշված է մեկ այլ հիվանդություն՝ վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքում, որն անվանում են Հաշիմոտոյի հիվանդություն կամ էլ աուտոիմունային թիրեոիդիտ։
Այս հիվանդությունը հանգեցնում է հոգնածության, դեպրեսիայի, նյութափոխանակության խնդիրների, քաշի մշտական տատանումների։ Ջիջիի մոտ խնդիրը հատկապես ընդգծվել էր տարիներ առաջ։ Նա կտրուկ ու հիվանդագին նիհարել էր, հանրությունն էլ միանգամից սկսել էր պիտակներ կպցնել՝ մոդելին մեղադրելով թմրանյութերի օգտագործման մեջ, ինչպես նաև պնդելով, որ Ջիջի Հադիդը կարիերայի պատճառով անորեքսիկ է դարձել։ Արդյունքում անտեղյակությունն ինչպես միշտ լցվել էր սուտ ու կեղծ թեզերով։ Ջիջին ստիպված էր բավարարել հանրության հետաքրքրասիրությունը ու պատմել, որ նիհարելու պատճառը հիվանդությունն է։
Elle ամսագրին տված հարցազրույցում մոդելն անկեղծացել է, որ ամեն կերպ պայքարել է այդ շրջանում նման կերպ նիհարելու դեմ, որովհետև առջևում Victoria's Secret֊ի շոուն էր։
«Հիվանդության դեմ պայքարելու համար ես խմում էի անհրաժեշտ բոլոր դեղերը, որովհետև չէի ուզում շոուից առաջ ավելի շատ քաշ կորցնել»:
ԼԵԴԻ ԳԱԳԱ
Երգչուհի Լեդի Գագան երկրպագուներից չի թաքցնում, որ հիվանդ է քրոնիկ ֆիբրոմիալգիայով։ Այս հիվանդությանը բնորոշ են քրոնիկ տարածուն ցավերն ամբողջ մարմնում։ Հիվանդությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ, և, հետևաբար, բուժման մեթոդները՝ ևս։
Այս հիվանդությունն ունեցող մարդիկ հաճախ խնդիրներ են ունենում քնի հետ, գերհոգնածության զգացում, երբեմն անգամ՝ հիշողության կորուստ, ինչպես նաև կենտրոնացման խանգարումներ։ Այս հիվանդությունն առկա է բնակչության մոտ 4 տոկոսի մոտ։ Այս ախտորոշմամբ մարդկանց շրջանում յոթ անգամ ավելի շատ են կանայք, քան տղամարդիկ: Հիվանդության պատճառները մասնագետները կապում են առաջին հերթին հոգեբանական կամ ֆիզիկական սթրեսի հետ:
Սրացումներ ևս լինում են։ Օրինակ, 2017֊ին Լեդի Գագան ստիպված էր չեղարկել Բրազիլիայում իր մենահամերգը, իսկ ավելի ուշ բացատրել, որ հիվանդությունով պայմանավորված իր մոտ սարսափելի ցավեր էին սկսվել: Երգչուհուն հոսպիտալացրել էին։ Հիվանդության մասին Գագան առավել մանրամասն խոսել է իր Gaga: Five Foot Two վավերագրական ֆիլմում։
ՍԵԼԵՆԱ ԳՈՄԵՍ
Սելենա Գոմեսի առողջական լուրջ խնդիրների մասին քննարկումներն ակտիվացան հատկապես ծանր վիրահատությունից՝ երիկամի փոխպատվաստումից հետո, բայց մինչ դրան հասնելը սկսենք սկզբից։
Երգչուհու մոտ 2013-ին ախտորոշվել էր համակարգային կարմիր գայլախտ (lupus)։ Սա շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է։ Եթե ավելի պարզ, ապա այս հիվանդության ժամանակ մարդու իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջների ԴՆԹ-ն։ Այս հիվանդությունը հանգեցնում է մաշկի, մկանների և հոդերի, ծանր դեպքերում նաև սրտանոթային, նյարդային համակարգի և այլ օրգանների ախտահարման:
Սելենա Գոմեսի առողջության վրա հիվանդությունն այնքան մեծ ազդեցություն է թողել, որ երգչուհու կյանքը փրկելու միակ տարբերակը երիկամի փոխպատվաստումն էր։ Երգչուհու դոնորն է դարձել նրա մտերիմ ընկերուհին։
«Իմ լավագույն ընկերն ինձ տվեց իր երիկամը ու փրկեց կյանքս։ Դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր։ Ամբողջ կյանքում շնորհակալ եմ լինելու»:
ՋԵՅԴԱ ՓԻՆՔԵԹ֊ՍՄԻԹ
Հոլիվուդում անգամ հիվանդությունը դառնում է մեծ սկանդալների պատճառ։ Երևի հիշում եք, որ «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթը հարվածեց Քրիս Ռոքին, իր կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի հասցեին նրա կատակի համար։ Ավելի ուշ Սմիթը ներողություն էր խնդրել Ռոքից, բայց արդեն ուշ էր։ ԱՄՆ Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին առաջիկա 10 տարում ներկա գտնվել իր կազմակերպած միջոցառումներին, այդ թվում՝ «Օսկարի» մրցանակաբաշխությանը։
Փինքեթ-Սմիթը գլուխը սափրել էր հիվանդության պատճառով։ Նրա մոտ ախտորոշվել է օջախային ալոպեցիա կամ տեղային մազաթափություն։ Սա հիվանդություն է, որը մարմնի որևէ հատվածի կամ ամբողջ մարմնի մազաթափության է հանգեցնում։ Գլխի մազածածկ մասում ի հայտ են գալիս մետաղադրամի չափի ճաղատ հատվածներ։ Ընդհանուր առմամբ, այս խնդիրն ունեցող մարդիկ առողջ են և այլ գանգատներ չունեն, իսկ այս հիվանդությունը հիմնականում հոգեբանական սթրեսի հետևանք է։
Հայտնի մարդկանց հիվանդություններն ուսումնասիրելիս ցանկն անցնում էր տասյակներն ու գուցե հարյուրը։ Առաջին հայացքից սա գուցե զարմանք առաջացնի, բայց իրականում ևս մեկ հիշեցում է, որ էկրաններին հաճախ հայտնվող մարդիկ մյուսներից տարբերվում են հենց միայն դրանով՝ պարզապես հաճախ են հայտնվում էկրաններին։