#իվենթաPAN
April 27, 2023

Այրվող հագուստը, չնախատեսված փամփուշտն ու սպիեր՝ դեմքի և կարիերայի վրա. Մահեր կինոհրապարակում, կամ երբ կինոն դառնում է կյանք ‌

Ֆիլմ ստեղծելը ռիսկային բիզնես է, իսկ նկարահանումների հրապարակը շատ հեռու է սովորական աշխատավայր լինելուց։ Երբեմն այս առաջին հայացքից զուտ ստեղծագործական գործընթացը կարող է նույնիսկ մահացու լինել։ Հիմնականում՝ մարդկային անփութության պատճառով։ Ցավոք, նկարահանումների հրապարակում տեղի ունեցող դժբախտ պատահարները քիչ չեն, ու չնայած անվտանգության տարբեր միջոցառումներին և նույնիսկ օրենսդրական փոփոխություններին՝ նոր դեպքերից խուսափել չի լինում։ PAN֊ի այս լոնգրիդում նկարահանման հրապարակում դժբախտ դեպքերի ամենասարսափելի շղթան է։

Արդեն փաստեցինք, որ ֆիլմարտադրությունը ռիսկային գործ է։ Այն միշտ սկսվում է ֆինանսական ռիսկից, բայց երբեմն հասնում է նույնիսկ ֆիզիկական անվտանգության ռիսկերի։ Հնարավո՞ր է հաշվարկել բոլոր ռիսկերը։ Կասկադյորներ, պիրոտեխնիկա, հրաձգություն. սրանք ընդամենը մի քանի «գործիք» են, որոնք կիրառելիս պետք է լավ հաշվարկ անել։

Ֆիմարտադրությունը, առհասարակ, առաջին հերթին նաև գերարագ ռիթմի մասին է։ Այս տեմպի ու նաև չհաշվարկված ռիսկերի պատճառով նկարահանման հրապարակում բազմաթիվ ողբերգություններ են եղել: Դրանց մի մասը հանգեցրել է հուղարկավորությունների, մյուսներն առնվազն կասեցրել են ֆիլմի ընթացքը։

ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ

Վերջին նման աղմկահարույց ու ողբերգական դեպքը գրանցվեց մոտ 1.5 տարի առաջ՝ Rust ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Նյու Մեքսիկոյում՝ Սանտա Ֆեի մոտակայքում ընթացող նկարահանումների ժամանակ դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինը հրազենով պատահաբար կրակել էր նկարահանող թիմի անդամ Հալինա Հաթչինսին և ռեժիսոր Ջոել Սոուզային: Հաթչինսը մահացել էր, Սոուզան՝ վիրավորվել։

Դերասանը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու, իհարկե, ոչ մարտական փամփուշտներով: Հրազենը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով: Կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, իսկ բեկորները ցրվել են ու ողբերգական դեպքի պատճառ դարձել։ Ատրճանակը, որով Ալեք Բոլդուինը սպանել է օպերատորին, նրան էր փոխանցել ռեժիսորի օգնականը։ Հետաքննության ընթացքում ֆիլմի նկարահանումները դադարեցվել էին: Ինքը՝ Բոլդուինը, հարցաքննության կամավոր էր ներկայացել։

Արդյունքում ամերիկացի դերասանին ներկայացվել էր ոչ կանխամտածված սպանության մեղադրանք: Մեկ տարի ու ավելի Բոլդուինի անվան շուրջ եղան ամենատարբեր քննարկումները։ Դեպքի հետևանքով զոհ կար, և բոլոր մեղադրական խոսքերն արդարացիորեն իրավացի էին։ Մյուս կողմից, դերասանի երկրպագուները շեշտում էին, որ սա առաջին հերթին դժբախտ պատահար է։ Արդյունքում արդեն վերջերս՝ դատավարության մեկնարկից երկու շաբաթ առաջ Նյու Մեքսիկոյի դատախազությունը հանեց Բոլդուինին առաջադրված մեղադրանքը։ Ի դեպ, դժբախտ պատահարից մեկ ու կես տարի անց Ալեք Բոլդուինը վերսկսել է Rust ֆիլմի նկարահանումները։

ՍՊԻԵՐ՝ ԴԵՄՔԻՆ ՈՒ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ

Դիլան Օ'Բրայենն ուներ բոլոր շանսերը՝ դառնալու Հոլիվուդի հաջորդ սրտակերն ու ոչնչով չզիջելու այդ շարքում իրեն նախորդողներին: Հետո ողբերգական պատահարը ստիպեց նրան կասկածի տակ դնել ամեն ինչ։

Maze Runner֊ի վերջին մասի նկարահանման հրապարակում, երբ Օ'Բրայենը, կարծես, հասել էր իր փառքի գագատնակետին, դերասանը ճակատագրական վթարի ենթարկվեց։ Մոտոցիկլետով հնարք կատարելիս դերասանն ընկել էր, ինչից հետո մեքենան վրաերթի էր ենթարկել նրան։ Դերասանը ստացել էր ուղեղի ցնցում, գլխուղեղի վնասվածք և կոտրվածքներ։ Նա գրեթե մեկ տարի վերականգնողական փուլում էր։ Նկարահանումները հետաձգվում էին նախ շաբաթներով, հետո՝ ամիսներով, ու, արդյունքում՝ գրեթե մեկ տարով։

Նրա վնասվածքները շատ ավելի լուրջ էին, քան ի սկզբանե թվում էր։ Դժբախտ պատահարը տեղի էր ունեցել 2016 թվականին, Maze Runner֊ը թողարկվեց միայն 2018֊ին։ Օ'Բրայենի համար սա ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական մեծ տրավմա էր։ Վերադարձից հետո էլ մարդիկ նրա դեմքին սպիեր էին փնտրում, մյուսները՝ հարցախեղդ էին անում դժբախտ պատահարի մասին։ Ինքը՝ դերասանը, տևական ժամանակ հեռացել էր հանրության տեսադաշտից, իսկ վերադարձից հետո անկեղծացել էր ու պատմում էր, որ այդ շրջանում նույնիսկ որոշել էր այլևս երբեք չվերադառնալ իր աշխատանքին։

«Ես իսկապես մի որոշ ժամանակ մի մութ տեղում էի։ Դա հեշտ ճանապարհ չէր։ Վերադառնալը հեշտ չէր։ Ես նույնիսկ չգիտեի՝ երբևէ կկարողանամ վերադառնալ իմ աշխատանքին։ Ու այդ միտքն ինձ սարսափեցնում էր»,- ասում էր նա:

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԹՌԻՉՔ

Ժամանակային թռիչք կատարենք 20֊րդ դարի երկրորդ կես։ Twilight Zone—ը 60-ականների հայտնի հեռուստաշոու էր և պրոդյուսերները որոշել էին այս հաջողությունը կրկնապատկել՝ այն դարձնելով նաև ֆիլմ և դրա էկրանավորմամբ ամրապնդել իրենց դիրքերը։ Արդյունքում եղավ ամենասարսափելին։ Ուժեղ քամիների ժամանակ բավականին բարդ օդային հնարքներով տեսարան նկարահանելիս ուղղաթիռը կործանվեց հենց նկարահանման հրապարակում։ Այս ողբերգության հետևանքով մահացան դերասան Վիկ Մորրոուն և երկու դերասան երեխա։

Վթարի հավանական պատճառը բարձր ջերմաստիճանի հատուկ էֆեկտների պայթյունն էր, իսկ ուղղաթիռը ցածր էր թռչում և չափից շատ մոտ էր դրանց։ Ուղղաթիռը ղեկավարող օդաչուի և նկարահանումները ղեկավարող կինոռեժիսորի միջև հաղորդակցության ձախողման պատճառով էլ եղավ այն, ինչ եղավ։ Կինոռեժիսորը պնդում էր, որ կադրի համար պետք է ցածր թռչել։ Օդաչուն էլ, ըստ վկայությունների, պնդում էր, որ դա վտանգավոր է։

Միջադեպը հանգեցրեց երկար տարիներ շարունակվող քաղաքացիական և քրեական գործողությունների՝ ընդդեմ նկարահանումներն իրականացնող անձնակազմի, այդ թվում՝ ռեժիսոր Ջոն Լենդիսի։ Կինոարտադրության ոլորտում նոր ընթացակարգեր մշակվեցին, ժամանակի ընթացքում ներդրվեցին անվտանգության նոր չափանիշներ։

ՄԱՀԱՑՈՒ ՑԱՏԿ

Catch 22֊ը նկարահանելու համար ռեժիսոր Մայք Նիքոլսը ձգտում էր կատարելագործել ու հնարավորինս իրական և պրոֆեսիոնալ դարձնել բոլոր դրվագները։ Հենց այս նպատակով էլ թիմում ներգրավել էր Ջոն Ջորդանին, որը կինոարտադրության լավագույն օդային տեսանկարահանողներից էր ու որսում էր լավագույն կադրերը։

Ջորդանը պրոֆեսիոնալ էր և նախկինում վարպետորեն կատարել էր բազմաթիվ նմանատիպ բարդ օդային հնարքներ: Նկարահանումների ժամանակ Ջորդանը հրաժարվում է անվտանգության միջոցներից։ Ուղղաթիռում նկարահանումների ժամանակ չի կրում ամրագոտի և հենց այդ նկարահանումն ավարտվում է ողբերգությամբ։ Մեքսիկական ծոցի մոտ ուղղաթիռի վրա նկարահանումների ժամանակ Ջորդանն ընկնում է ուղղաթիռից՝ 1200 մետր՝ ուղիղ Խաղաղ օվկիանոս և մահանում։ Սա այն իրավիճակն էր, երբ մեղավորների մատնանշելիս մարդիկ առաջինը հաճախ հենց զոհի անունն էին տալիս։ Սա ևս մեկ օրինակ էր, որ անվտանգային կանոններն ու օրենքները նախատեսված են բոլորի համար, անկախ պրոֆեսիոնալիզմից և այլ որակներից։

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԹԵՐԱՑՈՒՄ

Midnight Rider ֆիլմի նկարահանման հրապարակում օպերատորի օգնական Սառա Ջոնսը մահացավ գնացքի հարվածից անմիջապես հետո: Երկու գնացքի մասնակցությամբ հնարք նկարահանող խումբը, կարծես, ամեն ինչ հաշվարկել էր, բայց երբ հանկարծ հայտնվեց երրորդ գնացքը՝ վայրկյաններն անգամ ճակատագրական եղան Ջոնսի համար։ Անձնակազմը ստիպված էր սարսափած պարզապես նայել այդ տեսարանը, որովհետև միջամտելու համար բավական ժամանակ չկար։

Այս ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերը մեղադրվել են չկանխամտածված սպանության մեջ։ Դեպքը ցնցել էր ամբողջ կինոինդուստրիան։ Ի հիշատակ Սառա Ջոնսի ստեղծվեց «Անվտանգություն Սառայի համար» շարժումը։ Սա ֆիլմարտադրության մեջ անվտանգության նորմերի բարձրացմանն ուղղված արշավ է, որը հերթական անգամ հիշեցնում է, որ այս դեպքը և նմանատիպ այլ ողբերգական դեպքեր կարող էին կանխվել, եթե ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը և պատասխանատու մյուս մարդիկ պահպանեին անվտանգության բոլոր կանոնները։

ԲՐԵՆԴՈՆ ԼԻ. ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրենդոն Լին՝ մարտաֆիլմերի լեգենդար աստղ Բրյուս Լիի որդին, ողբերգական կերպով մահացավ The Crow ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Տեսարաններից մեկի ընթացքում Բրենդոն Լիի կերպարի վրա պետք է կրակեին։ Անփութության պատճառով հերոսի փոխարեն մահացու վիրավորում է ստանում հենց Բրենդոնը։ Ատրճանակում մնացած մեկ փամփուշտը սպանում է նրան։ Բրենդոն Լին ընդամենը 28 տարեկան էր, երբ ողբերգական դեպքը տեղի ունեցավ։

Հրաձգությունը կանգնեցրեց խոստումնալից աստղի հոլիվուդյան վերելքը և բանավեճ առաջացրեց նկարահանման հրապարակում հրազենի անվտանգության վերաբերյալ:

Ատրճանակի անսարքությա՞ն, թե՝ անփութության հարց էր՝ քննարկվեց շատ երկար, բայց այդ կրակոցն արձակած դերասանի կյանքն այդ դեպքից հետո ևս ամբողջովին փոխվեց։ Առհասարակ, նկարահանման հրապարակում զենքի կիրառման շուրջ բանավեճերն այս դեպքից հետո կրկնապատիկ ավելացան ու շարունակվում են մինչև օրս։ Հոլիվուդում կան ռեժիսորներ, որոնք նախընտրում են դատարկ փամփուշտներով լիցքավորված ատրճանակներ օգտագործել։ Մյուսները նախընտրությունը տալիս են համակարգչային լուծումներով ստեղծած պատկերներին, որոնք ավելի ապահով այլընտրանք են առաջարկում:

ՀՐԴԵՀՎԱԾ ԶԳԵՍՏԸ

Ողբերգական պատմությունների այս շարքն ավարտենք թերևս ամենածանր դեպքերից մեկով։ Սան Անտոնիոյում ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած սարսափելի դեպքի հետևանքով 1923 թվականին մահացավ երիտասարդ և խոստումնալից դերասանուհի Մարթա Մենսֆիլդը։ Նա համր ֆիլմերի դարաշրջանի ամենամեծ անունների հետ է խաղացել, իսկ 1923-ին նրան գլխավոր դեր տվեցին քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանի The Warrens of Virginia համր ֆիլմում։

Չարաբաստիկ այդ օրը Մենսֆիլդը նոր էր ավարտել իր նկարահանումները և նստած էր մեքենայում։ Այդ պահին ինչ֊որ մեկը ծխախոտը վառելուց հետո լուցկին անփութորեն գցում է, ու այն կպնում է դերասանուհու հագուստին և ակնթարթորեն բռնկում այն։ Մենսֆիլդին փորձում են փրկել՝ հանելով այրվող հագուստը, դեմքը վերարկուով ծածկելով։ Նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց, բայց դերասանուհին հենց այնտեղ էլ մահանում է կյանքի հետ անհամատեղելի այրվածքներով։

Այս սարսափելի դժբախտ պատահարներից որոշներն իսկապես փոխել են օրենքը և պրոդյուսերների գործելակերպը նկարահանման հրապարակում անվտանգության առումով, սակայն միջադեպերից շատերն էլ ծառայում են որպես ապացույց, թե ինչու է անվտանգությունը ֆիլմարտադրության գլխավոր ռիսկերից մեկը։ Ի վերջո, պետք է ընդունել, որ հատկապես մարտերով հագեցած ֆիլմեր նկարահանելիս ծայրահեղ կարևոր են ոչ միայն նկարահանման հրապարակում գործող կանոնները, այլև մինչև այդ ստորագրված պայմանագրերն ու համաձայնագրերը, օրենսդրական դրույթները, իրավական և ապահովագրական լուծումները։


✍️ Նանե Մանուկյան / PAN