#իվենթաPAN
March 23, 2023

Ծածկված մազեր, արգելված ֆուտբոլ, կնություն՝ 13+ . Իրանցի կանանց կես դարով հետ ընկած կյանքը՝ քողի արանքից

Իրանցի կանանց բաց թողնված վարսերը վերջին ամիսներին ազատության սիմվոլ դարձան։ Ամբողջ աշխարհում կանայք համերաշխություն էին հայտնում նրանց և միանում պայքարին։ Բայց այս պայքարն ամենևին էլ վերջին ամիսների մասին չէ։ Եվ ոչ էլ «մեկանգամյա ակցիա» է։ Կանանց միամսյակին PAN֊ը մեկտեղել է իրանցի կանանց տասնամյակների պայքարի ամենակարևոր դրվագները, նրանց իրավունքների և սահմանափակումների մասին հիմնական փաստերը։ Մեր բարեկամ հարևանին լավ ճանաչել է պետք։ Իսկ սա գոնե մեկ ուղղությամբ բացը լրացնելու հնարավորություն է։

ՄԻՆՉՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

Եթե փորձենք էլ ամբողջությամբ պատմել ու ներկայացնել Իրանում կանանց իրավունքների և դրա համար պայքարի քրոնիկոնը, ապա վստահաբար ցանկացած պարագայում ինչ֊որ դետալ բաց ենք թողնելու։ Դրա համար նախ սկսենք հստակ օրինակներով և դրանց ուղեկցող ֆոտո֊ապացույցներով։ Առհասարակ, Փահլավիների կառավարման ժամանակահատվածը կանանց մի շարք հիմնարար իրավունքների վերականգնման շրջան էր։ Նախ՝ կրթություն։ Այս լուսանկարում 1977֊ին Թեհրանի համալսարանում ուսանող աղջիկներն են։ Երբ 1936 թվականին բացվեց Թեհրանի համալսարանը, այնտեղ կարող էին ընդունվել և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Դեռևս 1930-ական թվականներին աղջիկները սկսեցին ավելի շատ ընդունվել դպրոցներ և համալսարաններ։ Ուսանողների մեկ երրորդը կին էր:

Կանայք սկսեցին նաև ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք ավանդաբար վերապահված էին տղամարդկանց, օրինակ՝ բժշկությունը, իրավաբանությունը և ճարտարագիտությունը: Իհարկե, ամեն բան հալած յուղի պես չէր։ Կոնսերվատիվ ընտանիքներում կրթությունը շարունակում էր տաբու մնալ, բայց պետական մակարդակով, հատկապես ուղեղային մեծ արտահոսքի ֆոնին, պետության ղեկավարները հասկանում էին, որ առանց կնոջը կրթության հնարավորություն տալու չենք կարողանա կիրթ հասարակություն ձևավորել։

Թեհրանի համալսարան, 1977 թվական

Կրթական հնարավորություններից բացի, մինչհեղափոխական Իրանում կանայք օգտվում էին մի շարք սոցիալական ազատություններից: Կանանց թույլատրվում էր մեքենա վարել, նրանք օգտվում էին հասարակական վայրերից, օրինակ՝ այգիներից և սրճարաններից: Կանայք մասնակցում էին նաև սպորտային և մշակութային միջոցառումների, ներգրավված էին մի շարք հասարակական և քաղաքացիական կազմակերպություններում:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին իրանցի կանայք սկսեցին մասնակցել երկրի աճող քաղաքական և հասարակական շարժումներին: Քաղաքական առումով Իրանում կանայք իրավունք ունեին ընտրելու և առաջադրելու իրենց թեկնածությունը։ Մինչև 1978 թվականն Իրանի խորհրդարանում 22 կին պատգամավոր կար, իսկ 333 կին ընտրվել էր տեղական ինքնակառավարման մարմիններում: Հիմա գուցե բարդ է պատկերացնել, բայց Իրանն առաջին երկիրն էր Մերձավոր Արևելքում, որը կանանց տվեց ընտրելու իրավունք դեռ 1960-ականներին: Անշուշտ, սրա հետ մեկտեղ կային նաև սահմանափակումներ։ Օրինակ՝ կանայք չէին կարող դատավոր դառնալ։

Ընտանիքի պաշտպանության մասին օրենքի համաձայն՝ կանայք իրավունք էին ստանում ամուսնալուծության միջնորդություն ներկայացնել և ստանալ երեխայի խնամակալություն: Սա այդ ժամանակների համար մեծ ձեռքբերում էր։ Ամուսինն այլևս չէր կարող միակողմանիորեն բաժանվել կնոջից կամ ինքնաբերաբար ստանալ երեխաների խնամակալությունը։ Աղջիկների ամուսնության տարիքը 13-ից բարձրացվել էր 18-ի: Իսկ բազմակնության համար տղամարդը պետք է ստանար առաջին կնոջ համաձայնությունը և դատարանի թույլտվությունը։

Կանանց հանրային կյանքն էլ այդ թվականների համար բավականին առաջադեմ էր։ Կանայք արձակած մազերով էին, իրենց նախընտրած հագուստով՝ ջինսեր, կիսաշրջազգեստներ, տոպեր։ Իրանագետ Արփինե Առուշանյանի գիտական ղեկավարությամբ Մարիաննա Սարգսյանի «Կանանց իրավունքները մինչհեղափոխական և հետղափոխական Իրանում» համեմատական քննությունը փաստում է, որ Ռեզա Շահի հրաժարականից հետո՝ 1941 թվականին, կանանց իրավունքները, իսկ ավելի կոնկրետ՝ կանանց արտաքին տեսքն ու հագուստը «դարձել էին պահպանողական և մոդեռնիստական ուժերի միջև տարաձայնությունների հիմնական աղբյուր»: Այստեղ գլխավոր թեման կրկին հիջաբն էր։

Թեհրան, 1976 թվական

Իհարկե, կարող է ստեղծվել տպավորություն, թե բոլոր կանայք գոհ էին հիջաբ չկրելու փաստից, բայց իրականում այս որոշումը ևս սահմանափակում էր նրանց ազատ ընտրելու իրավունքը։ Իրանցի լրագրող Հալե Էսֆանդիարին նկատում է, որ երբ հիջաբ կրելու օրենքը պաշտոնապես չեղարկվեց, սա շատերի համար հաղթանակ էր, բայց շատերի համար էլ՝ ողբերգություն, որովհետև կանայք կրկին զուրկ էին ընտրելու իրավունքից։ Գուցե կային կանայք, որոնք ցանկանում էին հիջաբ կրել։

«Իմ տատիկը հրաժարվում էր տանից դուրս գալ այն պահից, երբ վերացրեցին այդ օրենքը, և դուրս չէր գալիս մինչև Ռեզա Շահը լքեց երկիրը: Նա նախընտրում էր տանը մնալ։ Նա բարձր խավին էր պատկանում, ուստի կարող էր իրեն թույլ տալ տանը մնալ, ուներ միջոցներ և հնարավորություն: Բայց սովորական իրանցի կանայք, ովքեր չունեին այդ ընտրությունը, ստիպված էին հրաժարվել այդ քողից և իրենց նվաստացած ու մերկացած զգալով դուրս գալ փողոց»,- նշում է լրագրողը:

Վերադառնալով առօրյային։ Այս նկարներում կտեսնեք այն, ինչն այսօրվա Իրանում դժվար է պատկերացնել։ Կանայք գեղեցկության սրահներում հարդարում են մազերը, նույն վայրում նաև տղամարդիկ կան։ Մեկ այլ դրվագով կանայք այն ժամանակ սովորական համարվող հագուստով պիկնիկի են գնացել։ Կամ էլ պարզապես զբոսնում են՝ զարդերով, դիմահարդարմամբ ու թափված մազերով։

Պիկնիկ, 1970֊ականներ
Գեղեցկության սրահ, 1970֊ականներ
Զբոսանք Թեհրանում, 1970֊ականներ

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ

1979-ի իսլամական հեղափոխությունը իրանցի բազմաթիվ կանաց դուրս բերեց փողոց։ Այն կանանց, ովքեր պայքարում էին միապետության վերացման համար և հանուն իսլամական հանրապետության: Նրանք կարծում էին, որ իսլամական հանրապետությունն իրենց կապահովի լիակատար հավասարություն՝ վերացնելով առկա մի շարք սահմանափակումները: Բայց այդ հեղափոխական ոգևորության մեջ քչերն էին ուշադրություն դարձրել Փարիզում Խոմեյնիի հայտարարություններին։ Նա հայտարարում էր, որ կանայք հասարակության մեջ դեր են ունենալու, բայց իսլամի շրջանակում։ Այդ օրերին ոչ ոք չէր հարցնում՝ «Ի՞նչ է իսլամական շրջանակը»:

1979-ի հեղափոխությունը պատասխանն էր արևմտականացման և կապիտալիզմի հանդեպ վախի դրսևորման, որը, շատերի կարծիքով՝ տնտեսական անհավասարություն էր ստեղծում և սպառնում ավանդական մշակույթին: Իրանի կին մտավորականներից շատերը միացան իսլամական հեղափոխությանը` հօգուտ Խոմեյնիի սկզբում խոստացած ժողովրդավարության: Իսկ ինչ ստացան արդյունքում՝ փաստում են թվերը, օրենքներն ու սահմանափակումները։ Այդ կանանցից էր նաև Նուշաբեհ Ամիրին, Խոմեյնիից հարցազրույց վերցրած միակ կինը։ Հարցազրույցի մի կարճ դրվագ հստակ պատասխանում է բոլոր հարցեին։

Լրագրող. «Ոմանք ասում են, թե իսլամական հեղափոխությունը հետընթացի տանող շարժում է, բայց այն փաստը, որ ինձ ընդունել եք, ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխությունն առաջադեմ շարժում է»:
Խոմեյնի. «Մենք չենք խնդրել, որ գաք: Իսլամն առաջադեմ լինելու կարիք չունի։ Առաջընթացն այն չէ, ինչ դուք մտածում եք»:

Մեկ այլ օրինակ։ Թերևս ամենախոսունը։ Ֆարրուխրու Պարսան՝ Իրանի առաջին կին նախարարը, որը 1968 թվականից Իրանի կրթության նախարարն էր, հեղափոխությունից հետո մահապատժի ենթարկվեց: Եվ սա առնվազն ազդարարեց այն փոփոխությունների սկիզբը, որի դեմ իրանցի կանայք մինչ օրս պայքարում են։ Դժվարությամբ ձեռքբ բերված իրավունքները մի քանի տասնամյակով հետ գնացին։

Ակնկալիքները չարդարացան. Ամեն բան արդարացվում էր՝ շարիաթի օրենքներով։ Կանայք հեռացվեցին պետական պաշտոններից։ Իգական սեռի բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ առաջին դասարանցի աղջիկները, ստիպված էին հիջաբ կրել և հետևել հագուստի կրման նոր կանոններին: Ընտանիքի պաշտպանության մասին օրենքը կասեցվեց հենց 1979 թվականին՝ հեղափոխականների իշխանության գալուց անմիջապես հետո: Դա նշանակում էր, որ տղամարդիկ կրկին կարող էին ամուսնալուծվել իրենց կանանցից և պարզապես տեղեկացնել նրանց այդ մասին: Երեխայի խնամակալությունը կանանցից կրկին խլում էին։ Տղամարդիկ կարող էին ամուսնանալ այնքան, որքան ցանկանում էին: Նաև կարող էին իրենց կանանց թույլ չտալ աշխատել կամ էլ դուրս գալ հասարակական վայրեր։ Հիջաբ և փակ հագուստ կրելն այս ամենի միայն տեսանելի, միանգամից աչքի ընկնող կողմն էր։ Տխրահռչակ բարոյականության ոստիկանությունն էլ անցնում էր գործի։ Կանանց համար պատիժը՝ բանտարկություն, մտրակահարում կամ տուգանք։

Իհարկե, ազատության շունչը զգացած կանայք չէին կարող հենց այնպես համակերպվել այս որոշումներին։ Պայքարը և բողոքի ակցիաները սկսվում են հենց 1979֊ին։ Նույն օրը, երբ հայտարարվեց հագուստի հետ կապված սահմանափակումների մասին, տասնյակ հազարավոր կանայք դուրս եկան փողոց։

Հիջաբի կրելու դեմ ակցիա, 1979 թ.
Ակցիա ԱՄՆ դեսպանատան մոտ, 1979 թ.

Կանայք այս փոփոխությունները զգում էին կյանքի բոլոր ոլորտներում։ Ամուսնական նվազագույն տարիքն իջեցվեց մինչև 9֊ի և միայն տարիներ հետո դարձավ 13։ Սա, իհարկե, վատի ու ավելի վատի միջև ընտրելու մասին պատմություն է։ Կանայք իրավունք չունեն ազատորեն ընտրել այն մարդուն, ում հետ ընտանիք են կազմելու։ Եվ, իհարկե, իրավունք չունեն ամուսնանալ ոչ մահմեդականի հետ։

Շոփինգ, 1986 թ.

Իհարկե, այս օրենքներից որոշները տասնամյակների ընթացքում մեղմվեցին. սկսած ապահարզանից ու բազմակնությունից մինչև կրթություն և քաղաքական կարիերա: Հիմա վիճակն ավելի մեղմ է, քան, օրինակ, նախորդ դարավերջում։ Բայց բազմաթիվ սահմանափակումներ ոչ միայն չեն վերացել, այլև արդեն երկրի մշակույթի ու դիսկուրսի մաս են դարձել։ Օրինակ, անհնար է պատկերացնել, որ առանց հիջաբի կինը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրությունների և խորհրդարանում տեղ ստանալ։

Ծովափում, 2005 թ.

ՄԵՐ ՕՐԵՐ

2022֊ին բողոքի հսկայական ալիքն Իրանում սկսվեց, երբ հիջաբը ոչ պատշաճ կրելու համար 22-ամյա աղջկա կալանավայրում անհայտ պայմաններում մահացավ։ Իրավապահները սա վերագրեցին ինչ֊որ հիվանդությունների և առողջական խնդիրների։ Մարդիկ չհավատացին։ Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում՝ մեկ մարդու օրինակով և ընդամենը մեկ դեպքի հիման վրա մի ամբողջ շարժում ձևավորվեց։

Ի նշան բողոքի կանայք հանեցին իրենց գլխաշորերը, այրեցին դրանք, կտրեցին մազերը։ Մոտ 500 մարդ սպանվեց այս ցույցերի ընթացքում։ Տասնյակ հազարավորները ձերբակալվեցին, գրանցվեցին նաև մահապատժի դեպքեր։

Թե որքանով այս ցույցերն ազդեցին երկրի իշխանության վրա՝ ցույց կտա ժամանակը, բայց փաստն այն է, որ սա սթափեցնող հարված էր ամբողջ իսլամական աշխարհի համար։

Երբ 2019 թվականին 40 տարվա ընդմիջումից հետո կանայք առաջին անգամ կարողացան մարզադաշտում հետևել ֆուտբոլային հանդիպմանը՝ դա իսկական տոն ու առաջընթաց էր։ Մարզադաշտի 80,000 տեղից 3500-ը հատկացվել էր կանանց։ Սա այն փոքր, բայց խոսուն քայլերից էր, որ երբեմն փոփոխությունների ակնկալիք է թողնում։

Կանայք մարզադաշտում

Բայց մյուս կողմից էլ կան պատմություններ, որոնք նույնիսկ ամենափխրուն հույսի տեղ չեն թողնում։ Օրինակ, երբ 2015֊ին Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի ավագը չէր կարողացել մասնակցել միջազգային մրցաշարին, որովհետև նրա ամուսինը պարզապես որոշել էր արգելել կնոջը հեռանալ երկրից։

Իրանցի կանանց հավաքական հիշողության մեջ շատ լավ դաջված է, թե ինչ է ազատությունը։ Նոր սերունդն էլ եթե ոչ իրենց օրինակով, ապա գոնե մայրերի օրինակով գիտի, թե ինչ էր նշանակում ապրել այլ օրենքներով։ Շատերի համար սա սահմանափակվում է ընտանեկան պատմություններով ու ֆոտոալբոմներով։ Մյուսների համար ժառանգություն է և մոտիվացիա՝ վերադարձնելու կորցրածը։ Ու սա կարող է դառնալ այն հիմքը, որի վրա իրանցի կանայք փորձում են քայլ առ քայլ վերականգնել իրենց բոլոր իրավունքները։


✍ Նանե Մանուկյան / PAN