#իվենթաPAN
September 5

Դեդփուլը, Բլեյք Լայվլին ու մի խումբ բարկացած կանայք. Հոլիվուդյան սկանդալ՝ դասական մոտիվներով  

Օգոստոսի սկզբից համաշխարհային կինովարձույթ դուրս եկավ Բլեյք Լայվլիի մասնակցությամբ «Այն ավարտվում է մեզանով» (It Ends with Us) դրաման։ Ո՞վ կմտածեր, որ իրական դրաման այս ֆիլմի կադրից դուրս է։ Հոլիվուդում ծավալվեց վերջին շրջանի ամենաթեժ սկանդալներից մեկը, Լայվլին անձամբ ճաշակեց «չեղարկման մշակույթի» դառը պտուղները, նրան մեղադրեցին ընտանեկան բռնության թեման արժեզրկելու և սեփական ապրանքանիշի PR-ով զբաղվելու մեջ։ PAN-ը մանրամասնում է, թե ովքեր էին կադրից դուրս դրամայի գլխավոր դերակատարները և ինչ կապ ունի այս ամենի հետ Բլեյքի ամուսինը՝ Ռայան Ռեյնոլդսը։

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ԸՆԴԴԵՄ ՌԵԺԻՍՈՐԻ

«Այն ավարտվում է մեզանով» ֆիլմը նկարահանվել է համանուն գրքի մոտիվներով։ Գրքի հեղինակը Քոլին Հուվերն է, որն այս պատմությունը ստեղծել է՝ հիմքում ունենալով նաև սեփական ծնողների հարաբերությունները։ Վեպը վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում և թարգմանվել քսանից ավելի լեզվով։ Դեռ տարիներ առաջ ռեժիսոր և դերասան Ջասթին Բալդոնին ստացել էր վեպն էկրանավորելու հեղինակային իրավունք և միայն տարիներ անց՝ 2024 թվականին, ընտանեկան բռնության մասին բարձրաձայնող այս պատմությունը մեծ էկրան բարձրացավ։ Ցավոք, ստացվեց այնպես, որ այսօր մարդիկ ֆիլմն ավելի շատ ասոցացնում են գլխավոր դերակատարի և նրա շուրջ զարգացող սկանդալի հետ, քան դրա բուն ուղերձի։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Սկսենք սկզբից։ Դեռ ֆիլմի թողարկումից առաջ սկսեցին լուրեր պտտվել, որ ֆիլմի ռեժիսոր Բալդոնին, որը համատեղությամբ նաև գլխավոր կերպարներից մեկին է մարմնավորում, և գլխավոր դերակատար Լայվլին, որը համատեղությամբ նաև դրա պրոդյուսերներից է, ընդհանուր լեզու չեն գտնում։ Իրավիճակին ծանոթ աղբյուրները պնդում էին, որ հիմնական վեճը ծավալվել է ֆիլմի վերջնական տարբերակի շուրջ։ Սա, անշուշտ, տիպիկ խնդիր է կինոաշխարհում, ռեժիսորն ու պրոդյուսերը տարբեր կերպ են տեսնում ֆիլմը, իսկ երբ բոլոր դերերը խառնվում են իրար՝ ամեն բան ավելի է բարդանում։

Չար լեզուներն ասում են, որ այս ամենում ուղիղ մասնակցություն և ներգրավվածություն է ունեցել նաև Լայվլիի շատ ազդեցիկ ամուսինը՝ Ռայան Ռեյնոլդսը։ Առանց կրակ ծուխ չի լինում, և եթե այստեղ իսկապես ճշմարտության հատիկ կա, ապա լուրջ հարցեր են առաջանում, թե ի՞նչ կապ ունի Ռեյնոլդսն այս ֆիլմի հետ։ Իհարկե, տաղանդավոր դերասան և պրոդյուսեր է, բայց այս ֆիլմը և՛ պրոդյուսեր ունի, և՛ ռեժիսոր, և՛ դերասաններ։

Ամեն դեպքում, խոսակցությունները պաշտոնապես չհաստատվեցին և գուցե այս սկանդալը կարելի էր վերագրել նաև կինոնկարի վրա ուշադրություն հրավիրելու փորձի, եթե չլինեին ֆիլմի անձնակազմի ակնհայտ «մատնող» գործողությունները։ Պրեմիերային և դրա առաջխաղացմանն ուղղված միջոցառումներին անձնակազմի պահվածքը միայն հաստատում էր, որ ներսում տարաձայնություններ կան։ Ավելին, Բալդոնին դերասանների հետ երբևէ չէր մասնակցում որևէ միջոցառման ու կարծես դուրս էր մնացել իր իսկ ֆիլմի «հիմնական կազմից»։

ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ԱՐՇԱՎԸ

Լայվլին և Բալդոնին ֆիլմի մասին իրենց խոսքում, կարծես, երկու բոլորովին տարբեր նախագծերի մասին պատմեն։ Ակնհայտ է, որ Բալդոնիի ուշադրության կենտրոնում ընտանեկան բռնության թեման է, նա իր սոցցանցերում կիսվում է բռնության ենթարկված կանանց համար թեժ գծի համարներով, անհրաժեշտ տեղեկատվությամբ և այլն։ Չնայած պետք է ասել, որ Բալդոնիի այս «արշավը» հատկապես ակնհայտ դարձավ, երբ նրա խաղընկերուհի Բլեյքը հայտնվեց մարդկանց թիրախում։

Իսկ պատճառն այն էր, որ Լայվլին, կարծես, խուսափում էր խոսել ծանր ու լուրջ թեմաների մասին, նրա սոցցանցերից և հարցազրույցներից տպավորություն էր, որ սա ռոմանտիկ կատակերգություն է, ոչ թե դրամա՝ ընտանեկան բռնության մասին։ Նա պատմում էր ֆիլմի հագուստի, խաղընկերների հետ հարաբերությունների, հորոսկոպի նշանների մասին, բայց ասես մոռանում ու անտեսում առանցքայինը։

Սա հատկապես նյարդայնացրեց ընտանեկան բռնության ենթարկված մի խումբ կանանց, որոնք իրենց գաղափարակիրների հետ մեծ արշավ սկսեցին Լայվլիի դեմ։ Տպավորություն էր, որ դերասանուհին փորձում է կրկնել նախորդ տարվա «Բարբիի» հաջողությունը և մարքեթինգային նմանատիպ հնարքներով տարածել ֆիլմը։

Կարճ ասած, հանդիսատեսն իր դատավճիռը կայացրել էր։ Մամուլի ասուլիսների և հարցազրույցների ժամանակ երկու կողմի «տեսակետին» ծանոթանալուց հետո ակտիվ հանրությունը «որոշեց». Ջասթին Բալդոնին խորապես ընկալում է ֆիլմի սյուժեի, ինչպես նաև հիմնախնդրին անդրադառնալու և իր հարթակն իրազեկման նպատակով օգտագործելու կարևորությունը։

Մյուս կողմից, Բլեյք Լայվլին զբաղված է գեղեցիկ հանդերձանքներ ցուցադրելով, սեփական ապրանքանիշի առաջխաղացումն ապահովելով և ֆիլմը որպես թեթև ամառային դրամա ներկայացնելով։ Ամեն դեպքում, սոցցանցերում ֆիլմին և արտիստներին առնչվող էջերն ուսումնասիրելիս հենց այսպիսի տպավորություն է ստեղծվում։

Ինչ  վերաբերում է Բլեյքի նոր ապրանքանիշին։ Դերասանուհին որոշեց, որ ֆիլմի պրեմիերան լավ մարքեթինգային հնարավորություն է իր մազերի խնամքի շարքը գործարկելու համար։ Իրականում՝ այո, սա շուկայական տեսանկյունից ճիշտ քայլ էր, Blake Brown ապրանքանիշը վաճառվել է հսկայական քանակությամբ և մեծ արագությամբ։ Բայց թե ի՞նչ գնով՝ հարցի երկրորդ կողմն է։ Մարդիկ պնդում են, որ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կնոջն առնչվող սոցիալական այս ծանր թեման պետք չէր համատեղել որևէ այլ թեմայի հետ։ Առավել ևս՝ բիզնես նպատակներով։

Մի պահ վերադառնանք նկարահանման հրապարակ։ Կրկին չհաստատված տվյալներով, որպես կրեատիվ պրոդյուսեր Բլեյքը սյուժեում սեփական խմբագրումներն էր արել, ու սա էլ բավական չէ՝ նրա ամուսինը՝ Ռայան Ռեյնոլդսը ևս խառնվել է ֆիլմի սցենարական կտորին։ Անգամ ասում են, թե Ռեյնոլդսն ամբողջությամբ վերաշարադրել է ֆիլմի բացման տեսարանը։ Ինչպես կարելի է ենթադրել՝ այս տարբերակը հակասում էր ռեժիսորի տեսլականին։

Կրկին ընդգծենք, որ ոչ ոք, անգամ Բալդոնին չի հաստատել այս վարկածը։ Ամեն դեպքում, եզրակացություններ կարելի է անել նաև Բալդոնիի անուղղակի խոսքերից։ Օրինակ, երբ հարցազրույցի ընթացքում Ջասթինին հարցնում են՝ արդյոք նա որպես ռեժիսոր կներգրավվի ֆիլմի երկրորդ մասի աշխատանքներում, դերասան-ռեժիսորը պատասխանում է, որ, իր տպավորությամբ, Լայվլին կարող է հիանալի կերպով նաև ռեժիսորի դերը ստանձնել։ Թեև նա սա շատ հարգալից կերպով է ասում, բայց հստակ է, որ Ջասթին Բալդոնին այլևս չի ցանկանում կապ ունենալ նախագծի հետ։

ԻՆՉ ՍՏԱՑՎԵՑ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ֆիլմի շուրջ ստեղծված, մեղմ ասած՝ տարօրինակ իրավիճակի շնորհիվ էր նաև, որ այն կարողացավ $25 մլն բյուջեով հավաքել $180 մլն-ից ավելի գումար, ինչը շատ տպավորիչ արդյունք է նման դրամայի համար։ Հատկապես, եթե օբյեկտիվորեն ընդունենք, որ նման սցենարը սովորաբար քիչ է հետաքրքրում թե հանդիսատեսին, թե կինոթատրոններին և անգամ ստուդիաներին։ Իհարկե, բնօրինակ գրքի «համբավը» և ճանաչումը ևս օգնեց ֆիլմի տարածմանը։ Պետք է օբյեկտիվ լինել և ընդգծել, որ փոքր չէր նաև Բլեյք Լայվլիի գործոնը։ Լայվլին իսկապես հաջողակ և ճանաչված, իր անունն ունեցող դերասանուհի է Հոլիվուդում։

Առհասարակ, Լայվլին և Ռեյնոլդսը Հոլիվուդյան չափանիշներով power couple են՝ ոչ միայն նկարահանվում են մեծ հաջողություն գրանցող ֆիլմերում, այլև իրենք են արտադրում ֆիլմեր, նաև մեծ գումարներ են ներդնում մի շարք բիզնեսներում։ Զույգի ընդհանուր ունեցվածքը կազմում է մոտ 380 միլիոն դոլար։ Դե իսկ փառքի մասին խոսելն ավելորդ է, Ռեյնոլդսը նույն ինքը Դեդփուլն է (Deadpool), և միլիոնավոր մարդկանց համար սրանով ամեն ինչ ասված է։

Լայվլիի կերպարը տարիների ընթացքում շատ հակասական է եղել։ Gossip Girl-ում Սերենայի մարմնավորումը Բլեյքի կյանքը փոխեց ամբողջովին։ Ու տպավորություն է, որ Սերենայի կյանքի ու բնավորության որոշ դրվագներ արտահայտված են նաև Բլեյքի կյանքում։ Նորաձևությամբ «ապրելու» և ոգեշնչվելու գծից մինչև ժամանակ առ ժամանակ mean girl դառնալու դրվագներ։

Իրականում Բլեյքի անվան շուրջ սկանդալների պակաս չի եղել, բայց ստացվել է այնպես, որ նա հիմնականում կարողացել է ջրից չոր դուրս գալ և պահպանել իր լավ մտածված կերպարը։ Բայց, ինչպես ասում են՝ ամենաանհարմար պահին ջրի երես են դուրս գալիս ոչ այնքան հարմար փաստեր։ Երբ ֆիլմի և Լայվլիի անձի շուրջ այս սկանդալը հասունացավ, նորվեգացի մի լրագրող որոշեց հանրայնացնել 2016 թվականին իր հետ կատարվածը։

8 տարվա հնության հարցազրույցը մինչև վերջ նայել հնարավոր չէ, որովհետև դիտողն ինքը կարծես սկսում է լարվել ու անհարմար իրավիճակում հայտնվել։ Հարցազրույցի հենց սկզբում լրագրողը հղի Բլեյքին շնորհավորում է «փորիկի» առթիվ, այսինքն՝ հղիության։ Ի պատասխան Բլեյքը հեգնական տոնով շնորհավորում է լրագրողին իր «փորիկի» առթիվ։ Այսինքն, ստացվում էր, որ երեխա սպասելու առիթով շնորհավորանքը հավասարվում է մյուս կնոջ քաշի վերաբերյալ ոչ պատշաճ մեկնաբանությանը։ Հարցազրույցի հաջորդող գրեթե բոլոր հատվածներում Բլեյքը և նրա խաղընկերուհին կարծես անտեսում են լրագրողին ու իրար հետ զրուցում։

Սա վերջին կաթիլն էր համացանցում արշավ սկսած մարդկանց համար։ Մի քանի օրում մի քանի միլիոն մարդ դիտում է տեսանյութը, տասնյակ հազարավորներն էլ վիրավորական ու մեղադրական մեկնաբանություններ են թողնում դերասանուհու հասցեին։ Բլեյքը որոշել է այս ամենին լռությամբ պատասխանել, մինչ օրս նրանից որևէ արձագանք չկա։

Ամփոփելով՝ ունենք հետևյալ պատկերը։ Լայվլիի և Ռեյնոլդսի ամուսնական դաշինքը, նկարահանման հրապարակում տարաձայնությունների մասին խոսակցությունները և ֆիլմի մարքեթինգային արշավին չափազանց տարօրինակ մոտեցումը հանգեցրին Հոլիվուդի ամենամեծ սկանդալներից մեկին: Ֆիլմը լավ արդյունքներ գրանցեց տոմսարկղերում, Լայվլիի մազերի խնամքի նոր շարքը լավ վաճառվեց։ Այլ կերպ ասած՝ զուտ շահույթի տեսանկյունից շահել են բոլորը, բայց, ինչպես գիտենք՝ ամեն ինչ չէ, որ կարող ես գնել գումարով։ Իսկ հատկապես բարդ է գումարով վերականգնել հեղինակությունը։


✍️ Նանե Մանուկյան / PAN