Ջեյ Զիի «99+1 խնդիրները», Փի Դիդդիի գործն ու 13 տարեկանի բռնաբարության մեղադրանքը. Հոլիվուդի աղմկոտ սկանդալի նոր ալիքը
Ջեյ Զին ասում էր՝ «I got 99 problems…», բայց, կարծես, նրա խնդիրների թիվն առնվազն մեկով ավելացել է և հասել 100-ի։ Ու այս մեկը մնացած 99-ից շա՜տ ավելի լուրջ է։
Ամերիկյան հիփ հոփի գլխավոր դեմքերից մեկը, ամենահաջողակ ռեփերը, Billboard-ի կողմից «բոլոր ժամանակների մեծագույն արտիստ» ճանաչված երաժիշտը, Բեյոնսեի ամուսինը և 24 Գրեմմիի հաղթողը հայտնվել է այնպիսի սկանդալի կենտրոնում, որ նրա հայտնի հիթի խոսքերը սկսում են բոլորովին այլ իմաստ ստանալ։ Ջեյ Զին մեղադրվում է 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։
«Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԻԴԴԻՆ ԷՐ»
Այս պատմությունը սկսվում է ոչ թե Ջեյ Զիից, այլ մեկ այլ ռեփերից՝ Փի Դիդդիից, որն արդեն մի քանի ամիս բանտում է։ Իհարկե, այս պատմությանը, ամենայն հավանականությամբ, ծանոթ եք, բայց հիշողության թարմացումը չէր խանգարի։ Հատկապես, որ այն, ինչ սկզբում թվում էր մեկ անձի շուրջ ծավալվող սկանդալ, այսօր վերածվել է ամերիկյան հիփ հոփի ամենամեծ ճգնաժամերից մեկի։
Ամեն ինչ սկսվեց 2023-ի նոյեմբերին, երբ Դիդդիի նախկին ընկերուհին՝ երգչուհի Քեսսի Վենտուրան մեղադրեց ռեփերին ավելի քան տասը տարի (սկսած 2005 թվականից) իրեն ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ Ըստ Քեսսիի, որն իրենց հարաբերությունների սկզբում ընդամենը 19 տարեկան էր, այն ժամանակ արդեն չափազանց ազդեցիկ ռեփերն իրեն թմրանյութեր է տվել, վերահսկել ամեն քայլը, բազմաթիվ անգամներ ծեծել, ստիպել սեռական հարաբերություն ունենալ և տեսանկարահանել ընթացքը։
Քեսսիի մեղադրանքից հետո տարբեր մարդիկ, հիմնականում՝ անանուն, սկսեցին պատմել Փի Դիդդիի այլ հանցագործությունների մասին ևս։ Դրանց ճնշող մեծամասնությունը կրկին կապված էին սեռական բռնությունների, թրաֆիքինգի, սպառնալիքների ու շանտաժի, հարկադրաբար թմրանյութեր առաջարկելու և այլ երևույթների հետ։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Սեռական բռնություն, մարդկանց թրաֆիքինգ, զենքի վաճառք, թմրանյութերի տարածում, և այս ցանկը շարունակական է։ Փի Դիդդիի անվան հետ կապվող այս մեղադրանքները հետաքննության մի մասն են միայն։ Եթե Փի Դիդդին մեղավոր ճանաչվի իրեն հասցեագրվող բոլոր մեղադրանքների համար, ապա, ըստ ամերիկյան օրենքների, նա բանտում կանցկացնի մի քանի տասնամյակ, կամ, գուցե, ամբողջ կյանքը։
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՋԵՅ ԶԻՆ
Հենց այստեղ է, որ պատմությունը նոր շրջադարձ է ստանում։ Դեկտեմբերի 9-ին նոր ռումբ պայթեց։ Մի կին, ով այժմ 38 տարեկան է (թվաբանությունը թողնում ենք ձեզ), պնդում է, որ 2000 թվականին, երբ ինքը 13 տարեկան էր, MTV Video Music Awards-ի afterparty-ի ժամանակ Փի Դիդդին և Ջեյ Զին բռնաբարել են իրեն։
Այս պատմությունը, կարծես, հոլիվուդյան սարսափ ֆիլմի սցենար լինի։ 13-ամյա աղջիկը փորձում է մտնել MTV-ի փարթիին (այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում աղջկա ծնողներին)։ Հետո Դիդդիի վարորդներից մեկը նրան տանում է ինչ-որ առանձնատուն։ Հետո աղջկանից պահանջում են ստորագրել գաղտնիության պայմանագիր, դրան հաջորդում է խմիչք, գլխապտույտ… Կինը պնդում է, որ խմիչքից հետո գլխապտույտ է զգացել և գնացել է հանգստանալու մի սենյակ, որտեղ էլ տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործությունը։
Բայց այնպես չէ, որ այս կնոջ պատմությունը պետք է «հալած յուղի պես» ընդունել։ Իրականում այն բազմաթիվ բացեր ունի։ Կինը պնդում է, որ երեկույթի ժամանակ զրուցել է երաժիշտներ Բենջի Մեդենի և նրա եղբոր հետ։ Այստեղ մի փոքր խնդիր կա՝ Մեդեններն այդ օրը հյուսիսային նահանգներում երաժշտական շրջագայության էին։
Մեկ այլ դրվագում կինը պատմում է, թե ինչպես է հայրը նրան 5 ժամ մեքենայով տարել տուն։ Հայրը, սակայն, այդ «ճամփորդությունը» չի հիշում։ Ընկերուհին էլ, որը, ըստ այդ կնոջ, տարել էր նրան այդ միջոցառմանը, չի կարող հաստատել կամ հերքել պատմությունը։ Պատճառը պարզ է՝ ընկերուհին մահացել է։
Հարցազրույցում կինն ընդունել է, որ «որոշ անճշտություններ» կան իր հիշողություններում։ Բայց դետալները սատանայի գործն են. նա շարունակում է պնդել հիմնական մեղադրանքները։
Ի դեպ, մինչև այս մեղադրանքներն էլ Ջեյ Զիի անունը Փի Դիդդիի անվան կողքին շատ էր հնչում։ Իհարկե՝ հիմնականում ենթադրությունների ու դավադրության տեսությունների համատեքստում։ Սոցցանցերում զանգվածաբար տարածվում էին հոլովակներ, որտեղ պնդում էին, որ Ջեյ Զին և Բեյոնսեն ոչ միայն երկար տարիներ ընկերություն են արել Փի Դիդդիի հետ, այլև զբաղվել են նրա մութ գործերով և օգտվել նրա ծառայություններից։
Լուրեր էին տարածվում, թե աստղային զույգն «ամենազոր» պրոդյուսերի օգնությամբ կազմակերպել է 2000-ականների սկզբին մեծ անուն ձեռք բերած երգչուհի Ալիայի սպանությունը։ Նրան համարում էին Բեյոնսեի գլխավոր մրցակիցը R&B թագուհու կոչման համար։ Այս և այլ հանցագործություններում Ջեյ Զիի և Բեյոնսեի մասնակցության ապացույց չկա։
ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ
Ջեյ Զին կտրականապես մերժում է մեղադրանքները։ Նրա փաստաբան Ալեքս Սպիրոն, որը, ի դեպ, նախկինում պաշտպանել է Ալեք Բոլդուինին, դեկտեմբերի 16-ին հատուկ ճեպազրույց էր հրավիրել Roc Nation-ի գրասենյակում։ Առանցքում երկու կարևոր միտք էր. Նախ, կտրականապես հերքել մեղադրանքներն ու ի ցույց դնել կնոջ պատմության մեջ առկա անհամապատասխանությունները, և երկրորդ՝ շեշտել, որ Ջեյ Զին Փի Դիդդիի հետ կապ չունի, ընդամենը «գործընկերական հարաբերություններ» են։
«Պարոն Քարթերը ոչ մի կապ չունի պարոն Քոմբսի գործի կամ նրա անձի հետ։ Նրանք միմյանց ճանաչում էին մասնագիտական մակարդակում, ճիշտ այնպես, ինչպես բոլոր ոլորտներում մարդիկ ճանաչում են միմյանց»։
Փի Դիդդիի գործով տուժողների փաստաբանն այս կարծիքին չէ։ Նա արշավ է սկսել ոչ միայն Ջեյ Զիի, այլև նրա ընկերության՝ Roc Nation-ի դեմ։ Պնդում է, որ ընկերությունը վարձել է «ստվերային գործակալների»՝ իր աշխատանքը խափանելու համար։ Ըստ նրա՝ այս «գործակալները» առաջարկել են իր նախկին հաճախորդներին 10,000 դոլար՝ իր դեմ հայց ներկայացնելու համար։
Roc Nation-ի խոսնակը, իհարկե, այս ամենն անվանել է «ևս մեկ խաբեություն»։
«Սա ողորմելի փորձ է՝ շեղելու մարդկանց ուշադրությունը»։
Սկանդալը նաև քաղաքական երանգավորում է ստացել։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը կոչ է արել մահապատժի ենթարկել և՛ Ջեյ Զիին, և՛ Փի Դիդդիին՝ եթե նրանց մեղքն ապացուցվի։
«Ինչ վերաբերում է Փի Դիդդիին, իսկ այժմ նաև՝ Ջեյ Զիին, որոնք մեղադրվում են երեխաների բռնաբարության մեջ, ես անձամբ կարծում եմ, որ մանկապիղծները պետք է մահապատժի ենթարկվեն, եթե նրանց մեղքն ապացուցվի»։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱ
Սկանդալային այս իրավիճակն ու ծանր մեղադրանքները, անշուշտ, ազդում են նաև արտիստների ընտանիքների վրա։ Ջեյ Զիի փաստաբանի խոսքով, օրինակ, արտիստը հատկապես մտահոգված է, որ կինն ու երեխաները ստիպված պիտի լինեն իր հետ անցնել այս ծանր շրջափուլը։ Ըստ իրավաբանի՝ հատկապես բարդ է նրանց ավագ դստեր համար։
«Ջեյ Զիի դուստրը շատ խոցելի տարիքում է։ Երբ նրա ընկերները կարդան նորություններն ու սկսեն հարցեր տալ, աղջկա համար հոգեբանորեն շատ ծանր կլինի»։
Երկար լռությունը խախտել են նաև Փի Դիդդիի յոթ զավակները՝ Instagram-ում համատեղ գրառում են արել ու պաշտպանել հայրիկին։
«Շատերը դատել են և՛ նրան, և՛ մեզ՝ հիմնվելով մեղադրանքների, դավադրության տեսությունների և կեղծ պատմությունների վրա, որոնք սոցիալական մեդիայում անհեթեթության են հասել։ Ճշմարտությունը կհաղթի, և ոչինչ չի կոտրի մեր ընտանիքի ուժը»։
Հետաքրքիր է՝ երեխաները կարդացե՞լ են դաշնային դատախազների ներկայացրած 47 էջանոց մեղադրական եզրակացությունը, թե՞ սպասում են Ամանորի հրաշքի։
Ամեն դեպքում, այս պահին Փի Դիդդին շարունակում է մնալ կալանքի տակ։ Նրա դեմ ներկայացված է ավելի քան 120 հայց: Տուժածներից 25-ն անչափահաս են եղել ենթադրյալ հանցագործությունների պահին։ Փի Դիդդիի դատավարությունը նշանակված է 2025 թվականի մայիսին։ Մինչև այդ քննությունը շարունակվում է, և հնարավոր են նոր բացահայտումներ։ Դե իսկ Ջեյ Զիի գործն անկանխատեսելի ուղղություններով կարող է զարգանալ, բայց մի բան հստակ է՝ ամերիկյան հիփ հոփը դեռ երկար ժամանակ չի վերականգնվի այս սկանդալի հետևանքներից։