#իվենթաPAN
May 2

Քիմը, Կարապի լիճը, «բիպոլյարկան» ու նոր պոռնոստուդիան. Մեր նախկին փեսա Յեի 2-րդ անունը «սկանդալ» է

Ինչպե՞ս է ստացվում, որ բոլոր ժամանակների ամենավաճառված արտիստներից մեկին ավելի շատ հիշում ու ճանաչում են իր սկանդալային կերպարով, քան, օրինակ՝ ստեղծած երգերով։ Սա Քանյե Ուեսթի ֆենոմենն է։ Մեր նախկին ու ներկա փեսաներից ամենահայտնին ու ամենասկանդալայինը, թերևս, Յեն է։ Նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելուց մինչև Կարապի լճում անվճար համերգ. Քանյեն անկանխատեսելի է ու միշտ քննարկումների կենտրոնում։

2000-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Ամբողջ աշխարհում Քանյեն վաճառել է 21 միլիոն ալբոմ ու 66 միլիոն թվային սինգլ։ Գրեմմիի 21-անգամյա մրցանակակիր է, միլիոնավոր հավատարիմ երկրպագուներ ունի և, ընդհանուր հոսքն արհամարելով, շարունակում է ստեղծել իր հոգուն ու մտքին հարազատ երաժշտություն։ Այսօր Քանյեն ինքն է նոր թրենդներ ստեղծում, երաժշտության մեջ նոր ասելիք կամ ուղղություն առաջ բերում։ Բայց միշտ չէ, որ ամեն բան այդքան հեշտ է եղել։

2000-ականներին ռեփերները պետք է ցածր խավի գանգստերներ լինեին։ Նրանք ցուցադրաբար թմրանյութեր էին օգտագործում, հագնում էին լայն, հագից համարյա ընկնող տաբատներն ու ոսկյա շղթաները, վատնում փողերը, կիսամերկ աղջիկների նկարահանում տեսահոլովակներում և ռեփ կարդում հիմնականում «դժվար փողոցային կյանքի» թեմայով։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Իսկ հետո Քանյե Ուեսթը թողարկեց իր դեբյուտային ալբոմը։ Միջին խավի սովորական տղա, առանց ոսկե շղթաների ու փողոցային կռիվների, հիփ-հոփի համար հեղափոխական երգերով ոչ թե փողոցի, թմրանյութերի ու բռնության, այլ կրթության, կրոնի, մոր հանդեպ սիրո և կյանքում սեփական որոշումները կայացնելու մասին։ Երկար ժամանակ Քանյեն ստվերում էր, այլ արտիստների էր օգնում ու դժվար էր պատկերացնել, որ մի օր հենց ինքը ոլորտում հեղափոխություն կանի։

Ամեն դեպքում, Ուեսթի դեբյուտային ալբոմը՝ The College Dropout-ը, փոխեց խաղի կանոններն ու անգամ Գրեմմի շահեց։ Հատկապես տպավորիչ էր Through the Wire երգի ստեղծման պատմությունը, որի ոգեշնչման աղբյուր էր դարձել ավտովթարը, ինչի հետևանքով Քանյեի կյանքը մազից էր կախված։ Ամենահեղինակավոր երաժշտական ​​մրցանակը շնորհվել է նաև Ուեսթի երկու հաջորդ ալբոմներին, որոնք աստիճանաբար դարձել են ոչ միայն ռեփի, այլև առհասարակ փոփ երաժշտության նշանավոր գործերից։

Արդեն այս ժամանակ Յեի բարդ ու սկանդալային կերպարն ուրվագծվում էր՝ մեկը մյուսի հետևից աղմկոտ պատմություններ հրահրելով: Ուեսթը վիճում էր 50 Cent-ի հետ, հեռանում երաժշտական ​​միջոցառումներից, իսկ 2005-ին մարտահրավեր էր նետել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ու մեղադրում էր նրան սևամորթների վրա «թքած ունենալու մեջ»։

2010-ԱԿԱՆՆԵՐ. «ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՀԱՆՃԱՐԸ»

Նոր տասնամյակի սկզբում Ուեսթը գրեթե կուլտային կարգավիճակ էր ստացել: 2010 թվականին թողարկվեց նոր ալբոմը՝ My Beautiful Dark Twisted Fantasy (Ուեսթի կարիերայի հինգերորդը), որը միաժամանակ գլխավորեց Billboard-ի հիթ-շքերթը վեց անվանակարգում։ Հաջորդ ալբոմը՝ Yeezus-ը (թողարկվել է 2013 թվականին), կոմերցիոն առումով պակաս հաջողված էր, բայց ստացավ պլատինե կարգավիճակ։

Հենց այս ընթացքում երաժիշտը լրջորեն հետաքրքրված էր նորաձևությամբ։ Խոշոր բրենդների հետ պայմանագրերն ու գործակցությունները նրան բերել են նույնքան եկամուտ կամ ավելին, ինչ երաժշտական կարիերան։ Եվ, իհարկե, ոչ պակաս համբավ։

2013 թվականին նա Adidas-ի հետ թողարկեց Yeezy հավաքածուն։ Հենց այս ապրանքանիշով էլ Յեն աստղ դարձավ նաև նորաձևության ոլորտում։ Նրա հագուստները ցուցադրվում են Նյու Յորքից մինչև Փարիզ՝ նորաձևության շաբաթներին։ Անգամ քննադատներն են ասում, որ Ուեսթը կարողացավ փոխել նորաձևության ցուցադրության ավանդական գաղափարներն ու պատկերացումները: Ամբողջ աշխարհում նրա սպորտային կոշիկների համար տարիներ շարունակ հսկայական հերթեր էին գոյանում, մոդելների մեծ մասը վաճառվում էր վայրկյանների կամ րոպեների ընթացքում, մեծանուն սպորտսմեններից մինչև համաշխարհային աստղեր նախընտրում էին Քանյեի Yeezy-ն։

Yeezy

Իհարկե, Յեի գործերը բարդացան, երբ Adidas-ի հետ գործակցությունը սկանդալային կերպով ընդհատվեց, բայց դրա մասին՝ ավելի ուշ։ Իսկ հիմա եկեք գնանք հեռավոր 2000-ականներ ու վերհիշենք, որ նորաձևության ոլորտում Ուեսթի ուղին ամենևին էլ Yeezy-ից չի սկսվել։ Առաջին գործակցությունը եղել է 2005 թվականին՝ Վիրջիլ Աբլոյի Pastelle ապրանքանիշի շրջանակում։ Բայց Ուեսթի հետ պաշտոնապես գործակցող առաջին ապրանքանիշը ճապոնական A Bathing Ape-ն է դարձել։ Համատեղ արտադրված սպորտային մի քանի կոշիկն այժմ բավականին բարձր վերավաճառքի գին ունեն։

2020-ԱԿԱՆՆԵՐ. ԳՈՐԾԵՐԸ ՁԱ՞Խ ԵՆ ԳՆՈՒՄ

2020-ականների սկզբին Ուեսթը, կարծես, իր կարիերայի գագաթնակետին էր: 2020-ին քչերն էին զարմացած, երբ Ուեսթը մտավ Forbes-ի միլիարդատերերի ակումբ՝ $1,3 մլրդ կարողությամբ։ Իհարկե, նույնիսկ այս դեպքում երաժիշտը սկանդալի պատճառ գտավ՝ ասելով, որ իրականում իր կարողությունը $3 մլրդ-ից ավելի է:

Բայց ինչ-որ պահից Ուեսթի կյանքում ձախողումների շղթա սկսվեց։ Սա ուղեկցվում էր անձնական դրամաներով ու հասնում ստեղծագործական ճգնաժամերի։ Նրա նոր ալբոմի թողարկումը մի քանի անգամ հետաձգվեց, հետո երաժիշտը ներքաշվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու արկածախնդրության մեջ։ Անձնական կյանքում ևս ամեն բան, մեղմ ասած, վատ էր. 2021 թվականին Քիմ Քարդաշյանն ու Յեն ամուսնալուծվեցին։ Հետո պարզվեց, որ սա միայն սկիզբն էր։

Յուրաքանչյուր նոր սկանդալ ավելի էր խորացնում Քանյեի անվան շուրջ հակասական վերաբերմունքը։ Մի դեպքում պարզվում էր, որ Ուեսթը ծեծել է իրենից ինքնագիր խնդրող երկրպագուին։ Մի քանի օր անց Յեն դժգոհում էր նախկին կնոջից ու պնդում, որ երեխաների դաստիարակությամբ իրեն չեն թողնում զբաղվել։ Բարկանում էր, որ ավագ դուստրը գրանցվել է TikTok-ում, և այս շարքը կարելի է երկար շարունակել։ Իրականում սրանք աննշան ու «անվտանգ» սկանդալներ էին, որովհետև առջևում սպասվում էին դեպքեր, որոնք անմիջապես հարվածելու էին Քանյեի համբավին ու գրպանին։

ՔԱՆՅԵԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆՈՒՆԸ «ՍԿԱՆԴԱԼ» Է

Վերևի սկանդալային դեպքերին ու դրանց կուլմինացիոն կետին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ հիշենք Յեի կարիերայի գլխավոր սկանդալները։

Թեյլոր Սվիֆթի հետ կապված սկանդալը, երևի թե, հավերժ կմնա երաժշտական սկանդալների թոփ տասնյակում։ Դրան վերաբերող տարբեր դրվագներ մինչ օրս էլ հայտնվում են համացանցում։ Ամեն ինչ սկսվեց դեռ 2009 թվականին, երբ Քանյեն բեմ բարձրացավ VMA մրցանակաբաշխության ժամանակ, Թեյլորից վերցրեց լավագույն տեսահոլովակի մրցանակը և ասաց, որ Բեյոնսեն ավելի արժանի էր դրան։ Սա Սվիֆթի հետ միակ սկանդալը չէր ու նրանց «սառը պատերազմը» շարունակվեց նաև 2010-ականներին։

Հաջորդ թիրախը՝ Jay Z: Նախկինում իրար եղբայրներ անվանող ռեփերները միասին երգեր էին թողարկում ու հաճախ անբաժան էին, բայց 2016 թվականին ընկերների միջով սև կատու անցավ։ Իսկ ավելի հստակ՝ Քանյեն իր համերգներից մեկի ժամանակ որոշեց հայտարարել, որ այն ամենը, ինչ անում է Jay Z-ն՝ «անպիտան մի բան է»։ Համացանցի գուրուներն արեցին սեփական հետաքննությունն ու եզրակացրին, որ իրականում Քանյեն նեղսրտած էր ընկերոջից, որովհետև վերջինս Փարիզում Քիմի կողոպուտից հետո բավարար չափով չէր աջակցել Քանյեին ու իր ընտանիքին։

Մեկ այլ սկանդալ էլ Քանյեն ունեցել է Դրեյքի հետ։ Պատմության հիմքում Դրեյքի In My Feelings երգն էր, որտեղ ռեփերն ասում ՝ Kiki, do you love me?։ Համացանցի օգտատերերը կրկին մի ամբողջ դավադրության տեսություն կառուցեցին ու պնդեցին, որ Դրեյքը գաղտնի կապ ունի Քիմ Քարդաշյանի հետ, քանի որ տանը նրան Կիկի են անվանում։ Այս ամենի ֆոնին Քանյեն թվիթ արեց՝ «եթե ինչ-որ բան պատահի ինձ կամ իմ ընտանիքին՝ Դրե՛յք, դու գլխավոր կասկածյալն ես»։ Սա անշուշտ յուղ էր կրակի վրա։

Յեի քաղաքական նկրտումները նրա անձի շուրջ հերթական հակասության ու դժգոհության ալիքը բարձրացրին։ Մի գեղեցիկ օր, բոլորի համար անսպասելիորեն, Քանյեն հրապարակային կերպով սկսեց աջակցել Դոնալդ Թրամփին: Նախ նա սեր խոստովանեց ԱՄՆ նախագահին, իսկ հետո սկսեց հանրության առաջ հայտնվել MAGA (Make America Great Again) գլխարկով, որը Թրամփի կարգախոսի հապավումն է։

Ավելորդ է ասել, որ ինքը՝ Ուեսթը, ևս քաղաքական ամբիցիաներ ուներ ու առաջադրվել էր նախագահական ընտրություններին։ Ստացվեց այնպես, որ նախագահի թեկնածու Յեն իր ընտրողների հետ հանդիպեց միայն մեկ անգամ և լաց լինելով խոսեց աբորտների մասին։ Այս պատմության մասին կարճ՝ թվերով։ 160 միլիոն ընտրողից Յեի օգտին քվեարկեցին 60 հազար ամերիկացի։

Եվ մոտենում ենք մեր օրերին։ Վերջին առնվազն 1-2 տարին Քանյեի շուրջ կատարվող իրադարձությունները հաճախ անվանում էին «թագավորի տապալումը»։ Յեի հակասեմական հայտարարությունները, ինչպես նաև Փարիզում նրա հագի հայտնի White Lives Matter շապիկը Ուեսթի կարիերայի ու անվան վրա չափազանց մեծ հետք թողեցին ու բավական թանկ արժեցան։ Հենց այս ֆոնին Adidas-ը հայտարարեց Ուեսթի հետ պայմանագրի խզման մասին, միացան այլ բրենդային ապրանքանիշեր ևս։

Քանյեին ու նրա ստեղծածը բոյկոտում էին երկրպագուները, գործընկերները, ոլորտի մեծ խաղացողները, նրան անգամ արգելված էր մուտք գործել ամենամեծ սոցիալական ցանցերից մի քանիսը։ Բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում նա միլիարդատերից դարձավ միլիոնատեր: Ու հենց այդպես երաժշտության և նորաձևության կենդանի լեգենդը աստիճանաբար վերածվեց վտարանդի մի արտիստի։

Եվ հասնելով մեր օրեր։ Հիմա էլ Քանյեի մտքով մեկ այլ սկանդալային խենթություն է անցել։ Որոշել է բացել իր սեփական պոռնո ստուդիան և ստեղծել Yeezy Porn ապրանքանիշը։ Հայերի նախկին փեսայի ոչ հայեցի այս նախաձեռնությունը մարդկանց զարմացրել է, բայց շոկի չի ենթարկել։ Դե, որովհետև, արդեն չափազանց դժվար է զարմանալ Յեի հակասական որոշումներից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռեփերը վաղուց է մտածել նման ստուդիա ստեղծելու մասին։ Այժմ նա վերջնական որոշման է եկել և գործարկումը կարող է կայանել ոչ ավել, ոչ պակաս՝ այս ամառ: Ակնկալվում է, որ նախագիծը կլինի Yeezy-ի մեծահասակների ժամանցի բաժնի մի մասը:

Իր բիզնես գաղափարը Ուեսթը քննարկել է պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի նախկին ամուսնու` Մայք Մոզի հետ։ Մոզն ավելի քան տասը տարի է, ինչ աշխատում է որպես կինոպրոդյուսեր մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի ոլորտում:

ՔԻՄՅԵ. ՄԵԾ ՍԻՐՈ ԵՎ ՄԵԾ ԲԱԺԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նրանց պատմությունը սկսվել էր դեռ 2003 թվականին, երբ Քանյե Ուեսթն աշխատում էր իր նոր թրեքի վրա։ Քիմն ու Քանյեն ընդհանուր ընկեր ունեին, ու հենց այդ ընկերոջ հետ էլ Քանյեն նկարահանում էր նոր տեսահոլովակը։ Հետո Քիմը պատմում էր.

«Այդ առիթով մենք մի քանի անգամ հանդիպեցինք։ Նա ընկերներին հարցրել էր՝ «Ո՞վ է այս Քիմ Քարդաշյանը»։ Նա չգիտեր իմ անունը»։

2006-ին Քանյեն տեսավ Քիմի ու Փերիս Հիլթոնի համատեղ լուսանկարը և հաջորդող մի քանի տարիներին երազեց Քիմի մասին։

«Ես պարզապես գիտեի, որ ուզում եմ, որ նա իմ ընկերուհին լինի»:

2011 թվականին Քարդաշյանն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, բայց նրանց ամուսնությունը տևեց ընդամենը 72 օր։ Քանյեն հենց սկզբից էլ փորձել էր խանգարել այդ ամուսնությանը։

«Ես նրան ուղարկում էի բասկետբոլիստների նկարներ, ովքեր նախկինում մեծ անուններ էին, իսկ հիմա մինչև կրծքավանդակ բարձրացնում են իրենց տաբատը։ Ուզում էի հասկացնել, որ նրան ևս այդ ապագան է սպասվում։ Բայց դա էլ չօգնեց»։

Ամուսնալուծված Քիմն իր փրկությունը գտավ Փարիզում՝ Քանյեի գրկում։

«Կարծում եմ, որ ես պետք է անցնեի այդ ամենի միջով, որպեսզի հասկանայի, թե ինչ եմ ուզում։ Բաժանումից հետո ես ինձ շատ վատ էի զգում և նա ասաց՝ «ուղղակի արի Փարիզ՝ դիտելու իմ նորաձևության ցուցադրությունը»։ Հետո ասում էր, որ այդ ամբողջ շոուն կազմակերպել էր միայն ինձ հետ ժամադրության համար»։

Ու այդպես էլ սկսվեց լեգենդար ՔիմՅեի սիրո պատմությունը։ Հետո շարունակվեց մեծ ստադիոնում ամուսնության առաջարկությամբ, 3 միլիոն դոլարանոց մատանիով, Իտալիայում ամուսնությամբ, ծանր հղիությամբ, չորս երեխաներով, սուրոգատ մայրերով, կողոպուտով, մեծ հաջողություններով, հոգեբուժական կլինիկայով, Հայաստան կատարած այցով…

Թե ինչպես ազդեց Քանյեն Քիմի վրա՝ ոճի վերափոխումից մինչև հետաքրքրությունների ձևավորում, ակնհայտ է շատերի համար։ Բայց պակաս ակնհայտ չէր Քիմի ազդեցությունը ամուսնու ձեռքբերումների հարցում։ Մի խոսքով՝ power couple, որի բաժանմանը մարդիկ չէին սպասում։

Բայց որքան մեծ էր սերը, այնքան մեծ ու աղմկոտ էր բաժանումը։ Քանյեն սոցցանցերում գրառումներ անելով էր փորձում հետ բերել ընտանիքը, Քիմն էլ Saturday Night Live-ի իր մոնոլոգի ընթացքում կատակում էր.

«Նա Ամերիկայի ամենահարուստ սևամորթն է։ Տաղանդավոր հանճար, ով ինձ պարգևել է չորս հրաշալի երեխա: Ուստի, երբ բաժանվեցի նրանից, ձեզ համար պետք է հստակ լիներ, որ դա պայմանավորված էր միայն մեկ բանով՝ նրա բնավորությամբ»։

Նրանց համատեղ հայաստանյան այցն էլ դեռ երկար կհիշենք։ Ու եկեք ընդունենք, որ այցի ամենահիշվող ու ամենաարտառոց իրադարձությունը հենց Քանյեի անակնկալ համերգն էր Կարապի լճում։ Թեև մարդիկ կային, որ հետո վաճառում էին լճի ջուրը, որտեղ «դիպել էր Քանյեի ոտքը», բայց, մեծ հաշվով, այդ դրվագը Յեի հետ ասոցացվող ամենադրական պատմություններից է։

Քանյեին հանճարեղ անվանել, թե՝ ոչ, սուբյեկտիվ ընտրություն է։ Բայց նրա երկրպագուները կարծում են, որ ռեփերն իսկապես հանճար է, ու դա հատկապես արտացոլվում է նրա հոգեկան խնդրի պրիզմայով։ Քանյեն երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունի, կամ, այլ կերպ ասած՝ բիպոլյար պսիխոզ, որը բնորոշվում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով, մանիակալ և դեպրեսիվ փուլերով։ Որոշ մարդիկ համարում են, որ Քանյեի հոգեկան խնդիրը նրա հանճարի ապացույցն է։ Իսկ իրականում ի՞նչն է ապացուցում մարդու հանճարեղ լինելու փաստը. հարցը հռետորական է։


✍️ Նանե Մանուկյան / PAN