#իվենթաPAN
April 4

Մեգանի ֆաներից մինչև Ուիլյամի «դավաճանություն». «BBC տատիկ» դարձած աշխարհը քննարկում է Քեյթին

Վերջին շրջանում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն այնքան շատ է քննարկվում, որ տպավորություն է, թե Երևանյան հերթական բակերից մեկի տատիկները ևս քաջ ծանոթ են այս թեմային, իսկ «Բիբիսի Հրուշ» բնորոշումը երբեք այդքան տեղին չի եղել, հատկապես, որ BBC-ն ու մյուս լրատվականները ևս այս թեմայով թարմ նորության փնտրտուքի մեջ էին։

Քեթրին Միդլթոնի շուրջ դավադրության տեսություններից մինչև քաղցկեղի ախտորոշում. Փորձենք իրար գլխի հավաքել եղած տեղեկատվությունն ու բավարարել մեր ներսի փոքրի «BBC-ներին»։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


ՔԵԹՐԻՆԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ

Այս անգամ սկսենք վերջից։ Քեթրինը տեսաուղերձով հայտնեց, որ հունվարին որովայնի հատվածում վիրահատությունից հետո կատարված հետազոտությունների ժամանակ բժիշկներն իր մոտ քաղցկեղ են հայտնաբերել։

«Անշուշտ, դա մեծ ցնցում էր, և մենք Ուիլյամի հետ ամեն ինչ անում ենք դա իմաստավորելու և հաղթահարելու համար՝ հանուն մեր երիտասարդ ընտանիքի։ Ինչպես հասկանում եք, դրա համար ժամանակ էր պետք։ Ինձ ժամանակ էր հարկավոր լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և քաղցկեղի դեմ բուժումը սկսելու համար։ Բայց կարևորն այն է, որ մեզ ժամանակ էր պետք ամեն ինչ Ջորջին, Շարլոտտային և Լուիին պատշաճ կերպով բացատրելու համար և հավաստիացնելու, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի»:

Սա ամենևին էլ այն նորությունը չէ, որով կցանկանաս կիսվել մարդկանց հետ, հատկապես, երբ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ ես։ Այդ դեպքում ի՞նչը ստիպեց Քեթրինին այս որոշմանը գալ։

Անշուշտ, ամենաակնհայտ պատճառը մամուլի, սոց. ցանցերի ու հանրության բուլինգի հասնող ճնշումն էր, բայց դրա մասին ավելի ուշ կխոսենք։ Տեսանյութից հետո առավել հետաքրքիր հանգամանքներ են ի հայտ գալիս։ Օրինակ, որ Քեթրինը ստիպված էր հայտնել լուրը, քանի որ տեղեկատվության արտահոսք էր եղել և իր փոխարեն դա կարող էր անել մեկ այլ մարդ։

Daily Mail-ն իր աղբյուրներին հղում տալով անգամ նշում է, որ թագավորական ընտանիքը որոշել էր չարձագանքել սոց. ցանցերում ու մամուլում մեծ արագությամբ տարածվող հիստերիային, բայց հանգամանքները փոխվեցին, երբ պարզ դարձավ, որ գաղտնիքը գաղտնիք պահել չի ստացվել։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀՈՍՔ

Հենց նույն Daily Mail-ի տվյալով Միդլթոնի մասին բժշկական տեղեկատվության արտահոսք է եղել և լուրը հայտնելու հարցում մամուլից առաջ անցնելու համար Քեթրինը ստիպված էր բացահայտել իր անհետացման պատճառը։

Առհասարակ, հանրության քննարկման գլխավոր թեմա դարձած այս ցավալի լուրը իրականում խիստ գաղտնի պիտի մնար։ Սա է վկայում առաջին հերթին այն փաստը, որ ոչ Ուիլյամի ու Քեյթի մտերիմները, ոչ նույնիսկ ընտանիքի անդամներից ոմանք չգիտեին, որ Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Ընտանիքի բարեկամներից ոմանք տարբեր հարցազրույցներում անգամ խոստովանել են, որ հայտարարությունը ցնցել է իրենց։

Մարդկանց շրջանակը, ում նախօրոք պատմել են հիվանդության մասին, իսկապես սահմանափակ էր։ Այնքան սահմանափակ, որ եղբոր կնոջ հիվանդության մասին չգիտեր անգամ արքայազն Հարրին ու հետևաբար նաև՝ Մեգան Մարքլը։ New York Post-ի աղբյուրը մանրամասնում է՝

«Նրանք գաղափար անգամ չունեին, թե ինչ է կատարվում։ Այս մասին Հարրին ու Մեգանն իմացել են ամբողջ աշխարհի հետ միասին»:

Դե իսկ պատճառները թողնում ենք ձեր երևակայությանը։ Որոշ մարդիկ ասում են, որ Հարրին ու Մեգանը չարաշահել են թագավորական ընտանիքի վստահությունը, կամ, գուցե Հարրին շատ արագ նախաձեռներ նոր գրքի հրատարակո՞ւմ։

Լոնդոնի հիվանդանոցը, որտեղ վիրահատվել է Քեյթ Միդլթոնը, տասնամյակներ շարունակ բուժել է ազդեցիկ հիվանդների, որոնք չեն սիրում անձնական ու հատկապես առողջական հարցերում ավելորդ տեղեկություն տրամադրել: Նախկինում այնտեղ բուժվել են Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, արքայադուստր Մարգարեթը, անգամ ԱՄՆ նախագահ Ջոն Ֆ. Քենեդին։ Քենսինգթոնյան պալատում հույս ունեին, որ հնարավոր կլինի գաղտնի պահել նաև Քեթրինի բուժման ընթացքը, բայց սխալ հաշվարկ էին արել։

Տեսաուղերձից մի քանի օր առաջ պարզ է դարձել, որ Միդլթոնի բժշկական փաստաթղթերը գողացել է հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։ Առնվազն մեկ աշխատակցի էլ բռնել են, երբ վերջինս փորձում էր անօրինական կերպով տիրանալ գաղտնի տեղեկատվությանը: Միջադեպից հետո երեք աշխատակիցների աշխատանքից ազատել են ու սկսվել է հետաքննություն։

Բայց բժշկական կենտրոնը, կարծես, այնքան էլ արագ չի գործել։ Հիվանդանոցը Քենսինգթոնյան պալատին ծանուցել է արտահոսքի մասին դեպքից միայն յոթ օր անց, մինչդեռ կանոնները պահանջում են դա անել ոչ ուշ, քան 72 ժամը: Ստացվում է, որ առաջին օրերին հիվանդանոցը փորձել է ծածկել միջադեպն ու ջրից չոր դուրս գալ։

Ամեն դեպքում, սրանք միայն վարկածներ են ու հստակ չէ՝ Քեյթ Միդլթոնը տեսանյութը ձայնագրել է հնարավոր արտահոսքի՞, թե՞ հանրային հիստերիայի պատճառով։

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեսաուղերձին նախորդող դավադրության տեսությունների մասին մի ամբողջ դիպլոմային աշխատանք կարելի է գրել։  Քեյթի երկարատև լռությունը բացատրում էին է՛լ կոմայով, է՛լ ընտանեկան բռնությամբ, է՛լ սպասվող ամուսնալուծությամբ։ Արքայազն Ուիլյամի հասցեին արդեն անեծքների տեղատարափ էր սկսվել, որովհետև մարդկանց մի խումբ էլ որոշել էր նրան դավաճանության մեջ մեղադրել։ Մի խոսքով՝ մարդիկ որոշել էին մարզել սեփական երևակայությունը՝ Քեյթի և Ուիլյամի հաշվին։ Արդարության համար նաև ասենք, որ Քենսինգթոնյան պալատի լռությունն ու photoshop արված լուսանկարի հրապարակումը կրակի վրա յուղ էին լցնում։

Բայց այս ամենը կենցաղային ու սիրային թեմաներով չէր սահմանափակվում։ Անգամ այստեղ քաղաքական թեմաներ էին առաջ բերել։ Օրինակ The Daily Telegraph-ի աղբյուրը հայտնում էր, որ բրիտանական իշխանությունը լուրջ կասկածներ ունի, որ դավադրության այս տեսությունների հետևում կանգնած են որոշ թշնամական ուժեր։ Ըստ աղբյուրի նման մտահոգություններ էին հայտնել կառավարությունում կարևոր պաշտոններ զբաղեցնող որոշ գործիչներ։

Որոշ պաշտոնյաների կարծիքով Չինաստանը, Իրանը կամ Ռուսաստանը կարող էին ներգրավված լինել սոցիալական ցանցերում դավադրության տեսությունների տարածման մեջ, սակայն նրանք այդ վարկածը հաստատող որևէ տվյալ չունեին։

Ամեն բան այնքան է լրջացել, որ որոշ մարդիկ այս թեմայով սեփական հետաքննությունն են նախաձեռնել։ Սոց. ցանցերի բրիտանացի հետազոտողներից մեկը կարմիր թելը բռնել է հենց ամենասկզբից ու հետևել, թե որտեղից սկսվեցին Միդլթոնի անհետացման մասին լուրերը։

Պարզվում է, որ #WhereIsKate (որտեղ է Քեյթը) հեշթեգով առաջին թվիթը հայտնվել է հունվարի 28-ին՝ Քեյթ Միդլթոնի որովայնի վիրահատությունից հինգ օր անց։ Այս թվիթի հեղինակնն առաջինն էր, որ նկատեց Քեյթի երկարատև բացակայությունը։ Բայց, որ առավել հետաքրքիր է՝ թվիթի հեղինակը սա ինչ-որ կերպ կապում էր արքայազն Ուիլյամի զայրույթի անկառավարելի պոռթկումների հետ։ Հիշեցնենք, որ այս «պոռթկումների» մասին իր հուշերում գրել էր արքայազն Հարրին։

Անցնենք առաջ։ Այս հետաքննության հեղինակը օգտատիրոջ կիառած բառապաշարի առանձնահատկությունների միջոցով բացահայտել է էջի հեղինակին ու պարզվել է, որ նա Մեգան Մարքլի մեծ երկրպագու է։ Հետագա «քննությունը» պարզել է, որ Միդլթոնի անհետացման մասին սկզբում գրում էին միայն Հարրիի և Մեգանի ոչ պաշտոնական ու քիչ հետևորդներ ունեցող ֆան էջերը։ Հենց նրանք են ավելացրել երկրորդ՝ #IsKateAlive հեշթեգը։

Սուտը, կիսաճշմարտությունն ու մի քանի կաթիլ էլ ճշմարտություն խառնվեցին իրար ու ձնագնդի էֆեկտի պես ստացվեց այն, ինչ ստացվեց։ Թեման արդեն այնքան էր տարածվել, որ ասենք Քիմ Քարդաշյանը Instagram-ում լուսանկար էր հրապարակում ու ներքևում գրում՝ Where is Kate։

Որոշ մարդիկ անգամ չեն հանգստանում տեսանյութի հրապարակումից հետո։ Ասում են, թե իբր տեսանյութը արհեստական բանականության միջոցով է ստեղծվել ու փորձում ապացույցներ գտնել։ Բայց այս մարդկանց թիվը, բարեբախտաբար, քիչ է։

Ամեն դեպքում, այս փուլում թագավորական ընտանիքը շատ ավելի լուրջ հարցեր ունի անհանգստանալու, քան սոց. ցանցերի վարկածներն ու տեսությունները։ Քեյթը միակը չէ թագավորական ընտանիքից, ում մոտ  քաղցկեղ է ախտորոշվել։ Ամիսներ առաջ պարզ դարձավ, որ թագավոր Չարլզ 3–րդի մոտ ևս քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս փուլում թե՛ Քեթրինը, թե՛ Չարլզ 3-րդը բուժում են ստանում և անորոշ ժամանակով չեն զբաղվի իրենց արարողակարգային պարտականություններով։


✍️ Նանե Մանուկյան / PAN