#իվենթաPAN
February 22

Քրքջացող տատիկ-մարդասպանը, սալորաչրով ու մկնդեղով տորթն ու Ռոմեոյին չգտած Ջուլիետը. Գլխավոր բաղադրիչը թույնն է

Կին սերիական մարդասպաններ հազվադեպ են հանդիպում։ Ավելի հազվադեպ է պատահում, որ այդ մարդասպանները տատիկներ լինեն։ Եվ գրեթե չեն հանդիպել դեպքեր, երբ տատիկ-մարդասպաններն իրենց ամուսիններին կամ ընտանիքի անդամներին են սպանում։

Բայց աշխարհում միայն մեկ սերիական մարդասպան տատիկ է հայտնի, որը թունավորում էր ընտանիքի անդամներին, իսկ հետո ծիծաղելով պատմում սպանությունների մասին։ Ու նա հայտնի է որպես «քրքջացող տատիկ»։

Նեննի Դոսը «ստանդարտ» տան տիկին էր։ Զբաղվում էր տան գործերով, համեղ ուտեստներ ու թխվածքներ պատրաստում։ Հինգ ամուսին ուներ ու չորս երեխա։ Ու գլխավորը՝ միշտ ժպտում էր։ Բայց այս պատմությունը մի փոքր, բայց կարևոր դետալ ունի։ Կինը թխվածք պատրաստելիս դրա մեջ մի քիչ շաքարավազ ու դրանից մի քիչ էլ շատ թույն էր լցնում։ Արդյունքում Նեննին սպանում է հինգ ամուսնուց չորսին ու ոչ միայն։

ԽՆԴՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Ամեն ինչի հիմքում մանկությունն է ու տարբեր իրավիճակների բախվելու մարդկանց առաջին փորձերը։ Իզուր չէ, որ նման դեպքերում մարդասպանների հոգեբանական խնդիրները փորձում են գտնել մանկական տրավմաների մեջ։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Նեննի Դոսի պատմությունը սկսվում է 1905 թվականին՝ Ալաբամա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում։ Նա ծնվել է ֆերմերների ընտանիքում։ Դաժան հոր ու խեղճ մոր երեխաներից մեկն էր: Դպրոց գնալու փոխարեն ընտանիքի հինգ երեխան մնում են տանը՝ տնային գործերով զբաղվելու և ընտանեկան ֆերմայում աշխատելու համար։

Նրանց արգելված էր մասնակցել որևէ միջոցառման կամ առհասարակ շփումներ ունենալ հասակակիցների հետ։ Արգելված էր հագնվել այնպես, ինչպես իրենց տարեկիցները, կամ առավել ևս՝ շպարվել։ Հայրը միշտ ձեռք էր բարձրացնում երեխաների ու կնոջ վրա ու որևէ մեկը պաշտպանվել չէր կարողանում։

Սա էլ քիչ է՝ 7 տարեկանում Նեննին գլխի վնասվածք է ստանում ու միայն տարիներ անց պնդում է, թե հենց այդ վնասվածքը փոխեց իր կյանքն ու իրեն մարդասպան դարձրեց։ Ընտանեկան ճանապարհորդության ժամանակ գնացքը հանկարծակի կանգ էր առել ու Նեննին գլխով հարվածել էր դիմացի մետաղյա ձողին։ Դրանից հետո տարիներ շարունակ գլխացավեր էր ունենում և ուշագնաց լինում։

Նեննին կարդալ սովորեց միայն 15 տարեկանում, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացավ հետագա ամբողջ կյանքում իր անբաժանելի ընկեր դարձած ամսագրերի հետ։ Առողջկանան ու ընտանեկան խնդիրներից փախնելու միակ տարբերակը մայրիկի ռոմանտիկ ամսագրերն էին։ Նեննիին հատկապես դուր էին գալիս «Միայնակ սրտեր» սյունակները։ Սիրային պատմություններն աղջկան օգնում էին կտրվել իրականությունից ու երևակայական աշխարհում ապրել։ Հենց այս ամսագրերն էլ Նեննիի գլխում ստեղծեցին սիրո ու հարաբերությունների մասին երբեմն անիրական ընկալումներ։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ

Ընդամենը 16 տարեկանում Նեննին հոր հորդորով, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ պահանջով ծանոթացավ ու չորս ամիս անց ամուսնացավ առաջին ամուսնու՝ Չարլի Բրեգսի հետ։

Ամուսինները 1921-1927 թվականներին չորս երեխա ունեցան, բայց ամուսնական կյանքն ամենևին էլ այնպիսին չէր, ինչպես նկարագրված էր Նեննիի սիրելի ամսագրերում։ Ամուսնու մայրն էլ որոշել էր իրենց հետ ապրել ու Նեննիի հոր բնավորությունը և դաժանությունն ուներ։ Այսպես անցան տարիներ։

Դժվարություններ, իհարկե, կային, բայց սա միջին վիճակագրական ամերիկյան ընտանիք էր։ Ամեն դեպքում՝ մինչև այն պահը, երբ զույգի երեխաներից երկուսն անհասկանալի պատճառներով ու առեղծվածային հանգամանքներում մահացան։ Երեխաները լիովին առողջ էին ու որևէ մեկը չէր հասկանում, թե ինչ պատահեց այդ կարճ ժամանակահատվածում։

Արդեն ավելի ուշ Նեննիի առաջին ամուսինը կիսվում է իր սարսափելի ենթադրություններով։ Տղամարդու խոսքով՝ երեխաների մոտ մահից անմիջապես առաջ ստամոքսի լուրջ խնդիրների ախտանշաններ են ի հայտ եկել, ու արդեն հաշվի առնելով Նեննիի անցած ճանապարհը, շատերը վստահ են, որ սպանությունների շղթան հենց սեփական երեխաների թունավորմամբ էլ սկսվել է։ Ամեն դեպքում, Նեննին այս մեղադրանքը չի ընդունել։

Զույգն ամուսնալուծվում է 1928 թվականին։ Բրեգսն իր հետ տանում է ավագ դստերը, իսկ մոր հետ մնում է նորածին աղջիկը։ Ի դեպ, Նեննիի առաջին ամուսինը հաստատ բախտավոր աստղի տակ էր ծնվել, որովհետև նա միակն էր հինգից, որ չհամտեսեց կնոջ պատրաստած շատ համեղ ու թունավոր թխվածքը։

Ամուսնալուծությունից ընդամենը մեկ տարի անց Նեննին ամուսնացավ երկրորդ ամուսնու հետ։ Զույգը ծանոթացել էր «միայնակ սրտերի» սյունակի միջոցով, որտեղ Նեննին գովազդ էր տեղադրել ու փնտրում էր հաջորդ ամուսնուն։ Ֆրենկ Հարելսոնը ռոմանտիկ նամակներ էր գրում, իսկ Նեննին պատասխանում էր գայթակղիչ նամակներով ու նկարներով։

Բայց Հարելսոնը ևս երազանքների տղամարդ չէր։ Նա հարբեցող էր, նաև բռնության էր ենթարկում կնոջը։ Չնայած բռնություններին, ամուսնությունը տևեց 16 տարի՝ մինչև 1945 թվականը:

Այս տարիների ընթացքում անհայտ հանգամանքներում մահացան Նեննիի ավագ դստեր երկու երեխան։ Նեննին արդեն տատիկ էր դարձել ու երեխաների խնամքը հենց նրան էր վստահված։ Թոռնիկներից մեկը շնչահեղձ է լինում, մյուսը մահանում է անհայտ պատճառով։ Ու այստեղ կրկին սլաքներն ուղղվում են բարի ու ծիծաղկոտ տատիկի կողմ։

Զոհ֊ամուսինների շարքում Հարելսոնն առաջինն էր։ Երկրորդ համաշխարհայինի վերջին օրերն էին՝ 1945 թվականի սեպտեմբերը։ Հարելսոնը հարբած տուն է վերադառնում հերթական խնջույքից ու որոշում մի բան էլ տանը խմել։ Կինը մեծ սիրով նրան առաջարկում է իր հատուկ բաղադրատոմսով պատրաստած խմիչքը, որտեղ գլխավոր բաղադրիչը թույնն էր։

Մեկ շաբաթ անց Հարելսոնը մահանում է, իսկ Նեննին ամուսնու կյանքի ապահովագրության շնորհիվ մի կլորիկ գումար ստանում։ Մարդկանց խաբելը ևս դժվար չէր, բոլորը ենթադրում են, որ տղամարդը սննդային թունավորումից է մահացել։

Երրորդ անգամ Նեննին ամուսնանում է կրկին իր սիրելի «միայնակ սրտեր» սյունակի շնորհիվ։ Այս անգամ զոհն Արլի Լեննինգն էր։ Արտաքինից նրանք շատ անհամապատասխան զույգ էին թվում։ Նեննին տեղի եկեղեցու անդամ էր ու հարգարժան մարդ, ամուսինն էլ սեր ուներ ալկոհոլի ու մարմնավաճառների հանդեպ։

Ի դեպ, սա վարկած է՝ կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի՝ ամուսինները Նեննիին չէին դավաճանում, փոխարենը Նեննին բաց չէր թողնում այլ տղամարդկանց հետ շփվելու հնարավորությունը։

Ամեն դեպքում, վերադառնանք հերթական հատուկ բաղադրատոմսին։ Երրորդ ամուսնու հետ տիկինը «երկար չի ձգում» ու տղամարդը մահանում է 1952 թվականին։ Ձեռագիրը նույնն էր, այս անգամ տան տիկինը կերակրի մեջ էր թույն ավելացրել։ Քանի որ երրորդ ամուսինը ևս ալկոհոլը հաճախ էր չարաշահում, նրա մահն ու առողջության կտրուկ վատթարացումը կապում են հենց դրա հետ։

Բայց ամուսինը սիրելի Նեննիի համար հետմահու անակնկալ ուներ։ Նա իր տունը կտակում է ոչ թե կնոջը, այլ քրոջը։ Ասում են՝ Նեննին այս փաստը շատ ծանր է տանում, բայց տխուր երգեր լսելու ու պաղպաղակ ուտելու փոխարեն գնում ու հրդեհում է տունը, հետո էլ սկսում ապրել երրորդ ամուսնու մոր հետ, որը ևս կարճ ժամանակ անց խորհրդավոր կերպով մահանում է։ Դրանից հետո Նեննին որոշում է տեղափոխվել քրոջ տուն, ով նույնպես կարճ ժամանակ անց մահանում է։

Ռիչարդ Մորթոնը Նեննիի հաջորդ իրական սերն էր։ Ու թեև կնոջ ականջին հասել էին լուրեր, որ ամուսինը դավաճանում է իրեն, այդ շրջանում Նեննին ավելի կարևոր գործեր ուներ։ Մահացել էր հայրն ու մայրը խնամակալի կարիք ուներ։ Նեննին որպես սիրող դուստր համաձայնեց խնամել նրան, բայց ամիսներ անց մայրը ևս հանկարծամահ եղավ։

Նեննին հինգերորդ ամուսնուն գտնելու համար սիրելի սյունակում գովազդ էր տեղադրել դեռ այն ժամանակ, երբ ապրում էր չորրորդի հետ։ Երևի որոշել էր ավելորդ ժամանակ չկորցնել ու մինչև կլուծեր հերթական չստացված ամուսնու հարցերը՝ իսկական սերն էլ իրեն կգտներ։

Մորը բարեհաջող «խնամելուց» հետո տիկնոջ ուշադրությունը դավաճան ամուսինն էր, որը շատ կարճ ժամանակում մահացավ առեղծվածային հանգամանքներում։

Նեննի Դոսի վերջին զոհը Սամուել Դոսն էր։ Նա ոչ հարբեցող էր, ոչ էլ բռնարար, պատրաստ էր հարյուրավոր կիլոմետրեր անցնել ու հասնել իր սիրելի Նենիին։ Ու կարծես թե Նեննին վերջապես գտել էր ամսագրերում պատկերված այն մեծ սերը, որ փնտրում էր բոլոր տղամարդկանց մեջ։ Բայց ինչ-որ բան ինչ-որ պահից այնպես չգնաց։

Ամուսինը պահպանողական էր, խիստ՝ գումարը խնայելու հարցում, կնոջն էլ հորդորում էր կարդալ միայն կրթող ամսագրեր ու դիտել միայն կրթական հեռուստահաղորդումներ։ Հազար ներողություն, բայց Նեննին չէր պատրաստվում իր սիրելի ռոմանտիկ սյունակները փոխարինել ինչ-որ տղամարդու հետ։ Դրա համար էլ կարճ ժամանակ անց ամուսնուն սալորաչրով ու մկնդեղով տորթ հյուրասիրեց։

Բայց եղավ անսպասելին ու Սամուելը փրկվեց։ Նա մեկ ամիս անցկացրեց հիվանդանոցում ու երբ տուն եկավ՝ կինը նրան մկնդեղով սուրճ հյուրասիրեց։ Ու հենց դա էլ դարձավ Նեննի Դոսի ճակատագրական ու անհեռատես որոշումը։ Հինգերորդ ամուսնուն բուժող բժիշկը բացահայտեց նրա խոհանոցային գաղտնիքները։

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծիծաղկոտ կնոջից խոստովանական ցուցմունք ստանալն այդքան էլ հեշտ չէր։ Մեղքերը խոստովանելու փոխարեն Նեննին քրքջում էր, աչքով-ունքով անում քննիչներին ու փորձում սիրախաղի մեջ մտնել։ Բայց քանի որ քննիչներից ոչ ոք չէր ուզում դառնալ նրա 6-րդ ամուսինը, որոշվեց խոստովանությունն այլ կերպ կորզել։

Նեննիի ձեռքից վերցնում են իր սիրելի ամսագիրն ու թույլ չեն տալիս կարդալ այն այնքան ժամանակ, քանի նա ոչինչ չի պատմել։ Ու պարզվում է, սա շատ արդյունավետ միջոց էր։ Նեննին կարճ ժամանակ անց խոստովանեց, որ սպանել է ամուսիններին, բայց այդպես էլ չի ընդունում ընտանիքի անդամներին (երեխաներին, թոռներին ու մորը) սպանելու մեղադրանքները։

Նեննին իր այս արարքների համար մի գլխավոր արդարացում ուներ։ Ինքը փնտրում էր «ամսագրի տղային» ու այն իրական սերը, որը նրան կերջանկացներ։ Իսկ այդ երջանկության ճանապարհին մի քանի տղամարդ ավել կամ պակաս, Նեննիի համար այդքան էլ էական չէր։

«Ես կատարյալ կողակցի էի փնտրում, ուզում էի ապրել իրական սիրավեպ»:

Ամուսիններին սպանելու մասին տիկինը պատմում էր լայն ժպիտով ու ծիծաղով։ Նա դարձել էր ամերիկյան թերթերի, ռադիոյի ու հեռուստատեսության «աստղը», նրա մասին խոսում էին բոլորը, սպանելու մեթոդները, լրագրողների հետ պահվածքն ու քրքիջը քննարկում էին ամերիկացի բոլոր տնային տնտեսուհիները։

Մերլին Մոնրոյից բացի նրանք վերջապես հեռուստացույցով տեսել էին մեկին, ով ճիշտ իրենց պես էր՝ համեղ թխվածքներ էր պատրաստում ու իրական սեր փնտրում։ Միայ մի փոքր տարբերությամբ՝ հիասթավելու դեպքում ոչ թե լացում կամ ինչ-որ բան էր կոտրում, այլ սպանում էր ամուսիններին։

Նեննի Դոսին դատապարտեցին զմահ ազատազրկման։ Մահապատժից նա խուսափեց ու այստեղ երկու հնարավոր հանգամանք կա։ Առաջինն այն է, որ կինն իսկապես հոգեպես առողջ չէր, իսկ երկրորդը՝ այս որոշումը պայմանավորված էր սեռով։ Կնոջը մահապատժի չենթարկեցին։ Նա մահացավ բանտում՝ 1965 թվականին։


✍️ Նանե Մանուկյան / PAN