#իվենթաPAN
May 25, 2023

Կոմիտասի նարդին, սայլապանի հետ երգն ու Դեբյուսիի հիացմունքը . Ինչպիսին էր Վարդապետի «հնչյունների այգին»

Ավստրիան՝ Մոցարտին, Լեհաստանը՝ Շոպենին, Գերմանիան՝ Բախին դարձրել են ոչ միայն իրենց մշակութային պատմության առանցքային կերպարները, այլև նրանց անունը, վաստակն ու ժառանգությունը տարածել են ամբողջ աշխարհում։ Այսօր կամայական մեկը Հայաստանում գուցե ճանաչի Մոցարտին, բայց չհիշի նրա ազգությունը։ Ու գուցե հենց սա է այս դասականների ֆենոմենը։ Նրանք համամարդկային արժեք են ստեղծել և նույն գնահատականին էլ արժանացել են։

Իհարկե, արվեստում և երաժշտության մեջ համեմատականներ անցկացնելը լավագույն միջոցը չէ։ Ամեն դեպքում, թվում էր, թե գոնե Հայաստանում բոլորը գիտեն, որ նույն հարթության վրա գտնվող մեծություն ունեն, այնինչ պարզվում է` նույնիսկ սա միանշանակ չէ։ Աշխարհը Կոմիտասի հետ ծանոթ չէ այնքան, որքան պետք է ծանոթ լիներ, և սա, անշուշտ, բացթողում է։ Բայց ծանր իրականությունն այն է, որ շատ հայեր ևս Կոմիտասի մասին մակերեսային պատկերացումներ ունեն։

Ժամանակ առ ժամանակ ազգային հիշողության թարմացման կարիք է զգացվում` ևս մեկ անգամ պարզաբանելու, որ մերը մուղամը չէ՛, ու գոնե վերահաստատելու, որ արժանի ենք ունենալ այն ժառանգությունը, որը ստացել ենք։

ԿՈՄԻՏԱՍ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հունիսի 24, 1908 թվական, Կոմիտասը գրում է.

«Ծնվել եմ 1869 թվականի սեպտեմբերի 26-ին, Փոքր Ասիայում՝ Քյոթահիա քաղաքում: Ծնողներս ծնունդիցս երեք օր անց մկրտել են ինձ՝ անվանելով Սողոմոն: Երկուսն էլ հայ էին: Երկուսի ընտանիքներն էլ հայտնի էին ձայնային լավ տվյալներով»:

Դեռ 1908 թվականին Սողոմոնի ճակատագիրը կանխորոշված էր` վերհանել հայկական երաժշտության ամբողջ խորությունն ու կարևորությունը, վերականգնել դրա մաքուր, առանց օտարածին էլեմենտների հնչեղությունը:

Հայ մեծերի մասին հատկապես դպրոցական դասագրքերում կարդալիս ոչ այնքան հետաքրքիր դրվագները երևի տեղի ծխական դպրոցների մասին են ու շատ հաճախ այս պատմությունները, սոցիալական ծանր վիճակը, գյուղից քաղաք տեղափոխվելը և մի շարք այլ թեմաներ կրկնվում են, բայց Կոմիտասի մասին խոսելիս պետք է հիշել գոնե այն ճակատագրական իրադարձությունները, որոնք ի վերջո կանխորոշեցին նրա ճանապարհը։

Կոմիտասի ծնողները մահացել են, երբ նա դեռ երեխա էր։ Փոքր տարիքում որբացած Սողոմոնի խնամքով զբաղվում էր հայրական տատը, ապա` հորաքույրը: Կոմիտասը նախ սովորում է քառամյա դպրոցում, հետո՝ վարժարանում, իսկ արդեն 1881 թվականին կանխորոշվում է նրա կյանքի հետագա ընթացքը:

Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն, նա պետք է իր հետ մի «ձայնեղ որբ պատանի» տաներ սբ Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու։ Ինչպես հետո Կոմիտասն է պատմում իր հուշերում, մոտ քսան երեխայից հենց ինքն է ուղևորվում Գևորգյան ճեմարան:

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիները դառնում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունների բացահայտման կարևորագույն շրջանը։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքները։ Հենց այս շրջանում սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, կատարել ստեղծագործական փորձեր։

Հետո արդեն՝ 1896 թվականին, Սողոմոնը մեկնում է Բեռլին՝ կրթությունը շարունակելու: Ուսանելով երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ, 1899 թվականին նա դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, հանդես գալիս հայ երաժշտության մասին պատմող զեկուցումներով ու դասախոսություններով: Դեռ վաղ տարիքից գիտակցում է` իր ամբողջ ներուժը պետք է ներդնի հայ երաժշտության մասին աշխարհին պատմելու կարևորագույն առաքելության մեջ:

1890-ին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ, ճեմարանում երաժշտության ուսուցիչ է դառնում։ 1894 թվականին ստանում է Կոմիտաս անունը` ի պատիվ հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թվականին էլ ստանում է վարդապետի հոգևոր աստիճան։

ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄՆ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ

1907 թվականին արդեն հրատարակվում է Կոմիտասի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։ Այնուհետև տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, այնտեղ հիմնում 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը, համերգներով հանդես գալիս մի շարք քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, ներկայացնում հայկական երաժշտության համար հնչեղություն ապահովող հոդվածներ և զեկուցումներ:

1912 թվականին Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թվականին էլ Կոմիտասը Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ զեկույցներ ներկայացնելով հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։

Հետո արդեն Կոմիտասն Էջմիածին է վերադառնում` շարունակելու իր առաքելության իրականացմանն ուղղված հասարակական գործունեությունը: Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերը գրի առնելով, շարունակում է ուսումնասիրել դրանք։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։ Շարունակում է աշխատել հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Մշակութային ժառանգության պահպանման լավագույն օրինակներից մեկը գութաներգերի ուսումնասիրությունն էր։ «Հորովելը» երգում են նաև այսօր, բայց ինչպե՞ս է այն հասել մեզ։ 2022 թվականին Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանն իր «Հորովել. Տարրեր, զուգահեռներ, առանձնահատկություններ» զեկույցում ներկայացնում էր, որ գութաներգի տարածման աշխարհագրական միջավայրը խիստ տարբեր է, ընդգրկում է Վայոց Ձորը, Լոռին, Արագածոտնը, Ջավախքը, Արցախը, պակաս տարածված է Կոտայքում, Սյունիքում, Տավուշում։ Բանահավաքների թիվը ևս ժամանակի ընթացքում է ընդլայնվել՝ Կոմիտաս, Սպիրիդոն Մելիքյան, Զավեն Թագակչյան։

«Գիտենք, որ գութաներգերի մեջ ամենատարածվածը և շրջանառվածը Լոռու գութաներգն է, թեպետ Կոմիտաս վարդապետն ունի մեծ թվով գութաներգեր։ Այն շատ է շրջանառվել, քանի որ դրա վերաբերյալ Կոմիտասն ունի գիտական անդրադարձ՝ մի հսկա հոդված, որտեղ հանգամանորեն քննության է առնում ոչ միայն ժանրը, այլև ամբողջ մշակութային համատեքստը, թե ինչպես է գոյանում երգը։ Շատ կարևոր է նկատել նաև ընդհանրությունները Կոմիտասի Լոռու գութաներգի և Արցախի գութաներգի միջև. այն, որ ժողովուրդը նույն մշակութային միջավայրում պահպանել է երաժշտական այս ժանրի առանձնահատկությունները»,- ընդգծում է Տաթևիկ Շախկուլյանը:

ՄԵՐՕՐՅԱ ԱՐՁԱԳԱՆՔՆ ՈՒ ԿՈՄԻՏԱՍԸ, ՈՐԻՆ ՉԳԻՏԵՆՔ

Դեռ 2011 թվականին Կոմիտասի և ցեղասպանության մասին անդրադարձում The Guardian պարբերականը գրում է.

«Ժողովրդական երաժշտության հավաքման և մշակման գործում նա հայերի համար արել է այն, ինչ Բարտոկը` հունգարցիների համար: Փարիզում Կոմիտասի համերգից հետո Կլոդ Դեբյուսին հայտարարեց, որ նրա միայն մեկ երգի շնորհիվ, նրան կարելի է մեծ կոմպոզիտոր անվանել, չնայած նրա անունը շատերը չգիտեն»:

Տիգրան Մանսուրյանն ասում էր, որ Կոմիտասի «հնչյունների այգին» հազարամյակների մեջ հսկայական տարածք է ներառում։ Հոդվածում հռետորական հարց է բարձրացվում։ Հայ դասական երաժշտության ավանդույթի հիմքերը դնող Կոմիտասը որտե՞ղ է արևմտյան դասական երաժշտության այգում։

Մյուս կողմից, բրիտանական պարբերականի այս հռետորական հարցին կարելի է հարցով պատասխանել։ Որտե՞ղ է Կոմիտասը հայկական երաժշտության այգում։ Թվում է, թե Կոմիտասի մասին ամեն բան գիտենք, բայց իրավիճակներն ու մարդիկ ցույց են տալիս, որ ոչ։

Հայագետ Արծվի Բախչինյանն իր հարցազրույցներից մեկում դեռ տարիներ առաջ էր պատմում սեփական աչքով տեսած սարսափելի օրինակների մասին։

«Առաջին անգամ չիմացությանը բախվեցի տարիներ առաջ Գրականության և արվեստի թանգարանում: Մի խումբ դպրոցականներ էին եկել, Հովհաննես Զարդարյանի «Կոմիտաս» կտավը ցույց տվեցի և հարցրեցի` ո՞վ է։ Երեխաներն ասացին՝ Թաթան: Երկրորդ դեպքը. ռադիոյով մի անգամ մարդկանց հարցնում էին՝ ո՞վ է Կոմիտասը, մեծ մասը պատասխանում էին՝ փողոց Երևանում: Երրորդ դեպքը. կանգնած եմ Կոմիտասի արձանի մոտ, երեք երիտասարդ տղա էին անցնում: Մեկը մյուսին հարցնում է՝ ո՞վ է, մեկն ասաց՝ մի հատ տերտեր կլինի։»

Իսկապես հուսանք, որ այս դեպքերը եզակի էին իրենց բնույթով։ Մյուս կողմից՝ ի՞նչ գիտեն իմացողները, Կոմիտասին ճանաչողները։ Սևազգեստ հոգևորական, որին ասոցացնում են ցեղասպանության, ծանր երաժշտության ու ծանր վախճանի հե՞տ։

Իրականում հուշագրությունները լրիվ այլ Կոմիտասի մասին են պատմում։ Նույն հարցազրույցում Բախչինյանը պատմում է, որ Կոմիտաս վարդապետին ճանաչողները նրան բնութագրում էին որպես սրամիտ, կատակասեր ու դրական մի մարդ, որի հետ ուրախ էին անցնում խնջույքները, ճանապարհն ու աշխատանքը։

Կան վկայություններ, որ Կոմիտասը ցանկացած ընկերական կամ գործընկերական հավաքի ամենակենսուրախ ու ակտիվ անդամներից էր։ Հատկապես ճեմարանի ուսուցչական անձնակազմի հետ հավաքները շատ ակտիվ էին անցնում։ Կոմիտասը երգում էր, պարում, սիրում էր նարդի խաղալ։ Խաղում էր միայն ուժեղ խաղացողների հետ, օրինակ՝ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանի։ Արվեստաբան Գ. Լևոնյանի խոսքով՝ «Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում»:

Կա նաև պատմություն, թե ինչպես էին Կոմիտասը և Հրաչյա Աճառյանը մտերիմների շրջանում խաղում Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»֊ից մի կտոր։ Կամ ինչպես է Կոմիտասն առանց զգուշացնելու կտրում աշակերտի մազերը, որովհետև մի քանի անգամ զգուշացնելուց հետո տղան այդպես էլ չէր հարդարել դրանք։ Ի դեպ, վարդապետն այնքան մարդամոտ էր, որ աշակերտները չէին լարվում նրա հետ կատակներ անելուց։

Կոմիտասի այս նկատողությանը՝

«Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս»:

Աշակերտը պատասխանում է՝

«Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ»:

Բանահավաք Նիկողայոս Տիգրանյանն էլ հիշում է, թե ինչպես են գյուղերից մեկից ոտքով վերադառնալիս Կոմիտասի երգելու շնորհիվ մի կառք կանգնեցրել և կառապանի հետ ուրախ զրույցներով տեղ հասել։ Վերջում էլ սայլապանը համբուրել է Կոմիտասի ձեռքն ու ասել.

«Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ»:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Միլիոնավոր ճակատագրեր կործանած Հայոց ցեղասպանությունը կանխորոշում է նաև Կոմիտասի ճակատագիրը։ 200-ից ավելի մտավորականի հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում է: Հետո ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի միջնորդությամբ վարդապետն աքսորից վերադառնու է, բայց վերապրածն իր հետքը թողնում է։

Կոմիտասի կյանքի վերջին շրջանի մասին տեղեկություններն իրարամերժ են։ Ամենատարածված վարկածով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը: Կյանքի վերջին տարիներն էլ անցնում են Փարիզի բուժական հաստատություններում։ Ֆրանսահայ հոգեբան Լուիզ Ֆով Հովհաննիսյանը և կանադահայ հոգեբույժ Ռիթա Սուլահյան Գույումճյանն էլ իրենց աշխատություններում այլ փաստեր են առաջ բերում։ Նրանք Փարիզի հոգեբուժարանի արխիվներում Կոմիտասի գործն ուսումնասիրելուց հետո գրում են փաստեր, որոնցից կարելի է ենթադրել, որ Կոմիտասի հոգեկան սթափությունն ամբողջությամբ չէր վերացել։ Այս մասին խոսելիս Արծվի Բախչինյանը մեջբերում է 1920 թվականին Պոլսում լույս տեսած «Ճակատամարտ» թերթից մի հատված.

«Վարդապետը վերջին օրերս ոչ միայն կերգէ ու կը նվագե, այլև սկսած է գրել հիշատակներ, ձայնագրել երգեր»:

Կոմիտասի կյանքը խորհրդավոր էր, գործունեությունը՝ բոլոր չափանիշներով անգնահատելի, վախճանը՝ ողբերգական։ Հստակ է մի բան՝ Կոմիտաս Վարդապետի թողած ժառանգությունն ու նրա՝ հայկականության պահպանությանն ուղղված աշխատանքի մասին պետք է խոսել միշտ ու անընդհատ, իսկ դասերը պետք է սկսել մեզնից, ու հետո արդեն անցնել միջազգային հարթակներին։


✍️ Նանե Մանուկյան / PAN