#իվենթաPAN
September 12

Linkin Park-ի նոր վոկալիստուհին, նրա շուրջ սկանդալներն ու Չեսթերի բարկացած որդին. Խմբի աղմկոտ վերադարձը 7 տարի անց

«Լեգենդար» բառը մեր օրերում այնքան է չարչարկվել, որ, կարծես, կորցրել է բառի ամբողջական իմաստն ու ազդեցությունը, բայց, ամեն դեպքում, Linkin Park ռոք խումբը ներկայացնելիս դժվար է դիմանալ գայթակղությանն ու չասել՝ լեգենդար Linkin Park-ը վերադառնում է։ Ծանր կորստից հետո 7 տարի դադար, և այսօր ռոք խումբը վերադառնում է բեմ նոր ասելիքով, նոր էներգիայով և… նոր վոկալիստով։ Ընդամենը մի քանի ժամ էր պետք, որ այս նորությունն իր շուրջ հավաքեր ամենատարբեր ասեկոսեներն ու ինտրիգները։ Փորձենք անդրադառնալ դրանց հերթով։

LINKIN PARK 2024. Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ ԵՎ Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Linkin Park-ը վերամիավորվել է խմբի մենակատար Չեսթեր Բեննինգթոնի մահից յոթ տարի անց: Խմբի առաջին համերգը սեպտեմբերի 5-ին էր։ Հենց այդ ժամանակ էլ խումբը ներկայացրեց նոր անդամներին՝ վոկալիստ Էմիլի Արմսթրոնգին և Քոլին Բրիթեյնին, որը փոխարինելու է Linkin Park-ի համահիմնադիր Ռոբ Բուրդոնին։ Համերգի ընթացքում խումբն առաջին անգամ կատարեց նոր՝ The Emptiness Machine սինգլը,  հայտարարեց From Zero ալբոմի թողարկման և համաշխարհային շրջագայության մասին։ Ի դեպ, հասցրել են նաև հրապարակել The Emptiness Machine երգի տեսահոլովակը։

Խմբի անդամներին հերթով ներկայացնելուց հետո Մայք Շինոդան դիմեց հանդիսատեսին ու ասաց.

«Իսկ Չեսթեր Բեննինգթոնի դերում այս երեկո ձեզանից յուրաքանչյուրն է»։

Սա չափազանց հուզիչ ու կարևոր ուղերձ էր երկրպագուների համար, որոնք առանց այն էլ մեծ դժվարությամբ էին ընկալում, որ իրենց սիրելի խմբի գլխավոր հիթերը՝ Numb, In The End, What I've Done և այլ երգեր, հնչում էին Էմիլի Արմսթրոնգի մեկնաբանմամբ։ Բայց այս մասին ավելի ուշ։

Հիմա վերադառնանք նորություններին։ From Zero ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 15-ին։ Այն կներառի 11 թրեք՝ From Zero (Intro), The Emptiness Machine, Cut The Bridge, Heavy Is The Crown, Over Everybody, Casualty, Overflow, Two Faced, Stained, IGYEIH և Good Things Go: Սա կլինի առաջին ալբոմը One More Light-ից հետո, որը ձայնագրվել էր Բենինգթոնի հետ՝ 2017 թվականին։

Մինչ ալբոմի թողարկումը, Linkin Park-ը կսկսի համաշխարհային շրջագայությունը և ելույթ կունենա Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Լոնդոնում, Համբուրգում, Սեուլում և Բոգոտայում:

«Այս ամենի հիմքում մեր խմբի հին ու նոր անդամների հանդեպ խորին հարգանքն ու երախտագիտությունն է, մեր ընկերների, երկրպագուների և ընտանիքի հանդեպ։ Հպարտ ենք այն ամենով, ինչ տարիների ընթացքում ստեղծել է Linkin Park-ը, և անհամբերությամբ սպասում ենք առաջիկա շրջագայությանը»։

Շրջագայությանն անհամբեր սպասում են նաև երկրպագուները, բայց ամեն բան միանշանակ չէ։ Նոր վոկալիստին երկրպագուների մի մասը վերապահումներով է մոտենում։ Հիմա հասկանանք, թե ինչու։

Ո՞Վ Է ԷՄԻԼԻ ԱՐՄՍԹՐՈՆԳԸ

Նախ՝ հասկանանք, թե ինչ ճանապարհ է անցել Արմսթրոնգը։ Երգչուհին 38 տարեկան է։ Նա նախկինում եղել է Լոս Անջելեսի Dead Sara ռոք խմբի մենակատարն ու կիթառահարը։ 2012 թվականից ի վեր խումբը թողարկել է երեք ալբոմ՝ Dead Sara, Pleasure to Meet You և Ain't It Tragic։

Ստեղծագործական գործունեության ընթացքում Dead Sara-ն կատարել է նաև մի շարք երգերի քավր տարբերակներ ու բավականին մեծ հաջողություններ գրանցել։ Ի դեպ, Linkin Park-ի երգերն այս ցանկում չկան։ Փոխարենը խմբի երգացանկում կարելի է գտնել Rage Against the Machine-ի, Led Zeppelin-ի, Nirvana-ի, The White Stripes-ի դասական դարձած հիթերի քավր տարբերակները։

Մինչև Dead Sara-ն, Արմսթրոնգը հանդես է եկել որպես բեք-վոկալիստ, տարբեր գործակցություններ է ունեցել հայտնի երաժիշտների հետ, բայց որպես Էմիլի Արմսթրոնգ նրա անունն ամեն տեղ հնչում է միայն այսօր։

Բայց այս փառքն իր հետ նաև մեծ մարտահրավերներ է բերում։ Առաջին հերթին, սա նշանակում է, որ արտիստի կյանքն ու կարիերան երկրպագուների մանրադիտակի տակ են հայտնվում։ Ու ոչ միայն այս պահից սկսած, այլև անգամ վաղ անցյալում արված քայլերն ու հայտարարությունները կարող են ճակատագրական լինել։

Եվ պարզվում է, որ Էմիլին այս առումով իսկապես անհանգստանալու բան ունի։ Սոցցանցերի գիտակները միանգամից մի շարք բացահայտումներ են արել երգչուհու անցյալում արված հայտարարությունների և քայլերի մասին, որոնց պատճառով դեռ անգամ պատշաճ «բարի գալուստը» չվայելած վոկալիստը ստիպված է բացատրական տեքստեր գրել։

Ամենահաճախը երկու փաստարկ է հնչում։ Առաջինը՝ ասում են, որ Էմիլին աջակցում է բռնարարի։ Վոկալիստին մեղադրում են բռնաբարության համար դատապարտված դերասան Դեննի Մասթերսոնին աջակցելու մեջ։ Իրականում, երգչուհին ժամանակին իսկապես ջերմ հարաբերություններ է ունեցել Մասթերսոնի հետ, բայց հիմա հայտարարում է, որ երբ ի հայտ են եկել նրա մեղադրանքը հաստատող ապացույցներ, ինքը դադարեցրել է ցանկացած տեսակի շփում և ապշած էր պարզված հանգամանքներով։

Արմսթրոնգի անվան հետ կապված մեկ այլ խիստ հակասական և խնդրահարույց թեմա էլ կա սայենթոլոգիայի հետ նրա հնարավոր առնչություններով պայմանավորված։ Անգամ հայտնվել են կադրեր, որտեղից պարզ է դառնում, որ Արմսթրոնգը մասնակցել է դրա հետ առնչվող գալա-երեկույթին։ Այս խոսակցությունները վոկալիստը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում։

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն ու որոշիչը երկրպագուների ստեղծած տրամադրությունն ու կարծիքն է։ Իսկ կարծիքները երկու մասի են բաժանվել. մի մասը կարծում է, որ ելույթները վերսկսելու և նոր վոկալիստ ներկայացնելու որոշումը վիրավորում է Չեսթեր Բեննինգթոնի հիշատակը, մյուսները վստահ են, որ սա նրա հիշատակը հարգելու և գործն անմահացնելու լավագույն տարբերակն է։

Ամեն դեպքում, կարճ ժամանակում խմբի նոր կազմի ելույթը միլիոնավոր մարդիկ են դիտել։ Բոլորի մոտ հստակ էր մի տեսակետ. Չեսթերին փոխարինել հնարավոր չէ։ Բայց կար նաև այս մտքի շարունակությունը՝ Էմիլին չի էլ փորձում փոխարինել նրան, փոխարենը նոր գույն է բերում ռոք խումբ։ Երկրպագուներից մեկի մեկնաբանությունը հազարավոր հավանումների էր արժանացել.


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


«Նրանք չեն փորձում Չեսթերին փոխարինել Էմիլիով: Նրանք հարգում են Չեսթերի թողած ժառանգությունը՝ միաժամանակ մշակելով նոր մի բան: Էմիլին իր հետ բերում է ինչ-որ թարմ և յուրահատուկ բան, իսկ Չեսթերի ներկայությունը միշտ անփոխարինելի կլինի։ Նրանք շարժվում են առաջ՝ չմոռանալով անցյալը»։

Մեկ այլ երկրպագու ասում է.

«Չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան լարված է Էմիլին։ Գալ ու երգել մի մարդու ստեղծագործություններ, ում հետ մարդկանց մի ամբողջ սերունդ է մեծացել։ Սա մեծ սխրանք է»։

Այս կարծիքը, կարծես, չի կիսում Չեսթերի որդին՝ Ջեյմին։ Նրա հրապարակավ քննադատել է հոր ընկեր-գործընկերներին ու անգամ մեղադրել նրանց հոր հիշատակը չհարգելու մեջ։

«Դուք անաղմուկ ջնջեցիք հորս կյանքն ու ժառանգությունը՝ դավաճանելով Linkin Park-ի երկրպագուների, այդ թվում՝ իմ վստահությանը ձեզ»։

Ամեն դեպքում, տպավորություն է, որ այս կրքերը դեռ երկար չեն հանդարտվելու։ Բայց երկրպագուները մի շատ կարևոր ու նուրբ շեշտադրում են անում։ Չեսթեր Բեննինգթոնն ինքնասպանություն գործեց հոգեբանական ծանր վիճակի ֆոնին, հետևաբար նրա հիշատակը հարգող երկրպագուների կողմից ամենասխալ բանը կլինի որևէ կերպ թիրախավորել և անձնական վիրավորանքներ հասցնել Էմիլի Արմսթրոնգին։

Չեսթերին ուղղված հրաժեշտի խոսքում Linkin Park-ն ուղերձ էր հղել, որտեղ ասվում էր՝ «քեզանից հետո միայն ամայություն է, որն անհնար է լրացնել»։ Հավատանք և հաստատենք, որ խումբը որևէ կերպ չի փորձում և չի կարող լրացնել այդ ամայությունը։


✍️ Նանե Մանուկյան / PAN