Թագուհու սիրելի սերիալը, կապույտ թավիշն ու հսկա ձկները. Կյանքից հեռացել է կինոյի հսկա Լինչը
«Հիմա, երբ նա այլևս մեզ հետ չէ, աշխարհում մի մեծ դատարկություն առաջացավ։ Բայց ինչպես նա կասեր՝ «Նայեք բլիթին, ոչ թե անցքին»:
«Մի գեղեցիկ օր, երբ արևը պայծառ էր, իսկ երկինքը՝ կապույտ», մահացավ Դեյվիդ Լինչը։ Երբ անվանն ուղեկցող ածականների ու ճոխ ձևակերպումների կարիք չի լինում՝ հստակ է դառնում, որ խոսքը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ անուններից մեկի մասին է։
Ամերիկացի կինոռեժիսորը Լոս Անջելեսի իր տունը լքել էր հրդեհների պատճառով, իսկ տեղափոխությունից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Նախորդ տարվա օգոստոսին Լինչը հայտնել էր, որ շատ ծխելու պատճառով թոքերի էմֆիզեմա ունի և թթվածնի պակասի պատճառով այլևս չի կարողանում տնից դուրս գալ ու երկար քայլել: Ռեժիսորը մահացավ ծննդյան տարեդարձի նախաշեմին՝ 78 տարեկանում։
ԼԻՆՉՅԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ
«Մենք երջանիկ ենք, որ ապրել ենք Դեյվիդ Լինչի դարաշրջանում»,- այսպես արձագանքեց Time ամսագիրը ռեժիսորի մահվան լուրին: Լինչյան ձեռագրի երկրպագուները ժամանակակից կինոյի խորհրդանիշներից մեկին հրաժեշտ են տալիս՝ վերհիշելով նրա յուրահատուկ կինոլեզուն, որը հեղաշրջեց ֆիլմերի ավանդական պատումը և նոր դարաշրջան բացեց կինոաշխարհում։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Իրականում փոքր տարիքից Լինչը տարված էր նկարչությամբ։ Հատկապես սիրում էր պատկերել ատրճանակներ ու ինքնաթիռներ: 9-րդ դասարանում արդեն հստակ գիտեր, որ ցանկանում է նկարիչ դառնալ: 1963 թվականին ընդունվեց Վաշինգտոնի արվեստի և դիզայնի դպրոց: Մեկ տարի անց տեղափոխվեց Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոց, բայց կիսատ թողեց ուսումն ու մեկնեց Եվրոպա՝ հույս ունենալով դառնալ հայտնի նկարիչ Օսկար Կոկոշկայի աշակերտը: Երբ այդ փորձը ձախողվեց, Լինչը վերադարձավ հայրենիք և ընդունվեց Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա:
Տարիներ անց միայն պարզվեց, որ Լինչը դպրոցը համարում էր «հանցագործություն երիտասարդների դեմ»: Գուցե այստեղ ավելի ճիշտ կլինի ասել, որ կրթության ֆորմալ մեթոդներն էին խորթ Լինչին։ Վաղ տարիքից նրան գրավում էին խորհրդապաշտական երևույթները: Նա կարող էր ժամերով դիտել սատկած կենդանիների մարմինները, իսկ հասուն տարիքում այցելում էր դիահերձարան՝ հետևելու պաթոլոգների աշխատանքին:
Ի վերջո, ե՞րբ սկսվեց Լինչ-կինոռեժիսորի ճանապարհը։ Լինչի առաջին կինոփորձը եղավ 1967 թվականին նկարահանված «Այբուբենը» կարճամետրաժ ֆիլմը: Այս անսովոր ու սյուրռեալիստական աշխատանքի ստեղծման համար նրան ոգեշնչել էր կնոջ պատմած երազը:
ՖԻԼՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռեժիսորի ֆիլմագրությունը բաղկացած է մեկ տասնյակ գեղարվեստական ֆիլմերից։ Այդ գործերից շատերը դարձան կինոյի պատմության ուղենիշներ: Չնայած դրանցից ոչ բոլորն էին կոմերցիոն հաջողության հասել, բայց կուլտային ֆավորիտներ են տասնամյակներ անց էլ։
Լինչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ռետին-գլուխը» (1976), անմիջապես նախանշեց կինոաշխարհում լինչյան եզակի ձեռագրի մեկնարկը։ Ստենլի Կուբրիկն անգամ ափսոսել էր, որ ինքը նման ֆիլմ չի նկարահանել: Հաջորդ ֆիլմը՝ «Փիղ մարդը» (1980), վերջնականապես հաստատեց ռեժիսորի անունը լավագույնների շարքում։ Ֆիլմը նոմինացվեց ութ «Օսկարի», իսկ Եվրոպայում արժանացավ «Սեզար» կինոմրցանակի:
«Դյունա» (1984) գիտաֆանտաստիկ ֆիլմը կոմերցիոն առումով հաջողություն չգրանցեց ու Լինչը որոշեց, որ պետք է շարունակի իր սեփական, լինչյան ոճով ստեղծագործել: 1986 թվականին նա նկարահանեց «Կապույտ թավիշը»՝ հոգեբանական թրիլլեր, որտեղ խաղաղ ամերիկյան քաղաքում թաքնված չար ու մութ ուժերը հետագայում դարձան ռեժիսորի ստեղծագործական հիմնական մոտիվներից մեկը:
1990 թվականին Լինչը ստեղծեց իր ամենահայտնի գործը՝ «Twin Peaks» հեռուստասերիալը, որը բառացիորեն հեղափոխական էր հեռուստատեսային ոլորտում: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ մասշտաբների էր հասնում սերիալի շուրջ հետաքրքրությունը՝ մի պատմություն հիշենք։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մի անգամ հրաժարվել էր լսել Փոլ ՄաքՔարթնիի կենդանի կատարումը, քանի որ պետք է դիտեր «Թվին Փիքս»-ի հերթական սերիան:
1990-ը հաջողված տարի էր Լինչի համար։ Նույն թվականին նա նկարահանեց «Սրտով վայրենիները» ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»: Մելոդրամայի, սև կատակերգության և քրեական պատմության այդ խառնուրդն ամբողջանում էր Էլվիս Փրեսլիի երաժշտությամբ։
Լինչը հատուկ սեր ուներ 50-ականների հանդեպ: Նրա ֆիլմերում հաճախ են հանդիպում այդ ժամանակաշրջանի էսթետիկայի տարրեր՝ մեքենաներ, սանրվածքներ, երաժշտություն:
«Այն ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ հնարավոր է, ավելի լավ կյանքի հույս կա։ Հետո պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ»։
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ
Լինչի ստեղծագործական մեթոդը ինքնատիպ էր, տեղ-տեղ անհարմար, միշտ անսպասելի: Նա օգտագործում էր տեսախցիկի «տարօրինակ» անկյուններ, խաղում էր լույսի ու ստվերի հետ և ստեղծում պատկերներ, որ առանձին արվեստի գործ են հիշեցնում։ Լինչը հստակ բանաձև ուներ.
«Ֆիլմը պետք է ապրի իր կյանքով. աբսուրդ է, երբ ռեժիսորը ստիպված է բառեր օգտագործել՝ բացատրելու համար, թե ինչի մասին է իր ֆիլմը»:
Ստեղծագործական գործընթացում Լինչը հատուկ կարևորություն էր տալիս մթնոլորտին: Օրինակ՝ «Կապույտ թավիշ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա նկարահանման հրապարակ էր բերել սկյուռիկ՝ «ճիշտ տրամադրություն» ստեղծելու համար:
Լինչը երբեք չսահմանափակվեց միայն կինոյով: Նա նկարիչ էր, երաժիշտ, գրող և նույնիսկ կոմիքսների հեղինակ: 2007 թվականին Փարիզի Կարտիեի հիմնադրամում կազմակերպվեց նրա անհատական ցուցահանդեսը, իսկ 2014-ին նրա կտավները ցուցադրվեցին Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում: Լինչի նկարներին բնորոշ էին մռայլ, աբսուրդ էներգետիկան և ձևախեղված կերպարները:
2000-ականներից Լինչը հայտնի դարձավ որպես տրանսցենդենտալ մեդիտացիայի ջատագով: Նա հիմնադրեց «Դեյվիդ Լինչ» հիմնադրամը, որը խթանում էր մեդիտացիան՝ որպես սթրեսից ազատվելու և ստեղծագործական ոգեշնչման գործիք:
«Այո՜, արվեստագետը պետք է գիտակցի տառապանքը, բայց դա չպետք է խաթարի նրա հոգեկան հավասարակշռությունը»։
2007 թվականին Լինչը ձեռքի թվային տեսախցիկով նկարահանեց «Ներքին կայսրություն»՝ իմպրովիզացիայի վրա հիմնված ֆիլմը: Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսորին հանձնվեց «Ոսկե առյուծ» մրցանակը՝ համաշխարհային կինոյի զարգացման մեջ ունեցած ներդրման համար:
Հետաքրքիր մի փաստ ևս։ Լինչի ստեղծագործական ժառանգությունը ներառում է նաև գովազդային հոլովակներ նշանավոր ապրանքանիշերի՝ Dior-ի, Gucci-ի և Yves Saint Laurent-ի համար: Նա նկարահանել է նաև 30 վայրկյանանոց չորս գովազդային հոլովակ ճապոնական սուրճի համար՝ այս կերպ նաև արտահայտելով իր մեծ սերը սուրճի հանդեպ:
Լինչի աշխարհը միայն կինոյով չէր սահմանափակվում: Նա ապրում էր գույների, ձայների, երազների ու իրականության խաչմերուկում ու ստեղծում էր սեփական տիեզերքը: Այդ տիեզերքում խաղաղ ամերիկյան քաղաքների տակ թաքնված էին մութ գաղտնիքներ, սովորական մարդիկ կրում էին խիստ անսովոր դիմակներ, իսկ սուրճի գոլորշու մեջ կարելի էր տեսնել ապագան:
«Եթե ուզում եք մանր ձուկ որսալ, մնացեք ծանծաղ ջրում։ Բայց եթե մեծ ձուկ եք ուզում, պետք է խորանալ: Այնտեղ՝ խորքում, ձկներն ավելի հզոր են ու մաքուր։ Դրանք ավելի մեծ են և ավելի վերացական ու աներևակայելի գեղեցիկ»:
Ինչպես ծովի խորքում լողացող հսկա ձկները, որոնց մասին նա այդքան սիրում էր խոսել, այնպես էլ նրա արվեստը՝ խորն էր, հզոր և անսպասելիորեն գեղեցիկ:
«Մի փորձեք պայքարել խավարի դեմ։ Պարզապես միացրեք լույսը, և խավարը կվերանա»։
Երևակայության նոր հորիզորններ լուսավորած կինոգործչի ժառանգության մասին կարելի է ու պետք է երկար խոսել։ Տպավորություն է, որ Լինչի նման մեծագույն արվեստագետները երբեք են մահանում։ Թեև նրա թողած ժառանգությունն այս խոսքերի ապացույցն է. Դեյվիդ Լինչն ու նրա արվեստը հավերժության մասին են։ Իսկ հիմա ճիշտ պահն է կուլտային և աննման ֆիլմերից «կարոտն առնելու» համար դիտել Լինչի գլուխգործոցներից մեկը։