#իվենթաPAN
November 2, 2023

Ընտանիք դարձած Friends-ը, թշնամու վերածված ալկոհոլը, Թրյուդոն ու Հոլիվուդը. Բոլորի ընկեր Մեթյու Փերիի հիշատակին

Հոկտեմբերի 28-ն այն օրն էր, երբ մեզնից շատերը կորցրին իրենց ընդհանուր ընկերոջը։ Ամեն դեպքում, համացանցում հենց այսպես էին սգում «Ընկերներ» (Friends) սերիալի աստղ Մեթյու Փերիի մահը։ Դերասանին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տան ջակուզիում։

Պաշտոնական հայտարարության մեջ միայն ասվում է, որ իրավապահները բռնության կամ թմրանյութերի հետքեր չեն հայտնաբերել։ Ըստ նախնական վարկածի՝ դերասանը ջրահեղձ է եղել:

Մեթյու Փերին մարդկանց ավելի շատ հայտնի էր Չենդլեր Բինգ անունով, քան սեփականով, և միայն այս փաստը շատ բան է ասում այն մասին, թե ինչ տեղ ուներ կարիերան Փերիի կյանքում։ Աշխարհում ամենաշատ ընկեր-երկրպագուներ ունեցող դերասանի հիշատակին, PAN-ը վերհիշել է նրա կյանքի ամենահիշվող, ծանր ու երջանիկ պահերը։‌

ԹԵՆԻՍԸ, ԹՐՅՈՒԴՈՆ ԵՎ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԸ. ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Մեթյու Փերին ծնվել է Ուիլյամսթաունում։ Նրա հայրը ամերիկացի դերասան Ջոն Բենեթ Փերին էր, մայրը՝ կանադացի լրագրող Սյուզան Լենգֆորդը։ Մեթյուի մանկությունը վստահաբար ամենաանհոգներից չէր, անգամ կարելի է ենթադրել, որ նրա կյանքի տարբեր փուլերում առաջացած ծանր փորձությունների ու խնդիրների հիմքը հենց մանկությունից էր գալիս։ Մեթյուի ծնողները բաժանվել են, երբ նա մեկ տարեկան էլ չկար ու տղան մինչև 15 տարեկանն ապրել է մոր և խորթ հոր հետ՝ Օտտավայում։

Թեև Մեթյուի կյանքի մասին պատմելիս միանգամից խոսում են նրա Լոս Անջելես տեղափոխվելու և կյանքն այնտեղ դասավորելու մասին, բայց Օտտավայում էլ Մեթյուի մանկությունը բավականին հետաքրքիր դրվագներով է առանձնանում։ Օրինակ՝ Ռոքքլիֆ պարկի դպրոցում Փերին սովորում էր Կանադայի ապագա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Մի առիթով էլ պատմել է, որ դպրոցում ծեծել է Թրյուդոյին, որովհտև մաքուր նախանձով նախանձում էր նրա սպորտային հաջողություններին։

Իսկ իրականում Մեթյուն ևս սպորտային լուրջ հաջողություններ էր գրանցում ու անգամ մեծ թենիսիստ դառնալու լավ շանսեր ուներ։ Տարեկիցների շրջանում լավ արդյունքներ ուներ, անգամ մտածում էր այդ ուղղությամբ շարունակելու մասին, բայց կարմիր գորգի վրա հայտնվելու հեռանկարը նրան ավելի հետաքրքիր էր։

15 տարեկանում Մեթյուն որոշում է թողնել ամեն ինչ ու գնալ Լոս Անջելես։ Այնտեղ ապագա դերասանը ավելի շատ ժամանակ է անցկացնում հոր հետ։ Անձնական հարցերը կարգավորելուն զուգահեռ սկսում է մասնակցել քասթինգների և քայլ առ քայլ ավելի է մոտենում իր երազանքների աշխատանքին։

Ավելի ուշ Մեթյուն պատմում է, որ դեռ 1986-ին, երբ տեղափոխվեց Լոս Անջելես, վստահ էր, որ հայտնիությունն ու կարիերայում հաջողությունները կլուծեն իր բոլոր խնդիրները։

Վերջերս հրատարակված իր հուշագրության մեջ Մեթյուն գրել էր. «Ես տենչում էի ունենալ այդ հայտնիությունն ավելի շատ, քան որևէ մեկն այս աշխարհում։ Ես ունեի դրա կարիքը։ Վստահ էի, որ դա միակ բանն էր, որ կփրկեր ինձ»:

ԸՆԿԵՐՆԵՐՆ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ

«Ընկերները» սիթքոմը և այնտեղից ձեռք բերված ընկերները Մեթյուի կյանքը փոխեցին ամբողջովին։ Առաջին անգամ Մեթյուն կարդացել է սիթքոմի սցենարը, երբ այն դեռ աշխատանքային՝ «Մեզ նման ընկերները» (Friends Like Us) անունն ուներ։ Ավելի ուշ Մեթյուն պատմում է, որ սցենարը կարդալիս անմիջապես գտավ իրեն:

«Երբ ես կարդացի սցենարը, թվում էր, թե ինչ-որ մեկն ինձ մեկ տարի շարունակ հետևել է՝ գողանալով իմ կատակները, կրկնօրինակելով իմ պահվածքը, պատճենելով իմ աշխարհից հոգնած, բայց սրամիտ հայացքը կյանքի մասին։ Հատկապես մի կերպար առանձնացավ ինձ համար: Ես չէի մտածում, որ կարող եմ խաղալ Չենդլերի կերպարը։ Ես Չենդլերն էի»:

Մեթյուն «դարձավ» Չենդլեր և սկսեց նկարահանվել «Ընկերներ»-ում, երբ դեռ 24 տարեկան էր։ Այսպիսով նա դարձավ դերասանական կազմի ամենաերիտասարդ անդամը։ «Ընկերներ» սիթքոմի առաջին էպիզոդը հեռարձակվեց 1994 թվականի սեպտեմբերի 22-ին և ունեցավ 10 եթերաշրջան ու 236 թողարկում։

Վեց ընկերների մասին պատմող այս պատմությունը ամերիկյան հեռուստատեսության բոլոր ժամանակների լավագույն հեռուստասերիալների շարքում է և համարվում է ոչ միայն 1990-ականներին, այլ մինչև օրս արտադրված ամենահաջողված նախագծերից մեկը։ «Ընկերները» նայել են մեր ծնողները, հիմա նայում ենք մենք, ու վստահաբար վաղն էլ մեր երեխաներն են նայելու։

2004 թվականի մայիսի 6-ին հեռարձակված վերջին էպիզոդը Միացյալ Նահանգներում ունեցել է 52,5 միլիոն դիտում և դարձել հեռուստատեսության պատմության 5-րդ ամենադիտված եզրափակիչ էպիզոդը։ «Ընկերները» առաջադրվել է 62 Էմմի մրցանակի՝ 2002 թվականին հաղթելով «Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում։ Էմմիից բացի սիթքոմը արժանացել է Ոսկե Գլոբուս, Բրիտանիայի հեռուստաակադեմիայի, Կինոդերասանների գիլիդայի, և այլ մրցանակների։

Վերադառնալով Չենդլեր Բինգին։ Չենդլերը վեց ընկերներից մեկն էր, ապրում էր Նյու Յորքում։ Աշխատում էր խոշորագույն անդրազգային կորպորացիաներից մեկի վիճակագրական վերլուծության և տվյալների վերակոնֆիգուրացիայի բաժնում, բայց ինքն էլ չգիտեր, թե «ում են պետք» այդ թվերը։ Սիթքոմի ավարտին մոտ՝ 9-րդ եթերաշրջանում, Չենդլերը թողնում է աշխատանքը և գործի անցնում գովազդային գործակալությունում։ Աշխատում է որպես copywriter, այսինքն՝ տեքստեր է գրում, որոնք պիտի լինեն սուր, ազդեցիկ, արդյունավետ։

Իսկ Չենդլերը հենց այդպիսին էր՝ սուր ու ազդեցիկ, հեգնական հումորով, բայց ոչ այնքան հաջող սիրավեպերով։ Բայց սա միայն մինչև 7-րդ եթերաշրջանը։ Չենդլերն ամուսնանում է Մոնիկայի հետ, իսկ սիթքոմի վերջին եթերաշրջանում նրանք երկվորյակների են որդեգրում։

«Ընկերներ» սիթքոմի նկարահանումները սկսվեցին, երբ երիտասարդ Մեթյուն հանրաճանաչությունից բացի նաև գումարի կարիք ուներ։ Հայտնի դառնալու մասով հարցերը շատ արագ լուծվեցին, գումարի մասով՝ ևս։ Առաջին եթերաշրջանում գլխավոր դերակատարները ամեն էպիզոդի համար 22.500 դոլար էին ստանում, երրորդ եթերաշրջանում՝ 75.000 դոլար, իսկ տասներորդ եթերաշրջանում՝ մեկ միլիոն դոլար։ Բայց այդ ընթացքում անգամ պարզ էր արդեն, որ Մեթյուի խնդիրները ո՛չ գումարն է լուծելու, ո՛չ էլ հայտնիությունը։ Ավելին՝ ամեն բան ավելի ծանր էր դարձել։

Այստեղ որպես ամփոփում կարևոր է նաև նշել, որ «Ընկերներ» սիթքոմից բացի Մեթյու Փերին նկարահանվել է նաև ֆիլմերում։ Առավել հայտնի ֆիլմերից են՝ «Շտապում են հիմարները» (1997), «Մի ամբողջ ինը յարդ» (2000), «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (2009)։

ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆ՝ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Մեթյուի գլխավոր հակառակորդն այս կյանքում կախվածությունն էր ալկոհոլից և թմրանյութերից։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Մեթյուն պատմում էր, որ ալկոհոլ սկսել է օգտագործել դեռ 14 տարեկանում։ Առաջին անգամ դերասանը վերականգնողական փուլ անցավ 1997 թվականին, բայց դրական դինամիկայից ուրախանալը վաղ էր, որովհետև ընդամենը երեք տարի անց նա հոսպիտալացվեց՝ կախվածության հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով։

1997 թվականից սկսած Մեթյուն բուժման 15 կուրս է անցել ու ծախսել մոտ 9 միլիոն դոլար։ Բոլոր փորձերը սկսվում էին մի նշույլ հույսից ու ավարտվում այդ հույսի կորուստով։ Կար ժամանակ, երբ Մեթյուն կարող էր օրական մեկ լիտր օղի խմել եւ 30 հաբ թմրանյութ օգտագործել։ 2018-ին նրա կյանքը երկու շաբաթ կոմայում գտնվելուց հետո հրաշքով են փրկել։

«Չես կարող 28 օրում ազատվել կախվածությունից, որը 30 տարի տանջել է քեզ»:

Երբ թվում էր, որ Մեթյուն անցել է կյանքի ամենածանր փուլը ու պիտի գնա վաստակած հանգստի՝ գրքի հրատարակումից մեկ տարի անց աշխարհին ցնցեց նրա մահվան լուրը։

Մեթյուի Փերիին վերջին օրերին հրաժեշտի խոսքեր են ասում աշխարհի բոլոր ծայրերում ապրող միլիոնավոր երկրպագուները։ Իսկ նրա ընկերները՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Դեյվիդ Շվիմերը և Մեթ Լեբլանը, համատեղ հայտարարության մեջ ընդգծել են ամենակարևորը՝ «նկարահանման հրապարակում մենք ավելին էինք, քան, պարզապես, գործընկերներ: Մենք ընտանիք էինք»:

Այս ընտանիքի կապը պահպանվում էր անգամ նկարահանումների ավարտից տասնյակ տարիներ անց։ Էկրանից այն կողմ նրանց մտերմությունը Մեթյուի համար մշտապես եղել է էներգիայի կարևոր աղբյուր։ Դերասան֊ընկերների մտերմությունն արտահայտվում էր չլուսաբանվող հանդիպումներից մինչև հանրային սիրո խոստովանություններ։ Մեկ այլ օրինակ էր, երբ Մեթյուի մահից հետո տեղեկություն տարածվեց, որ Լիզա Քուդրոուն պատրաստվում է որդեգրել Մեթյուի շանը։ Իհարկե, հետո պարզվեց, որ շունը վաղուց Մեթյուի նախկին հարսնացուի մոտ է և շանը որդեգրելու կարիք չկա, բայց ընկերների ու մեկը մյուսի մասին հոգ տանելու պատմությունները Friends-ի ընտանիք դարձած ընկերների միջև բազմաթիվ են։


✍️ Նանե Մանուկյան / PAN