MDMA-ի «բուժական» դոզան ու առիթից օգտվող գիտնականները. Էքստազին մահացու թշնամի՞ է, թե` փրկօղակ
Սթրեսային իրավիճակում կամ հոգեբանական ծանր պահին բոլորս երազում ենք ինչ֊որ կախարդական միջոցի մասին, որն անմիջապես կլուծեր մեր խնդիրները կամ էլ գոնե կթեթևացներ դրանք։ Ավստրալիան այս առումով դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես որոշել է հոգեթերապիայի մեջ օգտագործել թմրանյութ համարվող MDMA-ը։
Այս բեկումնային որոշումն Ավստրալիային դարձնում է աշխարհում առաջին երկիրը, որը նման հոգեբուժական թերապիա է առաջարկում լայն հանրությանը։ Փոփոխությունը թույլ կտա «լիազորված հոգեբույժներին օրինական կերպով հատկացնել այս նյութերը հիվանդներին:
ԱՅԲՈՒԲԵՆԸ
Նախ մանրամասն հասկանանք, թե ինչ է MDMA-ը։ MDMA-ը, կամ ավելի շատ մարդկանց էքստազի անունով հայտնի «զանգվածը» սինթետիկ թմրանյութ է և գործում է որպես խթանիչ ու հալյուցինոգեն: Այն էներգիա սնուցող ազդեցություն ունի, ժամանակի և ընկալման աղավաղումները հիմնական կարճաժամկետ հետևանքներից են, իսկ ամենապրիմիտիվ մակարդակում սա թմրանյութ է։ Եղածներից պակաս վտանգավորը, գուցե, ակումբներում ամենատարածվածն ու պոպուլյարը:
Ավստրալիայի օրինական առաջին պաշտոնական որոշումն է, բայց հակասական մեկնաբանությունների շարքում հաստատ առաջինը չէ։ Էքստազին հաճախ օգտագործվում է «բուժական» նպատակներով և սա թմրամիջոցն ընդունելու ամենատարածված ձևն է: Հետազոտողները պարզել են, որ էքստազիի հաբերը պարունակում են ոչ միայն MDMA, այլև մի շարք այլ դեղամիջոների համակցություններ, որոնք կարող են վնասակար լինել: Փողոցում կամայական մեքսիկ դիլլերից գնված էքստազի հաբերը պարունակում են նաև մետամֆետամին, կետամին, կոֆեին, էֆեդրին, դեքստրոմետորֆան, հերոին, ֆենցիկլիդին և կոկաին:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ
MDMA-ն ընդունելուց հետո մարդը սկսում է զգալ ազդեցությունը միջինում 45 րոպե անց: Այս ազդեցությունները հասնում են գագաթնակետին առաջին անգամ զգացվելուց 15-30 րոպե հետո և տևում են միջինը 3 ժամ, չնայած կողմնակի ազդեցությունները կարող են առաջանալ անգամ օրեր անց: Ավելի վտանգավոր է այն, որ մարդիկ հաճախ ընդունում են դեղամիջոցի երկրորդ չափաբաժինը, քանի որ առաջին դոզայի ազդեցությունը սկսում է անհետանալ, և սա կրկնապատկում է կողմնակի ազդեցությունների վտանգը։
MDMA-ը, որը հաճախ կոչվում է «էքստազի» կամ «մոլլի», կրճատված մեթիլենդիօքսիմետամֆետամինն է։ Այն ազդում է ուղեղի աշխատանքի վրա՝ հիմնականում անջատելով նեյրոհաղորդիչ սերոտոնինը։
MDMA-ն առաջին անգամ սինթեզվել և արտոնագրվել է գերմանական Merck դեղագործական ընկերության կողմից 1912 թվականին, բայց միայն 1970-ական և 1980-ականներին հոգեբույժները սկսեցին օգտագործել այն թերապիայի մեջ։ Դրա հոգեակտիվ ազդեցությունները լայնորեն հայտնաբերվեցին մինչև 1976 թվականը, երբ Ալեքսանդր Շուլգինը մշակեց նոր սինթեզի մեթոդ, փորձարկեց դեղամիջոցն իր վրա և այն կիսեց մի քանի հոգեթերապևտների հետ: Քանի որ թմրանյութը մեծացնում է կարեկցանքը և նվազեցնում վախը, այն սկսեց օգտագործվել հոգեթերապիայի պրակտիկայում 1970-ականներին և 80-ականների սկզբին։ Մարդիկ այն նաև սկսեցին օգտագործել պարզապես նյարդրերը թուլացնելու ու հանգստացնելու համար։ MDMA-ի դեղաբանական ազդեցությունը հետևյալ կերպ է աշխատում՝ ուղեղում անջատվում են էնդորֆին, սերոտոնին, դոպամին և նորեպինեֆրին և օգտագործողն անմիջապես դառնում է էներգիայով լեցուն, շատ շփվող ու սիրառատ։ MDMA ընդունող մարդիկ պատմում են էներգիայի, կարեկցանքի, և հաճույքի զգացումների մասին։
ՄԱՀԱՑՈՒ ԹՇՆԱՄԻ՞, ԹԵ ՓՐԿՕՂԱԿ
Իհարկե, հենց այնպես չէ, որ այս դեղամիջոց֊թմրանյութը երբեմն հոգեթերապևտին է փոխարինում, երբեմն էլ օգնում նրան։ Մինչև ավստրալական օրինակը, MDMA-ը պաշտոնապես օրինական կամ հաստատված չէր կլինիկական օգտագործման համար, բայց, ինչպես ասում են՝ դժվարն առաջինն է։ ԱՄՆ֊ում, օրինակ, կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները չափազանց խոստումնալից են, և արդեն այս տարի MDMA-ի օգնությամբ հոգեթերապիան կարող է հաստատվել պաշտոնապես։
MDMA-ի օգնությամբ հոգեթերապիայի կամայական սեանսը ներառում է 120 մգ MDMA-ի ընդունում։ Սրան հաջորդում է կամընտիր 40 մգ կես դոզա, որը տրվում է նախնական դոզայից մոտ երկու ժամ հետո՝ թերապևտիկ ազդեցությունը երկարացնելու համար: Ազդեցությունը կարող է տևել մինչև ութ ժամ, որի ընթացքում հիվանդը հնարավորություն ունի զրուցելու թերապևտի հետ։ Ընդհանուր առմամբ, հիվանդները ստանում են երկու կամ երեք սեանս 12 շաբաթվա ընթացքում:
Հիվանդները, ովքեր ցանկանում են փորձել MDMA-ի օգնությամբ հոգեթերապիա, պետք է դա անեն կլինիկական փորձարկման համատեքստում: Կան որոշ հակացուցումներ, բայց ճիշտ չափաբաժնով և միայն մասնագետի ուղղորդմամբ MDMA-ի ընդունումն իրականում իսկապես կարող է բուժման համար արդյունավետ գործիք լինել։
Ամերիկացի թերապեևտ դոկտոր Յեհուդան իր մասնագիտական փորձին հղում անելով ասում է, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում, օրինակ, MDMA-ի օգնությամբ հոգեթերապիան ցույց է տվել ավելի մեծ թերապևտիկ արդյունավետություն, քան ցանկացած այլ հոգեթերապիա։ Մասնագետի խոսքով՝ MDMA-ի օգնությամբ հոգեթերապիա ստացող հիվանդների ավելի քան երկու երրորդն այլևս չուներ PTSD, երբ ստուգվում էր մեկ տարի անց: Հետազոտողները վերագրում են այս արդյունքները MDMA-ի եզակի ունակությանը, որը թույլ է տալիս հիվանդներին քննարկել տրավմատիկ հարցերը՝ առանց ուղեկցող ցավը զգալու, ինչը նրանց հնարավորություն է տալիս լուծել խնդիրն առավել արդյունավետ ու ատրավմատիկ կերպով։
Ի դեպ, պարզվում է, որ ոչ բոլոր գիտնականներն են զբաղված միայն օրինական աշխատանքով։ Ճապոնիայում դեռ երեք տարի առաջ դեղագործական գիտությունների պրոֆեսորին մեղադրեցին թմրամիջոցների տարածման մեջ, երբ պարզվեց, որ նա իր լաբորատորիայի ուսանողներին և գիտաշխատողներին հրահանգել է որպես ուսումնական պլանի մաս պատրաստել անօրինական MDMA։ Իհարկե, գնահատելի է աշխատանքային միջավայրի հնարավորություններն օգտագործելու այս փորձը, բայց այն առնվազն օրենքի սահմաններում չէր, իսկ բարոյական մասը թողնենք ինքնավերլուծության համար։
Ի ՎԵՐՋՈ՝ ՍԱ ԹՄՐԱՆՅՈՒԹ Է
Իհարկե, ռիսկերի մասին մոռանալ ևս պետք չէ, որովհետև սա, ամեն դեպքում, թմրամիջոց է։ Վերջին տարիներին արված հետազոտությունները ցույց են տալիս, որ MDMA-ը կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել կանանց համար, քան տղամարդկանց։ Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային հետազոտության, MDMA ընդունող կանայք չորս անգամ ավելի շատ են հայտնվում հիվանդանոցներում և դիմում շտապօգնության, քան տղամարդիկ։ Ազդեցության գենդերային տարբերությունները հատկապես ընդգծվում են այն պնդմամբ, որ կանանց մոտ տրամադրության տատանումներն ու իրավիճակային սուր արձագանքներն ավելի ընդգծված են։
Եվ, հերթական անգամ պետք է ընդգծել ու հիշել, որ մենք խոսում ենք թմրամիջոցի մասին։ Ընդամենը մեկ օր առաջ պարզ դարձավ, որ Սոմերսեթում MDMA-ի մահացու չափաբաժին ընդունելու հետևանքով դեռահաս տղա է մահացել։ Քանի դեռ այդ հաբերն օգտագործվում են առանց մասնագետի վերահսկողության և ըստ կարիքի, դրանք ոչ այլ ինչ են, քան կյանքին սպառնացող ուղիղ վտանգ։