Մերկ իրականությունը, արգելված ու թանկ պտուղը. Էրոտիկ լուսանկարչություն՝ պարզ զվարճանքից մինչև վակխանալիա
Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել ու հավերժացնել իրենց արտաքինը համեմատաբար վերջերս։ Եկեք ընդունենք, որ մեկ, երկու և անգամ երեք դարը պատմության կտրվածքով կարելի է «վերջերս» համարել։ Մի հետաքրքիր դիտարկում կա, որ ոչ այնքան հաճախ է ուշադրության արժանանում, բայց երբ մարդիկ վերջապես սկսեցին լուսանկարվել, պարզվեց՝ այդ պատկերները կարելի է օգտագործել ոչ միայն որպես լավ հիշողություններն անմահացնելու միջոց, այլև… մարմնական հաճույքի համար։ Ինչպե՞ս էին մարդիկ օգտագործում լուսանկարվելու հնարավորությունը, ի՞նչ էին ակնկալում տեսնել իրենց լուսանկարներում և հատկապես՝ ի՞նչ նպատակներով էին լուսանկարվում։ Այս անգամ PAN-ը փնտրել ու գտել է այս հարցերի պատասխանները:
ԷՐՈՏԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՐԶ ԶՎԱՐՃԱՆՔ
19-րդ դարում էրոտիկ լուսանկարչության «հաղթարշավը» սկսվեց որպես պարզ զվարճանք։ Բայց ինչպես հաճախ է լինում՝ այն, ինչ սկսվում է կատակով, վերջում այնքան էլ կատակի թեմա չէ։ Այս լուսանկարները կարճ ժամանակում դարձան ավելին, քան պարզապես հաճույքի աղբյուր։ Դրանք դարձան մարմնի «ազատագրման» խորհրդանիշ մի հասարակության մեջ, որտեղ բոլորը մտածում կամ խոսում էին սեռականության մասին, բայց... ոչ ոք չէր համարձակվում այն ցուցադրել։
Կարելի է ասել, որ էրոտիկ լուսանկարչությունը որպես ժանր իր հիմքերը դրեց հենց 19-րդ դարում։ Գլխավոր դերերում Ֆրանսիան ու Անգլիան էին։ Ֆրանսիացիներն «արտադրում» էին, անգլիացիները՝ «սպառում»։ Դասական բաժանում է, չէ՞։ Այս դարաշրջանի լուսանկարչական զարգացումներն ուսումնասիրող գրքերն են փաստում, որ Ֆրանսիան էրոտիկ լուսանկարների ստեղծման ու տարածման գրեթե մենաշնորհային դիրք ուներ։ Մյուս կողմից՝ Անգլիայում մարդիկ պարզապես խելագարի պես սպառում էին այդ լուսանկարները։
Իհարկե, իշխանությունները չէին կարող հանգիստ նստել ու որևէ կերպ չսանձել այդ պահին դեռևս անհասկանալի, բայց ահագնացող ալիքը։ Ֆրանսիայում օրենք ընդունեցին, ըստ որի ոչ մի լուսանկար չէր կարող վաճառվել առանց կառավարության թույլտվության։ Մի պահ պատկերացրեք՝ պետք է գնալ պետական պաշտոնյայի մոտ ու ասել.
«Ներեցեք, կարո՞ղ եմ այս մերկ լուսանկարը վաճառել»։
Օրենքը խստացավ, մարդիկ էլ ավելի խորամանկ դարձան։ Ֆրանսիացի պատմաբան Միշել Ֆուկոն այս ժամանակաշրջանն անվանել է «սեքսի շուրջ իսկական դիսկուրսիվ պայթյուն»։ Բոլորս էլ գիտենք, թե ինչպես է ընդունված. որքան շատ ես ինչ-որ բան արգելում, այնքան ավելի հետաքրքիր ու գրավիչ է այն դառնում։ Իհարկե, իշխանությունները փորձում էին սահմանափակել վակխանալիան, բայց որքան շատ էին խոսում սահմանափակումներից, այնքան հետաքրքրվողների թիվն աճում էր։
Մի փոքր առաջ անցնելով՝ հիշենք, որ Ֆրանսիայում դեռ 20-րդ դարասկզբին բացիկներ էին պատրաստվում, որոնք չափազանց անկեղծ և նույնիսկ գռեհիկ էին շատերի համար: Ոչ պաշտոնապես դրանք կոչվում էին «Ֆրանսիական բացիկներ»: Այս բացիկները փոստով ուղարկելն ապօրինի էր, հետևաբար մարդիկ գաղտնի էին փոխանակվում դրանցով:
Առհասարակ, նմանատիպ «բաց» լուսանկարներ անելը բավական շահավետ զբաղմունք է եղել լուսանկարիչների համար, սակայն այդ շրջանում նրանք խիստ գաղտնի են գործել։ Էրոտիկ լուսանկարչությամբ զբաղվողները մականուններ են օգտագործել, որպեսզի վնաս չհասցնեն իրենց կարիերային ու համբավին, և խնդիրնեն չունենան օրենքի հետ: Ի դեպ, «Ֆրանսիական բացիկների» գրեթե բոլոր հերոսների և լուսանկարիչների անունները մինչ օրս անհայտ են:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ՌԱԶՄԱԴԱՇՏՆ ՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ
Այս շրջանում մեկ այլ հետաքրքիր դիսկուրս առաջ եկավ։ Առողջ և ուժեղ մարմին ունենալու հարցը կարևորվում էր հատկապես ռազմական տեսանկյունից։ Դե, իսկ սեռական ակտիվությունը, որը եկեղեցական շրջանակներում դիտարկվում էր որպես մարմնի հյուծման և բանականության թուլացման պատճառ, նույնկերպ էր ընկալվում նաև առավել լայն շրջանակներում։
Այլ կերպ ասած, պետությունը մտահոգված էր ոչ միայն հարցի բարոյական կողմով, այլև՝ խիստ ռազմական։ Պատկերացրեք՝ մարդու մարմինը դիտարկվում էր որպես «ազգային անվտանգության գործիք»։ Տպավորություն էր, թե մարդիկ մարտկոց են, որոնց էներգիան պետք էր խնայողաբար օգտագործել։
Հաստատ չեք զարմանա, եթե փաստենք, որ էրոտիկ լուսանկարները հիմնականում տղամարդկանց համար էին։ Իսկ կանանց կյանքում 1840-ականներին ակնհայտորեն փոխվում էր հագուստի շուրջ ընտրությունը։ Այս շրջանում պոպուլյար դարձավ ներքնազգեստը, որոնք չես տեսնում, բայց… լսում ես։ Կտորի շրշյունը մատնում էր դրա ներկայությունը։
Ինչևէ, վերադառնանք լուսանկարչությանը։ Այս շրջանում հայտնվում է նաև լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջը՝ իր հետաքրքիր գիտափորձերով։ Նա լուսանկարում էր մերկ կանանց՝ իբր ուսումնասիրելով շարժման բնույթը։ Իսկ, որ առավել հետաքրքիր է, այդ ընթացքում կանայք զբաղված էին տնային գործերով՝ երեխայի խնամք, մաքրություն և այլն։ Շարժման ուսումնասիրության իր փորձերը լուսանկարիչն անում էր նաև տղամարդ մոդելների հետ, բայց այս դեպքում տղամարդիկ ցուցադրում էին միայն իրենց մարմնի ուժը։ Այսինքն՝ այստեղ ևս հստակ տարանջատված էին կանանց ու տղամարդկանց դերերը, անգամ՝ մերկ լուսանկարների պարագայում։
Անցնենք արժեքներին։ Էրոտիկ լուսանկարները ոչ միայն արգելված պտուղ էին, այլև թանկ։ Մեկ էրոտիկ լուսանկարն արժեր 36 ֆրանկ։ Համեմատության համար՝ միջին բանվորը շաբաթական վաստակում էր ընդամենը 5 ֆրանկ։ Այսինքն՝ մեկ նկարի համար պետք էր աշխատել գրեթե երկու ամիս։ Ստացվում է, որ էրոտիկ լուսանկար ունենալը շքեղության նշան էր, որն իրեն կարող էր թույլ տալ միայն բավականին հարուստ մարդը։ «Ցածրակարգ արվեստի» դրսևորում համարվող լուսանկարները, փաստորեն, միայն բարձր խավի համար էին։
Ֆրանսիայի օրենսդրական համակարգը քննարկեցինք, բայց Անգլիայում ամեն բան շատ ավելի հետաքրքիր էր։ Անգլիայում պոռնոգրաֆիկ նյութեր ունենալն ինքնին հանցագործություն չէր, բայց եթե քեզ մոտ գտնում էին այդպիսի նյութեր, ապա միանգամից հայտնվում էիր բժշկի մոտ։ Այո՛, դա համարվում էր ոչ թե հանցագործություն, այլ հիվանդություն։ Հատկապես վտանգավոր էր համարվում այն, որ մարդիկ սկսում էին սեռական բովանդակություն տեսնել սովորական առօրեական իրավիճակներում։
Կրկին հիշեցնենք, որ խոսում ենք 19-րդ դարի մասին։ Հասարակական նորմերն ու մշակութային ընկալումները հենց այս շրջանում էին փոփոխվում, բայց բազմաթիվ կարծրատիպեր ու պատկերացումներ, որ ձևավորվեցին այն ժամանակ, շարունակում են արդիական մնալ նաև մեր օրերում։ Էրոտիկ լուսանկարների «մուտքը» մարդկանց կյանք ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հասարակության շրջանում հակասությունների ու հակադրությունների պակաս չկա։ Մի կողմից՝ խիստ արգելքներ ու բարոյականություն, մյուս՝ գաղտնի հաճույքներ ու թանկարժեք «արգելված պտուղներ»։ Ու կարծես այսօր էլ շատ բան չի փոխվել։