Միլոսյան Վեներան, Instagram-ի կիսամերկ աղջիկներն ու հին աշխարհի էրոտիկ պատկերները. Մարդկային մարմնի երկակի ընկալումն արվեստում
Թանգարան կամ պատկերասրահ այցելելիս, հավանաբար, նկատած կլինեք մի հետաքրքիր օրինաչափություն՝ «ինչ-որ մեկը» միշտ մերկ է։ Հազարամյակներ շարունակ մարդկային մերկ մարմինն արվեստագետների ուշադրության կենտրոնում է։ Եվ, չնայած մերկության պատկերման ձևերը ժամանակի ընթացքում փոխվել են, բարոյախոսների զայրույթը դրա նկատմամբ չի մեղմացել։
Տպավորություն է, թե մարդկության պատմության մեջ ամեն ինչ փոխվել է, բացի մերկ մարմնի հանդեպ մեր երկակի վերաբերմունքից․ մենք միաժամանակ և՛ հիանում ենք դրանով, և՛ փորձում թաքցնել այն։ Անգամ այսօր ոչ ոք հստակ չի կարողանում ասել՝ որտե՞ղ է անցնում այն նուրբ սահմանը, որտեղ ավարտվում է բարձր արվեստը և սկսվում «անպարկեշտությունը»։
ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋՆԱԴԱՐ ՈՒ ՖԵՄԻՆԻԶՄ
Մարդկային մարմինը դարեր շարունակ եղել է արվեստի կենտրոնական թեմաներից մեկը։ Այն հանդիպում է հնագույն քանդակներում, որմնանկարներում, կտավներում։ Բայց որտե՞ղ է արվեստի և էրոտիկայի միջև սահմանը, ինչն է ընդունելի, իսկ ինչը՝ ոչ։
Հին աշխարհում մերկ մարմնի պատկերումն արտասովոր երևույթ չէր։ Պոմպեյի պեղումները բացահայտեցին մի զարմանալի փաստ՝ հռոմեական որոշ տների պատեր «զարդարված էին» էրոտիկ տեսարաններով, և դա ոչ միայն նորմալ երևույթ էր համարվում, այլև՝ լավ ճաշակի նշան։ Իսկ, օրինակ, ֆալոսի պաշտամունքը հռոմեացիների համար խորն իմաստ ուներ՝ այն կապված էր բնության մահվան ու վերածննդի, անհատի վերակենդանացման և պտղաբերության արարչական ուժերի հետ։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Հին Հնդկաստանում և Չինաստանում նույնպես մարմնական սերը պատկերող արվեստը մեծ տարածում ուներ։ Հայտնի Կամասուտրան, որի հեղինակն է հնդիկ փիլիսոփա և գիտնական Վաթսյայանա Մալլանագան, նվիրված է կամայի՝ զգացմունքային ոլորտի, հուզական կյանքի, տարփանքի և սիրո թեմային։
Միջնադարում պատկերը կտրուկ փոխվեց։ Եկեղեցու ազդեցությամբ մերկ մարմնի նկատմամբ վերաբերմունքը դարձավ խիստ բացասական։ Քարոզվում էր հրաժարվել մարմնական ցանկություններից, ինչը, ի դեպ, հանգեցրեց զանգվածային ֆիզիկական և հոգեբանական խնդիրների։ Սակայն հետաքրքիր է, որ հենց այս ճնշումը հետագայում դարձավ Վերածննդի դարաշրջանի արվեստի ծաղկման կարևոր խթաններից մեկը։
14-16-րդ դարերում Վերածննդի արվեստագետները համարձակորեն վերադարձան մարդկային մարմնի գեղեցկության պատկերմանը։ Այս ժամանակաշրջանում ստեղծվեցին բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք այսօր համարվում են համաշխարհային արվեստի նմուշներ։ Հետաքրքիր է, որ ժամանակակից արվեստագետները հաճախ են նշում՝ մենք երբեմն աչք ենք փակում այն փաստի վրա, որ դասական արվեստում առկա են բազմաթիվ էրոտիկ տարրեր։
19-րդ դարում Վիկտորիանական խիստ բարոյականությունը նոր սահմաններ գծեց արվեստի և էրոտիկայի միջև։ Հենց այս շրջանում է ծնվել «պոռնոգրաֆիա» տերմինը՝ որպես առանձին երևույթ։ Սա հատկապես վառ դրսևորվեց Պոմպեյի պեղումների ժամանակ, երբ հնագետները ստիպված էին «անպարկեշտ» համարվող գտածոները թաքցնել Նեապոլի միջազգային հնագիտական թանգարանի գաղտնի պահոցներում։
1863 թվականին Մանեի «Օլիմպիայի» հայտնվելն իսկական սկանդալ առաջացրեց ֆրանսիական հասարակության մեջ։ Նկարում պատկերված մարմինն այլևս իդեալականացված չէր։ Կինը ցուցադրված էր իր իրական միջավայրում՝ հաճախորդների միջև ընկած «հանգստի» ժամին, և ամենակարևորը՝ նա իրական կին էր, ում որոշ մարդիկ անգամ ճանաչում էին։ Սա այլևս միֆական Վեներա չէր, այլ իրական մարդ՝ իր մերկությամբ։
20-րդ դարում ֆեմինիստական շարժումը բոլորովին նոր հայացք բերեց մերկ մարմնի պատկերման խնդրին։ Վերցնենք, օրինակ, 1980-ականների Guerrilla Girls ակտիվիստական խմբի հայտնի պաստառը, որը հռետորական հարց էր բարձրացնում. «Արդյո՞ք կանայք պետք է մերկ լինեն Մետրոպոլիտեն թանգարան մտնելու համար»։ Այս կերպ նրանք մատնանշում էին, որ արվեստի պատմության մեջ կանայք հիմնականում հայտնվում են որպես մերկ բնորդուհիներ, այլ ոչ թե ստեղծագործող արվեստագետներ։
ԱՐՎԵՍՏ ԵՎ ԷՐՈՏԻԿԱ․ ՎԻՃԵԼԻ ՍԱՀՄԱՆԸ
Կենտի համալսարանի արվեստի պատմության դասախոս Հանս Մաեսը հետաքրքիր դիտարկում է անում․ «սահմանները միշտ էլ եղել են անորոշ»։ Նա օրինակներ է բերում՝ Պոմպեյի խճանկարներից մինչև Գուստավ Կլիմտի կտավներ։ Եթե համեմատենք Գոյայի «Մերկ Մախան» Playboy-ի էջերի հետ, կտեսնենք, որ այդ սահմանն իսկապես շատ նուրբ է։
2014 թվականին պերֆորմանս արվեստագետ Դեբորա դե Ռոբերտիսը համարձակ քայլի դիմեց՝ մերկ ելույթ ունենալով Գյուստավ Կուրբեի «Աշխարհի ծագումը» կտավի առջև։ Նրա հարցադրումը պարզ էր ու սուր՝ ինչու է մարդկային մարմնի մեկ պատկերումը համարվում արվեստ, իսկ մյուսը՝ ոչ։ Կուրբեի այս հանրահայտ կտավում պատկերված է կիսամերկ կնոջ մազածածկ ամոթույքը։ Կինը ցուցադրված է ազդրերը լայն բացած վիճակում՝ հավանաբար պառկած մահճակալին։ Հատկանշական է, որ նկարիչն այնպես է ընտրել դիտման անկյունը, որ կնոջ դեմքը չի երևում, իսկ ազդրերով ու կրծքով սահմանափակված տեսարանը նկարին յուրահատուկ էրոտիկ շունչ է հաղորդում։
Ի դեպ, արվեստի պատմությունը լի է դեպքերով, երբ արվեստագետները տուժել են իրենց համարձակ ստեղծագործությունների պատճառով։ 1912 թվականին ավստրիացի նկարիչ Էգոն Շիլեն բանտում հայտնվեց՝ «հասարակական բարոյականությունը վիրավորելու» մեղադրանքով։ Իշխանությունները նրա արվեստանոցից բռնագրավեցին ավելի քան հարյուր նկար՝ դրանք համարելով անպարկեշտ։ Բանտում գրված իր օրագրերում նկարիչն ասում է.
«Մարդը, ով ժխտում է սեքսուալությունը, հենց ինքն է իրական անբարոյականը, քանի որ ամենաստոր կերպով արատավորում է իր ծնողներին, ովքեր նրան կյանք են տվել»։
Ժամանակակից թանգարանները հաճախ են հայտնվում բարդ էթիկական երկընտրանքների առջև։ Ինչպե՞ս ցուցադրել դասական արվեստի գործերը, որոնք պարունակում են էրոտիկ տարրեր։ Աշխարհի առաջատար թանգարանները, պատկերասրահները և մշակութային հաստատությունները միահամուռ պնդում են՝ արվեստի պատմության մեջ առկա մերկ մարմինների, այդ թվում՝ երեխաների պատկերումները, չպետք է դիտարկել մեր օրերի չափանիշներով։
Տարբեր հասարակություններում և իրավական համակարգերում գործում են տարբեր սահմանումներ և կանոնակարգեր սեռական բովանդակության և դրա գեղարվեստական դասակարգման վերաբերյալ։ Քննադատները նշում են մի կարևոր հանգամանք՝ և՛ արվեստը, և՛ էրոտիկան կարող են շահագործել սուբյեկտներին։ Սակայն պետք է ընդունել, որ արվեստագետների մտադրությունները և մոտեցումները ևս կարող են էապես տարբերվել։
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ
Թվային դարաշրջանը նոր մարտահրավերներ է առաջ բերում։ Ինչպե՞ս պահպանել ստեղծագործական ազատության և էթիկական նորմերի միջև նուրբ բալանսը։ Ի՞նչ անել նոր տեխնոլոգիաների ընձեռած անսահման հնարավորությունների հետ։
Այսօր, երբ մարդկությունը բախվում է կլիմայի փոփոխության, պատերազմների, աղքատության, անհավասարության և համաճարակների հետ, մերկության և արվեստի սահմանագծի մասին քննարկումը կարող է թվալ երկրորդական։ Սակայն այս թեման շարունակում է մնալ արդիական՝ արտացոլելով հասարակության արժեքները և զարգացման ուղղությունը։
Մարդկային մարմինը միշտ էլ ոգեշնչել է արվեստագետներին, կինոռեժիսորներին, բանաստեղծներին, պարողներին։ Նրանք փորձել են արտահայտել իրենց խոհերը սիրո, բռնության, համաձայնության կամ ֆետիշիզմի մասին՝ յուրովի մեկնաբանելով մարդկային մարմինը։
Պատմությունը ցույց է տալիս, որ արվեստն ու մերկությունն անբաժանելի են։ Դրանք հայելու պես արտացոլում են մեր մշակույթն ու ինքնությունը։ Արվեստագետները վստահ են, որ քանի դեռ մարդկությունը չի դադարում փնտրել գեղեցկությունն ու ճշմարտությունը, այս երկու երևույթը կշարունակեն գոյակցել՝ երբեմն ներդաշնակ միասնության, երբեմն էլ՝ սուր հակասության մեջ։
Մեկ այլ ընկալում էլ կա, ըստ որի մարդկային մարմնի շուրջ ծավալվող ամբողջ աղմուկն ու իրարանցումը բխում են մեր սեփական ներքին հակասություններից։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ Instagram-ը ողողված է կիսամերկ լուսանկարներով, բայց շարունակում ենք թեժ վեճեր ծավալել Ռուբենսի կտավների «անպարկեշտության» շուրջ։
Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի խոսքերն այս համատեքստում հնչում են որպես յուրօրինակ պատասխան այս բանավեճին․
«Արվեստում անբարոյական ոչ մի բան չի կարող լինել, անգամ եթե այն պատկերում է կիրքը՝ իր ծայրահեղ դրսևորումներով»։
Գուցե ժամանակն է ընդունել, որ մերկությունն արվեստում նման է հայելու․ այն արտացոլում է ոչ թե իրականությունը, այլ մեր վերաբերմունքը դրա հանդեպ։ Եվ քանի դեռ մարդիկ շարունակում են զարմանալ, զայրանալ կամ հիանալ մերկ մարմնով, արվեստագետները չեն դադարի պատկերել այն՝ երբեմն գեղեցիկ, երբեմն՝ տգեղ, երբեմն՝ պրովոկատիվ, բայց միշտ՝ անկեղծ։ Ինչպես կասեր որևէ հին հույն փիլիսոփա (եթե ապրեր մեր օրերում), «Մերկությունը արվեստում նման է ճշմարտության․ այն կարող է անհարմար լինել, բայց երբեք՝ անպատեհ»։