#cyberPAN
February 6, 2023

Ինչպիսին կարող է լինել 2050-ի դպրոցը. Մետավերսում կրթություն ստանալուց մինչև ադմինիստրատիվ խնդիրների օպտիմալացում

Օրերս ռուսաստանցի մի ուսանող ChatGPT չատ բոտի միջոցով գրել է դիպլոմային աշխատանք ու ստացել բարձր գնահատական: Ակնհայտ է, որ նորագույն տեխնոլոգիաների զարգացումը արմատական փոփոխություններ է բերում բոլոր ոլորտներում, խոսքը հատկապես վերաբերում է կրթության ոլորտին: Կարելի է տարբեր կանխատեսումներ անել ոլորտի ապագայի մասին՝ ամենամռայլից մինչև ամենալուսավոր, սակայն փաստը մնում է փաստ, որ կրթությունն այն տեսքով, որով մենք գիտենք հիմա, զգալիորեն փոխվելու է առաջիկա 20-25 տարիներին:
BBC Science Focus պարբերականի վերլուծաբան Հոլլի Սփանները փորձել է պատկերացնել, թե ինչպիսին կլինի կրթությունը 2050-ին: PAN-ը ներկայացնում է հոդվածը՝ հայերեն:

Անկասկած, վերջին տարիներին մեր տեսած ամենամեծ զարգացումը կապված է ՏՏ ոլորտի ձեռքբերումների հետ, հետևաբար` կարող ենք համոզված լինել, որ դրանք ապագայում ևս կարևոր դեր են խաղալու։ Վերջին հարյուր տարում կրթության ավանդական մոդելը գրեթե չի փոխվել. աշակերտները տարիքին համապատասխան կիսված են դասարանների, իսկ կրթական ծրագիրը բաժանված է առարկաների։ Միաժամանակ, կրթության մոդելն այս ընթացքում ադապտացվել է` հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ու քաղաքական փոփոխությունները, էլ չենք խոսում համավարակի հետ կապված ցնցումների մասին։

Քիչ հավանական է, որ այս փորձված մոդելը կարող է արմատական փոփոխությունների ենթարկվել առաջիկա 25 տարիներին, ավելի շուտ այն կշարունակի ադապտացվել մեր զարգացող աշխարհին։

2050-ին էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաները հարմարավետ ձևով ներդրվելու են դասարաններում։ Վերամշակումը կդառնա սովորական, դպրոցներում ու համալսարաններում անհնարին կլինի գտնել մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակներ։ Որոշ դպրոցներ, հնարավոր է, էլ ավելի առաջ գնան` օգտագործելով ուղղահայաց ֆերմաներ, որոնք աճեցնում են սովորողները՝ որպես կրթական ձեռնարկ ու կայուն ռեսուրս տեղի համայնքի համար։

Կրթության ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը տեղի է ունենալու աստիճանաբար ու պրակտիկ ձևով։ Դասասենյակի տոտալ տեխնոլոգիական վերափոխման փոխարեն, որը դպրոցները կարող է գրեթե անճանաչելի դարձնել, օրակարգում կլինեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումն ու նոր տենդենցների կիրառման նկատմամբ մշտական ջանքերը` ինչը շատ ավելի հասանելի կդարձնի ավելի մեծ ծավալի ինֆորմացիան։

Ինֆորմացիայի հասանելիության ապահովման միջոցները նույնպես փոխվելու են։ Առցանց ուսուցման պլատֆորմներից անցում կկատարվի ավելի անձնականացված ուսուցման, իսկ վիրտուալ ու համալրված իրականության (Augmented reality - AR) միջոցների ներդրումը թույլ կտա ուսուցման մեթոդները ավելի ինտերակտիվ դարձնել։

Ուսանողներին աշխատանքի ավելի լավ պատրաստելու համար ավելի մեծ ուշադրություն կդարձվի համագործակցությանն ու խնդիրների լուծմանը, ոչ թե կրթական ավանդական մեթոդներին` հիմնված լեկցիաների ու կոնսպեկտների վրա։

Ստորև` մի քանի միջոց, որոնց շնորհիվ 2050-ի դպրոցը լրիվ այլ տեսք կունենա։

ԴԱՍԱՍԵՆՅԱԿԸ՝ 2050-ԻՆ

Դասասենյակ մտնելիս կենսաչափական սքանավորումը թույլ կտա սովորողներին գրանցվել` հեշտացնելով սովորական մատյանային գրանցման խառնաշփոթը։ Ուսուցիչները կկարողանան ավտոմատ կերպով համադրել այցելությունների մասին տվյալներն ու ավելի հեշտությամբ գնահատել ուշացումների օրինաչափությունները։

- Ընկեր Մազմանյան, արևն ընկնում ա աչքերիս, բան չեմ տեսնում։

Ապագայի դպրոցներում կարիք չի լինի պայքարել ծանր վարագույրների կամ փոշով պատված ժալյուզիների հետ, մենք կունենանք խելացի ապակի։ Պատուհանները կկարողանան ավտոմատ կերպով կարգավորել իրենց երանգը` արտաքին պայծառությունը կոմպենսացնելու, մեր աչքերն ու գաջեթների էկրանները պաշտպանելու համար։

Օդի միջին ջերմաստիճանը շարունակելու է աճել, 2050-ին այդ տենդենցը կպահպանվի ավելի տաք ու չոր ամռան, ավելի տաք ու խոնավ ձմռան տեսքով։ Հետևաբար, օդորակիչներով դասասենյակները կդառնան նորմա։ Սակայն այդ օդորակիչները կլինեն ավելի մաքուր, էֆեկտիվ ու կայուն, օդամաքրման ներդրված համակարգով` օդից թույներն ու փոշին հեռացնելու համար։

2050-ին 3D պրինտերները ստանդարտ սարքավորումներ կլինեն թե տանը, ու թե դպրոցում։ Որպես կրթական ձեռնարկ դրանք անփոխարինելի կդառնան` թույլ տալով ուսուցիչներին ավելի ճկուն ձևով բացատրել բարդ հասկացությունները։

Սովորողները կկարողանան ֆիզիկապես մանիպուլացնել օբյեկտները` ինֆորմացիայի ավելի լավ վերլուծման, վիզուալ ընկալման ու կոգնիտիվ կրթության համար։ Բացատրել ու ցույց տալ աչքի կառուցվա՞ծքը։ Հեշտությամբ։ Ուսումնասիրել հնագիտական նյութերն առանց դրանք վնասելո՞ւ։ Խնդիր չկա։ Հասկանալ արդեն հնացած ներքին այրման շարժիչի աշխատա՞նքը։ Հիմա տպեմ։

ՀԱՄԱԼՐՎԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՐՀԵՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2050-ին արհեստական բանականության (AI) կողմից կառավարվող ադապտիվ ուսուցման համակարգերը ներդրվելու են դպրոցական միջավայրում։ Անհատականացված կրթական պրոցեսը հաշվի է առնելու ուսուցման ոճերն ու ստեղծելու է ադապտիվ գնահատականներ, որոնք, կախված առաջադիմությունից, ճշգրտվելու են իրական ժամանակում։

AI-ը կարելի է օգտագործել նաև աշակերտների աշխատանքի վերլուծության, անգամ` ապագա առաջադիմության կանխատեսումների համար` օգնելով ուսուցիչներին հասկանալ, թե որ սովորողները կարիք ունեն լրացուցիչ աջակցության՝ մինչև նրանց հետ ընկնելը։

Սովորողները կկարողանան անմիջապես կրթական աջակցություն ստանալ առաջարկվող ոլորտներում` ավելի անհատականացված գիտելիքներ ստանալու համար, որոնք հաշվի կառնեն աշակերտի ուժեղ և թույլ կողմերը։ Այս կոնցեպտը նոր չէ։ Ուսուցման ինտելեկտուալ համակարգերը (ITS) առաջարկվում են տասնամյակների շարունակ, սակայն AI-ը զգալիորեն կհեշտացնի այս խնդիրը։

Անցումն ավելի տպավորիչ ու ինտերակտիվ ուսուցման կապահովվի նաև համալրված իրականության ու արհեստական բանականության ոլորտներում ձեռքբերումների կիրառման միջոցով։ Ինտերակտիվ գրատախտակները համալրված կլինեն AR տեխնոլոգիաներով, որում վիրտուալ օբյեկտները վերադրվելու են իրական աշխարհի վրա, ինչը հատկապես օգտակար է լինելու STEM առարկաների համար` թույլ տալով սովորողներին վիրահատել թվային մարդկային ուղեղ, վերլուծել քիմիական միացությունները Յուպիտերի ամպերում ու համեմատել դինոզավրերի չափերը։

Ու քանի որ արհեստական բանականությունն ավելի հասանելի է դարձել, օրինակ` վերջերս գործարկված ChatGPT-ն, որը հարցմանն ի պատասխան կարող է գեներացնել բարդ տեքստեր, նույնը տեղի կունենա պլագիատի հայտնաբերման համար նախատեսված նոր ծրագրային ապահովման հետ։ Այնպես որ, ուսանողների ուրախությունը երկար չի տևի։

ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համավարակի հետևանքով մեծ ուշադրություն հատկացվեց հեռավար կրթությանը։ Կանխատեսումների համաձայն, 2050-ին աշխարհի բնակչությունը կհասնի 9.8 մլրդի, սպասվում է, որ այդ ժամանակ ինտերնետը հասանելի կլինի մարդկանց մոտ 90%-ին, հետևաբար, լրիվ հնարավոր է, որ դասարանները համալրվեն վիրտուալ միջոցներով տնից հեռավար ուսուցում ստացող աշակերտներով, ինչը թույլ կտա մեծացնել դասարանները։

Իսկ աշակերտների թվի աճի հետ ուսուցիչները հույսները պետք է դնեն AI-ի կողմից որոշ ասպեկտների ավտոմատացման վրա, խոսքը վերաբերում է, օրինակ, ադմինիստրատիվ խնդիրներին, ինչպիսիք են գրանցումն ու գնահատականներին հետևելը։ Դա թույլ կտա ապահովել լավագույն սպասարկում` կենտրոնանալով բուն կրթական գործընթացի վրա։

Քիչ հավանական է, որ ինտերնետն անհետանա 2050-ին։ Սակայն այն փոխվելու է։ Մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են կոշտ սկավառակների վրա վիրտուալ պահեստարանները փոխարինվում ամպերով. անավարտ փաստաթղթերը հասանելի են մի քանի սարքավորումներից ու ցանկացած տեղից, ու, հավանաբար, ցանցին միանալու հնարավորությունների ընդլայնման այս տենդենցը կպահպանվի։

5G-ն կմնա անցյալում, սակայն գերարագ ցանցերը կմնան, ու մենք կարող ենք սպասել, որ ժամանակի հետ կհայտնվեն ավելի շատ հավելվածներ ու ծառայություններ, որոնք ինտենսիվ կերպով տվյալներ են օգտագործում։

Իրերի ինտերնետի տեխնոլոգիաների օգտագործումը լայնորեն տարածված կլինի, ինտերնետին ավելի ու ավելի շատ սարքավորումներ միացված կլինեն, ինչը թույլ կտա մեծացնել ավտոմատացումն ու արդյունավետ դարձնել դպրոցական միջավայրի կառավարումը։ Օրինակ, դասարանից դուրս դուք կկարողանաք հանդիպել հավաքարար ռոբոտների, որոնք աշխատում են դասաժամերի ընթացքում։

Տնային աշխատանքները, որոշ բացառություններով, հիմնականում լինելու են օնլայն։ Դասաժամի ավարտին հանձնարարության ներբեռնումից մինչև այն հեռավար ուղարկելը սովորողները կկարողանան տեսնել իրենց կատարած աշխատանքը, կատարման տոկոսն ու հետևել ընդհանուր գնահատականներին։

Հաղորդագրությունները կզգուշացնեն սովորողներին ժամկետների երկարացման, կարծիքների ու գնահատականների մասին։ Պրոցեսին կկարողանան հետևել թե ուսուցիչները, և թե ծնողները` խնդիրները լուծելով դրանց առաջացման հետ միասին։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԵՏԱՎԵՐՍՈՒՄ

Ու իհարկե, ինտերնետի հետ գալիս են սոցցանցերը։ Իսկ 2050-ին, հավանաբար, ստեղծված կլինի մեծ Մետավերսը` համընդհանուր իմերսիվ վիրտուալ միջավայր, որում մենք ազատ կլինենք մեր մարմիններից ու կապրենք մեր սեփական թվային ավատարների տեսքով։

Վիրտուալ ու համալրված իրականության տեխնոլոգիաները, հավանաբար, բավարար զարգացած կլինեն բավականին իմերսիվ ու ինտերակտիվ կրթական միջավայր ձևավորելու համար, որը կապված կլինի իրական աշխարհի հետ. ուսուցչի բառերն ու շարժումները սահուն կերպով կփոխանցվեն իր ավատարին։

Որքան շատ անձնական ինֆորմացիա փոխանցվի ինտերնետում ու որքան շատ ժամանակ աշակերտներն անցկացնեն Մետավերսում, այնքան շատ ուշադրություն է հատկացվելու օգտատիրոջ անվտանգությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։ Մենք կտեսնենք անգամ, թե ինչպես է կիբերանվտանգությունը ներառվում որոշ առարկաներում։

Իհարկե, դպրոցները նախատեսված են ոչ միայն կրթության, այլև սոցիալական ու էմոցիոնալ զարգացման համար։ Այս առումով քիչ հավանական է, որ մետավերսը ամբողջությամբ փոխարինի իրական աշխարհը։ Դրա փոխարեն, այն համալրելու է իրական աշխարհը` գլոբալ կրթական ռեսուրսների հասանելիության ապահովման ու այլ դպրոցներից աշակերտների հետ փոխազդեցությունը հեշտացնելու համար։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճիշտ այնպես, ինչպես Star Trek-ում նավապետ Ժան-Լյուկ Պիկարը 24-րդ դարում սիրում է բացել Գերման Մելվիլի «Մոբի Դիքի» կաշվե կազմով հին տպագիր օրինակը, 21-րդ դարի կեսին ֆիզիկական գրադարանները կշարունակեն գոյություն ունենալ։

Համալրված իրականությամբ գրքերը սովորական երևույթ են լինելու, ու այնպես, ինչպես վերջին տասնամյակում Kindle-ի ու էլեկտրոնային գրքերի պոպուլյարության դեպքում էր, ընթերցանության նյութերի հասանելիությունն ավելի կհեշտանա։ Անցել են այն ժամանակները, երբ դասերից հետո տուն էինք տանում ծանր դասագրքերը։

Ապագայի ուսանողները կկարողանան վստահ լինել, որ ընթերցանության համար առաջարկվող նյութերը ձեռքի տակ են էլեկտրոնային գրքերի ու պլանշետային սարքերի միջոցով, որոնց վրա հնարավոր կլինի նշումներ կատարել թվային տեսքով կամ վիրտուալ իրականության օգնությամբ։

Մենք արդեն կարող ենք դա անել էլեկտրոնային թանաքով ժամանակակից սարքավորումներով, իսկ քանի որ վերջին տասնամյակում պլանշետները դարձել են կրթության անքակտելի մաս, հետազոտությունները ցույց են տալիս (PDF), որ դրանք կարող են մոտիվացնել թե աշակերտներին, և թե ուսուցիչներին` շեշտելով ինտերակտիվությունն ու շարունակելով (PDF) ներգրավել նրանց կրթական պրոցեսում։

Բացի այդ, կբարելավվի թվային գրագիտությունը, ապագայի երեխաները տեխնիկապես ավելի գրագետ կլինեն, քան ձեր երեխան, ով արդեն գիտի ինչպես գնել Fortnite-ի սքիններ։

Արդյունքում, թղթի արտադրությունից կախվածությունը կթուլանա, չնայած` ամբողջությամբ չի անհետանա։ Նկարիչներն արդեն հազարավոր տարիներ թուղթ են օգտագործում, այնպես որ քիչ հավանական է, որ մենք երբևիցե տեսնենք թղթի լրիվ անհետացումը` հատկապես արվեստում ու դիզայնում։ Սակայն թուղթը, որը մենք կօգտագործենք, լինելու է էկոլոգիապես մաքուր` պատրաստված կամ վերամշակված նյութերից, կամ արագ աճող բույսերից, ինչպես, օրինակ, բամբուկն է։


✍ Արման Գասպարյան / PAN