Անպետք մոնոբլոկ, հիանալի նոութբուքեր ու գործակցություն Apple-ի և Intel-ի հետ. Microsoft-ի աշնանային նորույթները
Սոֆթվերային հսկա Microsoft-ն օրերս ներկայացրեց իր ապարատային ու ծրագրային նորույթները: Ապարատայինի հարցում ընկերությունը սկսել է սերտորեն գործակցել Intel-ի, իսկ սոֆթում՝ Apple-ի հետ: Հաշվի առնելով դեսքթոփային օպերացիոն համակարգերի չափաբաժնում Microsoft-ի զբաղեցրած դիրքերը, զարմանալի չէ, որ վերանշյալ ընկերություններն ուրախությամբ են կիսվում իրենց օրիգինալ արտադրանքով: PAN-ը պատմում է Microsoft-ի աշնանային գլխավոր նորույթների մասին:
ՀԻԱՆԱԼԻ ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐ
Microsoft-ը ներկայացրեց Surface Laptop 5 նոութբուքը, որն արտաքինով այնքան էլ չի տարբերվում նախկինից, սակայն ստացել է նորագույն ապարատային ապահովում։ Ինչպես նախորդ սերունդների դեպքում, նորույթն առաջարկվում է երկու չափսերով, սակայն այժմ կառուցված է բացառապես Intel-ի պրոցեսորների հիման վրա, AMD-ի CPU-ով տարբերակ չկա։ Դրա փոխարեն, նոութբուքերը ունեն Intel EVO սերտիֆիկատ։
Ավելի կոմպակտ Surface Laptop 5-ն ունի 13.5 դյույմանոց էկրան կողմերի 3:2 հարաբերակցությամբ ու 2256x1504 պիքսել թույլատրմամբ։ Խոշոր տարբերակն առաջարկում է 15 դյույմանոց դիսփլեյ կողմերի նույն հարաբերակցությամբ ու 2496x1554 պիքսել թույլատրմամբ։ Երկու դեպքում էլ կիրառվել են PixelSense սենսորային էկրաններ Dolby Vision IQ տեխնոլոգիայով։
Նորույթները կառուցված են 12-րդ սերնդի Alder Lake-U ընտանիքի Intel Core պրոցեսորների վրա։ Նոութբուքի երկու տարբերակն էլ կարող են կոմպլեկտավորվել Core i7-1255U պրոցեսորներով, սակայն ավելի կոմպակտ տարբերակի համար հասանելի է նաև Core i5-1235U-ն։ Surface Laptop 5-ի բիզնես տարբերակները կառաջարկեն ավելի հզոր Core i5-1235U կամ Core i7-1255U CPU-ներ։
Նոութբուքերն առաջարկելու են նաև LPDDR5x 8-ից 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև հանովի SSD 256 ԳԲ-ից մինչև 1 ՏԲ ծավալով։ 13.5 դյույմանոց տարբերակի ավտոնոմ աշխատանքի ժամանակը հայտարարված է 18 ժամ, իսկ 15 դյույմանոցինը` 17 ժամ։ Կոմպակտ տարբերակի հասանելի է մետաղական ու ալկանտարե պատյանով, մեծը` միայն մետաղական։ Նոութբուքերն ունեն Wi-Fi 6 ու Bluetooth 5.1 մոդուլներ։ Լարային ինտերֆեյսերից առկա են Surface Connect-ը, 3.5մմ աուդիո մուտքը, USB Type-A 3.1 պորտ, ինչպես նաև USB Type-C պորտ` Thunderbolt 4-ի աջակցությամբ։
13.5 դյույմանոց նոութբուքի չափերը կազմում են 308x223x14.5 մմ, քաշը` 1272 կամ 1297 գրամ` համապատասխանաբար ալկանտարե ու մետաղական պատյանների համար։ Իր հերթին, 15 դյույմանոց Surface Laptop 5-ն ունի 340x244x14.7 մմ չափեր ու կշռում է 1545 գրամ։ Նոութբուքերի արժեքը սկսվում է $999-ից կոմպակտ ու $1299-ից` խոշոր տարբերակի համար։ Վաճառքի մեկնարկելու է հոկտեմբերի 25-ին։
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԼԱՆՇԵՏ
Microsoft-ը ներկայացրեց նաև Surface Pro 9 հիբրիդային պլանշետը, որը համադրում է իր մեջ Surface Pro ու Surface Pro X սերիաների առանձնահատկությունները։ Surface Pro 9-ի սպառողական տարբերակը համալրված է Core i5-1235U, Core i7-1255U կամ Microsoft-ի SQ3 ARM ճարտարապետությամբ CPU-ներով։ Վերջինը մշակվել է Qualcomm ընկերության կողմից ու ապահովում է 5G-ի աջակցություն։ Բիզնեսի համար նախատեսված են Core i5-1245U և Core i7-1265U CPU-ներով տարբերակները։
Intel-ի չիպերով տարբերակը ստացել է մինչև 32 ԳԲ LPDDR5 օպերատիվ հիշողություն ու մինչև 1 ՏԲ SSD, իսկ SQ3 CPU-ով տարբերակը` 16 ԳԲ LPDDR4X օպերատիվ հիշողություն ու 512 ԳԲ SSD թոփային կոնֆիգուրացիայում։ Անկախ պրոցեսորի մոդելից, Surface Pro 9-ը ունի 13 դյույմանոց PixelSense Flow սենսորային կառավարմամբ դիսփլեյ` կողմերի 3:2 հարաբերակցությամբ ու 2880x1920 պիքսել թույլատրմամբ։
Surface Pro 9-ի քաշը կազմում է 900 գրամից քիչ։ Պլանշետն ունի երկու Thunderbolt 4 պորտ, Surface Connect ու USB-C (3.2) պորտեր։ 5G աջակցության մոդելը կարող է ավտոնոմ աշխատել գրեթե 20 ժամ` Intel-ի չիպերով տարբերակներից 4 ժամով ավելի երկար։
Նոր հիբրիդային պլանշետը հնարավոր կլինի գնել հոկտեմբերի 25-ից սկսած։ Intel պրոցեսորներով տարբերակի արժեքը սկսվում է $1000-ից, իսկ Core i7-1255U-ով թոփային տարբերակի արժեքը կազմում է $2600: Microsoft SQ3 չիպով տարբերակի արժեքը սկսվում է $1300-ից։
ԱՆՊԵՏՔ ՄՈՆՈԲԼՈԿ
Microsoft-ը ներկայացրեց 28 դյույմանոց սենսորային էկրանով Surface Studio 2 Plus մոնոբլոկը։ Ընկերությունը չորս տարի չէր թարմացրել իր Surface Studio մոնոբլոկը, իսկ այժմ ներկայացված տարբերակը, մեղմ ասած, այնքան էլ չի ոգևորում։ Նորույթն արտաքնապես նման է 2018-ին դուրս եկած Surface Studio 2-ին, սակայն ստացել է ժամանակակից ու հզոր ապարատային միջուկ։
Մոնոբլոկն ունի ընդամենը մեկ կոնֆիգուրացիա։ Համակարգի հիմքում Intel Core i7-11370H 4.8 ԳՀց պրոցեսորն է, որը պատկանում է Core-ի 11-րդ (Tiger Lake) սերնդին. թե ինչու ընկերությունը չի օգտագործել ավելի ժամանակակից պրոցեսոր, անհայտ է։ Գրաֆիկայի համար պատասխանատու է 6 ԳԲ GeForce RTX 3060 GPU-ն։ Մոնոբլոկն առաջարկում է 32 ԳԲ DDR4 օպերատիվ հիշողություն ու 1 ՏԲ SSD:
Surface Studio 2 Plus-ը ստացել է 28 դյույմանոց PixelSense սենսորային էկրան` կողմերի 3:2 հարաբերակցությամբ ու 4500x3000 պիքսել թույլատրմամբ, որն ունի Dolby Vision տեխնոլոգիայի աջակցություն։ Էկրանի հետ հնարավոր է փոխազդել թվային փետուրի միջոցով։ Նորույթն ունի երեք USB Type-C պորտ Thunderbolt 4-ի աջակցությամբ, երկու USB Type-A 3.1, 3.5 մմ աուդիոելք ու գիգաբիտանոց ցանցային ադապտեր, Wi-Fi 6E ու Bluetooth 5.1, 1080p թույլատրմամբ վեբ-տեսախցիկ, ինչպես նաև Dolby Atmos տեխնոլոգիայով երկու դինամիկ ու միկրոֆոններ։
Մոնոբլոկի արժեքն է $4300, կոմպլեկտը ներառում է Surface Pen էլեկտրոնային փետուր, ստեղնաշար ու մկնիկ։
ԱԴԱՊՏԻՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Դեռ մայիսին Microsoft-ը հայտարարել էր համակարգչային ադապտիվ աքսեսուարների մեկնարկի մասին, որոնք նախատեսված են օգնելու սահմանափակ կարողություններով մարդկանց ավելի հարմարավետ աշխատել համակարգչով։ Այժմ էլ ընկերությունը հայտնում է, որ սարքավորումների վաճառքը որոշ շուկաներում կմեկնարկի հոկտեմբերի 25-ին։
Օգտատերերը կկարողանան օգտագործել Adaptive Button ծրագրավորվող կոճակները, ադապտիվ մկնիկն ու Adaptive Hub կոնցենտրատորը, որը թույլ է տալիս երեք սարքերին միացնել մինչև չորս ծրագրավորվող կոճակ։ Անլար մկնիկն իրենից ներկայացնում է ոչ մեծ հարթ պլատֆորմ, որը կարող է ամրացվել ափի համար նախատեսված հարթակին, ինչպես նաև ունի անջատվող պոչային հատված ու հենարան բութ մատի համար։
Մկնիկի ու կոճակների կոնստրուկցիան կարելի է փոխել մոդուլային կոմպոնենտների միջոցով, որոնք թույլ են տալիս ընտրել օպտիմալ տարբերակը` կախված օգտատիրոջ պահանջներից։ Նշվում է, որ մկնիկն ու ծրագրավորվող կոճակները կարելի է համալրել եռաչափ տպագրությամբ ստեղծված էլեմենտներով։ Դրա շնորհիվ, աքսեսուարները կարելի է վերածել ամբողջությամբ անձնականացված` կոնկրետ օգտատիրոջ համար։ Բիզնեսի ու կրթության ոլորտում Microsoft-ի հաճախորդները հնարավորություն կստանան Business Pen կամ Classroom Pen 2 էլեկտրոնային փետուրների համար ադապտիվ էլեմենտներ տպել։ Սակայն աքսեսուարների մանրածախ վաճառքի արժեքը դեռ չի հրապարակվել։
ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ APPLE-Ի ՀԵՏ
Apple Music և Apple TV ծառայությունները Windows 11 պլատֆորմում կհայտնվեն մինչև 2023-ի ավարտը։ Համապատասխան դեսքթոփային հավելվածները տարածվելու են Microsoft Store օնլայն-խանութի միջոցով։ Սպասվում է, որ ծրագրային ապահովման բետա տարբերակները կհայտնվեն առաջիկայում, սակայն ճշգրիտ հայտնի չէ, թե կոնկրետ երբ։
Մշակողներին խոսքով, Apple-ի հետ համագործակցությունը տարածվելու է նաև անհատական մեդիայի վրա։ Օրինակ, օգտատերերին հասանելի կլինի սինքրոնացումը iCloud-ում գտնվող լուսանկարների հետ, ինչից հետո դրանք հնարավոր կլինի նայել Photos ստանդարտ հավելվածում։ Ներկայումս Microsoft օպերացիոն համակարգի օգտատերերը Apple TV-ի կոնտենտը կարող են դիտել բացառապես ծառայության վեբ-տարբերակով, իսկ Apple Music-ը լսել music.apple.com-ով կամ Windows-ի iTunes-ով։ Բոլոր նշված տարբերակները զգալիորեն զիջում են Apple-ի հարազատ ծառայություններին հարմարավետության առումով, հետևաբար` համապատասխան հավելվածների թողարկումը կարող է զգալիորեն բարելավվել դրանց մասին տպավորություններն ու ներգրավել նոր օգտատերերի։
Սա երկու կորպորացիայի գործակցության առաջին փորձը չէ։ Ավելի վաղ, Microsoft-ը թույլ էր տվել իր օգտատերերին տեղափոխել իրենց լուսանկարների գրադարանն iCloud-ից առանձին հավելվածի միջոցով։ Բացի այդ, Apple Music-ն արդեն հասանելի է Xbox-ի օգտատերերի համար, իսկ Apple TV-ն թեստավորման փուլում է։ Իր հերթին, Apple-ի համար սա շատ մեծ ներուժ է բաժանորդագրության վաճառքի բիզնեսն ընդլայնելու համար։ Statcounter-ի տվյալներով, Windows-ը զբաղեցնում է դեսքթոփային օպերացիոն համակարգերի 74.99%-ը, այն դեպքում, երբ MacOS-ի չափաբաժինը կազմում է 14.84%:
MICROSOFT 265
Microsoft-ը լուրջ փոփոխություններ է իրականացնում Microsoft Office-ի բրենդինգում. 30 տարի անց ծրագրային փաթեթը վերանվանվել է Microsoft 365, որը կսահմանի սոֆթվերային հսկայի՝ արտադրողականության բարձրացման համար նախատեսված հավելվածների հավաքածուն: Չնայած Office-ի հավելվածները, ինչպիսիք են Excel-ը, Outlook-ը, Word-ն ու PowerPoint-ը, ոչ մի տեղ չեն անհետանա, Microsft-ը դրանք այսուհետ ներառում է, որպես Microsoft 365-ի, ոչ թե Microsoft Office-ի մաս:
Մոտ ժամանակներս Office.com-ը, Office մոբայլ հավելվածը ու Windows-ի Office հավելվածը կդառնան Microsoft 365-ի մաս՝ նոր նշանով, նոր արտաքին տեսքով ու ավելի մեծաքանակ ֆունկցիաներով: Լոգոյի ու դիզայնի առաջին փոփոխությունները կհայտնվեն նոյեմբերին, իսկ դեկտեմբերին տեղի կունենա Windows_ի, iOS-ի ու Android-ի համար Office հավելվածի ռեբրենդինգը: Microsoft 365-ը կներառի Teams-ը, Word-ը, Excel-ը, PowerPoint-ը, Outlook-ը, Loop-ը, Clipchamp-ը, Stream-ն ու Microsoft Designer նոր հավելվածը:
Microsoft 365 կենտրոնական հավելվածը թե մոբայլ, թե դեսքթոփային սարքերի համար ներառելու է գործընկերների ու հավաքների ժապավենը, բոլոր ֆայլերի ու փաստաթղթերի պահպանումը, ինչպես նաև կոնտենտի կազմակերպման կարգավորվող թեգերը: