#իվենթաPAN
October 27, 2022

Ճակատագրական շիկահերի ճակատագիրը. Պատրիարխալ Հոլիվուդը, Քենեդին և Chanel No 5 օծանելիքը

Կան կերպարներ ու դեմքեր, որոնց ճանաչում են բոլորը, գրեթե առանց բացառությունների։ Ու կարևոր չէ՝ ճանաչում են ֆիլմերից, լուրերից, նոթատետրերի շապիկներից, թե, օրինակ, հագուստի վրա արված տպագրությունից։ Նույնիսկ կարևոր չէ՝ անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը գիտե՞ն, թե՝ ոչ։

Այդպիսի կերպար էր, օրինակ, Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։ Բայց եթե գրեթե մեկ դար ապրած և տասնյակ տարիներ կառավարած թագուհու դեպքում ֆենոմենը բացատրելի է, ապա շիկահեր գեղեցկուհի Մերիլին Մոնրոյի դեպքում առեղծվածային է ամեն բան՝ կերպարը, կյանքը, մահը, և տասնամյակներ անց մարդկանց ոգեշնչելու ֆենոմենը։

PAN պատմում է, թե ով էր ճակատագրական շիկահերն էկրանից այն կողմ, և ինչու են նրան հիշում ու բնութագրում միայն արտաքին տեսքով, երբ իրականում նա շատ ավելին էր։

ՆՈՐՄԱ ՋԻՆԻՑ՝ ՄԵՐԻԼԻՆ ՄՈՆՐՈ

Մերիլին Մոնրոն աշխարհի ամենաճանաչված բեմական անուններից է։ Թվում է, թե նրա մասին գիտեն բոլորն ու ամեն ինչ։ Նրան կրկնօրինակելը երբեմն նույնիսկ անհետաքրքիր է դառնում, ու եթե ճիշտը խոսենք՝ երբեմն նաև երևակայության պակասի մասին է խոսում։ Բայց ինչպե՞ս Մերիլին Մոնրոն դարձավ Մերիլին Մոնրո։

Մինչև Մերիլին դառնալը ճակատագրական այս կինը Նորմա Ջին Բեյքեր անունն ուներ։ Նրա կյանքը դասական ֆիլմի սցենար է հիշեցնում։ Ժանրի բոլոր կանոններով Մոնրոն համտեսել է կյանքի ամենադառը պտուղներն ու միայն պատահականության սկզբունքով է դուրս եկել ճահճից։ Նորմա Ջինն ապրում էր միայնակ մոր հետ, որը չուներ գումար և ուներ առողջական խնդիրները։ Արդյունքում Նորմա Ջինը փոքր տարիքից տարբեր խնամակալ ընտանիքների ու մանկատների դռներով է անցել։ Մի քանի անգամ սեռական ոտնձգության է ենթարկվել այն մարդկանց կողմից, ովքեր իրականում հենց առաջինը պետք է պաշտպանեին դեռահաս աղջկան․ զարմիկ, խնամակալ, ընտանիքի մոտ ընկեր․․․ այս մարդիկ և նրանց բռնությունն անշրջելիորեն ազդել են տղամարդկանց հանդեպ Մոնրոյի վստահության վրա և դարձել տրավմա՝ ամբողջ կյանքի համար։ Դպրոցում էլ, ինչքան էլ որ դժվար է պատկերացնել, բայց բուլլինգի է ենթարկվել արտաքինի և դերասանուհի դառնալու ցանկության պատճառով։

Մոնրոյի ճակատագրական տղամարդկանց մասին դեռ խոսելու ենք, բայց հասկանալու համար, թե ինչպես եղավ Նորմա Ջինից դեպի Մերիլին Մոնրո անցումը, պետք է Երկրորդ համաշխարհայինի տարիներ գնանք։ Խնամքի կենտրոններից խուսափելու համար Նորմա Ջինն ամուսնացավ 16 տարեկանում։ Հետո՝ 1944֊ին, ամուսինը ծառայության անցավ ծովային նավատորմում, իսկ Մոնրոն սկսեց աշխատել զինամթերքի գործարանում։ Ու հենց այս վայրը դարձավ որոշիչ նրա կարիերայում։ Գործարանում մի լուսանկարիչ ֆիքսեց երիտասարդ աղջկան, հիացավ գեղեցկությամբ ու ասաց, որ լուսանկարներն ուղարկելու է առաջնագիծ, որովհետև նրա հմայքը բարոյահոգեբանական մեծ խթան կարող է դառնալ։ Հենց այս դիմանկարն էլ նշանավորեց Մոնրոյի հայտնագործությունը ու նաև վերջ դրեց առաջին ամուսնությանը։

Լուսանկար, որով սկսվեց Մոնրոյի կարիերան, 1944

Նախ, Մոնրոն որպես մոդել էր աշխատում։ Գովազդային գործակալությունները հերթով նկատում էին նրան, Մոնրոն էլ փորձում էր ավելի բարձրացնել սեփական նշաձողը։ Ասում էր.

«Ես չէի բավարարվում երկրորդ լավագույնով։ Տանը լուսանկարում էի ինքս ինձ, որպեսզի ուսումնասիրեի, թե ինչ տեսք ունեմ կադրում և ինչպես կարող եմ շտկել թերություններս»:

Արդեն 1946֊ին նորահայտ մոդելին ուշադրություն դարձրեց 20th Century Fox-ը, էկրանային դեր առաջարկեց և հենց այսպես էլ հարթվեց նորաթուխ մոդել Նորմա Ջինի ճանապարհը դեպի երիտասարդ կինոաստղ Մերիլին Մոնրոյի։

Նրա դերասանական տաղանդի մասին կարծիքները շատ հակասական են։ Կա տեսակետ, որ Մոնրոյին թույլ չէին տալիս իրացնել սեփական պոտենցիալն ամբողջովին, և պարզապես փակում էին շիկահեր գեղեցկուհու կաղապարներում։ Մոնրոն ևս մշտապես դժգոհ էր կերպարային այս ընտրություններից։ Կա նաև կարծիք, որ մտավորականներին պարզապես դուր էին գալիս մոխրոտիկի առասպելով աղջիկները։ Ու նույնիսկ եթե այդ աղջիկները չունեն դերասանական հմտություններ, լուրջ քննադատները նրանց կներկայացնեն որպես կինոաստղ։ Դե, որովհետև պատմությունն է հետաքրքիր։ Իսկ Մոնրոն իսկական մոխրոտիկի պատմություն ուներ։ Խնամատար ընտանիքներում մեծացած, բռնության ենթարկված, փոքր հնարավորություններով ու մեծ երազանքներով մի աղջիկ, որն աչքի էր ընկնում չկրկնվող գեղեցկությամբ։

Մերիլին Մոնրոն, դրվագ ֆիլմից

Մերիլին Մոնրոյի կերպարը մեկ օրում չի ստեղծվել։ Այսօր հարյուրավոր աղջիկներ ոգեշնչվում են Մոնրոյից, բայց առավել հետաքրքիր է, թե ով էր նրա ոգեշնչման աղբյուրը։ Իհարկե, այստեղ տարբեր անուններ են պտտվում, բայց առանցքային մի կերպար կա, որի ազդեցությունն ընդունել է հենց ինքը՝ Մոնրոն։ Այդ կինը ոչ պակաս ֆենոմենալ Ջին Հարլոուն է։ Խիզախ դերասանուհի, որը կանանց իրավունքները պաշտպանում էր դեռ այն ժամանակ, երբ չկար «ֆեմինիզմ» տերմինը։ Ջին Հարլոուն քանդում էր կանանց մասին տաբուները, նրա համար գրաքննությունը նշանակություն չուներ։

Հոլիվուդյան գեղեցկուհուն հաճախ նաև համարում էին հոլիվուդի առաջին սեքս խորհրդանիշը։ Պլատինե շիկահերի կյանքը շատ կարճ է տևել, ընդամենը 26 տարի, բայց ոլորտում նրա կարճատև ներկայությունն այդ ժամանակաշրջանի ամենաաղմկահարույց ֆենոմենն էր։ Հարլոուի ապրելակերպն այն ժամանակվա պահպանողական հասարակության համար սկանդալային էր, նույնիսկ անբարոյական։ Բայց Մերիլին Մոնրոն ոգեշնչված էր ոչ միայն նրա արտաքինով (նմանությունն ակնհայտ է), այլև խարիզմայով և չընկրկող տեսակով։ Մերիլին Մոնրոն այնքան էր ոգևորված Ջին Հարլոուի կերպարով, որ իր կարիերայի ընթացքում ձգտում էր խաղալ Հարլոուի դերը նրա մասին կենսագրական ֆիլմում։

Ջին Հարլոու
Ջին Հարլոու

Վերադառնալով Մոնրո դարձած Նորմա Ջինին։ Netflix-ի մեծ աղմուկ հանած «Շիկահերը» ֆիլմում կինոաստղին վերագրում էին հետևյալ խոսքերը.

«Մերիլին Մոնրոն գոյություն ունի միայն էկրանին։ Երբ ես մտնում եմ հանդերձարան, ես Նորմա Ջինն եմ»:

Մոնրոյի բեմական կերպարն իրական չէր և հենց այդ պատճառով էլ նրա ֆենոմենն ուսումնասիրողները, կարծես, պատմեն երկու կնոջ մասին։

«Շիկահերը» ֆիլմի թրեյլերը

ՇԻԿԱՀԵՐ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ, ՈՐԻ ՀՄԱՅՔՆ ԱՐՏԱՔԻՆՈՎ ՉԷՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ

Մերիլին Մոնրոյի ֆիլմերի ու լեգենդար դերակատարությունների ցանկն այստեղ չենք քննարկի, որովհետև եթե հետաքրքրված եք նրանով, ապա վստահաբար անգիր գիտեք այդ ֆիլմերի բոլոր հայտնի խոսքերը, ընտրված հագուստն ու նույնիսկ շարժուձևը։ Առաջարկում ենք փորփրել, թե ինչ էր կատարվում գունավոր ու փայլուն կադրերից այն կողմ։

Մոնրոն լրջորեն էր վերաբերվում դերասանությանը, բայց թվում էր, թե կինոինդուստրիան նրան նույն կերպ չէր ընդունում: Նրան շարունակում էին «վստահել» միայն շիկահեր կանանց կերպարներ, որոնց միակ արժանիքը գեղեցիկ լինելն էր։ Իսկ Մոնրոն ուզում էր կատարելագործվել ու նույնիսկ ասում էր․

«Ես գիտեի, թե որքան երրորդ կարգի եմ նրանց համար։ Կարծես ներսումս էժանագին հագուստներ հագած լինեի։ Բայց, աստված իմ, որքան էի ուզում սովորել, փոխվել, կատարելագործվել»։

Չնայած այս դժգոհությանը, գեղեցիկ շիկահերի կերպարները Մոնրոյին մեծ հաջողություն ու փառք էին բերում։ Բայց ինչքան էլ զարմանալի է՝ նույնքան գումար չէին բերում։ Մոնրոն դժգոհ էր, որ իրեն կառավարում ու ուղղորդում էին, և սրան զուգահեռ նաև անկարող էր պահանջել, որ ավելի շատ վարձատրեն։ 20th Century Fox֊ի հետ կնքած պայմանագրի պայմանները մի քանի տարով կապել էին նրա ձեռքերը թե՛ ֆինանսապես, թե՛ կարիերայում նոր քայլեր անելու առումով։

1950-ականների Հոլիվուդում դերասանուհի դառնալը հեշտ չէր: Բայց առավել դժվար էր դառնալ դերասանուհի, որը կթելադրեր սեփական խաղի կանոնները։ Եվ արդյունքում Մոնրոն արեց այն, ինչ այն ժամանակ չլսված մի բան էր։ Կամ էլ, նվազագույնը՝ խիզախ որոշում։ Մոնրոն հրաժարվեց հերթական կինոնախագծից, 1954 թվականին խցեց իր հնարավորությունները սահմանափակող պայմանագիրը, տեղափոխվեց Նյու Յորք և հիմնեց սեփական կինոարտադրության ստուդիան՝ Marilyn Monroe Productions-ը։

Այդ ժամանակ կինոարդյունաբերության մեջ գերիշխում էր «ստուդիայի համակարգը», որի միջոցով «Մեծ հնգյակը»՝ Metro-Goldwyn-Mayer, Warner Brothers, Paramount, 20th Century Fox և RKO, մոնոպոլիզացրել էին ֆիլմերի արտադրությունը։ Գլխավորապես տղամարդկանց կողմից հիմնված այս ընկերությունները պարզապես տապալել էին անկախ ստուդիաները, որտեղ կին դերասանները, ռեժիսորները և պրոդյուսերները նախկինում հաջողության էին հասնում։ Այս կերպ այդ մեգաընկերությունների ղեկավարդներն աննախադեպ վերահսկողություն ունեին իրենց աստղերի կարիերայի վրա։ Fox֊ը չէր պատրաստվում թույլ տալ իր ամենաեկամտաբեր աստղերից մեկին առանց կռիվների գնալ, ու անմիջապես դատի տվեց Մոնրոյին պայմանագրի կետերը խախտելու համար: Մերիլին Մոնրոն անցավ դատական քաշքշուկների միջով, առանձնապես մեծ հաջողություններ չգրանցեց սեփական ընկերության միջոցով, բայց արդյունքում կարողացավ հասնել նրան, որ նոր պայմանագրով վերանայվեց թե՛ նրա աշխատավարձը, և թե՛ ստեղծագործական ավելի մեծ վերահսկողություն և ազատություն ստացավ իր ապագա դերերի համար։ Նա ձգտում էր հավասարության և հոլիվուդյան համակարգի փոփոխության, և նրա մասնակիորեն ստացավ դա։

Բայց մասնագիտական դժվարություններն ու կարիերայի ընթացքում վայրէջքները կինոստուդիայի հետ բախումներով չէին սահմանափակվում։ Կան լեգենդներ (ի դեպ, բավականին արժանահավատ), որ Մոնրոյի հետ աշխատելը շատ բարդ էր։ Կինոաստղն անընդհատ ուշանում էր նկարահանումներից, հաճախ շփոթում տողերը, նյարդային ու լարված էր, ու այդ պատճառով էլ հաճախ չարաշահում էր դեղերը, որոնք նյարդաբանները նշանակել էին՝ անհանգստությունը հաղթահարելու համար։

Մոնրոյի անունն ու կարիերան նաև վտանգվեց, երբ 1953 թվականին Playboy ամսագիրը հրապարակեց դերասանուհու մերկ լուսանկարներն առանց նրա համաձայնության։ Մոնրոն Playboy֊ի համար չէր լուսանկարվել, լուսանկարներն արվել էին 1949 թվականին, երբ Մոնրոն սկսնակ մոդել ու դերասանուհի էր։ Երբ հարցազրույցներից մեկի ընթացքում նրան հարցրին, թե ինչու է մերկ նկարվել օրացույցի համար, Մոնրոն պատասխանեց. «Ես սոված էի»։ Ու հենց այսպես էլ նկարները Մոնրոյի համար վերածվեցին անվճար գովազդի։

Էկրաններից այն կողմ Մերիլին Մոնրոն և նրա զգեստապահարանը զարմանալիորեն համեստ ու մինիմալիստական էին։ Բարձր գոտկատեղով տաբատներ, սև երկար շրջազգեստներ, պաստելային գույներով շապիկներ։ Հոլիվուդյան կարմիր գորգի ու Մոնրոյի կարմիր շրթներկի ֆոնին սա ևս մեկ ապացույց էր, որ այն, ինչ տեսնում է հանդիսատեսը, ամենևին էլ այն չէ՝ ինչ կա իրականում։ Մարդկանց ուշադրությունից և պապարացիներից խուսափելու համար Մոնրոն նույնիսկ ալտեր էգո էր ստեղծել իր համար, որի անունը Զելդա Զոնկ էր։ Մուգ կեղծամի և մեծ արևային ակնոցների տակ թաքնված Մոնրոն դառնում էր սովորական մի կին՝ Զելդա անունով, և խուսափում էր ուշադրության կենտրոնում հայտնվելուց։

ՄՈՆՐՈՅԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Ճակատագրական այս կնոջ սիրային պատմություններն ամենևին էլ չեն ավարտվել ռոմանտիկ ժանրի կանոններով։ Մերիլին Մոնրոն շատ փնտրեց, գտավ ու կորցրեց, բայց այդպես էլ չունեցավ այն մեծ սերը, որի մասին երազում էր։ Կամ էլ՝ չբարձրաձայնեց դրա մասին։

Մերիլինի առաջին ամուսնության և դրա վախճանի մասին արդեն խոսեցինք, բայց առաջին ամուսնու մասին մի քանի փաստ ամեն դեպքում պետք է ֆիքսել։ Ջեյմս Դոգերթին Մոնրոյի հարևանն էր, ոստիկան էր՝ Լոս Անջելեսից։ Զույգն ամենասովորական կյանքով ապրող ընտանիք էր մոտ երկու տարի։ Հետո սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, ու փշրվեցին ոչ միայն խաղաղության մասին մարդկանց երազանքները, այլև այս նորաստեղծ ընտանիքի հնարավոր ապագան։ Մոնրոն պատրաստ չէր զոհաբերել հոլիվուդյան կարիերան՝ հանուն ամուսնության, որի հիմքում ավելի շատ հաշվարկ էր, քան սեր։ Տարիներ անց Ջեյմս Դոգերթին անկեղծացել է, որ ամուսնությունն իրենց ընդհանուր որոշումն է եղել, ու թեև «սեր կար», գլխավոր նպատակն այն էր, որ 16–ամյա Մոնրոյին մանկատուն չտանեն։ Մի առիթով էլ Ջեյմսն ասել է․

«Ես երբեք չեմ ճանաչել Մերիլին Մոնրոյին։ Ես ճանաչել և սիրել եմ Նորմա Ջինին»:
Մոնրոն՝ առաջին ամուսնու հետ

Մոնրոյի երկրորդ ամուսնությունը 1954֊ին էր՝ այդ օրերի բեյսբոլի ամենահայտնի դեմքերից մեկի՝ Ջո Դիմաջիոյի հետ։ Այս ամուսնությունը տևեց ընդամենը մի քանի ամիս և հանրայնացված գլխավոր պատճառը Դիմաջիոյի խանդն էր։ Կա նույնիսկ տեղեկություն, որ «Յոթ տարվա տենչ» ֆիլմի նկարահանումների ընթացքում Դիմաջիոն հայտնվել և ընդհատել է ամենալեգենդար տեսարաններից մեկը, որտեղ Մերիլինը կանգնած է մետրոյի ճաղավանդակի վրա, և օդի հոսանքը բարձրացնում է նրա սպիտակ զգեստի փեշերը։ Մոնրոն ամուսնուն հրապարակայնորեն մեղադրել էր հոգեբանական ճնշման մեջ և թվում էր, թե այս հարաբերությունների ավարտն այնքան խնդրահարույց էր, որ զույգն այլևս ոչ մի կապ չի պահի։ Իսկ իրականում հենց Դիմաջիոն էր, որ 1961–ին դուրս բերեց նախկին կնոջը հոգեբուժական կլինիկայից և խնամեց նրան։ Դիմաջիոն և Մոնրոն լավ ընկերներ մնացին և ոչ ավելին։ Մոնրոյի մահից հետո կինոաստղի հուղարկավորությունը Դիմաջիոն է կազմակերպել և 20 տարի շարունակ շաբաթը երեք անգամ ծաղիկներ է ուղարկել նրա շիրիմին։

Մերիլինն ու Արթուրն այնքան հակադիր կերպարներ էին, որ նրանց միասնությանը ոչ ոք չէր հավատում։ Հոլիվուդի գլամուր շիկահերը և մրցանակակիր պիեսներ հեղինակած գրողը բոլորին հակառակն ապացուցեցին, բայց միասին ապրեցին միայն մինչև 1961 թվականը։ Նրանք փորձեցին նաև երեխա ունենալ, բայց երեք անգամ հղիությունը պահպանել չստացվեց։ Մոնրոն և Միլլերը ոչ միայն տանն էին միասին, այլև աշխատավայրում։ Մոնրոն նաև նկարահանվում էր Միլլերի պիեսի վրա հիմնված ֆիլմում։ Կար մի ծանր փուլ, երբ Միլլերին մեղադրում էին կոմունիստական հայացքների մեջ և Մոնրոյին հորդորում հեռու մնալ նրանից, բայց սերն այդ փուլում հաղթում է։ Մոնրոն ասում էր․

«Ես սիրում եմ նրան։ Առաջին անգամ հանդիպել եմ մեկին, որին ոչ միայն սիրում եմ, այլև վստահում եմ այնպես, ինչպես ինքս ինձ եմ վստահում»:

Վստահությունը երկար չտևեց, հատկապես, երբ Մոնրոն հայտնաբերեց ամուսնու օրագիրը, որտեղ Միլլերը գրում էր, թե որքան հիասթափված է իր անկանխատեսելի կնոջից և, որ զղջում է Մոնրոյի հետ ամուսնանալու համար։

Մոնրոն՝ երրորդ ամուսնու հետ

Չստացված ամուսնություններից բացի, Մոնրոյին տարբեր սիրավեպեր են վերագրում, դրանցից որոշները՝ պարզապես անհավանական ժանրից։ Այնշտայնից մինչև Ֆրենկ Սինատրա. անունները շատ են, իրականության մասին փաստող տվյալները՝ քիչ։ Ինչ վերաբերում է Այնշտայնին, ապա մեծ հավանականությամբ, պատմության մեջ մնացած այս երկու մարդն իրականում չեն էլ հանդիպել։ Փոխարենը, ավելի արժանահավատ է դերասան Թոնի Քերթիսի հետ կապը։ Հենց դերասանն է տարիներ առաջ գրված իր հուշերում բացահայտել, որ 1950-ականների սկզբին կրքոտ սիրո պատմություն է ապրել Մերիլինի հետ։ Նույնիսկ պնդել է, որ ինքն է եղել այն երեխայի հայրը, որին Մերիլինը սպասում էր, երբ ամուսնացած էր Արթուր Միլլերի հետ։

Մոնրոն՝ Թոնի Քերթիսի հետ

Մոնրոյի սիրային դրամաներից խոսելիս, նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի հետ հնարավոր հարաբերություններն ամենաքննարկվածն են։ Նրանց սիրավեպը հաստատվել է տարբեր աղբյուրների կողմից, իսկ նախագահի ծննդյան օրը Մոնրոյի «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ» ելույթը և բառացիորեն իր վրա կարված զգեստը կինոաստղի կարիերայի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում։ Այդ ելույթը Մոնրոյի մահից ընդամենը 3 ամիս առաջ էր։ Կա վարկած, որ Քենեդիների ընտանիքի հետ Մոնրոյին ծանոթացրել է Ֆրենկ Սինատրան, ու Ջոն Ֆ․ Քենեդին և Մերիլին Մոնրոն առաջին անգամ հանդիպել են 1954–ին։ Մոնրոյին մոտ կանգնած մարդիկ պատմում են, որ «նրա համար նորմալ էր քնել խարիզմատիկ նախագահի հետ, նրան դուր էին գալիս այդ ամենի գաղտնիությունն ու դրաման, բայց Քենեդին տղամարդու այն տեսակը չէր, որի հետ Մերիլինը կուզենար կապել ամբողջ կյանքը։» Կա վարկած, որ Մոնրոն սիրավեպ է ունեցել նաև կրստեր Քենեդու՝ Ռոբերտի հետ։ Այս վարկածները ո՛չ հերքված են, ո՛չ էլ հաստատված։

Մերիլին Մոնրոն՝ Ջոն Ֆ. Քենեդիի ծննդյան օրը
Մոնրոն՝ Ջոն Ֆ. Քեննեդիի հետ

50֊ԱԿԱՆՆԵՐԻ ԱՍՏՂԸ՝ 21-ՐԴ ԴԱՐԻ ՖԵՆՈՄԵՆ

Մերիլին Մոնրոն մահացել է ավելի քան կես դար առաջ, բայց նրա լեգենդն ապրում է նաև այսօր և չի էլ պատրաստվում խամրել։ Նրա մահը մնում է Հոլիվուդի ամենամեծ առեղծվածներից մեկը, բայց նրա աստղային կերպարը փայլում է նույնիսկ նրա կարճ կյանքից հետո: 1950-ականների bombshell-ը դարձել է 21-րդ դարի փոփ մշակույթի ֆենոմեն:

Մոնրոն սահմանեց Հոլիվուդում մի նշաձող, որին այսօր ձգտում են նույնիսկ ամենահաջողակ արտիստները։ Թերթեք հայտնի ամսագրերը և մեծ է հավանականությունը, որ կգտնեք երիտասարդ երգչուհու կամ դերասանուհու, որն ուղղակիորեն փորձում է յուրացնել Մերիլին Մոնրոյի շիկահեր վարսերը, կարմիր ու վառ շրթունքները, սեքսուալ կեցվածքն ու հայացքը։ Նրա ոճը «դասական հոլիվուդյան գլամուրն» էր՝ ատլասե ոսկե զգեստով, խորը դեկոլտեով, համադրված օպերային ձեռնոցներով, մորթե թիկնոցով և փայլուն զարդերով։ Շատերը գուցե չեն էլ դիտել Մոնրոյի բոլոր ֆիլմերը, բայց հիանում էին ոչ այնքան և ոչ միայն նրա դերասանական վարպետությամբ, այլ ոճային ու միլիոնների միջից տարբերվող տեսակով։ Նա կանացի իդեալ է, որը սեփական օրինակով ցույց տվեց, որ կարելի է հագնել այն, ինչ ուզում ես և լինել այն, ինչ ուզում ես։

Մեր օրերի աստղերի ցանկը, որոնք այս կամ այն կերպ կրկնօրինակել են Մոնրոյին կամ ոգեշնչվել նրանից՝ շատ երկար է. Մադոննա, Գվեն Ստեֆանի, Քրիստինա Ագիլերա, Լեդի Գագա, Նիկի Մինաժ… Բոլորն էլ ունեցել են իրենց «Մոնրոյի պահը»։ Վերջին ու ամենաաղմկահարույց դեպքն էլ Քիմ Քարդաշյանի Met Gala֊ի կերպարն էր։ Քիմը հագել էր այն զգեստը, որով Մոնրոն երգել էր նախագահ Քենեդու համար, նույնիսկ հատուկ նիհարել էր 7 կիլոգրամով՝ Մերիլինի համար կարված զգեստի մեջ տեղավորվելու համար: Սակայն նույնիսկ դա չօգնեց մինչև վերջ կոճկել զգեստը, ավելին՝ վերջինս վնասվեց Քիմից հետո, ինչը դարձավ բողոքի մեծ ալիքի պատճառ։ Մարդիկ հիշեցնում էին, որ որքան էլ Մոնրոն ֆենոմեն ու լեգենդ է, նա առաջին հերթին սովորական մարդ էր։ Հետևաբար մահացած մարդու հագուստը կրելն ու վնասելն առնվազն անհասկանալի է։

Մադոննան՝ Մոնրոյի կերպարում, 1990
Նիկի Մինաժը՝ Մոնրոյի կերպարում
Քիմ Քարդաշյանը՝ Մերիլին Մոնրոյի զգեստով

Մոնրոյի անվան շուրջ այսօր ևս մեծ գումարներ են պտտվում։ Ուորհոլի՝ 1964 թվականի Մերիլին Մոնրոյի նկարը վերջերս դարձավ 20-րդ դարի արվեստի ամենաթանկ գործը, որը երբևէ վաճառվել է։ Այն վաճառվել է 195 միլիոն դոլարով։

Ուորհոլի կտավը աճուրդից հետո

Այլևս անբեկանելի է, որ Մերիլին Մոնրոյի կերպարը դեռ շատ երկար մնալու է միլիոնավոր կանանց ու աղջիկների ոգեշնչման աղբյուր, տղամարդկանց՝ հիացմունքի։ 1952 թվականին Մոնրոն հարցազրույցի ժամանակ ասաց, որ անկողնում «կրում է» միայն հինգ կաթիլ Chanel No 5 օծանելիք և ուրիշ ոչինչ։ Այդ փոքրիկ, խոսքի մեջ ասված արտահայտությունը մինչև այսօր ազդեցություն ունի բրենդի և դրա օծանելիքների հաջողության վրա։ Եվ սա այն է, ինչը կոչվում է «Մոնրոյի էֆեկտ»։


✍ Նանե Մանուկյան / PAN