#իվենթաPAN
December 8, 2022

Ոտաբոբիկ հնդիկները, բեյբի բումն ու կորած գավաթը. Մունդիալը՝ հիմքից մինչև «կատար»

Չորս տարին մեկ անգամ ֆուտբոլային տոնը տարածվում է գրեթե բոլորի վրա՝ առանց բացառությունների։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը փոխում է դիսկուրսը, ֆուտբոլը դառնում է թոփ թեմա, ու թրենդի մեջ ես, եթե հետևում ես խաղերին։ Երբեմն էլ էքսպերտ են դառնում հավաքականն ակումբից չտարբերող և Մունդիալի օրերին Բարսելոնային երկրպագող մարդիկ։ Իսկ հեռուստավահանակը տան մեծերից խլող ու մուլտֆիլմներ նայող երեխաներն այդ օրերին կա՛մ շուտ են քնում, կա՛մ էլ առնվազն 90 րոպեով նոր հետաքրքրություն են գտնում։

Իրականում Մունդիալը բառի ամենալայն իմաստով մշակութային ֆենոմեն է դարձել։ PAN֊ի հերթական լոնգրիդն անդրադարձ է ֆուտբոլային այս տոնի պատմության ամենատպավորիչ դեպքերին, դեմքերին ու թվերին։

ՄՈՒՆԴԻԱԼ֊1930. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Օլիմպիական խաղերին մյուս մարզաձևերի կողքին ֆուտբոլային խաղերը բավականին բուռն արձագանք էին ստանում, և արդեն 1928 թվականին որոշվեց, որ հասունացել է ֆուտբոլի աշխարհի առանձին առաջնություն կազմակերպելու պահը։ Սա, իհարկե, ՖԻՖԱ֊ի նախաձեռնությունն էր, իսկ ավելի կոնկրետ, ՖԻՖԱ֊ի այդ ժամանակվա նախագահ Ժյուլ Ռիմեի։ Մունդիալն իրականություն դարձավ որոշումից արդեն երկու տարի անց։ Ի դեպ, «մունդիալ»֊ը լատինական արմատներ ունի, նշանակում է համաշխարհային, ամբողջ աշխարհը կազմող։

Առաջին առաջնությունն անցկացվեց 1930 թվականին։ Ավելորդ է ասել, որ դրան հաջորդող Մունդիալների հետ համեմատած Ուրուգվայում անցկացված առաջնությունը շատ համեստ էր։ ՖԻՖԱ֊ի անդամ մի քանի երկրի մասնակցության հրավեր էր ուղարկվել, բայց դրանցից շատերը ստիպված էին մերժել առաջարկը։ Պատճառն առաջին հերթին տեխնիկական ու ֆինանսական էր։ Եվրոպական երկրների համար Ատլանտյան օվկիանոսը հատելն ու այդքան գումար ու ռեսուրս ծախսելը նպատակահարմար չէր, և արդյունքում առաջնությունից ընդամենը մեկ֊երկու ամիս առաջ ոչ մի եվրոպական հավաքական առաջարկը չէր ընդունել։ Արդյունքում ՖԻՖԱ֊ի նախագահի հորդոր֊պահանջով Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի հավաքականները ժամանեցին Ուրուգվայ։ Մասնակից 13 երկրից միայն չորսն էին Եվրոպայից։ Յոթը Հարավային Ամերիկայից էին, ևս երկուսը՝ Հյուսիսային Ամերիկայից։ Առաջին գավաթակիրը հենց տան տերերն էին։ Հաղթեցին Արգենտինային։

Ուրուգվայ, 1930թ.

Ի դեպ, նույն պատկերը, բայց հակառակ տրամաբանությամբ գործեց նաև 1934 և 1938 թվականներին։ Այս երկու դեպքում էլ հարավամերիկյան երկրներից քչերը ժամանեցին Եվրոպա։ Բրազիլիան միակն էր, որ երկու առաջնությունին էլ մասնակցեց։ Պատճառը նույնն էր՝ ֆինանսներ, հեռավորություն, լարված քաղաքական և անվտանգային օրակարգ։ Եվ շատ կանխատեսելի կերպով քաղաքականությունը մտավ ֆուտբոլ և 1942 և 1946 թվականների առաջնությունները չեղարկվեցին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

Իտալիայի հաղթանակը, 1938թ.

Պատերազմից հետո ամեն ինչ ավելի բարդ էր, քան դրանից առաջ։ Քայքայված տնտեսություններ ու ջախջախված պետություններ, հոգեբանական ծանր վիճակ, և այս պայմաններում շատ բարդ էր գտնել երկրներ, որոնք կընդունեին առաջնությունը։ Եվրոպան ծանր վիրավոր էր, բայց այդ ընթացքում Հարավային Ամերիկայում լավ մարզավիճակ էին ձեռք բերել ու նաև պատրաստ էին տանտիրոջ կարգավիճակում ընդունել մյուսներին։ Եվ հենց այդ պայմաններում էլ Բրազիլիան հյուրընկալ երկիր ընտրվեց։ Գերմանիան, Հունգարիան ու մի շարք այլ երկրներ դեռ փորձում էին հաղթահարել պատերազմի հետևանքներն ու չմասնակցեցին առաջնությանը։

Բրազիլիա, 1950թ.

ԲԱՂՁԱԼԻ ԳԱՎԱԹԸ

Գավաթը նվաճելու համար պայքարն ու հաղթանակը, իհարկե, շատ ավելին են, քան պարզապես գավաթի ֆիզիկական գոյությունը, բայց եկեք չմոռանանք սիմվոլիզմի և արժեքների մասին։ Աշխարհի առաջնություններից ու խաղերից պակաս հետաքրքիր ու սկանդալային չէ բաղձալի գավաթի անցած ճանապարհը։ 1930-1970 թվականների ոսկեպատ գավաթը պատկերում էր հունական Նիկա աստվածուհուն և կրում էր ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի անունը։ Աշխարհի գավաթի այդ տարբերակի հեղինակը ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆլերն էր։ Իհարկե, երկրորդ աշխարհամարտի վտանգներից անմասն չի մնացել նաև այս գավաթը։ 1938֊ին չեմպիոն դարձավ Իտալիան ու երբ սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, ՖԻՖԱ֊ի փոխնախագահ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օտտորինո Բարասսին իր վրա վերցրեց գավաթը փրկելու առաքելությունը։ Գերմանացի և իտալացի ֆաշիստների բազմաթիվ փորձերն ապարդյուն էին, պատերազմի ընթացքում ոչ ոք այդպես էլ չգտավ այն։ Ու միայն հետո պարզվեց, որ Բարասսին գավաթը թաքցրել էր անկողնու տակ՝ հին տուփի մեջ։

Ժյուլ Ռիմեի անվան գավաթը

Սա գավաթի հետ կապված միակ սկանդալը չէ։ 1966 թվականին Անգլիայում առաջնությունից կարճ ժամանակ առաջ անցկացվող ցուցադրության ժամանակ գավաթը գողանում են։ Մեկ շաբաթ ամբողջ Անգլիան ու ֆուտբոլասեր հանրությունը փնտրում ու չեն գտնում այն, և իրավիճակը փրկում է մարդու ամենալավ բարեկամը։ Զբոսանքի դուրս եկած Փիքլզ անունով շունն անգլիական այգիներից մեկում թփերի տակից գտնում է ոսկե գանձը։ Ու դե ավելորդ է ասել, որ դառնում է իր երկրի հերոսն ու ամբողջ աշխարհի հիացմունքի առարկան։ Նրան անվճար սնունդ են տալիս, տիրոջն էլ թույլ են տալիս մասնակցել ֆուտբոլային բոլոր հանդիպումներին՝ անվճար։

Փիքլզ անունով շունը

Սա, ցավոք, գավաթի happy end֊ը չէ։ 1970֊ին գավաթը վերջնական հանձնում են եռակի չեմպրոն Բրազիլիային և արդեն 1974 թվականից աշխարհի առաջնության չեմպիոնները ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթն են ստանում։ Թվում է՝ սկանդալային ոչինչ չկա։ Բայց դա միայն մինչև 1983 թվականը, երբ Բրազիլիայում գողանում են պատմական գավաթն ու այլևս ոչ ոք դրա մասին ոչ լսում է, ոչ էլ տեսնում։ Մինչև օրս էլ հաղթող հավաքականները ստանում են ՖԻՖԱ֊ի աշխարհի գավաթը։

ՖԻՖԱ֊ի Աշխարհի գավաթը

ՌԵԿՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՌԵԿՈՐԴԱԿԻՐՆԵՐԸ

Երբ ասում ենք ֆուտբոլ, ու այն էլ աշխարհի առաջնություն, արդեն պարզ է, որ ռեկորդների ու հակառեկորդների պակաս չի լինելու։ Ու գլխավորն այն է, որ յուրաքանչյուր նոր առաջնություն մաքուր էջ ու հնարավորություն է՝ նոր ռեկորդներ սահմանելու։ Կատար֊2022֊ը դեռ ընթանում է, բայց արդեն իր հաշվին թարմ ռեկորդներ է գրանցել։ Ու դեռ էլի կգրանցի, որովհետև ամեն ինչ կարող է փոխվել րոպեի ճշտությամբ։

Ամենակարևոր ռեկորդը, իհարկե, Բրազիլիայինն է։ Սրտեր գերած այս հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել հինգ անգամ։ Բայց ինչպես ասում են, բրազիլացիներից ոչ այնքան ու ոչ միայն հաղթանակ են սպասում, այլև առաջին հերթին՝ միայն իրենց հատուկ խաղ, որակ ու ձեռագիր։ Չորսական անգամ Մունդիալում հաղթել են Իտալիան և Գերմանիան, երկու անգամ՝ Ուրուգվայը, Ֆրանսիան և Արգենտինան։ Մեկ անգամ էլ՝ Անգլիան և Իսպանիան։

Հաղթանակած Բրազիլիան

Ի դեպ, Բրազիլիան մեկ այլ ռեկորդ էլ ունի։ Միակ հավաքականն է, որ մասնակցել է աշխարհի առաջնության բոլոր մրցաշարերին։ Սեղանի մյուս ծայրին Ինդոնեզիան է։ Աշխարհի առաջնությունների ընթացքում միայն մեկ խաղ է խաղացել։ Իսկ Մեքսիկան ամենաշատ պարտություններն է գրանցել՝ 27֊ը։ Արդարության համար ասենք, որ 16֊ում էլ հաղթել է։

Քանի հավաքականների հաղթանակների ու պարտությունների շքերթն ենք քննարկում, պիտի նաև նշենք, որ աշխարհի առաջնություններում հաղթել են միայն երկու մայրցամաքի երկրներ՝ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի։ Ամփոփելով հավաքականների թեման, ասենք , որ Հայաստանի մասին չենք մոռանում, բայց խոսելու տեղ էլ չունենք։ Ուղղակի վստահեցնում ենք, որ փոքր երկիր լինելն արդարացում չէ։ Մունդիալում խաղալու շանս է վաստակել անգամ 334,000 բնակչություն ունեցող Իսլանդիան։

Մինչև անհատական ռեկորդներին անցնելը թույլ տվեք նշել նաև մի քանի մրցաշարային ռեկորդներ։ Ի դեպ՝ Կատարը կարծես ռեկորդային ռեկորդակիր է։ Կատար֊2022֊ն աշխարհի առաջին առաջնությունն է, որն անցկացվում է Միջին Արևելքում։ Առաջինն է, որտեղ ներառված է կին մրցավար։ Կատարն առաջին հյուրընկալ հավաքականն է, որ պարտվել է առաջին և բոլոր խաղերում։ Կատարի տխուր ռեկորդների մեկ այլ փունջ էլ ավելի ուշ կքննարկենք:

Անհատական ռեկորդներից խոսելիս շատերը միանգամից Պելեի մասին են հիշում և այս դեպքում «բոլոր ժամանակների ամենալեգենդար ֆուտբոլիստ» կոչումն ամենևին էլ պաթոս չէ։ Պելեն միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ աշխարհի չեմպիոն է դարձել իր հավաքականի հետ։ Բրազիլացու ռեկորդը փորձել են անցնել ևս քսան ֆուտբոլիստներ, բայց նրանք բոլորն էլ միայն երկու անգամ են հասցրել հաղթել առաջնությունում, իսկ Պելեի ռեկորդն առայժմ անհասանելի է մնում։ Քանի խոսում ենք լեգենդար ֆուտբոլիստի անհավանական կարիերայից, առաջարկում ենք դիտել 1962֊ի Պելե vs Մեքսիկա լավագույն պահերը։

Պելե, 1970թ.

Անցնելով առաջ։ Կրիշտիանու Ռոնալդուն առաջին մարզիկն է, որ գոլ է խփել Մունդիալի հինգ մրցաշարում։ Լիոնել Մեսսին առաջինն է, որ փոխանցում է գրանցել հինգ մրցաշարում։ Մեսսին նաև ամենաերիտասարդ (18տ. 357 օր) և ամենատարեց (35 տ. 155 օր) ֆուտբոլիստն է, որ աշխարհի առաջնության մեկ խաղում փոխանցման ու գոլի հեղինակ է դարձել։ Գերմանացի Մանուել Նոյերը ամենաշատ խաղերը գրանցած դարպասապահն է, իսկ Կիլիան Մբապեն առաջին խաղացողն է, որ Մունդիալում ինը գնդակ է խփել՝ մինչև 24 տարեկանը լրանալը։ 2020֊ին ֆրանսիացի երեխաներին գրած իր նամակում Մբապեն ասում էր՝ մենք խենթ երազողներ ենք։ Այս խենթ երազողը մինչև առաջնության ավարտը կարող է թարմացնել իր ռեկորդը, որովհետև Ֆրանսիան դեռ պայքարի մեջ է։ Գերմանացի Լոթար Մաթեուսը ռեկորդակիր է նաև աշխարհի առաջնություններում խաղացած խաղերով (25 խաղ)։ Մեսսին այս տարի կարող է հասնել այս ցուցանիշին։ Սա հնարավոր կլինի, եթե Արգենտինան հասնի առնվազն կիսաեզրափակիչ փուլ։

Լիոնել Մեսսին
Կրիշտիանու Ռոնալդուն

ՄԵԾ ՓՈՂԵՐԸ

Մեծ իրադարձություններ մեծ գումարների մասին են ու սա վերաբերում է թե՛ ծախսերին, թե՛ եկամուտներին։ Աշխարհի գավաթին տիրանալը թիմերի հիմնական շարժիչ ուժն է, բայց կա նաև թոթոլ դրամական մրցանակ, որի համար պետք է պայքարել: Մրցանակային ֆոնդում կա ավելի քան 335 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ հաղթողներն ակնհայտորեն ստանում են զամբյուղի ամենամեծ բաժինը: 2022 թվականին չեմպիոնները կստանան 32 միլիոն ֆունտ ստեռլինգ, նույնն է թե՝ 42 միլիոն դոլար։ 2018֊ին Ֆրանսիան 38 միլիոն դոլար էր ստացել։ Փոխչեմպիոններն ու մյուս մասնակիցները ևս դժգոհ չեն մնա։ Դատարկ ձեռքերով տուն գնալ չկա։ Այս տարի փոխչեմպիոնները 30 միլիոն դոլար կստանան, իսկ Խորվաթիան նախորդ Մունդիալի արդյունքներով 28 միլիոն դոլար էր ստացել։

Վերադառնալով Կատարի ռեկորդային թվերին։ Այս տարի Կատարն ամենամեծ ֆուտբոլային փարթին է կազմակերպել, սա պատմության մեջ գրանցված ամենաթանկ Մունդիալն է, որի վրա ծախսվել է 220 միլիարդ դոլար։ Սա մոտ 15 անգամ ավելի շատ է, քան 2018֊ին Ռուսաստանում անցկացված առաջնության ծախսերը, որը կազմել էր 14.2 միլիարդ դոլար։ Այս ամենի ֆոնին կան նաև թվեր ու տվյալներ, որոնք բանական մարդու ուղեղում շատ բարդ են տեղավորվում։ Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության համար ենթակառուցվածքային նախագծերի կառուցման ժամանակ ավելի քան 6500 աշխատանքային միգրանտ է մահացել։ Այդ երկրի կառավարությունը հաստատում է միայն 500֊ը։

Կատար֊2022

Մի շարք հասարակական կազմակերպություններ և հազարավոր անհատներ պահանջում էին չեղարկել Կատարում Մունդիալի անցկացումը։ Մեծ ճնշում կար նաև առաջնությունը հովանավորող կազմակերպությունների վրա։ Cancel culture֊ի մասին արդեն խոսել ենք ու գիտենք, որ շատ հաճախ հանրային տրամադրություններն ու կազմակերպությունների ոչ միանշանակ վարքագիծը կարող է ճակատագրական լինել։ Ամեն դեպքում այստեղ խաղադրույքները շատ բարձր են։ Ընդհանուր առմամբ 1,1 միլիարդ դոլար են ծախսել հովանավորներիը՝ ՖԻՖԱ-ի հետ Կատար֊2022-ի շրջանակում գործակցելու համար։ Հովանավորների համար մեկ այլ մարտահրավեր էր նաև հյուրընկալող երկրում բիզնես հնարավորությունների սահմանափակությունը։ Նույնիսկ հաշվի առնելով, որ կանախտեսվում էր շուրջ 1.2 միլիոն երկրպագուների ժամանում, 2.9 միլիոն բնակչությամբ Կատարի շուկան շատ նեղ է մեգաընկերությունների համար։

Կատարը պատրաստվում է Մունդիալին

ՖՈՒՏԲՈԼԸ ՊԱՇՏՈՂ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ

Ամենավարկանիշային մրցաշարն ու սպորտային գլխավոր իրադարձությունը հաստատ չէր լինի այն՝ ինչ կա, եթե չլինեին այն հարյուր միլիոնավոր երկրպագուները, որ միս ու արյուն են տալիս այս մրցաշարին։ Յուրաքանչյուր սպորտային միջոցառման հիմքում երկու հիմնական դերակատար կա՝ մարզիկը և երկրպագուն: Մարզիկները կարող են լինել շոուի աստղերը, բայց առանց երկրպագուների՝ առանց նրանց էներգիայի, եռանդի և շոշափելի աջակցության ոչինչ նույնը չէր լինի։ Հավաքականի դաջվածքներից մինչև ֆուտբոլային թեմաներով սանրվածքներ, երկրպագուների աջակցությունը կենսական նշանակություն ունի ցանկացած թիմի համար։ Եվ սա ապացուցված է նաև հետազոտություններով։ Դրանք ցույց են տալիս, որ հանդիսատեսը շոշափելի, դրական ազդեցություն ունի մարզիկների ելույթների վրա, և ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը սրա վառ օրինակ է:

Երկրպագուների լուսանկարները՝ տարբեր տարիների մրցաշարերից

Մունդիալն իր դիտողականությամբ առաջ է անցնում նույնիսկ Օլիմպիական խաղերից։ Ընդհանուր առմամբ 3,5 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության գրեթե կեսը) հետևել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Ու սա նոր թրենդ չէ։ 2010֊ի մրցաշարին 3.2 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության 46%֊ը դիտել է առաջնության գոնե մեկ րոպե։ Եվ սա ՖԻՖԱ֊ի տվյալն է։ Ի դեպ, 2006֊ից գործում է FIFA Fan Fest֊ը, որն ամեն անգամ ռեկորդային քանակի երկրպագուների ֆուտբոլային տոնի մասի է դարձնում։ Հենց նույն 2006 թվականին գերմանական 12 քաղաքում 18 միլիոն երկրպագու նշում էր ֆուտբոլի հաղթանակը։

Գերմանիա, 2006 թ.

Ի ՀԱՎԵԼՈՒՄ. ՍԿԱՆԴԱԼՆԵՐ, ՀԻՇԱՐՇԱՆ ՊԱՀԵՐ ՈՒ ԹՎԵՐ

Քանի որ Մունդիալում դեպքերն ու դեմքերը մեկը մյուսից վառ ու հիշարժան են, կան իրադարձություններ, որոնց մեկտեղելու ու համակարգելու կարիք անգամ չկա, պարզապես պետք է վայելել այս հիթ֊շքերթը։

ա. Հեռավոր 1950 թվականի մրցաշարին պիտի մասնակցեր նաև Հնդկաստանը։ Հավաքականը հրաժարվեց այս լուրջ հնարավորությունից ու մինչև օրս էլ կա կարծիք, որ պատճառը իրենց ավանդույթի հետ էր կապված. Հնդիկները ֆուտբոլ խաղում էին ոտաբոբիկ։ Նրանք բոբիկ մարզադաշտ են դուրս եկել նաև 1948֊ի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, բայց ՖԻՖԱ֊ն հստակ հասկացրել էր որ այդ կերպ Մունդիալին չեն կարող մասնակցել։ Իրականում սա գուցե ազդեցություն ունեցել է հավաքականի որոշման վրա, բայց առավել վստահելի աղբյուրները պնդում են, որ հիմնական պատճառը չի եղել։ Իսկ պատճառներից մեկը կրկին՝ հեռավորությունն ու ֆինանսական հնարավորություններն էին։ Եթե ավելի անկեղծ, կա տեսակետ, որ Հնդկաստանը աշխարհի առաջնությունն այնքան չէր կարևորում, որ դրա վրա այդքան գումար ծախսեր։

Հատված մարզումից

բ. Կա օրինաչափություն, որ աշխարհի առաջնությունից 9 ամիս անց գավաթը տուն տարած երկիրը բեյբի բումի ականատես է լինում։ Այսինքն, այդ երկրում ծնվում են նկատելիորեն ավելի շատ երեխաներ, քան սովորաբար։ Այս թեմայով Hyundai֊ը նույնիսկ գովազդային հոլովակ էր նկարահանել։

Hyundai֊ի գովազդը

գ. 2010 թվականի Հարավային Աֆրիկայում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտերում վաճառվել է ավելի քան 750,000 լիտր գարեջուր: Երևի արդեն պարզ է, թե ինչու են այս տարի Կատարում անցկացվող առաջնությունը որոշել ձմռանն անել։

դ. Լայթ նյուզից անցում կատարենք նաև ամենահիշվող սկանդալներից մեկին։ Զիդանի հրաժեշտի խաղը նույնքան հիշարժան ու տպավորիչ էր, որքան նրա կարիերան, բայց միայն՝ վատ իմաստով։ Զինդանը 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ անսպասելիորեն գլխով հարվածեց իտալացի պաշտպան Մատերացիին։ Սրան հետևած անթիվ քննարկումների հիմքում մի բան կար. Երկրպագուները վստահ էին, որ իտալացին անձնական վիրավորանք է հասցրել Զիդանին, այլապես արձագանքն այդպիսին չէր լինի։ Եվ իրականում պարզվեց, որ իսկապես Մատերացին վիրավորել էր Զիդանի քրոջը։

ե. Էլ ինչ սպորտ, առանց անարդարության դեմ կռվի, որին միշտ չէ, որ հաղթել ստացվում է։ Պարզվում է, 1966֊ի Անգլիա֊Գերմանիա եզրափակիչ հանդիպումը կարող էր այլ ելք ունենալ, եթե չլիներ Սովետական Միությունը ներկայացնող ադրբեջանցի մրցավար Թոֆիք Բահրամովի սխալը։ Եթե այդ թվերին լինեին հիմիկվա տեխնոլոգիաները, ապա Անգլիայի երրորդ գոլը մրցավարը հաստատ չէր հաշվելու։ Որոշ նեղացած գերմանացիներ նույնիսկ վստահ են, որ ադրբեջանցի մրցավարի որոշումը կողմնակալ էր, հատկապես հաշվի առնելով, որ ԽՍՀՄ֊ը կիսաեզրափակչում հենց Արևմտյան Գերմանիային էր պարտվել։

Աշխարհի առաջնության գավաթն ու Անգլիայի թագուհին

զ. Եվ եզրափակենք այս ցանկը մի դրվագով, որն ապացուցում է՝ Մունդիալի կարևորությունն ու ազդեցությունը թերագնահատել պետք չէ։ Բարդ ընտրական փուլից հետո Չիլին դարձել էր այն երկիրը, որ 1962 թվականին պիտի հյուրընկալեր աշխարհի առաջնությունը։ Կազմակերպիչները մրցաշարին պարտաստվում էին չորս տարի անդադար աշխատանքով և արդեն բավականին լավ առաջընթաց ունեին։ Ու երբ առաջնությանը մնացել էր երկու տարի, 1960 թվականին Չիլիում ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան։ 200,000 մարդ մնաց անօթևան, մինչև հինգ հազար մարդ զոհվեց։ Ու չնայած ամենադաժան հարվածին, Չիլիում կայացրին բարդ որոշումը՝ առաջնությունն ամեն դեպքում պիտի կայանա իրենց երկրում։ Տարբեր հանգանակությունների և պատասխանատու կազմակերպիչների շնորհիվ 1962 Մունդիալը անցկացվեց Չիլիում։


✍ Նանե Մանուկյան / PAN