#իվենթաPAN
January 11

Սխալ դուռ մտած Կիրկորովը, «վոդոլազկայով» ներողությունները և մեկ բաց հետույք. Իվլեևայի կիսամերկ փարթիի հետքերով

Դատական հայցեր, արդարացումներ ու ներողություններ, համերգների չեղարկում, մեծ գումարներ ու շատ ավելին. Սա Մոսկվայի ակումբներից մեկում կայացած կիսամերկ երեկույթի գինն էր ու տպավորություն է, որ ամեն ինչ այսքանով չի ավարտվելու։

Բլոգեր ու հաղորդավար Նաստյա Իվլեևան ու սկանդալային իրավիճակներն իրար հետ լավ լեզու են գտնում ու կես բառից հասկանում են իրար։ Ամեն դեպքում՝ սովորաբար Նաստյան առանձնապես չի նեղվում իր անվան շուրջ սկանդալներից ու քննարկումներից, որովհետև սև PR-ն էլ PR է, բայց այս անգամ ամեն ինչ սոց. ցանցերի քննադատությամբ չավարտվեց։ Նոր տարուն ընդառաջ Mutabor-ում ռուս աստղերի փարթին դարձավ Պուտինի ամանորի շնորհավորանքից էլ ավելի քննարկվող թեմա։

ALMOST NAKED

Նախատոնական շրջանում տարատեսակ խնջույքներն ու երեկույթները սովորական բան են, բայց Նաստյան Նաստյա չէր լինի, եթե իր կազմակերպած երեկույթը չհամեմեր սկանդալային ինչ֊որ տարրերով։ Երեկույթի թեմատիկան՝ «գրեթե մերկ»։ Դրես-կոդի համաձայն հյուրերը փարթիին պիտի ներկայանային կիսամերկ outfit֊ներով։

Լուսանկարներում անհոգ, ուրախ ու պահը վայելող հյուրերի դեմքից հաստատ չես ասի, որ որևէ մեկը ստիպողաբար է իրենց այնտեղ տարել կամ, որ իրենք գաղափար չունեին, թե ուր են գնում, բայց այս մասին ավելի ուշ։

Երեկույթի գիշերն ու դրան հաջորդող օրը համացանցում սկսեցին հայտնվել կադրեր, որտեղ հասարակությանը ծանոթ շատ դեմքեր կային։ Ակնկալվում էր, որ քննադատական մեկնաբանությունները չեն ուշանա, բայց նման ընթացքն ու նման մասշտաբները անգամ սկանդալների սիրահար Նաստյայի համար չափազանց ծանր էին։

Լույսը չբացվաց ռուս որոշ բլոգերներ, հասարակական ակտիվիստներ, իսկ առավոտյան արդեն Պետդումայի պատգամավորներ ու պետական գործիչներ տարբեր հարթակներից ու ամբիոններից պահանջում էին պատասխանատվության ենթարկել երեկույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Իրար էին խառնվել պահպանողական շարժումները, ներքին գործերի նախարարությունը, հասարակության լայն շերտեր։ ՆԳՆ-ից պահանջում էին ստուգել պատերազմական իրավիճակում գտնվող երկրում կայացած խրախճանքի հանգամանքները։ Կամ այլ կերպ ասած՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։

ՉԵՂԱՐԿՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Ռուսաստանը, կամ ավելի ճիշտ կլինի ասել первый канал-ի ներկայացրած Ռուսաստանը սկզբունքորեն մերժում է արևմտյան ցանկացած երևույթ։ Գուցե այս երեկույթով ռուս աստղերն իրենք իրենց ուզում էին հուսադրել, որ գոնե մասնավոր խնջույքների հարցում կարող են ազատ լինել իրենց նախընտրություններում։ Պարզվեց՝ այդքան էլ այդպես չէ։

Արդյունքում մեծ թափով սկսվեց չեղարկման մշակույթի «գործնական կիրառումը»։ Այստեղ մի նուրբ հարց կա միայն։ Չեղարկման մշակույթը (cancel culture) ինքնին արևմտյան երևույթ է ու հենց այս մեթոդով արևմտյան բարքերը մերժելն, անկեղծ ասած, հարցեր է առաջացնում։

Բայց խնդիրը երբեք միակողմանի չի լինում ու իսկապես հարցեր են առաջացնում նաև հասարակության կողմից սիրելի ու հայտնի դեմքերի պահվածքը, որոնց թվում նաև ժողովրդական արտիստ կար։ Մի կողմ թողնելով քաղաքական ու ոչ այնքան ընկալելի ենթատեքստը մի պահ կենտրոնանանք հասարակական այն արձագանքի վրա, որը կախված չէր այս կամ այն պատգամավորի հայտարարություններից ու սովորական մարդկային վրդովմունք էր։

Ստացվում է, որ շատ հաճախ իրենց երկրի դեմքը հանդիսացող արտիստները մոռացել են, որ իրենց երկիրը պատերազմում է, իսկ զոհերի թիվն ավելանում է ամեն օր։ Մի խոսքով՝ նման հարցերում ճիշտ ու սխալ անելն անշնորհակալ գործ է ու ամփոփելով ասենք՝ «երկուսդ էլ ճիշտ եք»։

Գուցե պետք է օգտվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խորհուրդից, որը երեկույթի մասնակիցներին խորհուրդ է տվել վերապատրաստում անցնել ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանում, որտեղ ռուս կամավորներն արագացված դասընթացներ են անցնում։ Կադիրովը կարծում է, որ այս կերպ միջոցառման հյուրերը կապացուցեն իրենց հայրենասիրությունն ու կարեկցանքը։

ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ ՆԱՍՏՅԱՆ Է

Սկանդալը սկանդալ, քննադատությունն էլ՝ քննադատություն, բայց ամեն բան լրջացավ, երբ պարզվեց, որ նման խնջույք կազմակերպելու համար Իվլեևան օրենքի հետ լուրջ խնդիրներ կարող է ունենալ։ Ու իբր սա բավական չէր, շատ հանկարծակի, «պատահականության սկզբունքով» այս ամենին գումարվեցին նաև հարկային ստուգումները ու ինչպես կարելի էր ենթադրել՝ Նաստյայի մոտ բազմաթիվ խախտումներ հայտնաբերվեցին։ Անգամ կային խոսակցություններ, որ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար Իվլեևային մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։

Նաստյան ժամեր առաջ էր ինստագրամում հրապարակել կիսամերկ փարթիի լուսանկարները, անգամ երևի չէր հասցրել ակնկալվող քանակով լայքեր հավաքել ու արդեն ստիպված էր կիսամերկից կտրուկ անցում կատարել ամբողջությամբ փակ ու տաք հագուստների և վիդեոուղերձով հրապարակային ներողություն խնդրել։ Հուզմունքը հազիվ զսպելով Նաստյան ներողություն էր խնդրում իր լսարանից ու միջոցառմանը մասնակցած հայտնիներից և խնդրում, որ իրեն երկրորդ հնարավորություն տան։

Արդյոք Անաստասիայի հյուրերն ականջալուր են եղել այս խնդրանքին՝ դժվար է ասել, բայց բլոգերի հետ համագործակցող մի շարք խոշոր ընկերություններ, օրինակ  MTS-ը և Tinkoff-ը որոշել են առանց երկրորդ շանսերի հրաժարվել Իվլեևայի հետ համագործակցությունից։

Ի դեպ, ներողություն խնդրելուց զատ իր տեսաուղերձում Նաստյան հայտնում էր, որ մտադիր է երեկոյից վաստակած ամբողջ գումարը նվիրաբերել բարեգործական կազմակերպություններին։ Ինչ լավ է, որ սեփական խիղճն ու անունը պարզաջրելու համար բարեգործություն անելը դեռևս մոդայիկ է։

Երեկույթից օրեր անց արդեն ռուս բլոգերը տուգանվեց է 100 հազար ռուբլով։ Դատարանի որոշմամբ՝ Իվլեևան խախտել է հասարակական կարգը, երեկույթի մասնակիցները գտնվել են «մարդկային արժանապատվությունը վիրավորող մերկ վիճակում», ինչպես նաև երեկույթի ընթացքում եղել է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն»։ Իվլեևայի դեմ ներկայացվել էր նաև  մեկ միլիարդ ռուբլու բարոյական վնասի փոխհատուցման խմբային հայց, որը դատարանը չի ընդունել։

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ ՀԻԹ֊ՇՔԵՐԹԸ

Երեկույթին մասնակցող ռուս հայտնիների շարքում առավել հաճախ հնչեցին Ֆիլիպ Կիրկորովի, Քսենիա Սոբչակի, Դիմա Բիլանի, Ջիգանի, Լոլիտայի անունները։ Խնջույքի կադրերում ակնհայտ լավ ժամանակ անցկացնող արտիստները հագան իրենց ամենատաք ու ամենափակ հագուստները ու հերթով սկսեցին ներողություն խնդրել, պնդել, որ տեղյակ չէին երեկույթի բնույթից և որ իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ են։

Այս մարդկանց մեղադրելն էլ ազնիվ չէ, որովհետև խաղասեղանին նրանց կարիերան է, ասել է թե՝ ամբողջ կյանքը։ Երեկույթի մասնակիցներին հեռացրին ամանորի հեռուստատեսային հաղորդումներից, մի մասին զրկեցին համերգների և կորպորատիվ միջոցառումների մասնակցելու հնարավորությունից, կասեցվեցին որոշ համագործակցություններ, իսկ հանրային դժգոհության մեծ ալիքի մասին կարելի է պարզապես լռել։

Ֆիլիպ Կիրկորովն օրինակ, իր տեսաուղերձում ասում է, որ ընդամենը հինգ րոպեով է ներկա եղել երեկույթին։ Երգիչը հոլովակի սկզբում ասում է, որ արդարանալն այնքան էլ տղամարդավարի չէ, ու դրանից հետո մի քանի րոպե ակնհայտորեն փորձում է արդարանալ։

«Ես գիտակցում եմ, թե ինչ սխալ եմ թույլ տվել։ Ռուսաստանի ժողովրդական արտիստը պարտավոր է ավելի զգույշ լինել այն միջոցառումների նկատմամբ, որոնց մասնակցում է։ Բոլորի կյանքում էլ լինում են պահեր, երբ սխալ դուռ են մտնում»:

Կիրկորովը պնդում է, որ երեկույթի բնույթի մասին ոչինչ չի իմացել, երևի սիրտն է վկայել, որ խնջույքին թափանցիկ հագուստով գնա։ Ամեն դեպքում, ժողովրդական արտիստի կոչումից Կիրկորովին չեն զրկի, որովհետև «պարգևատրվածը պետական ​​պարգևից կարող է զրկվել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված լինելու դեպքում»։

Իր երկրպագուներից ներողություն է խնդրում նաև Դիմա Բիլանը։ Երգիչը բացատրել է, որ նմանատիպ միջոցառումների մասնակցելն իր աշխատանքի մի մասն է ու ինքը նախապես չէր կարող իմանալ, թե մնացած հյուրերն ինչ տեսքով ու ինչ հագուստով են ներկայանալու երեկույթին։ Ի դեպ, Բիլանի թափանցիկ հագուստը ևս, ամենայն հավանականությամբ, խիստ պատահական զուգադիպություն էր։

Քսենիա Սոբչակից ներողության խոսքեր լսելը հատկապես անսովոր է։ Ամեն դեպքում նա ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վիրավորել է Իվլեևայի խնջույքին իր մասնակցությունը։ Սոբչակը նաև նշել է, որ միջոցառումը մասնավոր էր, ուստի մասնակիցներից հանցագործներ սարքել պետք չէ։

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Սոբչակի հետ հարցազրույց պետք է ունենար փետրվարին, բայց այս աղմուկի ֆոնին որոշել է չեղարկել այն։

«Ես չեմ ուզում այդ շրջապատում լինել: Ես չեմ հավատում, որ ամենաթողությունը ազատության եւ երջանկության մի մասն է: Ես ձանձրալի մարդ եմ եւ ցանկանում եմ արժանապատվորեն մեծանալ ու ծերանալ՝ չնեղացնելով ռազմաճակատի զինվորներին, նրանց մայրերին եւ, ընդհանրապես, հանդիսատեսի հսկայական զանգվածին իմ անհեթեթ արարքներով»:

Երգչուհի Լոլիտան էլ հարցազրույց է տվել ու անկեղծացել, որ իր մասնակցությամբ միջոցառումների չեղարկումից հետո լաց է եղել։ Նա հույս է հայտնել, որ այս սև շրջանը կկարողանան հաղթահարել, իսկ մոտակա համերգները չեղարկելու կարիք այլևս չի լինի։

Կիրկորովն ու Սոբչակը իրենց տեղում, բայց երեկոյի «աստղը» ռեփեր Vacio-ն էր, որը փարթիի թեմատիկան շատ ուղիղ տեքստով էր ընկալել ու միջոցառմանը գրեթե մերկ էր գնացել։ Երեկույթից հետո ռեփերին կալանավորել էին 15 օրով և պարտավորեցրել որպես տուգանք վճարել 200 հազար ռուբլի։ Ազատ արձակվելուց հետո նրան խուլիգանության համար նրան վարչական կալանքի են ենթարկել ևս տասը օրով։ Ու այս պատմության տրագիկոմեդիկ ամփոփումը՝ ռեփերին զինկոմիսարիատից ծանուցագիր են ուղարկել։

ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ

«Տարվա խնջույքը» կազմակերպվել էր մոսկովյան Mutabor ակումբում ու ինչպես ենթադրվում էր՝ ակումբի սեփականատերը ևս լուրջ խնդիրների առաջ է կանգնել։

Mutabor-ը ակումբի սեփականատեր Միխայիլ Դանիլովի միակ գիշերային ակումբը չէ, հետևաբար օրենքի ու պետության հետ խնդիրներ ունենալու դեպքում հարցը չի սահմանափակվելու միայն այս ակումբով ու տարածվելու է նաև գործարարի մյուս բիզնեսների վրա։

Ու այս ֆոնին Դանիլովը որոշում է «քայլ ձիով» անել, երևի մտածելով, որ նրա այս քայլը ոչ ոքի մոտ որևէ կասկած չի առաջացնի։ Գիշերային ակումբի սեփականատերը երեկույթից մի քանի օր անց որոշում է Մոսկվայում, իսկ ավելի կոնկրետ Կրեմլի դեմ դիմաց գտնվող եկեղեցական տաճարին սուրբ մասունքներ նվիրաբերել՝ ի նշան աջակցության։

«Մենք դեմ ենք խավարամտությանը և սատանայական ցանկացած դրսևորման։ Մենք աջակցում ենք եկեղեցուն»:

Որևէ շահ չհետապնդող այս արարքը ամբողջությամբ տեսանկարահանվել ու տարածվել է համացանցում, Դանիլովն էլ խոսքի մեջ նշել է, որ մասունքների գնման համար նախատեսված գումարի մի մասը ստացվել է մի քանի ակումբներից, այդ թվում՝ Mutabor-ից։

Գործարարը չի մոռացել նաև նշել, որ մասունքները Վատիկանից գնվել էին դեռ ամիսներ առաջ, պարզապես ինքը որոշել է նվիրաբերությունն անել Սուրբ Ծննդյան տոներին։

Իսկ հիմա գլխավորը. Սուրբ մասունքը գիշերային ակումբին այդպես էլ չօգնեց։ Դատարանը որոշեց երեք ամսով փակել ակումբը։ Ավելին, գործարարի մյուս ակումբներն ու բիզնեսները հիմա ստուգվում են խոշորացույցի տակ։

Միխայիլ Դանիլովն էլ որոշել է դատի տալ առանց այն էլ մեծ խնդիրների մեջ հայտնված Նաստյա Իվլեևային։ Ըստ աղբյուրի, ակումբի հեղինակությունը արատավորելու համար Դանիլովն Իվլեևայից կպահանջի 70 միլիոն ռուբլի։

Ամփոփելով. Կիսամերկ փարթին մերկացրեց քաղաքական, սոցիալական ու զուտ մարդկային մի շարք երևույթներ, դատարկեց շատ դրամապանակներ, հարցականի տակ դրեց շատերի կարիերան ու մի քիչ էլ ապացուցեց, որ ցանկացած պարագայում մերկ ճշմարտությունը լավ փաթեթավորված կեղծավորությունից լավ է։


✍️ Նանե Մանուկյան / PAN