July 30

Rolleiflex ֆոտոխցիկը, Չիկագոյի Մերի Փոփինսը և 150,000 գաղտնի լուսանկար. Ինչպես դայակ Վիվիան Մեյերը հետմահու դարձավ լեգենդար լուսանկարիչ

2009 թվականին 83-ամյա Վիվիան Մեյերը մահացավ Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Կողքին ոչ ոք չկար, ժառանգներ չուներ։ Վիվիանը մահացավ՝ առանց անգամ ենթադրելու, որ կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհում նրան ճանաչելու են տասնյակ տարիների ընթացքում արած իր լուսանկարների համար։

Նախ՝ ծնունդ։ Վիվիան Մեյերը ծնվել է 1926 թվականի փետրվարի 1-ին՝ Նյու Յորքում։ Ավստրիացի Կառլի և ֆրանսուհի Մարիի ընտանեկան երջանկությունը երկար չի տևում, Վիվիանի ծնողները բաժանվում են, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան էր։

Արդյունքում Վիվիանի մանկությունն անցնում է երկու երկների միջը։ Չորս տարեկանում Վիվիանը մոր և նրանց ընտանիքի ընկերուհի Ժաննա Բերտրանի հետ մեկնում է Ֆրանսիա՝ ալպյան Սեն-Բոնե-ան-Շանսոր գյուղ։ Բերտրանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր՝ մասնագիտացած դիմանկարների մեջ։ Հենց նրանից էլ, ամենայն հավանականությամբ, փոքրիկ Վիվիանը սովորել է լուսանկարչության հիմունքները։

Աղջկա մանկությունն անցավ երկու երկրների միջև՝ մշտական տեղափոխությունների մեջ։ Երբեմն նրանք վերադառնում էին Ամերիկա, երբեմն՝ Ֆրանսիա։ 11-12 տարեկանում Վիվիանն արդեն փորձում էր աշխատել Նյու Յորքի քաղցրավենիքի խանութում։ Դպրոցական տարիները նա անցկացրեց ֆրանսիական պանսիոնում, որտեղ էլ ձեռք բերեց իր առաջին ֆոտոխցիկը՝ տատիկի մահից հետո ստացած ժառանգության գումարով։ Դա մի հնաոճ Kodak Brownie էր, որով Վիվիանը սկսեց լուսանկարել ֆրանսիական գյուղի բնապատկերները և տեղացիներին։

1951 թվականին 25-ամյա Վիվիանը Ժաննա Բերտրանի հետ վերջնականապես վերադարձավ Նյու Յորք։ Սկզբում աշխատեց քաղցրավենիքի խանութում, բայց շուտով որոշեց փորձել իրեն որպես դայակ։ Առաջին ընտանիքը, որտեղ նա աշխատեց, Սաութհեմփթոնում էր։ Այդ ժամանակ արդեն երկու տարի էր՝ Վիվիանը զբաղվում էր լուսանկարչությամբ։

1956 թվականին Վիվիանը տեղափոխվեց Չիկագո, որը դարձավ նրա մշտական բնակավայրը մինչև կյանքի վերջը։ Այստեղ նա շարունակեց որպես դայակ աշխատել հարուստ ընտանիքներում։ Ամենաերկար ժամանակը՝ 17 տարի, նա անցկացրեց Գինզբուրգների ընտանիքում, որտեղ մեծացրեց երեք երեխաների՝ Ջոնին, Լեյնին և Մեթյուին։

«Նա իսկական կենդանի Մերի Փոփինսն էր»,– հիշում էր Լեյն Գինզբուրգը։

Սակայն այս համեմատությունը միայն մասնակիորեն էր ճիշտ։ Վիվիանն ավելի շուտ նման էր բրիտանական դայակ-կախարդուհու մռայլ քրոջը։ Նա խիստ էր և անզիջում, մեծ, oversize բաճկոններ էր հագնում, տղամարդու կոպիտ կոշիկներ և լայնեզր գլխարկներ։ Երբեմն էքսցենտրիկ էր և դյուրագրգիռ։

Բայց երեխաները պաշտում էին նրան։ Վիվիանը կարող էր տուն բերել սատկած օձ, որպեսզի երեխաներն ուսումնասիրեին, կազմակերպում էր թատերական ներկայացումներ թաղամասի բոլոր երեխաների հետ, պատմում էր կինոյի մասին, գերեզմանատներում էքսկուրսիաներ էր կազմակերպում,  թույլ տալիս էր կուշտ ելակ ուտել՝ դաշտային զբոսանքների ժամանակ։

Այս տարիների ընթացքում Վիվիանը երբեք չէր բաժանվում իր Rolleiflex ֆոտոխցիկից։ Չիկագոյի աղմկոտ փողոցներով զբոսնելիս նա կարող էր երկար կանգնել ցուցափեղկի մոտ՝ անվերջ նույն առարկայի կադրերն անել, կամ ֆիքսել ծխախոտ կպցնող բանվորի դեմքը։

Ինչ-որ պահից սկսած՝ նա սկսեց նաև տեսախցիկ օգտագործել։ 8-միլիմետրանոց ժապավենի վրա կինը նկարահանում էր քաղաքային կյանքի կարճ վավերագրական էտյուդներ։ Վիվիանը սիրում էր նաև ձայնագրող սարքով մոտենալ անցորդներին և իմպրովիզացված հարցազրույցներ անցկացնել՝ չնայած ծանոթների շրջանում համարվում էր փակ և գաղտնապահ մարդ։

Չիկագոյում Վիվիանն ուներ իր փոքրիկ բնակարանը, որը վերածել էր լուսանկարչական լաբորատորիայի։ Հաճախ կարող էր նեգատիվներն ուսումնասիրել հենց լոգարանում։ Բոլոր նյութերը՝ կինոժապավենների ու ձայնագրությունների հետ միասին, դայակը պահում էր փակ սենյակներում և երբեք ոչ ոքի ցույց չէր տալիս։

Հետո պիտի պարզվեր, որ Վիվիանն իր կյանքի ընթացքում ավելի քան 150 հազար լուսանկար էր արել՝ հիմնականում Նյու Յորքում, Չիկագոյում և Լոս Անջելեսում։ Նրա աշխատանքները հիմնականում փողոցի լուսանկարներ էին՝ քաղաքային կյանքի պահեր, անցորդների դիմանկարներ, ճարտարապետական դետալներ։

1959-1960 թվականներին Վիվիանը ընդհատեց աշխատանքը և միայնակ մեկնեց ճանապարհորդության։ Իր այս արկածը ֆինանսավորեց Ֆրանսիայում ընտանեկան տան վաճառքից ստացված գումարով։ Երկու տարվա ընթացքում նա այցելեց Ֆիլիպիններ, Թաիլանդ, Հոնկոնգ, Վիետնամ, Մալայզիա, Սինգապուր, Հնդկաստան, Եմեն, Եգիպտոս, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Իտալիա և Շվեյցարիա։

Ճանապարհորդությունից նա վերադարձավ հազարավոր նոր նեգատիվներով և իր սաների համար նոր պատմություններով։ Վիվիանը շարունակեց դայակ աշխատել մինչև 1990-ականները։

Յուրաքանչյուր նոր ընտանիք մտնելիս Վիվիանը նախազգուշացնում էր.

«Ես այստեղ գալիս եմ իմ ամբողջ կյանքն ինձ հետ բերելով, իսկ իմ ամբողջ կյանքը՝ այս արկղերում է»։

Ականատեսները հիշում էին, որ դայակի արկղերը հարյուրից ավելի էին։ Վիվիանը խստորեն արգելում էր դիպչել արկղերին։ Եթե որևէ մեկը խախտում էր այս կանոնը, նա անմիջապես հեռանում էր աշխատանքից։ Երբ երեխաները հետաքրքրասիրությունից փորձում էին մտնել նրա սենյակ, Վիվիանը հունից դուրս էր գալիս ու անգամ կարող էր բղավել երեխաների վրա։ Երբ նրան հարցնում էին, թե ինչո՞վ է զբաղվում, Վիվիանը կատակում էր ու ասում, թե լրտես է։

Վիվիանը երբևէ ամուսնացած չի եղել։ Ըստ ծանոթների հիշողությունների՝ նա ամբողջ կյանքում պահպանում էր ռադիկալ ֆեմինիստական հայացքներ և նույնիսկ հպարտանում էր իր մենակությամբ։

«Ես կարծում եմ, որ ոչինչ չպետք է հավերժ լինի։ Մենք պետք է տեղ ազատենք այլ մարդկանց համար։»

1980-ականներից Վիվիանի կյանքում սկսվեցին դժվար ժամանակներ։ Փողը չէր բավականացնում բնակարանի վարձը վճարելու համար։ Նա որոշ ժամանակով մի կողմ դրեց ֆոտոխցիկը։ Ինչ-որ պահի գործնականում անօթևան դարձավ, բայց հետո կարողացավ տեղափոխվել մի փոքրիկ մեկսենյականոց բնակարան։

Երբ Գինզբուրգներն իմացան իրենց նախկին դայակի ծանր վիճակի մասին, նրան տեղափոխեցին Չիկագոյի էլիտար թաղամասում գտնվող հարմարավետ բնակարան։ Նրանք նաև վճարում էին պահեստային տարածքի վարձը, որտեղ պահվում էին 40 տարվա ընթացքում կուտակված արկղերը։

2008 թվականի ձմռանը Վիվիանն ընկավ սառույցի վրա և վնասեց գլուխը։ Այդ պահից նա այլևս չկարողացավ ոտքի կանգնել։ Գինզբուրգները հասկացան, որ նրան մշտական խնամք է հարկավոր, և տեղափոխեցին ծերանոց։ 2009 թվականի ապրիլի 21-ին Վիվիան Մեյերը մահացավ 83 տարեկան հասակում։

Երբ Վիվիանը ֆինանսական դժվարություններ ուներ և չէր կարողանում վճարել պահեստի վարձը, նրա արկղերը դրվեցին աճուրդի։ 2007 թվականին դրանց մի մասը 400 դոլարով գնեց Ջոն Մալուֆը՝ Չիկագոյի անշարժ գույքի նախկին գործակալը, որը հետաքրքրվում էր տեղական պատմությամբ և պատրաստվում էր գիրք գրել քաղաքի հյուսիս-արևմտյան թաղամասերի մասին։

Նա փնտրում էր 1960-ականների Չիկագոյի արխիվային լուսանկարներ։ Երբ տուն տարավ գնած արկղը և զննեց նեգատիվները, հիասթափվեց՝ իր գրքի համար հարմար ոչ մի բան չկար։ Արկղը խցկեց պահարանի խորքը և մոռացավ դրա մասին։

Երկու տարի անց՝ 2009 թվականի ապրիլին, Մալուֆը կրկին բացեցդ արկղը։ Այս անգամ ձանձրույթից սկսեց սկանավորել նեգատիվները և դրանց մեջ գտավ ծրար, որի վրա գրված էր՝ Վիվիան Մեյեր։ Փնտրեց ինտերնետում և գտավ միայն թարմ մահախոսական. կինը մահացել էր ընդամենը մի քանի օր առաջ։

Մալուֆը մոլեգնած էնտուզիաստի աչքերով ժամերով զննում էր լուսանկարները։ Առօրյա կյանքի վայրկյանները պատկերող այս կադրերի մեջ կար ինչ-որ արտասովոր, նույնիսկ կախարդական բան։

Մալուֆը որոշեց գտնել Վիվիանի մյուս լուսանկարները։ Պարզվեց, որ միայն տեղական աճուրդում այդպիսի արկղերը տասնյակներով էին։ Նա որոշեց վերականգնել կնոջ ամբողջ արխիվը և ի վերջո հավաքեց մոտ 150 հազար նեգատիվ, 3 հազար տպագիր լուսանկար և ևս 1000 գունավոր ու սև-սպիտակ կինոժապավեն։

Մալուֆը ստեղծեց բլոգ և այնտեղ տեղադրեց մոտ հարյուր ամենահետաքրքիր լուսանկարները։ Զրո լայքեր, զրո մեկնաբանություններ։ Այնուհետև Flickr-ում ստեղծեց էջ և այստեղ արդեն հաջողությունը չուշացավ. Ջոնի անձնական նամակները լցվեցին հարյուրավոր հաղորդագրություններով, նրան գրում էին այն լուսանկարիչներ, ովքեր հայտարարում էին, որ այսուհետև Վիվիան Մեյերը նաև իրենց կուռքն է։

2011 թվականին Մալուֆը կազմակերպեց Մեյերի աշխատանքների առաջին ցուցահանդեսը Չիկագոյում։ Ստացվել էր այնպես, որ հեղինակային իրավունքի օրենքի համաձայն՝ բոլոր իրավունքները պատկանում էին հեղինակի մերձավոր ազգականներին։ Մալուֆը փնտրեց ու Ֆրանսիայում գտավ լուսանկարչուհու հորեղբորորդուն։ Նա ոչ միայն չգիտեր այդ լուսանկարների մասին, այլև առհասարակ չէր լսել այժմ արդեն հայտնի ամերիկացի հորաքրոջ մասին, ուստի առանց խնդիրների ստորագրեց իրավունքների փոխանցման փաստաթուղթը։

Որոշ ժամանակ անց փաստաբան Դեյվիդ Դիլը, որը նախկինում նույնպես լուսանկարիչ էր, կասկածի տակ դրեց Մալուֆի իրավունքների հարցը։ Դիլն անգամ գտավ դայակ-լուսանկարչի մեկ այլ ֆրանսիացի եղբորորդու, որն ավելի խորամանկ գտնվեց և դատական գործ սկսեց կորած բարեկամի գլուխգործոցների համար։ Ի վերջո կողմերը որոշեցին, որ ավելի լավ է, որ յուրաքանչյուրն էլ որոշ գումար վաստակի, և կիսեցին իրավունքները։

Այսօր Վիվիան Մեյերի անունը հաճախ հնչում է բոլոր ժամանակների ամենաականավոր կին-լուսանկարիչների և XX դարի ամենաազդեցիկ լուսանկարիչների ցուցակներում։

Նրա ցուցահանդեսներն արդեն անցկացվել են ոչ միայն ԱՄՆ քաղաքներում, այլև Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, Դանիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում։ Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոցում ստեղծվել է Վիվիան Մեյերի անվան կրթաթոշակային հիմնադրամ։

Նրա մասին գրվել են մի քանի գրքեր, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ 2013 թվականին Ջոն Մալուֆը պրոդյուսեր Չարլի Սիսկելի հետ թողարկել է վավերագրական ֆիլմ, որը մասնակցել է միջազգային կինոփառատոների և նոմինացվել է «Օսկար» և BAFTA մրցանակների։

Ուզո՞ւմ էր Մեյերն այս ամենը։ Սա արդեն մեկ այլ հարց է, որը հավերժ կմնա հռետորական։ Բայց նրա լուսանկարները շարունակում են ապրել, ոգեշնչել և հիացմունք պատճառել աշխարհի տարբեր ծայրերում։ Փաստ է, որ Չիկագոյում համեստ կյանքով ապրող դայակի ինտուիտիվ ստեղծագործությունը դարձել է XX դարի լուսանկարչության բնորոշիչներից մեկը։


✍️ Նանե Մանուկյան / PAN