Պայմանագիր սատանայի հետ. Netflix-ը, շահավետ գործարքներն ու մեծ փողերը
Իրականությունը երբեմն այնքան շոկային է, որ առանց ավելորդ ջանքերի ու հատուկ էֆեկտների ֆիքշնից ավելի ֆիքշն է թվում: Ու էլ ինչի՞ համար է լավ հոտառությամբ պրոդյուսերը, եթե ոչ այդ անհավանականի ժանրից պատմությունները ֆիքսելու ու դրա վրա գումար աշխատելու:
Եթե մենք սա հասկանում ենք, ապա, օրինակ, Netflix-ում այս չգրված օրենքը 1+1-ի պես բան է: Եթե գործարքը շահավետ է, ապա կարելի է նույնիսկ սատանայի հետ պայմանագիր կնքել: Բայց կնքելուց առաջ կարևոր է անցնել բոլոր կետերով, որովհետև սատանան ամենահմուտ պրոդյուսերին էլ ուղիղ դժոխքի դարպասի կամ դատարանի մոտ կհասցնի:
Հմայիչ խաբեբաների, բարի ժպիտով լրտեսների, ռոմանտիկ սերիական մարդասպանների մասին պատմող ֆիլմերն ու սերիալներն այսօր շատերիս թոփ լիստում են: Իսկ ֆիլմարտադրողներն ու հանցագործները սրանից օգտվում են՝ ով ինչպես կարողանում է:
ՆԱՐԿՈ-ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ՏԵԼԵՄՈՒՆԴՈՆ
Հայ տատիկների ամենօրյա ընկեր հին ու բարի տելենովելները որպես կանոն չարի ու հանցագործությունների մասին են: Տելեմունդոյի ամենաթանկ արտադրանքներից մեկը՝ 10 միլիոն դոլար բյուջեով ստեղծված The Queen Of The South սերիալը ձեր տեսած տելենովելների կատարելագործված տեսակն է: Մեքսիկացի նարկո-թագուհու մասին պատմող սերիալը մի քանի տարի շարունակեց հաղթարշավը, հայտնվեց նաև Netflix-ում: Հիմա գլխավոր հերոսուհին արթնացել է խորը քնից, երկար քցել-բռնել է, ու վերջապես հասկացել, որ իր մասին պատմող ֆիլմից եկամուտ չստանալն առնվազն միամտություն է:
Հիմա Սանդրա Բելտրան դատի է տվել երկու հեռարձակողին, ու պահանջում է սերիալից ստացված եկամուտներից իրեն ևս բաժին հանել: Պետք է արձագանքենք, որ Սանդրան բավականին առատաձեռն է գտնվել, ու, օրինակ, ամբողջ եկամտի գոնե կեսն ուզելու փոխարեն բավարարվել է մի չնչին 40 տոկոսով: Հեռարձակողների ֆինանսիստներին այս հումորը հաստատ դուր չի գա, որովհետև դատը պարտվելու դեպքում սա իսկապես մեծ գումար է կազմելու:
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍՆ ՈՒ ԲԱԽՏԻ ԳՈՐԾՈՆԸ
Հեռուստադիտողների ճաշակն արդեն վաղուց անգիր արած Netflix-ը պարզ հասկացել է, որ մարդկանց հետաքրքիր են գաղտնիքները, ինտրիգները, սուտը, արյունը… մի խոսքով՝ բազառ ու բոլոլա: Վարկերի, ընկերների ու սեփական խորամանկության հաշվին Նյու Յորքում գերշքեղ կյանքով ապրող Աննա Սորոկինայի պատմությունը հատկապես դուր կգա վարկերի տակ ճկռող կովկասյան մի ազգի: Այս մինիսերիալի բնութագիրն ամեն ինչ ու հակիրճ բացատրում է. «Այս պատմությունն ամբողջությամբ իրական է, չհաշված բոլոր հատվածները, որոնք ամբողջությամբ հորինված են:»
Երբ Netflix-ը սկսում էր նկարահանումները, Աննան արդեն դատական քաշքշուկների մեջ էր: Եվ միայն իրեն հատուկ խորամանկության ու բախտի գործոնի նուրբ համադրությամբ Աննան իր խաբեությունների պատմությունը տեսախցիկի առաջ դնելու համար 320,000 դոլար ստացավ: Սերիալը ստեղծվեց, դարձավ աննախադեպ հաջողված, Աննա Սորոկինան էլ, կամ ինչպես ավելի հայտնի է՝ Աննա Դելվին էլ, կարողացավ փակել որոշ պարտքեր և դատաիրավական որոշ ծախսեր անել:
Բայց այսքանով կրքերը չմարեցին: Պատմության հերոսներից լրագրող Ռեյչել Ուիլյամսը, որը համատեղությամբ նաև Աննայի ընկերն էր, Netflix-ին դատի է տվել՝ իր անունն ու համբավը վնասելու համար: Այս դրամատիկ պատմությունը հանրայնացել էր հենց Ուիլյամսի հրապարակած մանրամասների շնորհիվ: Հիմա լրագրողը կարծում է, որ իրեն դիտավորյալ ներկայացրել են որպես մանիպուլյատիվ, անազնիվ ու ագահ մեկին:
NETFLIX-Ի ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ՝ ՖԵՅՔԻՑ ԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՓՈՂԵՐԻ
Լինում են նաև դեպքեր, երբ հակահերոսին հատուկ կամ հանգամանքների բերումով հերոսացնում ու ռոմանտիզացնում են: Այս կերպ ֆիլմի հաջողությունն ուղիղ համեմատական է դառնում հերոսի կամ հակահերոսի իրական կյանքում գրանցած հաջողություններին: Թինդերից հայտնի «էն տղեն», որն իդեալականին մոտ կերպար էր. ստեղծել ու գրավել էր Թինդերի աղջիկների սրտերը, իրականում անհավանական մասշտաբների խաբեբա էր: Ու երբ դիտում ու քննարկում էինք The Tinder Swindler-ը, ֆեյք միլիարդատերն իրական բանտում էր:
Անցավ ժամանակ, երիտասարդն ազատ արձակվեց ու դոկումենտալի շնորհիվ ստացված ճանաչման միջոցով սկսեց իրական գումարներ վաստակել: Նախկինում գրոշ անգամ չունեցող ու փչած ստերով մեծահարուստի կյանքով ապրող տղամարդուն հիմա ամեն տեղ ճանաչում են: Նա էլ առիթից օգտվում է, ու, օրինակ, գիշերային ակումբ գնալիս ամեն այցի համար 20,000 դոլար պահանջում:
ՀՈԼԻՎՈՒԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
Փողը՝ փող, փառքը՝ փառք, բայց հանրային կարծիք ձևավորելուց ավելի ազդեցիկ ու ցանկալի բան մեծ խաղացողների համար չկա: Եվ այդ նույն հասարակության բախտը բերում է, եթե ընտրված թեմաներն իսկապես օգտակար են կամ ուսուցողական, կամ էլ գոնե՝ նախազգուշացնող:
Unbelievable-ն իրական պատմություն է դեռահաս աղջկա մասին, որին բռնաբարել են, բայց աղջկա ցուցմունքներին չեն հավատացել ու մեղադրել են ստեր հորինելու մեջ: Կրիմինալ դրամայում պատմության բոլոր շերտերը ներկայացնելուն զուգահեռ նաև հստակ ուղերձ կա այն հասարակությանը, որի մեջ ապրում ու լռում են հազարավոր աղջիկներ:
Եվ միշտ չէ, որ պատմության իրական հերոսները ֆինանսական շահ են ունենում կամ էլ փառքի են ձգտում: Այս պատմության հերոսուհին պարզապես նամակ է ուղարկել իրեն մարմնավորող դերասանուհուն ու շնորհակալություն հայտնել: Հոլիվուդում ևս պարզ ու մարդկային հարաբերություններ հանդիպում են:
ՀԱՃԵԼԻՆ, ՕԳՏԱԿԱՐԸ, ՈՒ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱՆԱՐԴԱՐԸ
Փայփեր Չեփմեն, իրական կյանքում՝ Փայփեր Կերմեն։ Orange Is the New Black֊ի գլխավոր հերոսուհու պատմությունը նախ հայտնվել է գրքի էջերում՝ ինքնակենսագրականի տեսքով, ու հետո միայն՝ համաշխարհային հաջողության հասած մեդիա պրոդուկտ է դարձել։ Ինչու և ինչպես օրենքի հետ խնդիրներ չունեցած կինը մեկուկես տարով հայտնվեց բանտում։ Ինչ տեսավ, հասկացավ ու սովորեց այդ աշխարհում։ Սերիալի արտադրողները սա պատմել են՝ ամեն էպիզոդի վրա չորս միլիոն դոլար բյուջե ծախսելով։
Փայփերն իրական կյանքում ու հետո նաև սերիալի միջոցով բարձրացրեց ցավոտ հարցեր, որոնք ամերիկյան հասարակությունը հաճախ պահում է խորը թմբի տակ։ Այս սերիալը հաճելին (=շահույթը) օգտակարի (=բանտում կանանց իրավունքների մասին բարձրաձայնելը) հետ համատեղելու օրինակ է։ Եվ ինչպես, եթե ոչ կերպարի հանդեպ համակրանքով կամ սեփական մաշկի վրա խնդիրը պատկերացնելով մարդիկ կարող են հաղորդակից դառնալ տաբու թեմաներին և գոնե առնվազն հետաքրքրվել դրանցով։
ԷՍԿՈԲԱՐԻ ԿԻՍԱԼԵԳԵՆԴԸ
Կրքերն ավելի են թեժանում, երբ ֆիլմարտադրանքը ստեղծվում է 50-50 սկզբունքով։ Իրականության ամենասուր դրվագների ու երևակայության ամենախենթ դրսևորումների միքսը մահաբեր ընտրություն է։ Ու երբ պատմությունը Պաբլո Էսկոբարի մասին է՝ հաջողությունն իսկապես կարող է գլխապտույտ առաջացնել։
Կոլումբական Մեդելին քաղաքում Պաբլո Էսկոբարին Մեդելինի Ռոբին Հուդ էին անվանում։ Narcos֊ը պատմում է այն, ինչի մասին հանրության լայն շերտերը կարող էին իմանալ միայն Կոլումբիայում տարածվող շշուկներից, վախեցած վարսավիրների ասեկոսերից կամ էլ Էսկոբարի շուրջ հյուսվող լեգենդներից։ Թեև սերիալում դեպքերի ճիշտ հաջորդականությունը պահպանվել է, բայց եղած դրվագներում ֆիքշնի չափաբաժինն ուղիղ կեսն է։ Ի դեպ, իրական Էսկոբարի հարյուր տոկոս նոն֊ֆիքշն կերպարը հասկանալու համար կարող եք կարդալ նրա որդու գիրքը՝ «Պաբլո Էսկոբար. Իմ Հայրը»։ Հենց Էսկոբարի որդին էր դեռ 2016֊ին ֆեյսբուքյան երկար փոստով սերիալն անվանել վիրավորական և մանրամասն պատմել 28 անճշտության մասին, որ աչք են ծակում։
Իսկ Էսկոբարի եղբայրն ու համատեղությամբ նաև հաշվապահն իր հաշիվները հստակ է գծել ու եղբորորդու պես բարեհոգի չի գտնվել։ Մեկ միլիարդ (!) դոլար փոխհատուցում է պահանջել, իր ընտանիքի պատմությունը հանրայնացնելու իրավունք ստանալու համար։ Spoiler Alert: Դատը պարտվել է, գումարը չի ստացել։
ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԴԱՏԱՎՃՌԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Եվ ամերիկյան կինոինդուստրիան կդավաճաներ ինքն իրեն, եթե չանդրադառնար սևամորթ ընկերների հանդեպ դաժանագույն անարդարությանը։ 80֊ականների վերջում հինգ տղայի, որոնք կա՛մ սևամորթ էին, կա՛մ լատինամերիկացի, մեղադրեցին երիտասարդ աղջկան այգում ծեծելու և բռնաբարելու մեջ։ Ու միայն տարիներ անց պարզվեց, որ նրանց ստիպել են խոստովանական սուտ ցուցմունք տալ ու 15 տարով ազատազրկել են։
Fast forward այն դրվագին, երբ տղաներն ազատ են արձակվել։ Ու հենց իրենց նախաձեռնությամբ թվիթերով դիմել են ռեժիսորին, առաջարկել էկրանավորել իրենց պատմությունը։ Հենց այդպես էլ ծնվել է When They See Us մինիսերիալը։ Պատմությունն առաջին անգամ տղաների տեսանկյունից ներկայացնելու, նրանց հանցագործի փոխարեն մարդկային ամենապարզ գծերով ներկայացնելու և հասարակությանն անհարմար հարցեր տալու փորձը հաջողված էր, տղաները՝ գոհ։