Արցունքներ՝ Սեն գետի ափին, ծնկի եկած «Ավե Մարիա» ու 1300 հատված կաղնի. Փարիզի Աստվածամոր տաճարի վերածնունդը
«Մերսի». Մեծ տառերով գրված այս բառը դեկտեմբերի 7-ին փայլում էր Փարիզի Աստվածամոր տաճարի ճակատին ու, գուցե, լավագույն կերպով արտահայտում ֆրանսիացիների զգացմունքները։ Հինգ տարի առաջ նրանք կանգնած էին Սեն գետի ափին ու արցունքն աչքերին նայում էին, թե ինչպես է բոցերի մեջ անհետանում իրենց սիրելի Նոտր Դամը։ Այսօր, նույն տեղում կանգնած, ֆրանսիացիները նայում են վերածնված տաճարին ու կրկին լաց են լինում, բայց արդեն ուրախությունից։ Այս շնորհակալությունը, սակայն, միայն ֆրանսերեն չէր, ու միայն ֆրանսիացիների համար չէր։ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացումն ամբողջ աշխարհի ջանքերով ու բոլորի համար կայացած իրադարձություն էր։
ԵՎ ԱՅՐՎԵՑ ԱՍՏԾՈ ՏՈՒՆԸ
Ո՞վ կմտածեր, որ 2019-ի ապրիլի 15-ի բառի ուղիղ և փոխաբերական իմաստով «սև երեկոն», երբ ծուխը պատել էր Փարիզի կենտրոնը, իսկ մարդիկ ծնկի եկած «Ավե Մարիա» էին երգում, տարիներ անց կվերածվեր հաղթանակի պատմության։ Սկսենք սկզբից։
Մի պահ մտովի պատկերացրեք 1300 հատ կաղնի, այլ կերպ ասած՝ մի ամբողջ անտառ։ Հենց այդքան փայտ էին օգտագործել միջնադարյան վարպետները տաճարի կառուցման ժամանակ։ Երբ կրակը բռնկվեց, այդ ամբողջ «անտառը»՝ տանիքի փայտե կառուցվածքը, վերածվեց մի հսկայական խարույկի։
96 մետրանոց պատմական աշտարակը փլուզվեց՝ ասես խաղալիք լիներ։ Տանիքի երկու երրորդը դարձավ մոխիր։ Եվ միայն հրշեջների հերոսական ջանքերի շնորհիվ (որոնց, ի դեպ, մինչ օրս ոտքի կանգնած ծափահարում են բոլոր պաշտոնական միջոցառումների ժամանակ) հաջողվեց փրկել գլխավորը՝ տաճարի հիմնական կառուցվածքը և մասունքները։
Հենց հաջորդ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ տաճարը կվերականգնվի հինգ տարում։ Շատերը բազմանշանակ ժպտացին՝ մտածելով, որ նախագահը պարզապես փորձում է մխիթարել ազգին ու մի քիչ էլ պոպուլիստական հնարքի է դիմում։ Բայց պարզվեց՝ ֆրանսիացիները դեռ կարող են զարմացնել աշխարհին։
Ընդամենը կես օրում նվիրատվությունների գումարը հասավ 600 միլիոն եվրոյի։ Ըստ վերջնահաշվարկի՝ 340,000 մարդ նվիրաբերեց ընդհանուր առմամբ 840 մլն եվրո տաճարի վերակառուցման համար։ Սա արդեն նման էր ոչ թե պարզապես վերականգնման նախագծի, այլ համաժողովրդական, կարելի է ասել՝ համաշխարհային շարժման։
Ի դեպ, եթե հիշում եք՝ հրդեհից հետո Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը շատ արագ դարձավ Amazon-ի բեսթսելլեր։ Մարդիկ հայտնաբերեցին, որ Հյուգոն իր 1831 թվականի վեպում նկարագրել էր «սարսափելի, ամենակուլ հրդեհը, որը խժռում է տաճարը»։ Համաձայնեք՝ 188 տարի առաջ Հյուգոն բավականին տպավորիչ «կանխատեսում» էր արել։
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Պարզվեց, որ միջնադարյան արհեստները դեռ չեն մահացել։ 250 ընկերություն, 2000 մասնագետ՝ ճարտարապետներից մինչև ոսկեզօծողներ միավորվեցին մեկ նպատակի շուրջ։ Օրական 600 մարդ աշխատում էր շինհրապարակում։ Ամերիկացի փայտագործ Հանք Սիլվերը հարցազրույցներից մեկում ասում է մի բան, որը սկզբում տարօրինակ է տվում, իսկ հետո՝ տրամաբանական.
«Հրդեհն ինչ-որ առումով մի տեսակ նվեր դարձավ։ Առանց այս դեպքի շատ երիտասարդներ երբեք չէին էլ իմանա, որ կարող են կարիերա ունենալ որպես ավանդական փայտագործ կամ քարտաշ»։
Վերադառնանք անտառներին։ Ֆրանսիայի անտառներում արդեն 2019-ից սկսեցին ընտրել հատուկ կաղնիներ՝ առնվազն հարյուրամյա։ Ճիշտ այնպես, ինչպես միջնադարում։ 1200 ծառ՝ տաճարի նոր «անտառի» համար։ Հենց այդպես են անվանում տանիքի փայտե կմախքը, որը 32 մ երկարություն ունի, 14 մ լայնություն և 10 մ բարձրություն։
Վերականգնման գործընթացը պաշտոնապես սկսվեց 2021 թվականի սեպտեմբերին։ Այն ներառեց մի շարք բարդ փուլեր։ Նախ անհրաժեշտ էր ապահովել կառույցի անվտանգությունը, քանի որ հրդեհից հետո այն գտնվում էր փլուզման եզրին։ Հաջորդ քայլը եղավ տարածքի մաքրումը կապարի մասնիկներից և մոխրից։ Այս աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին 2019-ի ամռանը՝ թունավորման վտանգի պատճառով, իսկ հետո՝ 2020-ին՝ COVID-19-ի պատճառով։
Վերականգնման աշխատանքներում ներգրավված էր մոտ 250 ընկերություն և 2000 մասնագետ՝ ճարտարապետներ, հնագետներ, փայտագործներ, քարտաշներ, նկարիչներ, ոսկեզօծողներ, վիտրաժագործներ և այլ արհեստավորներ։
Հատուկ ուշադրություն է դարձվել զանգերի վերականգնմանը։ Հյուսիսային աշտարակի ութ զանգերը հանվել են, մաքրվել կապարի փոշուց և վերանորոգվել։ Գուցե տեղյակ եք, որ հյուսիսային աշտարակում ութ զանգ կա, և յուրաքանչյուրն ունի իր անունը։ Ամենածանրը՝ Գաբրիելը, կշռում է ավելի քան 4 տոննա, ամենաթեթևը՝ Ժան-Մարին՝ «ընդամենը» 800 կիլոգրամ։ 2024-ի նոյեմբերին զանգերը հրդեհից հետո առաջին անգամ միասին ղողանջեցին։
ԻՆՉՊԵՍ «ՉՓՉԱՑՆԵԼ» ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ
Հետաքրքիր է, որ Ֆրանսիայի կառավարությունը սկզբում առաջարկել էր տաճարի աշտարակը վերակառուցել «ժամանակակից ճարտարապետական լուծումներով», նույնիսկ մրցույթ էին հայտարարել։ Առաջարկները տատանվում էին «համարձակից» մինչև «խելահեղ»՝ ներառյալ լույսի ճառագայթ, ապակեպատ աշտարակ և այլն։ Բայց այս գաղափարներն այդպես էլ չընդունվեցին հանրության կողմից և Մակրոնը, ի վերջո, հրաժարվեց դրանից։
Փոխարենն աշտարակը վերակառուցվեց ճիշտ այնպես, ինչպես նախկինում էր։ Միակ «ժամանակակից» փոփոխությունները եղան անվտանգության համակարգերը՝ ջրցան սարքեր, հրակայուն պատեր, ջերմային տեսախցիկներ և դանդաղ այրվող հաստ տախտակներ։ Կարճ ասած՝ դառը փորձից ֆրանսիացիները լավ դասեր քաղեցին։
ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
2024-ի դեկտեմբերի 7-ը Փարիզում դեռ երկար են հիշելու։ Փարիզի արքեպիսկոպոսը երեք անգամ թակեց տաճարի դռները և այդ պահից սկսվեց տաճարի պատմության նոր էջը։ Իսկ երբ տաճարի ճակատին հայտնվեց Merci-ն ու աշխարհի տարբեր լեզուներով շնորհակալությունները, պատկերն ամբողջական դարձավ։
Հյուրերի թվում 50 երկրի առաջնորդներ էին, բարձրաստիճան պաշտոնյաներ ու պատվիրակություններ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը, Իլոն Մասկը, արքայազն Ուիլյամը… Բայց հոտնկայս դիմավորեցին ու ծափահարեցին միայն օրվա հերոսներին՝ ֆրանսիացի հրշեջներին։ Եվ ինչպես վայել է ֆրանսիացիներին, տաճարի վերաբացումն ամփոփվեց մեծ համերգով։ Ֆրանսիացի երգիչներին միացել էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երաժիշտներ։ Ամբողջ աշխարհը հավաքվել էր՝ նշելու տաճարի վերածնունդը։
Իհարկե, ոչ մի տոն չի անցնում առանց անվտանգության միջոցառումների։ Հատկապես, երբ մեկ վայրում են հավաքվում 50 երկրի առաջնորդ։ Դեկտեմբերի 4-9-ը տաճարի ամբողջ շրջակայքը փակ էր։ Հազարավոր ոստիկաններ, դիպուկահարներ։ Ահաբեկչության վտանգի մասին խոսակցություններ կային, բայց արդյունքում պարզվեց, որ ավելի մեծ «գլխացավանք» էին դարձել սելֆի անել ցանկացողները։
Այսքանով պատմությունը չի ավարտվում։ Տաճարի վերականգնման աշխատանքները շարունակվելու են մինչև 2028 թվականը։ Ի դեպ, նախատեսված աշխատանքներից որոշները պետության պլաններում էին անգամ մինչև հրդեհը։ Կարելի է ասել՝ հրդեհը «օգնեց» վերջապես զբաղվել այդ խնդրով։
Այսպիսով Նոտր Դամը կրկին կանգնած է, իսկ դրա զանգերը կրկին ղողանջում են Փարիզի երկնքում։ Այս ամենի մեջ մի տեսակ գեղարվեստական ու հուզական տարր կա։ Երբեմն ամենացավալի աղետն իր հետևից վերածնունդ է բերում։ Եվ այդ վերածնունդը կարող է լինել ավելի փառահեղ, քան երբևէ։