#իվենթաPAN
April 18

«Փոքր» արյունոտ ձեռնոցը, Քիմի հայրն ու հետապնդում՝ ուղիղ եթերում. Օ. Ջեյ Սիմփսոնի՝ գիրք ու կինո դարձած կյանքը

Նա 1970-ականների ԱՄՆ ամենահայտնի մարզիկներից մեկն էր, բայց պատմության մեջ մտավ որպես ԱՄՆ պատմության ամենաաղմկահարույց սպանության գործով մեղադրյալ։ Մահացել է ամերիկյան ֆուտբոլի նախկին աստղ, կրկնակի սպանության գործով մեղադրված ու արդարացված Օ. Ջեյ Սիմփսոնը։

Ո՞Վ ԷՐ Օ. ՋԵՅ ՍԻՄՓՍՈՆԸ՝ ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏՆԻ ԴԵՊՔԸ

Սիմփսոնը երբեք ուշադրության պակաս չի ունեցել։ Ծնվել է հասարակ ընտանիքում, բայց ցանկացած միջավայրում կարողացել է դրսևորել իրեն ու դառնալ առանցքային թեմա։ Սիմփսոնն ամերիկյան ֆուտբոլի աստղերից էր ու նրանով հատկապես հպարտանում էին Ամերիկայի սևամորթները։ Այդ թվականներին հաջողակ, կայացած և մեծ բարձրունքների հասած սևամորթ մարդը տարածված երևույթ չէր։

Սիմփսոնն NFL-ի պատմության մեջ առաջինն էր, որ մեկ մրցաշրջանի ընթացքում մոտ 1800 մետր (2000 յարդ) էր վազել գնդակով՝ հաղթական միավորներ բերելով իր թիմին: Ի դեպ, “2000-yard club”-ին պատմության ընթացքում միայն 8 մարզիկ է միացել։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Որպես պրոֆեսիոնալ մարզիկ Սիմփսոնը 11 մրցաշրջան է անցկացրել։ Նա խաղացել է Buffalo Bills-ի և San Francisco 49ers-ի համար։ Տասնամյակի լավագույն խաղացողներից մեկը համարվող Սիմփսոնը այդ ընթացքում հինգ անգամ ընդգրկվել է մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև հասցրել է մի քանի վիճակագրական ռեկորդներ սահմանել։ 1985-ին Սիփսոնը ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլի փառքի սրահում:

1980-ականներին Սիմփսոնը մի քանի տարի աշխատել է որպես սպորտային մեկնաբան և այդ նույն թվականներին զարգացրել է իր դերասանական կարիերան։ Դեռ 1970-ականներին Սիմփսոնը էպիզոդիկ դերերում էր սկսել հանդես գալ, բայց դերասանական կարիերայի առումով հաջող էր հաջորդող տասնամյակը։ Նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը «Մերկ հրացանը» հումորային ֆիլմում էր, որտեղ Սիմփսոնը նկարահանվել էր հայտնի կատակերգակ Լեսլի Նիլսոնի հետ և մարմնավորում էր դետեկտիվ Նորդբերգին։

Ի դեպ, քչերը գիտեն, որ դեռ 1984 թվականից նկարահանված «Տերմինատորների» շարքի առաջին ֆիլմի համար ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը դիտարկում էր Սիմփսոնի դերակատարումը։ Այսինքն, չէր բացառվում, որ Շվարցնեգերի փոխարեն ֆանտաստիկ մարտաֆիլում տեսնեինք մարզիկ֊դերասանին։ Բայց ավելի ուշ Քեմերոնը խոստովանել է, որ Սիմփսոնին այդ դերում նկարահանելու մտքից հրաժարվել է, որովհետև նրա մեջ «չէր տեսնում անողոք մարդասպանի»։

ԱՄԵՆԱՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գուցե թվում էր, թե ֆուտբոլային կարիերայում գրանցած հաջողությունների շնորհիվ Սիմփսոնը կմնա պատմության մեջ։ Կամ ինչ-որ իրականության մեջ կարելի էր մտածել, որ մարդիկ նրան կհիշեն իր դերասանական տաղանդի շնորհիվ։ Ամեն դեպքում, այս երկու տարբերակներն էլ շատ ավելի հավանական էին, քան օրինակ սպանության գործով մեղադրյալի աթոռին նստելը։

Բայց արի ու տես, որ Սիմփսոնի անունը թնդաց ԱՄՆ-ում և հետո անգամ աշխարհում՝ կանխամտածված երկու սպանությունների մեջ մեղադրվելու արդյունքում։ Նախկին ֆուտբոլիստին մեղադրում էին կնոջ՝ Նիքոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընթադրյալ սիրեցյալի՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։

Բայց մինչ սպանության մութ էջերին հասնելը, մի քանի տողով վերհիշենք, թե ինչ հարաբերություններ ունեին ամուսիններն ու առհասարակ, ինչպես էր ձևավորվել նրանց կապը։ Նիքոլը Սիմփսոնի երկրորդ կինն էր։ Ծանոթացել ու սկսել էին հանդիպել, երբ մարզիկը դեռևս ամուսնացած էր իր առաջին կնոջ՝ Մարգարիտ Ուիթլիի հետ։ Հետո արդեն Սիմփսոնն առաջին կնոջից բաժանվել ու մի քանի տարի անց Նիքոլի հետ է ամուսնացել։

Բայց այդ հարաբերություններն իդեալականից շատ հեռու էին։ Երբ լրատվամիջոցների ձեռքն ընկավ Նիքոլի օրագիրը, պարզ դարձավ, որ անգամ մինչև ամուսնությունը բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվել։ Ըստ օրագրի Սիմփսոնը Նիքոլին պարբերաբար դաժան ծեծի է ենթարկել, իսկ ընդհանուր առմամբ բռնության շուրջ 60 դեպք է նկարագրվում։ Oրագրում անգամ ասվում է, որ 1988 թվականի հունվարի 10-ին, երբ Նիքոլը հղիության երկրորդ ամսում էր, ամուսինը ատրճանակով սպառնացել է նրան և պահանջել ընդհատել հղիությունը։

Ավելորդ է ասել, որ այս պատմությանը Ամերիկան հետևում էր ուղիղ եթերում՝ սկսած ոստկանական մեքենաների կողմից Սիմփսոնի հետապնդումից մինչև դատավարությունն իր բոլոր դետալներով։ Պաշտպանական և մեղադրող կողմերը խոշորացույցի տակ էին աշխատում։ Նրանց յուրաքանչյուր քայլ ու մեկնաբանություն լուսաբանվում էր հազարավոր լրատվամիջոցներով և հասնում միլիոնավոր մարդկանց։

Սիմփսոնի կինը և նրա հետ սպանված տղամարդը դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով։ Կնոջ գլուխը գրեթե ամբողջությամբ մարմնից պոկված է եղել, իսկ դեմքը՝ այլանդակված։ Տղամարդու պարանոցին, կրծքավանդակին և որովայնին բազմաթիվ մահացու հարվածներ են հասցվել։

Երբ լրատվամիջոցները հայտարարեցին, որ ֆուտբոլիստի կնոջը սպանված են գտել ինչ-որ տղամարդու հետ, սլաքները միանգամից ուղղվեցին դեպի Սիմփսոնը։ Խանդն, իհարկե, առաջին վարկածն էր, ու հետագայում մեղադրող կողմը հենց այս թեզն էլ առաջ տարավ։

Ինչևէ, սպանությունից կարճ ժամանակ անց լրատվամիջոցներն ընդհատում էին իրենց ամենակարևոր հաղորդումներն ու ուղիղ եթերում ցուցադրում, թե ինչպես են ոստիկանները հետապնդում Սիմփսոնին։ Դեպքից մեկ օր առաջ անգամ Սիմփսոնին գուցե երկրպագուներն էին հետապնդում՝ ստորագրություն վերցնելու համար, իսկ այդ պահին նա ոստիկանների թիրախում էր։

Ֆուտբոլիստին ձերբակալելը ևս շատ դրամատիկ կերպով է իրականանում։ Սիմփսոնն ատրճանակը պահել էր դեմքին և խոստանում էր ինքնասպան լինել, եթե ոստիկանները մոտենան։ Ամեն դեպքում, ժամեր անց ոստիկաններին հաջողվում է ձերբակալել նրան։

Սիմփսոնի դեմ մեծ քանակով ապացույցներ կային և մեղադրող կողմը դրանք բոլորն էլ ներկայացրել էր դատարանին՝ մեծ վստահությամբ, որ Սիմփսոնը մեղավոր է ճանաչվելու։ Որպես հանցագործության շարժառիթ նշվում էր խանդի գործոնը, ներկայացվում էին ԴՆԹ արդյունքների պատասխաններ և շատ ավելին, ու թվում էր, որ մեղադրող կողմը գործը հեշտությամբ է հաղթելու։

Ամենահայտնի ապացույցներից մեկը սև ձեռնոցներն են, որոնցից մեկը գտնվել է սպանության վայրում, մյուսը՝ Սիմփսոնի տան կողքին՝ արյան հետքերով։ Մեքենայի մեջ ևս արյան հետքեր են գտել։ Հենց դատավարության ընթացքում Սիմփսոնը հագնում է այդ ձեռնոցները ու փորձում ապացուցել, որ դրանք փոքր են իր ձեռքերի համար։

Բայց ոչ ոք հաշվի չէր առել, թե որքան ճակատագրական կարող է լինել պրոֆեսիոնալ պաշտպանական կողմ ունենալն ու ճիշտ շեշտադրումներով պաշտպանական գիծ կառուցելը։ Այս գործում առանցքային է եղել ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի դերը։ Այո, եթե տեղյակ չեք, ապա Քիմի հայրը լուրջ հաջողություններ գրանցած փաստաբան էր և նաև Սիմփսոնի ընկերն էր։

Երբ 1994-ի առավոտյան ոստիկանական բաժանմունքում մոտ հազար լրագրող հավաքվել ու սպասում էր ֆուտբոլիստին, նրա փոխարեն հայտնվեց Ռոբերտ Քարդաշյանը։ Նա ընթերցեց մեղադրյալի նամակը, որից հետո շատերը ենթադրեցին, թե դա հրեժեշտի նամակ էր ու ֆուտբոլիստը պատրաստվում էր ինքնասպան լինել։ Հետո պարզ դարձավ, որ Սիմփսոնն ամենևին էլ նման մտադրություն չուներ և պատրաստվում է այս պատմությունից անմեղ դուրս գալ։

Քարդաշյանն ի սկզբանե պաշտպանական թիմում չէր, բայց ընկերոջն օգնելու համար որոշում է թարմացնել փաստաբանի իր արտոնագիրը ու աջակցել Սիմփսոնի փաստաբաններին։ Բայց կարճ ժամանակ անց հենց նա է դառնում մարզիկի գլխավոր պաշտպանը։

Ի դեպ, այստեղ շատ կարևոր մի նրբություն էլ կար, որը քննարկվել է նաև դատավարության ընթացքում։ Սպանության դեպքից հետո  Օ Ջեյ Սիմփսոնը խուսափում էր ոստիկաններից և ապաստան էր գտել Քարդաշյանների տանը։ Իսկ սպանությունից հետո Ռոբերտ Քարդաշյանին նկատել էին Սիմփսոնի պայուսակը ձեռքին։ Մեղադրող կողմը այս փաստարկը ևս փորձեց օգտագործել։ Քարդաշյանին մեղադրում էին որպես սպանության հանցակից ու պնդում, որ պայուսակի մեջ կարող էին կարևոր ապացույցներ լինել։ Այս վարկածը երկար կյանք չունեցավ, որովհետև մեղադրող կողմը բավարար ապացույցներ չկարողացավ ներկայացնել։

Վերադառնալով պաշտպանական գծին։ Այս դատավարությունն ինչ-որ առումով նաև մշակութային հեղափոխություն էր, որովհետև փաստաբաններն իրենց պաշտպանական գիծը կառուցել էին այն պնդման վրա, որ դատախազությունը Սիմփսոնի դեմ բոլոր մեղադրանքներն առաջադրել էր բացառապես ռասայական կողի վրա։ Փաստաբանական թիմը պնդում էր, որ իրենց պաշտպանյալին թիրախավորում են մաշկի գույնի պատճառով, իսկ ոստիկանությունը ակնհայտորեն կողմնակալ է։

Այս մոտեցումն ու խնդրին այս կերպ մոտենալու պաշտպանական թիմի որոշումը կարելի է ասել, որ որոշիչ դեր ունեցան դատական այս գործում։ Իրականում մի պահ պատկերացրեք. 1990-ականներ, մեղադրյալի աթոռին սևամորթ տղամարդ է, զոհերը՝ սպիտակամորթ կին և տղամարդ։ Ռասայական շեշտադրումն այստեղ անխուսափելի էր և Սիմփսոնի պաշտպանական թիմն այս շեշտադրումը կարողացավ ծառայեցնել սեփական շահերին։ Սիմփսոնի պաշտպանները պնդում էին, որ սպանությունը կատարել են քրեական տարրերը, գողերը կամ էլ հոգեկան շեղում ունեցող մարդիկ:

Կա կարծիք, որ իրականում հավաքված ապացույցները բավարար էին անգամ մահապատժի վճռի կայացման համար, բայց Սիմփսոնն արդարացվեց։ Նա անմեղ ճանաչվեց երդվյալ ատենակալների արդարացնող վճիռով։ Դատական նիստի ժամանակ 12 երդվյալ ատենակալներից 8-ը սևամորթ կանայք էին, մեկը՝ սևամորթ տղամարդ, ևս մեկ հոգի լատինամերիկացի էր, իսկ սպիտակամորթ՝ միայն երկու կին։

Իհարկե, կողմնակալության և ոչ այնքան օբյեկտիվ որոշման մեջ մեղադրելը դժվար չէ, բայց այստեղ այլ հանգամանքներ ևս կային։ Օրինակ՝ դատավարական բազմաթիվ խախտումներն ու հատկապես այդ տարիներին ԴՆԹ թեստերի հանդեպ վստահության շատ ցածր մակարդակը։

Իրականում պետք է փաստել, որ այս դատավարությունը գրավել էր ողջ երկրի ուշադրությունը, որովհետև այն քննարկում էր ոչ միայն կոնկրետ հանցագործություն, այլև ամերիկյան հասարակության համար ցավոտ հարցերի մի ամբողջ շարք. ռասայական կարծրատիպեր, հայտնիների անպատժելիություն կամ սևամորթների նկատմամբ ոստիկանության կողմնակալություն։

1995 թվականի դատավճռից անմիջապես հետո անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ աֆրոամերիկացիների մեծամասնությունը կարծում էր, որ դատավճիռը արդարացի էր, մինչդեռ սպիտակամորթ ամերիկացիների մեծ մասը կարծում էր, որ դատավճիռը ռասայական դրդապատճառներ ուներ: Տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է. 2014-ին աֆրոամերիկացիների կեսից ավելին ասել է, որ մեղավոր է համարում OJ-ին:

Հետաքրքիր է, որ 1997 թվականին, արդարացումից երկու տարի անց, Սիմփսոնը պարտվեց քաղաքացիական դատարանում։ Դատարանը նրան պարտավորեցրեց զոհերի ընտանիքներին ընդհանուր 33,5 միլիոն դոլար վճարել։

Դժվար չէ կռահել, որ Սիմփսոնի ֆինանսական վիճակը մեղմ ասած վատ էր ու նա այս կամ այն կերպ փորձում էր լուծել այդ հարցը։ Բայց դատավարությունների միջոցով իր մասին հիշեցնելը կարծես  OJ-ի ձեռագիրն էր դարձել։ 2007 թվականին Սիմփսոնը ձերբակալվեց, երբ մի խումբ հանցակիցների հետ Լաս Վեգասում փորձեց թալանել սպորտային թանգարանը և գողանակ ժամանակին նվաճած իր գավաթներն ու մեդալները։ Նախկին մարզիկը մեղքը մասամբ էր ընդունում։ Պնդում էր, որ այն ամենն ինչն ինքը վերցրել է, հենց իրեն էլ պատկանում էր։

Ամեն դեպքում, դատարանը այս անգամ համաձայն չէր նրա հետ։ Սիմփսոնը  դատապարտվեց 33 տարվա ազատազրկման, իսկ 2017-ին համաներվեց և կյանքի վերջին տարիներն ազատության մեջ անցկացրեց։

2007 թվականին Սիմփսոնը հրատարակեց «Եթե ես դա արած լինեի. մարդասպանի խոստովանությունը» (If I Did It: Confessions of the Killer) գիրքը, որը, շատերի կարծիքով, իսկապես սպանություն կատարելու խոստովանություն էր։ Բայց ինչպես ամեն բան այս մարդու կյանքում, գրքի բովանդակությունն ու անգամ դրա ստեղծման պատմությունը միանշանակ չեն։

Նախ գրքի թողարկումը խափանվեց 2006 թվականին, ու պատճառներից մեկը նաև վերնագիրն էր։ Երկրորդ՝ «մարդասպանի խոստովանություն» մասը միայն հետո է ավելացվել։ Ի վերջո գիրքը հրատարակվեց մեկ տարի անց։ Սա Սիմփսոնի համար լավ միջոց էր գոնե մի փոքր ֆինանսական վիճակը կարգավորելու համար։ Բայց այստեղ էլ հաշվարկները սխալ էին արված։ Արդյունքում գրքից ստացած հասույթի չնչին մասը հասավ Սիմփսոնին։

Սպանության «հիպոթետիկ» պատմության համահեղինակը Պաբլո Ֆենջվեսն է։ Համահեղինակի խոսքով գիրքը հենց ինքն է գրել՝ հիմնվելով Սիմփսոնի հետ երկարատև քննարկումների վրա։ Բայց արի ու տես, որ Սիփսոնի ներկայացուցիչներն այս վարկածն էլ են հերքել։ OJ-ի ներկայացուցիչը փոխանցել է նրա խոսքերը ու վստահեցրել, որ նախկին մարզիկը գրքի բովանդակության հետ կապ չունի։ Ավելին, նրան խոստացել են 600.000 դոլար տալ, եթե ասի, որ գիրքը ինքն է գրել, Սիմփսոնն էլ ֆինանսական վիճակից ելնելով համաձայնել է։

«Մեկ է, բոլորը այսպես, թե այնպես մտածում են, որ ես մարդասպան եմ։ Նրանք չեն պատրաստվում փոխել իրենց կարծիքը միայն գրքի պատճառով։ Իսկ ինձ կանխիկ գումար էին առաջարկում։ Եվ ես համաձայնեցի»:

Եթե այս բազմաշերտ սցենարով ֆիլմ հիշեցնող պատմությունը ձեզ հետաքրքրեց, ապա ասենք, որ այն հետաքրքրել ու ոգեշնչել է նաև տարբեր ռեժիսորների ու պրոդյուսերների։ Սկզբի համար առաջարկում ենք դիտել «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուստասերիալը, որի առաջին եթերաշրջանը Սիմփսոնի գործին է նվիրված։


✍️ Նանե Մանուկյան / PAN