Տիտանիկից փրկված մարզիկը, Տարզան դարձած լողորդն ու կռիվ՝ ռեգբիի դաշտում. Փարիզ-1924՝ Օլիմպիական խաղերն ուղիղ 1 դար առաջ
Փարիզ-2024-ի հետհաշվարկն արդեն ավարտվում է, իսկ դա նշանակում է, որ այս տարվա գլխավոր սպորտային իրադարձությունը՝ Օլիմպիական խաղերը, շատ շուտով իրականություն է դառնալու։ Անշուշտ, Եվրո 2024-ի ու ֆուտբոլի սիրահարները կփորձեն հակադարձել, թե իրականում որն էր տարվա սպորտային իրադարձությունը, բայց առաջարկում ենք համեմատությունների դաշտ չմտնել ու վայելել սպորտային հերթական մեծամասշտաբ տոնը։
Սա Օլիմպիական խաղերը հյուրընկալելու ֆրանսիացիների առաջին փորձը չէ։ Մինչ այս Փարիզում Օլիմպիական երկու խաղեր են անցկացվել։ Առաջինը՝ 1900 թվականին, իսկ երկրորդն ուղիղ 100 տարի առաջ՝ 1924 թվականին։
Մեկ դար առաջ տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերը հիշարժան և պատմական էին բազմաթիվ պատճառներով։ Մարզիկների անհավանական պատմություններից մինչև ավելի մեծամասշտաբ ու միջազգային մրցութային միջավայր։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
1924-Ի ՓԱՐԻԶՆ ՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
Փարիզից զատ, 1924 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար պայքարում էր ևս հինգ քաղաք՝ Ամստերդամը, Բարսելոնան, Լոս Անջելեսը, Պրահան և Հռոմը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի ընտրությունը հատկապես կարևոր էր անձամբ Պիեռ դը Կուբերտենի համար։ Կարելի է ասել, որ հենց նա է ժամանակակից Օլիմպիական խաղերի հայրը։ 1900 թվականին Փարիզում կազմակերպված խաղերը մեծ հաջողություն չէին գրանցել ու Կուբերտենի համար երազանքի պես մի բան էր Փարիզը դարձնել աշխարհի գլխավոր մարզական կենտրոններից մեկը։
Այս անգամ ստացվեց։ 1924-ի ամառային Օլիմպիական խաղերն աննախադեպ էին կազմակերպվածության մակարդակով, մասշտաբներով և շատ այլ ցուցանիշներով։
Բացման արարողությանը մասնակցում էր 44 երկրի պատվիրակություն։ Ընդհանուր առմամբ, խաղերին 3089 մարզիկ էր մասնակցում, որոնցից միայն 135-ն էին կանայք։ Ֆրանսիա էին ժամանել ավելի քան հազար հավատարմագրված լրագրողներ, պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերը ցուցադրվում և լուսաբանվում էր ուղիղ եթերով։ Չմոռանանք նաև՝ այդ տարիներին Օլիմպիական խաղերում ոչ միայն սպորտային անվանակարգեր էին ներառված, այլև արվեստի ուղղություններ։
100 տարի առաջ 3000-ից ավելի մարզիկ մրցում էր 17 սպորտաձևում 126 մրցանակի համար: Համեմատության համար՝ այս տարի Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերին 10 հազարից ավելի մարզիկ պայքարելու է 329 մրցանակի համար՝ 32 ուղղությամբ։ Մի ուրախալի համեմատություն ևս. Փարիզ-1924-ից հարյուր տարի անց, այս տարի կին և տղամարդ մարզիկների թիվը հավասարվելու է։ Այս խաղերը կլինեն առաջինը, երբ մարզիկների շրջանում գենդերային ամբողջական հավասարություն կլինի։
Ի դեպ, 1900 թվականին Փարիզում առաջին անգամ կանայք մասնակցեցին գոլֆի, թենիսի և մի շարք այլ սպորտաձևերի մրցութային ծրագրին, 1924-ին կանանց համար այս ցանկում ավելացան լողն ու սուսերամարտը։
Վերադառնալով Փարիզ-1924-ի ընթացքին. չնայած խաղերը բարձր մակարդակով էին կազմակերպված ու ամեն ինչ ընթանում էր՝ ըստ պլանավորածի, սկանդալներից խուսափել ամեն դեպքում չստացվեց։ Ու սա պարզապես սկանդալ չէր, այլ մեծ կոնֆլիկտ, որը մի ամբողջ հարյուրամյակի վրա ազդեց։
Ամեն ինչ սկսվեց Ֆրանսիա-ԱՄՆ ռեգբիի եզրափակիչ խաղից հետո։ Ամերիկացիները հաղթեցին ջախջախիչ 25:3 հաշվով։ Այս հաղթանակը միանգամից բարկացրեց հանդիսատեսին, որը մեծամասամբ կազմված էր տեղացիներից կամ էլ եվրոպական այլ երկրներից ժամանած հյուրերից։ Նրանք ամերիկացիներին մեղադրում էին «կեղտոտ ու անարդար» խաղի մեջ, մրցավարներին էլ՝ կողմնակալության մեջ։
Ամերիկացիների օրհներգը նախ դիմավորեցին սուլոցներով, հետո փորձեցին հարձակվել մարզիկների վրա։ Մոտ 250 ոստիկան էր մասնակցում ամերիկացի մարզիկների տարհանմանը։ Անգամ այն լուսանկարիչը, որը փորձում էր ֆիքսել միջադեպի կադրերը, բառի բուն իմաստով քարկոծվել էր մարդկանց կողմից։ Ենթադրվում է, որ հենց այս խռովություններն էլ պատճառ դարձան, որ ռեգբին գրեթե 100 տարով դուրս մնա օլիմպիական ծրագրից։
ՓԱՐԻԶ-1924-Ի ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թե ինչ անհավանական ու հետաքրքիր պատմություններ են մեզ սպասվում այս տարվա Օլիմպիական խաղերում՝ կիմանանք շատ շուտով։ Գաղտնիք չէ, որ Օլիմպիական խաղերը հետաքրքիր, անհավատալի, հուզիչ ու ծիծաղելի պատմությունների պակաս երբեք չեն ունեցել, բայց 1924-ին Փարիզում անցկացված խաղերը կարծես այս ամենի խտացված պատկերն էին։
Սկսենք «Տարզանից»։ Մրցույթի գլխավոր աստղերից էր ամերիկացի ազատ ոճային լողորդ Ջոննի Վայսմյուլլերը, որին այսօր գուցե ճանաչում եք որպես Տարզանի դերակատար։ Ծագումով հունգարացի-գերմանացի լողորդն օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն է, իսկ մարզական հաջողություններից հետո հասցրել է գրավել նաև Հոլիվուդը։ Խաղացել է Տարզանի մասին պատմող մոտ 30 ֆիլմում։
Վայսմյուլլերը համաշխարհային մի շարք ռեկորդներ է սահմանել, դարձել պատմության մեջ առաջին մարզիկը, որ կարողացել է 100 մետր լողալ 1 րոպեից էլ պակաս ժամանակում՝ 58.6 վայրկյանում։ Փարիզում Վայսմուլլերը երեք ոսկե մեդալ է նվաճել, նաև հատուկ մրցանակ է ստացել անձամբ Ֆրանսիայի նախագահից։
Մրցումների արանքում էլ լողորդը հասցնում էր հանդիսատեսի հետ շփվել ու անգամ հատուկ կատակերգական ծրագիր էր պատրաստել, և ցուղադրում էր իր կարողությունները։ Մարզական նվաճումների ու մեծ խարիզմայի շնորհիվ լողորդը դարձավ պատմության առաջին սպորտային գերաստղերից մեկը։ Սա նաև 1924-ին միջազգային մամուլի կողմից Օլիմպիական խաղերի լուսաբանման շնորհիվ էր։
Հենց այս շրջանում էր, որ լողորդին նկատեցին Հոլիվուդում, առաջարկեցին մարմնավորել Տարզանի կերպարն ու այսպես էլ սկսվեց լողորդ-դերասանի հոլիվուդյան ստացված կարիերան։
1924-ի Օլիմպիական խաղերում գրանցվեցին նաև դեպքեր, որոնք այսօր անգամ զարմացնում ու անհավանական են թվում։ Շոտլանդացի վազորդ Էրիկ Լիդելը հրաժարվում է մասնակցել իր համար խոստումնալից ու մշտապես հաջողություն բերող 100 մետր վազքին։ Պատճառը հետևյալն էր. վազորդը հավատացյալ քրիստոնյա էր և իրավունք չուներ կիրակի օրերին մասնակցել մրցումների կամ նմանատիպ այլ միջոցառումների: Իսկ մրցավազքը հենց կիրակի էր նախատեսված։
Թվում էր, թե մարզիկը բաց թողեց Օլիմպիական ոսկին նվաճելու շանսը, բայց ընդամենն օրեր անց Էրիկ Լիդելն անսպասելիորեն ոսկի նվաճեց իր համար ոչ այնքան լավ պայմաններում՝ 400 մետր վազքում։ Նա տարածությունն անցավ 47.8 վայրկյանում ու ապահովեեց ոչ միայն Օլիմպիական ոսկին, այլև համաշխարհային ռեկորդ սահմանեց։
Այս պատմության մեջ հետաքրքիր է նաև մեկ այլ վազորդի՝ Հարոլդ Աբրահամսի դերը։ Երկու մարզիկները լուրջ հակառակորդներ էին ու պայքարում էին ոսկու համար։ Բայց արդյունքում նրանց մրցակցությունը վերածվեց բարեկամության, ու մարզիկները երկուսն էլ ոսկե մեդալներ նվաճեցին Մեծ Բրիտանիայի համար։ Աբրահամսը 100 մետր, Լիդելը՝ 400 մետր մրցավազքում։ Ի դեպ, 1981 թվականին այս մարզիկների մասին նկարահանվել է Chariots of Fire օսկարակիր ֆիլմը։
Ինչպես նկատում եք, 1924 թվականի փարիզյան խաղերի մասին խոսելիս անընդհատ պտտվում ու կրկին ֆիլմերի մասին ենք խոսում։ Հիմա էլ հերթը «Տիտանիկինն» է։ Բայց այս պատմությունը ոչ այնքան ֆիլմի, որքան հենց իրական դեպքի մասին է։ Պարզվում է՝ 1924-ին Օլիմպիական խաղերին մասնակցած ու չեմպիոն դարձած մարզիկներից մեկը նավաբեկությունից փրկված մարդկանցից էր։
Խոսքն ամերիկացի թենիսիստ Ռիչարդ Նորիս Ուիլյամսի մասին է, ով կարողացավ փրկվել «Տիտանիկի» խորտակումից։ 1912 թվականի ապրիլին 21-ամյա մարզիկը և նրա հայրը՝ Չարլզը, վերադառնում էին ԱՄՆ՝ Եվրոպայում կայացած մեկ այլ մրցաշարից հետո։ Այսբերգի հետ նավի բախումից հետո Ուիլյամսները, ինչպես և շատ այլ ուղևորներ, անմիջապես չէին հասկացել իրավիճակի լրջությունը, անգամ մարզասրահ էին հասցրել գնալ ու օգտվել խորտակվող նավի բարից։
Երբ իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից, հայր ու տղա տախտակամած են բարձրացել ու 12 մետր բարձրությունից նետվել ջուրը։ Ռիչարդը կարողացել է լողալ ու բարձրանալ մասամբ վնասված նավակը, իսկ հայրը մահացել է մեկ այլ նավակի մեջ, որի վրա «Տիտանիկի» ծխատարն էր ընկել։
Մարզիկին զննելուց հետո բժիշկները պնդել էին, որ նրա ցրտահարված ոտքերն անհապաղ պետք է անդամահատվեն, բայց Ուիլյամսը կտրականապես մերժել էև ու ասել, որ «այդ ոտքերն իրեն դեռ պետք կգան»։
Չնայած ցրտահարությանը և հոգեբանական շոկին, Ուիլյամսը հետագայում փայլուն մարզական կարիերա ունեցավ՝ մի քանի անգամ հաղթելով ԱՄՆ առաջնություններում։ Դե իսկ 1924 թվականին Փարիզում մարզիկը ոսկե մեդալակիր դարձավ։
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ՈՒ ԱՐՎԵՍՏԸ
1924-ի Օլիմպիադայի «արվեստոտ» կտորը ևս անտեսել պետք չէ։ Փարիզում կայացած 1924-ի խաղերն արվեստի անվանակարգերի համար խիստ կարևոր նշանակություն ունեցան։ Հենց այդ տարի էր, որ գրանցվեց ամենամեծ առաջընթացը։
Ասում են՝ ի տարբերություն շվեդների, ֆրանսիացի արվեստագետները պատրաստակամորեն օգնում էին տեղի օլիմպիական կոմիտեին մրցույթի կազմակերպման գործում, նաև փորձագիտական գնահատական տալիս։ Նրանք Օլիմպիադան համարում էին նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն։ Ֆրանսիացիները նաև այն ժամանակների համար հազվադեպ պատահող, իսկ մեր օրերում մարքեթինգի տարր համարվող ռազմավարություններ էին մշակում։
Օրինակ, կազմում էին մրցութային աշխատանքների հստակ պահանջները, ուղարկում դրանք Օլիմպիական խաղերի մասնակից երկրներ և տպագրում այդ երկրների թերթերում։ Արդյունքում, աննախադեպ մեծ էր մասնակցության ցուցանիշը։ Փարիզում յուրաքանչյուր անվանակարգ գնահատվում էր մոտ 30 հոգուց բաղկացած մասնագիտական ժյուրիի կողմից։ «Երաժշտություն» անվանակարգում, օրինակ, ժյուրիի անդամներից էր կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։
Ամեն հաջորդ Օլիմպիական խաղերին արվեստի անվանակարգերում հավակնորդներն ավելի շատ էին, հետաքրքրությունը՝ ավելի մեծ։ Այս աճն ավելի լավ պատկերացնելու համար վերցնենք նկարիչների օրինակը։ Ստոկհոլմում Օլիմպիական խաղերին մասնակցելու հայտ էր ներկայացրել 35 նկարիչ, 1924 թվականին Փարիզում մրցույթին մասնակցել է 193 նկարիչ։ Իսկ Ամստերդամում արդեն ներկայացվել է նկարիչների 1100 աշխատանք։
Օլիմպիական խաղերում արվեստի մրցույթների հինգ ուղղություն կար՝ ճարտարապետություն, գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն և քանդակ։ Կար ժամանակ, երբ խոսակցություններ էին գնում պարի, կինոյի, լուսանկարչության և թատրոնի ուղղությունները ևս ներգրավելու մասին, բայց այս ամենը միայն խոսակցությունների մակարդակի մնաց։
1924 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերը տևեցին 84 օր՝ մայիսի 4-ից հուլիսի 27-ը։ Այս խաղերը նաև պատմության մեջ առաջինն էին, երբ տեղի ունեցավ փակման պաշտոնական արարողություն՝ երեք դրոշի բարձրացմամբ։ Ու այս ավանդույթը պահպանվում է նաև հարյուր տարի անց։
2024-ի համար Փարիզն ամառային Օլիմպիական խաղերին շատ մանրամասն ու լուրջ է պատրաստվել. խոստանում են նմանը չունեցող բացման արարողություն, ընթացք ու ավարտ։ Մնում է վայելել սպորտային այս մեգաիրադարձությունն ու, իհարկե, հաջողություն մաղթել հայ մարզիկներին։ Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիադայում Հայաստանը կունենա 15 ներկայացուցիչ: