#իվենթաPAN
July 20, 2023

Չունևոր դերասանը, սցենարիստի գործին խփող AI-ը և հետաձգված կինոն. Հոլիվուդյան ճգնաժամ՝ երկու գործողությամբ

Հոլիվուդում հասունացել է ճգնաժամ, որն ուղիղ կերպով շուտով կարող է անդրադառնալ նույնիսկ մեզ վրա։ Պատկերացրեք` մոտենում է Ամանորն ու որոշել եք տոնական արձակուրդները նվիրել Netflix֊ին, միանգամից մի քանի լավ ֆիլմ ու սերիալ նայել… ու պարզվում է ամենաանսպասելին։ Նոր ֆիլմեր ու սերիալներ պարզապես չկան։ Պատճա՞ռը. Դրանց ստեղծագործական թիմը գործադուլ է սկսել։

ՈՎՔԵ՞Ր

Դեռ մայիսից գործադուլ է անում հոլիվուդյան 10,000-ից ավելի սցենարիստ, իսկ նախորդ շաբաթ նրանց միացել է 160,000 դերասան։ Ամերիկյան դերասանների Sag-Aftra արհմիությունը հայտարարել է, որ կազմակերպության անդամ բոլոր դերասաններն առժամանակ դադարեցնում են իրենց գործունեությունը։

1960 թվականից ի վեր սա դերասանների և սցենարիստների առաջին համատեղ գործադուլն է։ Խնդիրները ևս մեծամասամբ ընդհանուր են։ Նախ՝ գործադուլ հայտարարած տասնյակ հազարավոր մարդիկ բողոքում են ցածր աշխատավարձից, պնդում, որ իրենց վճարում են «շատ աշխատանք՝ քիչ վարձատրությամբ» սկզբունքով։ Եվ երկրորդ՝ մարտի դաշտ է մտնում արհեստական բանականությունը։ AI֊ն արդեն ամենուր է, ու, մեղմ ասած, անգամ զարմանալի չէ, որ հանգեցնում է նույնիսկ նման մասշտաբային ճգնաժամային իրավիճակների։ Այս խնդիրներին անդրադառնանք հերթով։

Օրեր առաջ Oppenheimer ֆիլմի լոնդոնյան պրեմիերան էր։ Դերասանների մի մասը պրեմիերայի կեսից արդեն հեռացավ միջոցառման վայրից և հայտարարեց, որ միանում է գործադուլին։ Անշուշտ, 160 հազար դերասանների մեծ մասին չեք ճանաչի, շատերը պարզապես մասսայական տեսարաններում են նկարահանվում կամ էլ փոքր դերեր ունեն, բայց A-list դերասաններ այս շարքում ևս կան։ Օրինակ՝ Oppenheimer֊ի պրեմիերան կիսատ թողած Մեթ Դեյմոնը։

Այս ցանկում կարող եք ավելացնել նաև Մերիլ Սթրիփի, Ջենիֆեր Լոուրենսի, Շարլիզ Թերոնի, Խոակին Ֆենիքսի, Ջեյմի Լի Քերթիսի, Օլիվիա Ուայլդի անունները։ Առհասարակ, Հոլիվուդում այսօր դժվար գտնեք մի դերասանի, որը չի սատարում այս նախաձեռնությունը։ Եթե անկեղծ խոսենք, անգամ չսատարելու դեպքում այդ դերասանները լավ կանեն լռեն, որովհետև մեծ է հավանականությունը, որ կդառնան cancel culture֊ի հերթական զոհը։

ԻՆՉՈ՞Ւ

Վերադառնանք հիմնարար խնդիրներին։ Սցենարիստները մինչև այս ծայրահեղ քայլին գնալը մի շարք հաշվարկներ են արել ու հասկացել, որ ամեն տարի ոլորտում եկամուտն ավելանում է, մեծ խաղացողները մեծ փողեր են աշխատում, իսկ իրենց տարիներով «աշխատեցնում են» նույն գումարով ու ասում, որ «փող չկա»։ Մի տեսակ հիշեցրեց կամայական հայկական կազմակերպության կամայական աշխատակցի բողոք, բայց ոչ՝ սա հոլիվուդյան սցենարն է։

Ըստ սցենարիստներին ներկայացնող արհմիության հաշվարկների՝ ոլորտի շահույթը 2000 թվականի 5 միլիարդ դոլարից 2017-2021 թվականներին հասել է 28-30 միլիարդի: Հոսքային բովանդակության վրա ծախսերը 2019-ի 5 միլիարդ դոլարից 2023-ին աճել են ու հասել մինչև 19 միլիարդի։ Առյուծի բաժինը Netflix-ինն է, որի գործառնական շահույթը 2021-ին կազմել է 6 մլրդ դոլար, իսկ 2022-ին֊ին՝ 5,6 մլրդ։

Դերասանների ֆինանսական վիճակն էլ առանձնապես լավ չէ։ Հիմա կմտածեք՝ «ո՞նց թե, դերասանները լավ փող չե՞ն աշխատում»։ Դե, օրինակ, Դուեյն Ջոնսոնը հաստատ աշխատում է, բայց Դենը, որին դեմքով չեք էլ ճանաչում, անգամ առօրյա ծախսերն է դժվարանում հոգալ։ Նոր տվյալների համաձայն, Կալիֆոռնիայում 2022 թվականին դերասանները միջինում վճարվել են ժամը 27.73 դոլար։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ նրանք տարեկան աշխատում են ինչ֊որ օրերի կամ ամիսների, բայց դերասանի մասնագիտությունն ամբողջ տարվա համար ամբողջ դրույք աշխատանք ապահովել չի կարող։

Բացի այդ, մինչև ստացված գումարը կհասնի դերասանի գրպանը, բազմաթիվ ծախսեր կան անելու։ Պետք է վճարել հարկերը, գումար հատկացնել գործակալի, մենեջերի, անհատական գործարքներն իրականացնող իրավաբանի և մի շարք այլ կարևոր մարդկանց համար։ Արդյունքում դերասանի եկամուտը  35%֊ով պակաս է այն գումարից, որը նա ստանում է։

Մեկ այլ հետաքրքիր թիվ ևս։ Առողջական ապահովագրություն ստանալու համար դերասանի եկամուտը տարեկան պետք է կազմի նվազագույնը 26,470 դոլար։ Ձեզ ծանոթ դերասանները գուցե միլիոնավոր դոլարներ են աշխատում, բայց SAG-AFTRA֊ի տասնյակ հազարավոր դերասաններ անգամ այս նվազագույն պահանջին չեն բավարարում։ Ավելին, նրանց միայն 12.7%֊ն այս պայմաններով իրենց առողջական ապահովագրություն կարող է թույլ տալ։

Եվ վերադառնալով արհեստական բանականությանը։ Եթե ֆինանսական խնդիրը և անհավասարությունը տասնամյակների պատմություն ունի, ապա արհեստական բանականությունը ոլորտի համար նոր գլխացավանք է։ Հատկապես սցենարիստները մեծ ու լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև այսօր արդեն կան օրինակներ, երբ, ասենք, սցենարիստի մեկ ամսվա օր ու գիշեր ստեղծագործ աշխատանքի փոխարեն արհեստական բանականությունը մեկ րոպեում այնպիսի սցենար կարող է գրել, որին կնախանձեն հոլիվուդյան շատ սցենարիստներ։ Եթե մի քիչ լավ «համոզեն», AI-ն անգամ գրքեր կարող է գրել, որոնք կդառնան բեսթսելլեր։ Սրա օրինակը, ի դեպ, ևս կա։

Կարճ ասած, հոլիվուդյան սցենարիստները պահանջում են երաշխիքներ տալ, որ արհեստական բանականությոնը չի փոխարինելու իրենց։ Պահանջում են արգելել «մարդու կողմից չգրված» սցենարների կիրառումը և վերանայել իրավական ու էթիկական նորմերը։

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Նախ հասկանանք, թե ֆինանսական ինչ հետևանքներ կունենան այս գործադուլները։ Նախնական մասնագիտական հաշվարկով այս ակցիաներն առնվազն 4 միլիարդ դոլարի վնաս կտան տնտեսությանը։ Եվ սա, ի դեպ, միայն ԱՄՆ տնտեսությանը չի սպառնում։ Այն երկրները, որտեղ կան ստուդիաներ, անցկացվում են նկարահանումներ կամ անգամ ֆիլմերի post-production, ևս կտուժեն։ Մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլն։

Հետևանքներից ամենահստակն ու տեսանելին այն է, որ հետաձգված նկարահանումները հանգեցնելու են հետաձգված պրեմիերաների։ Տասնյակ ու անգամ հարյուրավոր հետաձգված նախագծերի թվում են «Ավատարի», «Աստղային պատերազմների», «Գլադիատորի» սիքուելները, «Տարօրինակ դեպքերը» և շատ այլ նոր ու հին, հայտնի և անհայտ ֆիլմեր ու սերիալներ։

Իսկ արդեն նկարահանված ֆիլմերի պրեմիերաներին գուցե չհանդիպեք դերասանների, որովհետև գործադուլին միացածները ոչ միայն չեն նկարահանվելու ֆիլմում/սերիալում, այլև չեն տալու հարցազրույցներ, չեն մասնակցելու պրոմո տուրերի և PR արշավների, չեն հայտնվելու գովազդներում կամ այլ կերպ ասած մասնագիտական գործունեությունը հասցնելու են զրոյի։

Թե որքան կտևի այս գործադուլը՝ բարդ է ասել։ Որոշները կանխատեսում են մինչև տարեվերջ, մյուսներն ավելի վատատես են։ Կա նաև տեսակետ, որ հարցը կարող է լուծվել օրերի ընթացքում, եթե արհմիությունները և կինոստուդիաները նոր պայմանագրի շուրջ կարողանան համաձայնության գալ։

Մոտենում են միջազգային փառատոնները և մրցանակաբաշխությունը, օրինակ՝  Emmy Awards֊ը սեպտեմբերին, և հիմա անգամ խոսակցություններ կան, որ մրցանակաբաշխությունը կարող է հետաձգվել։ Աշնանը սպասվում են նաև Վենետիկի և Տորոնտոյի կինոփառատոնները։ Սրանք այն միջոցառումներն են, երբ իրար գլուխ են հավաքվում կինոինդուստրիայի բոլոր դեմքերն ու ռազմավարական և PR տեսակետից արվում են կարևոր հայտարարություններ, հարցազրույցներ ու հանդիպումներ կազմակերպվում։ Մի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում ու անգամ արդեն նկարահանված ֆիլմերի համար այս գործադուլը լուրջ հետևանքներ կարող է ունենալ։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Անշուշտ, սա ոչ առաջին, ու ինչ֊որ բան հուշում է, որ ոչ էլ վերջին գործադուլն է Հոլիվուդում։ Դեռ նախորդ դարի կեսերին սցենարիստների, նաև դերասանների գործադուլների արդյունքում արվում էին փոփոխություններ, որոնք այսօր էլ արդիական են։

Քանի որ խոսում ենք թվերով, մի օրինակ էլ բերենք։ Դերասանների (նրանց, ում դեմքերը չեք հիշում կամ աղոտ եք հիշում) և top ղեկավարների վաստակած եկամտի տարբերությունն այսօր և, ասենք, 1965 թվականին՝ լրիվ տարբեր կինոներից են։ 1965 թվականին ղեկավարների եկամուտը 15 անգամ գերազանցում էր իրենց աշխատողների միջին աշխատավարձը։ Արդեն 2021 թվականին այդ բարձրաստիճան ղեկավարները վաստակում էին 350 անգամ ավելի, քան միջին օղակի աշխատողները, այդ թվում՝ դերասանները: Ամերիկացիները սա «անհավասարության անջրպետ» են անվանում, որն ամեն տարի միայն ավելի է խորանում։

Արդեն նշեցինք, որ հիմնականում դերասանները և սցենարիստները գործադուլ են արել իրարից անկախ։ Սցենարիստների ամենաերկարատև գործադուլը եղել է 1988 թվականին ու տևել է 154 օր։ Պահանջը հետևյալն էր. արտասահմանյան շուկա վաճառվող կինոարտադրանքից իրավական փաթեթի հիմնավորմամբ մասնաբաժին տալ նաև սցենարիստներին։ Արդյունքում 154֊րդ օրը կքնվեց նոր պայմանագիր։ Բարձրացվեցին աշխատավարձերը, սցենարիստները ստացան ստեղծագործական ավելի մեծ վերահսկողություն։

Դերասաններն էլ գործադուլի «հաջողված օրինակ» են ունեցել 1980 թվականին։ Գործադուլը 77 օր է տևել։ Գլխավոր խնդիրը հետևյալն էր․ սա հենց այն շրջանն էր, երբ մեծ արագությամբ տարածվում էին վիդեոկասետներն ու մեծ գումարային շրջանառություն էին ապահովում։ Դերասանները, և մեկ տարի անց նաև սցենարիստները պահանջում էին այդ գումարի իրենց մասնաբաժինը։ Արդյունքում ստացան բազային աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև նոր զարգացող շուկայում արտադրողների եկամտից իրենց մասնաբաժինը։

Մնում է հասկանալ, թե տեխնոլոգիական այս նոր դարում ինչպես կավարտվի պատմական գործադուլը։ Ո՞վ կշահի, ո՞վ կտուժի և արդյոք իրականում ստացված արդյունքը կարդարացնի երկարաժամկետ ոլորտային ծանր հետևանքները։


✍️ Նանե Մանուկյան / PAN