Մենք կրկեսի վերածելու ChatGPT չունենք, կամ OpenAI-ի եփած ճաշը
Հիշո՞ւմ եք 90-ականների սկզբի մեքսիկական սերիալներում կամ հնդկական ֆիլմերում, երբ կերպարները ամեն պահի դիմում էին իռացիոնալ քայլերի։ Մեկը մյուսից բաժանվում էր ու վազում մյուսի ընկերոջ մոտ, հետո մյուսի ընկերը ներողություն էր խնդրում մյուսից, հետո մյուսը ներողություն էր խնդրում մեկից ու այդպես` շարունակ։ Օրերս նմանատիպ մի բան տեղի ունեցավ աշխարհի` տեխնոլոգիապես ամենաառաջատար, լավագույն լեզվական AI մոդելները ստեղծող ու, ընդհանրապես, AI բումի առաջամարտիկ OpenAI-ում։ PAN-ը ներկայացնում է կրկեսի քրոնոլոգիայի գլխավոր մասերը։
Ամեն ինչ սկսվեց նոյեմբերի 17-ին՝ ուրբաթ օրը։ Իսկական «սև ուրբաթ» OpenAI-ի համար։ Ընկերության կայքում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ OpenAI-ի տնօրենների խորհրդի որոշմամբ Սեմ Ալթմանը լքում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնն ու հեռանում տնօրենների խորհրդից։ Ու որ ընկերության տեխնիկական տնօրեն Միռա Մուրատին ժամանակավորապես զբաղեցնելու է գլխավոր տնօրենի պաշտոնը։
Մնացած տեքստում Մուրատիի գովքն էր, ինչից հետո նոր անցնում էին Ալթմանին։ Հիմնավորումը` տնօրենների խորհուրդը եկել էր եզրակացության, որ «Ալթմանը ոչ միշտ է անկեղծ եղել խորհրդի հետ, ինչը սահմանափակում է գլխավոր տնօրենի պարտականությունները կատարելու նրա կարողությունները»։ Ու նշվում էր` տնօրենների խորհուրդը այլևս համոզված չէ, որ Ալթմանն ի զորու է շարունակել ղեկավարել OpenAI-ը։
Մնացած հայտարարությունն այն մասին էր, որ OpenAI-ը ստեղծվել է երաշխավորելու համար, որ ընդհանուր արհեստական ինտելեկտը (AGI) օգուտ կբերի ամբողջ մարդկությանը, որ նրանք շնորհակալ են Ալթմանին OpenAI-ի ստեղծման ու զարգացման գործում ներդրման համար, սակայն առաջ շարժվելու համար ընկերությանն անհրաժեշտ է նոր ղեկավարություն։ Ու որ տնօրենների խորհուրդը լիովին վստահ է, որ Միռա Մուրատը կարդարացնի իրեն։ Նշվում էր նաև, որ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը կլքի OpenAI-ի համահիմնադիր ու նախագահ Գրեգ Բրոքմանը, սակայն նա կմնա ընկերությունում` ենթարկվելով գլխավոր տնօրենին։
OpenAI-ի տնօրենների խորհրդի կազմում են ընկերության գլխավոր գիտաշխատող Իլյա Սուցկեվերը, Quora-ի գլխավոր տնօրեն Ադամ Դ'Անջելոն, տեխնոլոգիական ձեռնարկատեր Տաշա ՄակՔոլին ու Անվտանգության ու նոր տեխնոլոգիաների ջորջթաունյան կենտրոնից Հելեն Տոները։ Վերջինիս կանդրադառնանք վերջում։
Հայտարարությունից րոպեներ անց Ալթմանը հաստատեց տեղեկությունը։ Բրոքմանն, իր հերթին, գրեց, որ դեռ փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
«Սեմն ու ես շոկի մեջ ենք տնօրենների խորհրդի այսօրվա արածից {...} Փորձում ենք հասկանալ, կոնկրետ ինչ է տեղի ունեցել»:
Իսկ տեղի է ունեցել (ըստ Բրոքմանի) հետևյալը։
- Հինգշաբթի երեկոյան Ալթմանը ստանում է Իլյայ Սուցկեվերի հաղորդագրությունը, որում վերջինս խնդրում է ուրբաթ կեսօրին զրուցել։ Ալթմանը միանում է Google Meet-ին, տեսազանգին միացած է լինում տնօրենների ամբողջ խորհուրդը` բացի Բրոքմանից։ Սուցկեվերը Ալթմանին հայտնում է աշխատանքից հեռացման մասին` նշելով, որ լուրը շուտով կհանրայնացվի։
- Ուրբաթ, 12:19-ին Բրոքմանը ստանում է Սուցկեվերի հաղորդագրությունը, որում նա խնդրում է արագ զանգել։ 12:23 Սուցկեվերը ուղարկում է Google Meet-ի հղումը։ Տեսազանգի ընթացքում Բրոքմանին հայտնում են, որ իրեն հեռացնում են տնօրենների խորհրդից (սակայն նա կարևոր է ընկերության համար ու կպահպանի իր դերն այնտեղ), ու որ Ալթմանն աշխատանքից ազատվել է։ Մոտավորապես այդ ժամանակ էլ լուրը հրապարակվում է OpenAI-ի կայքում։
Ինչ վերաբերում է Միռա Մուրատին, նա այս ամենի մասին իմացել է նախորդ օրվա երեկոյան։ Ալթմանի հետագա թվիթերից տպավորություն էր, որ նա պատրաստ է պայքարել։ Նրա հեռացումից մի քանի ժամ անց հրաժարական է տալիս նաև Բրոքմանը:
Լրագրող Կառա Սվիշերի տվյալներով` Microsoft-ում Ալթմանի հեռացման մասին իմացել են մամուլի հաղորդագրության տարածումից մի քանի րոպե առաջ։ Նույն այդ ժամանակ հայտնի դարձավ, որ սեփական ցանկությամբ OpenAI-ը լքել են մի քանի առանցքային աշխատակիցներ։
Բնականաբար, ինտերնետը սկսեց եռալ։ Սկսեցին հայտնվել տարատեսակ դավադրության տեսություններ` հաշվի առնելով Ալթմանի հեռացման մշուշոտ հիմնավորումները։ Որոշ օգտատերերի կարծիքով, պատճառն այն էր, որ OpenAI-ը արդեն ստեղծել է լիարժեք AGI, սակայն չի հայտնել դրա մասին տնօրենների խորհրդին։ Սա առավել ֆանտաստիկ տեսությունն էր։ Մյուսները եզրակացնում էին, որ Ալթմանը, հավանաբար, ձգտում էր ավելի շատ եկամուտ ապահովել, քան զբաղվել տեխնոլոգիաների անվտանգությամբ, ինչն էլ ստիպել էր խորհրդին նրան հրաժեշտ տալ։ Տրիվիալ սեքս սկանդալը նույնպես նշվում էր որպես հնարավոր պատճառ։
Հետո հանկարծ տեղի ունեցավ անսպասելին. ինսայդերները հաղորդեցին, որ OpenAI-ը բանակցում է Ալթմանի հետ` նրան գլխավոր տնօրենի պաշտոնին վերադարձնելու համար։ Նրանցից մեկն ասել էր, որ Ալթմանը «երկակի է տրամադրված» վերադառնալու հնարավորության նկատմամբ ու կցանկանար զգալի փոփոխություններ ընկերության կառավարման մեջ:
Դեռ նոյեմբերի 18-ին Ալթմանին մոտ աղբյուրը հայտնել էր, որ տնօրենների խորհուրդը սկզբունքորեն համաձայն է հրաժարական տալ ու թույլ տալ Ալթմանին և Բրոքմանին վերադառնալ: Միաժամանակ հայտնի դարձավ, որ նույն օրը OpenAI-ի մեծ քանակությամբ աշխատակիցներ պատրաստվում են հեռանալ, եթե Ալթմանը հեռանա ու որոշի նոր ընկերություն հիմնել: Ալթմանի հեռացումից ընդամենը մեկ օր հետո մեկնարկած բանակցությունները ցույց էին տալիս, որ առանց նրա OpenAI-ը գտնվում է ազատ անկման վիճակում: Խոսակցություններ էին պտտվում, որ Ալթմանն ու Բրոքմանը ներդրողների հետ քննարկում են նոր ընկերության հիմնումը. նույն ուրբաթ օրը OpenAI-ից հեռացան մի շարք ավագ հետազոտողներ:
Դա դեռ ամենը չէ. OpenAI-ի խոշորագույն ներդրող Microsoft-ը Ալթմանի հեռացումից որոշ ժամանակ անց ուշագրավ տեղեկություններ հայտնեց. ընկերությանը նախօրոք չէին զգուշացրել Ալթմանի հեռացման մասին ու թույլ չէին տվել կարծիք հայտնել OpenAI-ի տնօրենների խորհրդի նման որոշման առթիվ: Microsoft-ից հստակ նշել էին, որ Ալթմանի հեռացումը, ոչ միայն որպես ընկերության դեմքի, այլև որպես AI-ի ոլորտում ամենակարկառուն ձայնի, անորոշ է դարձնում ընկերության ապագան այն դեպքում, երբ մրցակիցները փորձում են գերազանցել ChatGPT-ի աննախադեպ աճը:
Ակնհայտ է, որ տնօրենների խորհուրդը մի կողմից վախեցավ ընկերությունից մասնագետների մասսայական հեռացումից, մյուս կողմից՝ Microsoft-ի զայրույթից: Ասում են, Microsoft-ի CEO Սատյա Նադելան ուղղակի «կատաղել էր» Ալթմանի հեռացման լուրը լսելուց հետո. զայրույթի պատճառ կարող էր լինել նաև այն, որ Microsoft-ի փողերով աճող ընկերության տնօրենների խորհուրդը տեսազանգ է կատարում մրցակից Google-ի պրոդուկտով:
Դրաման շարունակվեց նրանով, որ հայտնի դարձավ՝ Ալթմանն ու մյուս հեռացած գործընկերները կմիանան Microsoft-ին՝ ղեկավարելով AI հետազոտությունները:
Դրան հաջորդեց OpenAI-ի 700 աշխատակիցներից 505-ի բաց նամակը՝ տնօրենների խորհրդի հեռացման պահանջով: Ամենատարօրինակը, որ այն ստորագրել էր նաև Իլյա Սուցկեվերը: Նրանք նշում էին, որ երբեք OpenAI-ն այնքան ամուր դիրքերում չէր եղել, որքան մինչև Ալթմանի հեռացումը, հետևաբար՝ բուն հեռացումը վտանգի է ենթարկում ընկերության կատարած ամբողջ աշխատանքն ու ստանձնած առաքելությունը:
«Ձեր վարքագիծը հստակ ցույց տվեց, որ դուք կոմպետենտ չեք OpenAI-ում վերահսկողություն իրականացնելու, մենք չենք կարող աշխատել նման մարդկանց հետ: Մենք կարող ենք որոշել լքել OpenAI-ն ու միանալ Microsoft-ի հայտարարած դուստր ձեռնարկությանը՝ Ալթմանի ու Բրոքմանի ղեկավարությամբ: Microsoft-ը վստահեցրել է մեզ, որ OpenAI-ի բոլոր հեռացած աշխատակիցների համար այս ընկերությունում կլինեն պաշտոններ, եթե մենք որոշենք հեռանալ: Մենք անմիջապես կդիմենք այդ քայլին, եթե OpenAI-ի տնօրենների ներկայիս խորհրդի անդամները հրաժարական չտան ու չվերադառնան Ալթմանն ու Բրոքմանը», - ասված էր բաց նամակում:
Ամենածիծաղելին, որ ընթացիկ CEO-ն այդպես էլ պատասխան չստացավ Ալթմանի հեռացման պատճառների մասին ու նույնպես սպառնում էր լքել կրկեսը, եթե պատասխան չստանա: Ու հայտնվեցին մի քանի շշուկներ. տնօրենների խորհուրդը CEO-ի պաշտոնն առաջարկել էր GitHub-ի նախկին ղեկավար Նատ Ֆրիդմանին ու Scale.AI-ի ստեղծող Ալեքս Վանգին, երկուսն էլ հրաժարվել էին: Էլ ավելի հետաքրքիր է, որ տնօրենների խորհուրդը դիմել էր Antropic-ին ձուլման առաջակով, սակայն Դարիո Ամոդեին միանգամից հրաժարվել էր:
Հանգստյան օրերին Իլյա Սուցկեվերը աշխատակիցներին պատմեց Ալթմանի հեռացման երկու տարբերակների մասին: Առաջինը՝ Ալթմանը սարսափելի հանցագործություն էր գործել՝ նույն նախագծի իրականացումը հանձնարարելով երկու տարբեր աշխատակցի: Էլ ավելի զարհուրելին այն է, որ Ալթմանը տնօրենների խորհրդի երկու տարբեր անդամների տարբեր կարծիքներ էր հայտնել միևնույն աշխատակցի մասին: Իլյան չմոռացավ նշել, որ ինքը ահագին նեղված է:
Դրաման ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր։ Ալթմանը կվերադառնա իր պաշտոնին OpenAI-ում, կնշանակվի տնօրենների նոր խորհուրդ` բաղկացած 9 մարդուց։ OpenAI-Ի պաշտոնական թվիթերյան էջում ասվում է.
«Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել, որ Սեմ Ալթմանը կվերադառնա OpenAI որպես գլխավոր տնօրեն` տնօրենների խորհրդի նոր կազմով {...} Մենք համագործակցում ենք` դետալները հասկանալու համար։ Շնորհակալ ենք ձեր համբերության համար»։
Մինչ այդ The New York Times-ում հրապարակված հոդվածում նշվում են որոշ շշուկներ տեղի ունեցածի պատճառների մասին։
Ավելի քան մեկ տարի առաջ OpenAI-ի տնօրենների խորհրդում զգալի լարվածություն է եղել, որն ավելի է խորացել Ալթմանի կառավարման ոճի ու առաջնահերթությունների հետ կապված հակասությունների ֆոնին։ Ալթմանը կենտրոնացած է եղել ընկերության ընդլայնման վրա, իսկ խորհուրդը մտահոգված է եղել ընդլայնման ու AI համակարգերի անվտանգության միջև բալանսի առիթով։
Վեճի հիմնական պատճառ է դարձել խորհրդի անդամ Հելեն Տոների հեղինակած գիտական աշխատանքը։ Ալթմանն այն դիտարկել է որպես սպառնալիք ընկերությանը` կարծելով, որ հեղինակը քննադատում է OpenAI-ն ու չափից շատ գովում Anthropic-ը, որը հիմնվել է նրանց կողմից, ովքեր համաձայն չէին Ալթմանի մոտեցման հետ ու լքել էին OpenAI-ը մի քանի տարի առաջ։ Anthropic-ը, ըստ հոդվածի հեղինակի, շատ ավելի զգույշ ու զուսպ է AI տեխնոլոգիաների զարգացման հարցում։ Հետո կրակի վրա յուղ լցրեց Reuters-ը` շշուկների սեփական դոզայով. ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, ավելի վաղ OpenAI-ի աշխատակիցները նամակ էին գրել տնօրենների խորհրդին` որտեղ իբր խոսվում էր AI ոլորտում բեկման մասին, որը կարող է վտանգավոր լինել մարդկության համար։
Կարճ ասած, այս ամբողջ պատմությունը ալարմիստների (նրանց, ովքեր կարծում են, որ պետք է ծայրահեղ զգուշավոր լինել AI մշակումների հարցում) ու ռացիոնալիստների (նրանց, ովքեր համարում են, որ AI-ն անհրաժեշտ է զարգացնել) պայքարի արդյունք էր։