Նոլանի magnum opus-ը. մտքեր Oppenheimer-ի մասին
Ամառային կինովարձույթն այս տարի փրկվեց երկու լրիվ տարբեր (բոլոր առումներով տարբեր) ֆիլմերի մարքեթինգային հանճարեղ համագործակցության արդյունքում։ Քրիստոֆեր Նոլանի Oppenheimer-ն ու Գրետա Գարվիգի Barbie-ն, ճշգրիտ մշակված ու իրագործված գովազդային արշավի ընթացքում ձևավորելով Barbenheimer ինտերնետ ֆենոմենը, վարձույթի առաջին երեք օրը միասին հավաքեցին մոտ կես մլրդ դոլար։ Իհարկե, Նոլանի ֆիլմի եկամուտն ավելի համեստ է` հաշվի առնելով մեծահասակ ռեյթինգն ու երեք ժամանոց քրոնոմետրաժը, բայց ֆիլմն արդեն ծածկել է ծախսերն ու ամեն ինչ դեռ առջևում է։
Barbie-ի մասին մյուսները կխոսեն, իսկ այս լոնգրիդում PAN-ը կփորձի կիսվել Oppenheimer-ի մասին տպավորություններով` միաժամանակ ներկայացնելով, թե ով ով էր ֆիլմում (բնականաբար, բաց կթողնենք Օպենհեյմերին ու Էյնշթեյնին, նրանց արդեն բոլորը գիտեն)։
Նիլս Բոր (1885-1962). դանիացի տեսաբան ֆիզիկոս, 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը (եթե ոչ մեծագույնը)։ Իրավամբ համարվում է լրիվ նոր գիտական պարադիգմի` քվանտային մեխանիկայի ստեղծողներից մեկն ու քվանտային մեխանիկայի կոպենհագենյան դպրոցի հիմնադիրը, ում երկարատև բանավեճերը Ալբերտ Էյնշթեյնի հետ ավարտվեցին վերջինիս պարտությամբ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Բորին ֆիլմում մարմնավորում է բրիտանացի դերասան ու ռեժիսոր Քենեթ Բրանան
Նոլանի ֆիլմը հիմնված է Քայ Բերդի ու Մարտին Շերվինի American Prometheus: The Triumph and Tragedy of J. Robert Oppenheimer ծավալուն աշխատության վրա, որը գրվել է մոտ քառորդ դարի ընթացքում ու արժանացել բազմաթիվ գրական մրցանակների, այդ թվում` Պուլիցերյան մրցանակի։ Գրքում նկարագրված իրադարձությունները, որոնք հիմնականում կենտրոնացած են Մանհեթենյան նախագծի շրջանակներում առաջին ատոմայի ռումբի ստեղծման ու դրանից հետո Օպենհեյմերի շուրջ քաղաքական վայրիվերումների վրա, Նոլանը վերափոխել է լրիվ «նոլանական» սքրիպտի` իր կարիերայի գլխավոր ֆիլմը հագեցնելով բոլոր այն կինեմատոգրաֆիկ հնարքներով, որոնցով Նոլանը դարձել է Նոլան։
Էնրիկո Ֆերմի (1901-1954). իտալո-ամերիկացի տեսաբան ֆիզիկոս ու փորձարար, աշխարհում առաջին միջուկային ռեակտորի ստեղծողը, միջուկային ֆիզիկայում ու տարրական մասնիկների ֆիզիկայում մեծ ներդրում ունեցած մասնագետ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ֆերմիին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան Դաննի Դեֆերարին
Անհնար է Օպենհեյմերը լիարժեք դիտարկել` առանց ռեժիսորի նախկին աշխատանքների։ Քրիստոֆեր Նոլանն ունիկալ է նրանով, որ իր գրեթե բոլոր ֆիլմերը իր իսկ անձնական հետաքրքրությունների ու մտորումների ծնունդ են, ինչը բազմամիլիոնանոց բլոկբաստերները դարձնում է նաև հեղինակային կինո։ Իր դեբյուտային Following-ում երիտասարդ ռեժիսորն ուսումնասիրում էր այն, թե ինչպես է «առաջին դեմքից» սուբյեկտիվ գիտակցությունը փորձում հասկանալ այլ գիտակցությունները, մտնել նրանց մաշկի տակ; Memento-ն անձին անձ դարձնելու ու հիշողության-իրականության կապի մասին խորը փիլիսոփայական մտորում էր; Inception-ն էլ ավելի էր խորացնում զոնդավորումը` իրականության առաջին պլան մղելով անձի սուբյեկտիվ աշխարհը, իսկ Interstellar-ը փորձում էր պատասխանել Տիեզերքի մասին ամենաբարդ հարցերին։
Պոլ Դիրակ (1902-1984). բրիտանացի տեսաբան ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի, դաշտի քվանտային տեսության ու քվանտային էլեկտրոդինամիկայի ստեղծողներից մեկը։ Դիրակի աշխատանքների շնորհիվ քվանտային մասնիկի սփինը ստացավ բնական բացատրություն, ինչպես նաև ֆիզիկայում ներդրվեց հակամասնիկների հասկացությունը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Դիրակին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան Ռայան Սթյուբոն
Լինելով սայենտիստ, ով կրքոտ հետաքրքրություն է ցուցաբերում գիտության ու դրա արդյունքների նկատմամբ, Նոլանը ինտելեկտուալ քարտբլանշ ստացավ Oppenheimer-ի շնորհիվ` պատմել մեկ ֆիլմում 20-րդ դարի մեծագույն գիտնականների մասին։ Լինելով մարդկային հոգեբանությամբ հետաքրքրված` Նոլանը մյուս քարտբլանշը ստացավ` միջուկային զենքի հոր հոգեբանական ապրումների միջոցով մարդկային գիտակցության հերթական կինոզոնդավորում իրականացնելու համար։ Երկու մոտեցումներն էլ Նոլանի նոր ֆիլմում իրացվել են փայլուն կերպով։
Վերներ Հայզենբերգ (1901-1976). գերմանացի տեսաբան ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի, դաշտի քվանտային տեսության ու քվանտային էլեկտրոդինամիկայի ստեղծողներից մեկը։ Ներդրել է մատրիցաների մեխանիկան, իր անունը կրող անորոշության սկզբունքը, S-մատրիցան։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Հայզենբերգին ֆիլմում մարմնավորում է գերմանացի դերասան ու ռեժիսոր Մաթիաս Շվեյգհոֆերը
Նոլանը մանկական ոգևորությամբ պատկերում է իր կուռքերին` մեծագույն գիտնականների, ում ուղեղը փոխել է աշխարհի մասին մեր պատկերացումները։ Տրամադրության տակ ունենալով բրիտանացի ու ամերիկացի աստղերի մի ամբողջ գալակտիկա` Նոլանը անթաքույց հրճվանքով ու ակնածանքով, զգուշությամբ ու հնարավորինս չկենտրոնանալով ցույց է տալիս մտքի հսկաներին, պատմում գիտական պրոցեսի, գիտական մեթոդի, քննարկումների մասին, երբեմն աշխատում ներկայացնել նրանց, որպես սովորական մարդկանց` սովորական մարդկային խնդիրներով ու թուլություններով, ապա` կրկին ընկրկում է, կրկին բարձրացնում պատվանդանին։
Էռնեստ Լոուրենս (1901-1958). Ամերիկացի ֆիզիկոս, առաջին ցիկլոտրոնի ստեղծողը, հետազոտություններ է իրականացրել միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Լոուրենսին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան ու պրոդյուսեր Ջոշ Հարթնեթը
Նոլանը պաշտում է գիտությունը, դա երևում է ֆիլմի յուրաքանչյուր կադրում, երևում է նրանից, թե ինչպես է նա խուսափում սրբության սրբոցի մեջ կոպիտ միջամտությունից, ինչպես է միայն թեթև ակնարկներով պատկերում խորհրդավոր պրոցեսը, որ կոչվում է գիտական գործունեություն։ Ի տարբերություն գիտնականների, քաղաքական գործիչները ֆիլմում պատկերված են կոպիտ վրձնահարվածներով, այստեղ ռեժիսորն այդքան երկչոտ չէ, այստեղ նա չի խուսափում միանշանակ գնահատականներից, չի վախենում չհասկացված լինելուց։ Գիտությունն ու գիտնականները ֆիլմի նուրբ ու թանկարժեք մասն են, կոպտությունն անթույլատրելի է; քաղաքական գործիչները` կոպիտ գործիք են, որը կարելի է անդադար մաշեցնել ու չափսոսալ։
Ռիչարդ Ֆեյնման (1918-1988). ամերիկացի ֆիզիկոս, 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոսներից մեկը։ Ձևակերպել է քվանտային մեխանիկայի ու դաշտի քվանտային տեսության լրիվ նոր ֆորմալիզմ` ի դեմս հետագծերի ինտեգրալի ու իր անունը կրող դիագրամների մեթոդի, ինչը զգալիորեն հեշտացրել է դաշտի քվանտային տեսության մեջ հաշվարկների իրականացումը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Ֆեյնմանին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան Ջեք Քուեյդը
Oppenheimer-ը ֆիլմ է ոչ այնքան Ռոբերտ Օպենհեյմերի, որքան գիտության մասին ընդհանրապես։ Գիտությունն անում է այն, ինչին կոչված է` իմանալ ավելին մեզ շրջապատող աշխարհի մասին, ու գիտական մտքի արգասիքների համար պատասխանատու է ոչ թե գիտությունն ու գիտնականն, այլ դրանք կիրառող քաղաքական գործիչները. սա է Նոլանի գլխավոր նարրատիվը։
Էդվարդ Թելլեր (1908-2003). ամերկացի ֆիզիկոս, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը։ Մեծ ներդրում է ունեցել միջուկային ու մոլեկուլային, ստատիստիկ ֆիզիկայում ու սպեկտրոսկոպիայում։ Թելլերին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան Բեննի Սաֆդին
Ինչպես Memento-ում, ռեժիսորը պատումը բաժանում է երկու հատվածների` սև ու սպիտակ` Լյուիս Շտրաուսի տեսանկյունից (Ռոբերտ Դաունի կրտսերի աննկարագրելի կատարմամբ), ու գունավոր` Ռոբերտ Օպենհեյմերի տեսանկյունից. առաջինը` կոչված պատկերելու օբյեկտիվ իրականությունը, խամրում է երկրորդի մոտ, որը միախառնում է օբյեկտիվը Օպենհեյմերի սուբյեկտիվ աշխարհի հետ, ջնջում սուբյեկտիվի ու օբյեկտիվի միջև սահմանները, փորձում (շատ զգույշ, շատ նուրբ) մտնել մեծ գիտնականի գլխի մեջ, կարդալ մտքերը, զգալ զգացածը։
Կուրտ Գյոդել (1906-1978). ավստրիացի մաթեմատիկոս, համարվում է 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը։ Ձևակերպել ու ապացուցել է իր անունը կրող անլիարժեքության թեորեմը։ Գյոդելին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան ու պրոդյուսեր Ջեյմս Ուրբանիակը
Երկու մասերն էլ` սև-սպիտակն ու գունավորը, իրենց հերթին բաժանված են ժամանակային բեկորների, ինչպես անցյալից ապագա շարժվող մասնիկներ ու ապագայից անցյալ շարժվող հակամասնիկներ, որոնք անխուսափելիորեն բախվելու են, ենթարկվեն անիհիլյացիայի ու ճառագայթեն կուրացնող ֆոտոնային հոսքեր. բախման արդյունքում տարբեր կողմեր նետված սյուժետային բեկորները հանդիսատեսը հավաքելու է նույն ուշադրությամբ, ինչպես Մեծ ադրոնային կոլայդերի բախումների հետքերն են ուսումնասիրում գիտնականները։ Միայն առաջին ատոմային ռումբի փորձարկումից ու Ճապոնիայում նոր զինատեսակի կիրառումից հետո հանդիսատեսին կմատուցվի եզրափակիչ թվիստը` մարդկային մանր ստորության կործանիչ հարվածային ալիքը, որը, թեև ուշացմամբ, բայց կհասնի ճիշտ ժամանակին։
Ռիչարդ Թոլմեն (1881-1948). ամերիկացի ֆիզիկոս ու մաթեմատիկոս, ստատիստիկ ֆիզիկայի մասնագետ։ Մեծ ներդրում է ունեցել տեսական տիեզերագիտության մեջ` Էյնշթեյնի կողմից հարաբերականության ընդհանուր տեսության հայտնագործումից հետո։ Թոլմենին ֆիլմում մարմնավորում է ամերիկացի դերասան ու պրոդյուսեր Թոմ Ջենքինսը
Նոլանը ֆիլմում մարդ արարածին միաժամանակ բարձրացնում է գրեթե աստվածության մակարդակի, ու իջեցնում Տարտարոսի ամենամութ խորքերը։ Պրոմեթևսը տիտան էր, բայց իր կրակի սպառողները պետք է դառնային սովորական մարդիկ` իրենց թուլություններով, ցանկություններով, շահերով. ճիշտ ընտրություն կատարելը, թե ում է պետք վստահել կրակը, տիտանի որոշելիքը չէր։ Մարդիկ իրենք պետք է նման որոշում կայացնեն։