#իվենթաPAN
October 24

One Direction-ի փառքը, Լիամի կախվածությունն ու անտեսվող դեպրեսիան. Փեյնի մահը՝ սթափեցնող հիշեցում

2010-ականներին դեռահաս եղած աղջիկների համար վերջին օրերը ծանր և ողբերգական էին։ Մահացել է միլիոնավոր աղջիկների սիրելի One Direction-ի անդամ Լիամ Փեյնը։ Երիտասարդ արտիստի մահը, անշուշտ, ցավալի է բոլորի համար՝ անկախ նրանից, երկրպագում էին One Direction-ին ու Լիամին, թե՝ ոչ։ Այս անժամանակ մահը ցավալի է մեկ այլ պատճառով ևս. որքան փորփրում ես ողբերգական դեպքի հնարավոր պատճառները, այնքան ավելի հստակ է դառնում՝ փառքը և մեծ փողերն ուղիղ համեմատական չեն երջանկության և հոգու խաղաղության հետ։ Երբեմն անգամ ճիշտ հակառակը։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ ԵՎ ONE DIRECTION-Ը

Լիամը երաժշտական ինդուստրիա մտավ դեռահաս տարիքում, հետևաբար կարելի է միայն ենթադրել, թե ինչ փորձություններ ու դժվարություններ էր իր հետ բերելու օդից ընկած աննախադեպ փառքն ու հաջողությունը։ Առաջին անգամ Լիամ Փեյնը բրիտանական X Factor-ին մասնակցել է 2008 թվականին, երբ դեռ 14 տարեկան էր։ Մի քանի փուլ հաղթահարելուց հետո Փեյնը դուրս մնաց մրցույթից, բայց բրիտանացի պրոդյուսեր Սայմոն Քաուելը տաղանդավոր պատանուն առաջարկեց վերադառնալ երկու տարի անց ու կրկին փորձել։

Նախագծից դուրս մնալուց հետո Փեյնը 2010 թվականին ևս մեկ անգամ մասնակցեց X Factor-ին ու այս անգամ կարողացավ հաջողության հասնել։ Նախընտրական փուլում Լիամն արժանացավ Սայմոն Քաուելի հոտնկայս ծափերին ու չորս դրական ձայնի։ Հերթական փուլերից մեկում, սակայն, Փեյնի բախտը կրկին չբերեց, և երբ նախագծից դուրս մնալու իրական վտանգ կար, ժյուրիի անդամ Նիկոլ Շերզինգերի առաջարկով Լիամ Փեյնի ու ևս չորս այլ տղայի մասնակցությամբ խումբ կազմվեց, որը պետք է շարունակեր մասնակցել մրցույթին՝ «Խումբ» անվանակարգում։

Տղաներն այդ ժամանակ անգամ չէին ճանաչում իրար, հետևաբար նախ պետք էր ծանոթանալ, փորձել ընդհանուր լեզու գտնել, փորձեր անել։ Այդպես ստեղծվեց One Direction խումբը, որը հենց առաջին ելույթից մեծ իրարանցում առաջացրեց, միանգամից հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում, մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը, բայց հետո համաշխարհային ֆենոմենի վերածվեց։

Այնպես չէ, որ հաջողված բոյ բենդեր աշխարհում չեն եղել, բայց նոր սերնդի և նոր դարաշրջանի համար One Direction-ի ֆենոմենն իսկապես եզակի մի բան էր։ Խմբի հինգ անդամն էին Լիամ Փեյնը, Նայլ Հորանը, Հարրի Սթայլսը, Լուի Թոմլինսոնը և Զեյն Մալիկը։ Այս տղաներն իրենք էլ դեռ պատանի լինելով կարողացան գրավել միլիոնավոր դեռահասների ու երիտասարդների սրտերը, թողարկեցին ռեկորդներ գրանցող ալբոմներ, ունեցան համաշխարհային շրջագայություններ ամենամեծ մարզադաշտերում, շահեցին բազմաթիվ մրցանակներ։ Նրանց What Makes You Beautiful սինգլը մինչև օրս էլ համարվում է ամենաշատ վաճառվածներից մեկը։

Բոյ բենդն իր առաջին ալբոմը թողարկեց 2011 թվականին, անունը ՝ Up All Night։ Սրան հաջորդեց Take Me Home ալբոմը՝ 2012 թվականին։ 2013-ին երրորդ ալբոմի՝ Midnight Memories-ի ժամանակն էր, 2014 թվականին խումբը թողարկեց իր չորրորդ՝ Four ալբոմը։ Այդ ժամանակ One Direction-ը վերջին 58 տարվա մեջ առաջին խումբն էր, որի առաջին չորս ալբոմները Billboard Hot 200 աղյուսակում առաջին հորիզոնականում էին։ Հինգերորդ ալբոմը խումբը ձայնագրեց արդեն առանց Զեյնի։ Made in the A.M.-ը թողարկվեց 2015 թվականին։

Որքան արագ ու անսպասելի խումբը ճանաչում ձեռք բերեց, այնքան անսպասելի էլ հայտարարեց ժամանակավոր դադարի մասին։ Սա շոկային էր շատերի համար։ Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ այս դադարը ժամանակավոր չէ, տղաները սոլո կարիերայի ճանապարհն են ընտրել։ Մինչև օրս էլ երկրպագուներն ամեն հարմար առիթով հարցնում, խնդրում ու պահանջում էին խմբին վերամիավորումը՝ թեկուզ մեկ շրջագայության շրջանակում։ Ցավոք, Լիամ Փեյնի մահը երկրպագուների այս երազանքը ևս կիսատ թողեց։

ԼԻԱՄ ՓԵՅՆԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

31-ամյա երգիչը մահացել է հոկտեմբերի 16-ին՝ Բուենոս Այրեսի հյուրանոցներից մեկի երրորդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Ոստիկանները հյուրանոց են գնացել մենեջերի շտապ կանչից հետո, իսկ կանչը գրանցվել էր ոչ թե մահից հետո, այլ՝ առաջ։ Ձայնագրությունները փաստում են, որ մենեջերը ոստիկաններին տեղեկացրել է, որ հյուրանոցի համարներից մեկում «ագրեսիվ պահվածքով տղամարդ կա, որը, գուցե, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ է»։

Զանգի ընթացքում մենեջերը նաև նշել է, որ «երբ տղամարդու գիտակցությունը տեղն է, նա սկսում է քանդել ամբողջ սենյակը»։ Հետաքրքիր է, որ մենեջերը հատուկ կերպով նշել է, որ սենյակում պատշգամբ կա, հետևաբար տղամարդու կյանքը վտանգված է։

Մենեջերի վախերը, ցավոք, իրականացել են։ Լիամ Փեյնը հենց այդ պատշգամբից է ընկել։ Ու, անշուշտ, առեղծվածային պայմաններում և հոգեվիճակում գրանցված այս մահը բազմաթիվ հարցեր է առաջացրել ու շարունակում առաջացնել։ Ի սկզբանե, մարդիկ փորձում էին հասկանալ՝ արդյոք մահվան պատճառը դժբախտ պատահարն էր, թե երգիչն ինքնասպան է եղել։

Դավադրության տեսություններն էլ, անշուշտ, իրենց հերթին էին կրակի վրա յուղ լցնում։ Պտտվում էին անգամ տեսություններ, թե Լիամին սպանել են։ Ու, որ ավելի սարսափելի է, նույնիսկ անուններ էին հնչում՝ սկսած One Direction-ի տղաներից մինչև Լիամի ներկա ու նախկին ընկերուհիներ։

Բայց նման դեպքերում սոցցանցերի վարկածները դիտարկելն անգամ պարզապես հանցագործություն է։ Դրա համար կա ոստիկանություն և փորձաքննություն։ Ոստիկանության տվյալով, փորձաքննության արդյունքում կռվի կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Փեյնը մահվան պահին սենյակում մենակ է եղել։

Հյուրանոցի սենյակում հայտնաբերվել են կոտրված հեռուստացույց և նոութբուք։ Ոստիկանության փոխանցմամբ, սենյակում հայտնաբերվել է նաև անհայտ փոշիով մի քանի գլանակ։ Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարում սեղանի վրա երևում են անհայտ սպիտակ փոշի, կրակայրիչ և ճմռթված փայլաթիթեղ։

Ավելի ուշ տոքսիկոլոգիական թեստի արդյունքները ցույց են տվել, որ երգչի օրգանիզմում մահվան պահին թմրանյութերի «կոկտեյլ» է եղել։ Նրա օրգանիզմում հայտնաբերել են բենզոդիազեպին, որը հոգեակտիվ դեղամիջոց է, ինչպես նաև կոկաին։ Ի դեպ, ոստիկանության վարկածներից մեկի համաձայն, երգիչն ընկնելու պահին կարող էր ամբողջովին անգիտակից լինել։

«Դիակի հայտնաբերման դիրքի և ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով ենթադրվում է, որ Փեյնը ռեֆլեքսիվ կեցվածք չի ընդունել՝ պաշտպանվելու համար և կարող էր ընկած լինել կիսագիտակից կամ ամբողջովին անգիտակից վիճակում»։

ՓԵՅՆԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ԹԵԶԵՐԸ

Լիամի մահից հետո երկրպագուները մեղավորներ են փնտրում ամեն տեղ, մեղադրում բոլորին ու փորձում գոնե մի փոքր սփոփել իրենց ցավը։ Իրականում երաժշտական ինդուստրիան «անմեղների» տեղ չէ, բայց ոչ ոքի չես կարող օրենքով դատապարտել վատ մարդ լինելու համար։

Այստեղ անգամ լավ ու վատի հարցը չէ։ Ոլորտն իրենով, անսպասելի հաջողությունն էլ իր հետևանքներով արդեն իսկ բարդ իրավիճակներ են ենթադրում։ Լիամն իր հոգեբանական վիճակի, ինչպես նաև կախվածության մասին բաց տեքստով էր խոսում։ Վերջին տարիներին մի քանի անգամ խոստովանել է, որ երկար ժամանակ պայքարել է ալկոհոլից ու հակադեպրեսանտներից կախվածության դեմ։

2021 թվականին հարցազրույցներից մեկում Փեյնը պատմում էր, որ երբ վերջնական հաստատվեց, որ One Direction-ը հայտարարում է դադարի մասին, առաջին միտքը, որ եկավ իր գլխում՝ «Փառք Աստծո»-ն էր։ Լիամը պատմում էր, որ երբ խումբն իր հանրաճանաչության գագաթնակետին էր, ինքն ալկոհոլային կախվածություն ուներ, չարաշահում էր նաև դեղահաբերը։

Համերգներից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, տղաներին տանում էին հյուրանոցի առանձին սենյակներ ու դրսից փակում դուռը։ Հենց այդ ժամանակ էլ Լիամը սկսել է «հետաքրքրվել» մինիբարի պարունակությամբ։ Արդյունքում ամեն անգամ սենյակում «մեկ հոգու համար խնջույք» էր կազմակերպում, ու այդպես՝ տարիներ շարունակ։

Նույն փոդքասթում երգիչը հստակեցնում է՝ «փողի և երջանկության միջև ոչ մի կապ չկա»։ Դեռահաս տարիքից հայտնիությունից «արբած» տղան կյանքի ոչ մի փուլում իրեն լիարժեք բավարարված չի զգացել։ Հանրաճանաչությունը նրան զրկել էր առօրյա կյանքից։ Լիամը պատմում էր, որ իր տպավորությամբ որոշ հարցերում ինքը դեռ երեխա է մնացել, որովհետև անգամ մեքենայի ապահովագրության համար ի վիճակի չէր վճարելու, քանի որ իր փոխարեն դա միշտ այլ մարդիկ էին անում։ Առհասարակ, Լիամի հոգեբանական բարդ փուլերի և իրեն մշտապես ուղեկցող տրավմատիկ իրավիճակների մասին այս զրույցն օգնում է մի փոքր ճանաչել երգչին ու, գուցեև, հասկանալ, թե ինչու ամեն ինչ այսպես դասավորվեց։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


2023-ին Լիամը իր յութուբյան էջում հրապարակեց մի հոլովակ, որտեղ պատմում էր, որ 100 օր անցկացրել է վերականգնողական կենտրոնում, որովհետև շատ վատ վիճակում է եղել։ Ասում էր, որ արդեն դուրս է եկել այդ վիճակից և պատրաստվում է շարունակել ակտիվ գործունեությունը։ Ցավոք, ընդամենը մեկ տարի անց իրականությունն այլ բան ցույց տվեց։

Վերջին շրջանում Փեյնի անվան շուրջ այնքան տարբեր խոսակցություններ կային, որ առանց այն էլ հոգեբանորեն ծանր վիճակում գտնվող մարդու համար դրանց ճնշմանը դիմանալը չափազանց բարդ կարող էր լինել։

Նախ՝ Փեյնն իրավական խնդիրներ ուներ։ Պատճառը նախկին ընկերուհու՝ Մայա Հենրիի հայցն էր։ Աղջիկն իրավապահներին խնդրել էր պաշտպանել իրեն Փեյնի հետապնդումներից։ Մայան նախկին ընկերոջը մեղադրում էր նաև երկրպագուներին իր դեմ «որպես զենք օգտագործելու» մեջ։ Աղջկա պնդմամբ, Լիամն իր հետ անդադար շփումներ էր փնտրում, թեև ինքը բազմիցս ասել էր, որ ոչ մի կապ չի ուզում ունենալ։

Այս ամենի ֆոնին Լիամի դեմ մեծ ալիք էր բարձրացել նաև համացանցում։ Օգտատերերի մի մասը նրա հետ կապված հումորներ էին անում ու մեմեր պատրաստում, մյուսը՝ մեղադրում նախկին ընկերուհու հանդեպ պահվածքի մեջ, որոշներն էլ պարզապես մեկնաբանություններ էին գրում, որտեղ մոտավորապես հարցնում էին՝ «այս տղայի հետ ամեն ինչ կարգի՞ն է, շատ ծիծաղելի ու ամոթալի ձևով է իրեն պահում»։

Լիամի ներկա ընկերուհին երգչի հետ տեսանյութեր էր հրապարակում ու մարդիկ դա ծիծաղելի էին համարում։ Լիամը գնում էր One Direction-ի տղաների համերգներին ու մարդիկ դա ուշադրություն գրավելու ձև էին համարում։ Լիամը պարում էր համերգի ժամանակ, ու մարդիկ դա «ամոթալի» էին որակում։ Անշուշտ, հետահայաց այդ տեսանյութերը դիտողը կարող է հասկանալ, որ մարդու հոգեբանական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց թե մեկնաբանություններ գրողներից քանիսն են այսօր զղջում՝ դժվար է ասել։ Աղբյուրների պնդմամբ, այդ ընթացքում աշխատանքից հեռացել էր նաև Լիամի PR թիմն ու արտիստն իրավական և այլ հարցերի հետ մենակ էր մնացել։

Հիմա էլ տարբեր աղբյուրների միջոցով հաստատվում են լուրեր, որ վերջին շրջանում Լիամի երաժշտական կարիերայում ևս իրավիճակը հարթ չէր։ Ըստ այդ աղբյուրների, Փեյնի հետ աշխատող Universal Music Group-ը երգչի մահից ընդամենն օրեր առաջ խզել էր նրա հետ գործակցությունը, որովհետև վախենում էր, որ այն երաժշտությունը, որը ցանկանում է ստեղծել Լիամը, դուր չի գալու One Direction-ի երկրպագուներին։

Այլ կերպ ասած՝ տղաների սոլո կարիերայի հիմքում օբյեկտիվորեն դեռևս հենց բոյ բենդի երկրպագուների գործոնն է։ Աղբյուրներից մեկի պնդմամբ, Լիամը բավականաչափ հարուստ էր ու գումարի մասին չէր մտածում, բայց խնդիրն այն էր, որ երգիչը մշտապես ճնշման տակ էր՝ բոյ բենդի մյուս տղաների հետ անուղղակի մրցելու պատճառով։

Տարիներ առաջ Լիամ Փեյնի և One Direction-ի մյուս տղաների շնորհիվ երաժշտական ինդուստրիայում շատ մեծ խաղացողներ էլ ավելի մեծ արդյունքների հասան, բայց երբ Լիամին էր պետք այդ ինդուստրիայի աջակցությունը՝ կարծես աջակցողներ չգտնվեցին։ Թե ինչ է կատարվել փակ դռների հետևում՝ ոչ ոք չի կարող ասել, հետևաբար նման իրավիճակում քննադատելն էլ պարապ մարդու գործ է։

Ամեն դեպքում, հստակ է մի բան. թվացյալ անհասանելի թվացող արտիստները երկրպագուների աչքերում, կարծես, «կորցնում են» մարդկային հատկանիշները, բայց իրականում նրանք էլ ունեն նույն էմոցիաները, հոգեբանական խնդիրներն ու տրավմաները։ Հետևաբար, համացանցում ազատ մեկնաբանություններ գրելու այս դարում շատ տեղին է հայկական «յոթ չափիր, մեկ կտրիր» խոսքը։ Երբեք չգիտես, թե քո որ խոսքը, որ պահին ու ինչպես կարող է խոցել դիմացինին:


✍️ Նանե Մանուկյան / PAN