«Մելանիա Օբաման», Դա Վինչիի «գողացված» կոդը և Լանայի «հաղթական» սիգարետը. Գրագողություն՝ այստեղ, այնտեղ և ամենուր
Նոր տեխնոլոգիաների դարում, երբ գրագողներին «բռնացնելը» 2x2֊ի պես մի բան է դարձել, արի ու տես, որ մարդիկ հաճախ գերագնահատում են իրենց քողարկելու կարողություններն ու թերագնահատում դիմացինի հոտառությունը։ Թվում էր, թե գրագողությունը բացահայտելու հազար ու մի միջոցները կարող են կանգնեցնել այդ «հաղթարշավը», բայց սա միայն թվում էր։ Գրագողությունն ամենուր է՝ ուսանողների դիպլոմային աշխատանքներից մինչև աշխարհահռչակ արվեստագետների երգեր ու ֆիլմեր։ Այս անդրադարձում PAN-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Տասնյակ տարիներ ու մինչև օրս բազմաթիվ հանրահայտ երաժիշտներ դատարանում պաշտպանել են իրենց հեղինակությունը գրագողության մեղադրանքներից։ Հատկապես երաժշտության մեջ պլագիատը հաճախ գուցե պատահաբար է լինում, երբեմն էլ՝ մտածված ու դիտմամբ։ Երբեմն դա «չգիտակցված փոխառություն» է, երբեմն էլ copy-paste-ը փորձում են անցկացնել «երաժշտական մեծարման» քողի տակ։
The Beatles-ի Ջորջ Հարիսոնը քառյակից առաջինն էր, որ որպես սոլո կատարող 1970-ին ներկայացրեց իր՝ համաշխարհային հիթ դարձած My Sweet Lord երգը։ Ամեն ինչ գնում էր պլանավորածի պես, մինչև նրան «հուշեցին», որ երգը հստակ նմանություն ունի The Chiffons խմբի՝ 1962-ին հիթային դարձած He's So Fine երգին։
Սրան իհարկե հաջորդեց երկար ու բարակ դատական գործընթացը։ 1976 թվականի սեպտեմբերին դատարանը որոշեց, որ Հարիսոնը «ենթագիտակցորեն» գողացել է մեղեդին, բայց ֆինանսական մասով մանրամասները հստակեցվեցին միայն Հարիսոնի մահից մի քանի տարի առաջ՝ 2001 թվականին:
Լանա Դել Ռեյի շուրջ սկանդալներ պատկերացնելը մի փոքր բարդ է։ Երգչուհին չի սիրում աչքի ընկնել սկանդալային պահվածքով, փոխարենը՝ նախընտրում է, որ իրեն հիշեն երգերով։ Բայց Լանայի կարիերայում էլ եղել է դեպք, երբ սկանդալը հասունացել է հենց երգի տեսքով։ Խոսքը 2017-ին թողարկված ալբոմից Get Free երգի մասին է։ Լանային մեղադրում էին պլագիատի մեջ, իսկ «ոգեշնչման աղբյուրը», ոչ ավել, ոչ պակաս Radiohead-ի դասական դարձած Creep-ն էր։
Կրկին դատական քաշքշուկներ, հեղինակային իրավունքի շուրջ խճճված դիսկուրսներ և արդյունքում 2018-ին Լանան հենց բեմից հայտնում է, որ դատական գործը փակված է։ Lollapalooza փառատոնի ժամանակ սիգարետ է վառում ու ասում՝ «հիմա, երբ այս գործը փակված է, երբ ուզեմ կարող եմ երգել այս երգը, չէ՞»։
Երաժշտական գրագողության կամ դրա շուրջ կասկածների մասին խոսելիս The Rolling Stones-ի և The Verve-ի դրաման ամենաքննարկվածներից է։ The Verve֊ի 1997 թվականի Bitter Sweet Symphony-ն գիտեն ու սիրում են գրեթե բոլորը՝ երկրպագուներն ու քննադատները։ Բայց գուցե ոչ բոլորը գիտեն, որ այս երգը դարձել է մի ամբողջ երկու տասնամյակի իրավական պայքարի առարկա։
Բանն այն է, որ The Verve-ն իրավունք էր ստացել օգտագործել Rolling Stones֊ի The Last Time երգից հինգ նոտա պարունակող կտոր, փոխարենը՝ երգից ստացված հոնորարի ուղիղ կեսը պետք է լիներ Rolling Stones-ինը։ Արդյունքում երգի հրապարակումից հետո Rolling Stones֊ի պրոդյուսերը The Verve֊ին մեղադրում է ու ասում, որ խումբն օգտագործել է ավելին, քան հինգ նոտան էր։ Երկար դատավարական գործընթացներից հետո The Verve֊ը ստիպված է լինում Rolling Stones֊ին տալ երգի հոնորարի ամբողջ հարյուր տոկոսը։ Ու միայն երկու տասնամյակ անց՝ 2019 թվականին, Rolling Stones֊ը The Verve-ին հետ է վերադարձնում թե՛ հեղինակային իրավունքները, թե՛ ամբողջ հոնորարը։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրականության մեջ ևս գրագողության դեպքերը քիչ չեն, ու այս դեպքում, իհարկե, ապացուցելը մի փոքր ավելի հեշտ է լինում։
Իհարկե, թիրախում հաճախ հայտնվում են նորահայտ գրողները, որոնք գուցե փորձում են այլ ստեղծագործությունների մեջ պարզապես ոգեշնչում գտնել, բայց իրականում ստացվում է քիչ ավելին՝ բառացիորեն օգտագործում են այլ հեղինակի տեքստը։ Օրինակ՝ դեռ տասնամյակներ առաջ Յակոբ Էփշտեյնը գրականության աշխարհում իր առաջին քայլերն անելիս բավականին տպավորված է եղել Մարտին Էմիսի գործերով։ Արդյունքում երիտասարդ գրողի առաջին վեպը մեկնաբանել է հենց ինքը Մարտին Էմիսը։ Սա շատ գեղեցիկ պատմություն կարող էր լինել, բայց խնդիրն այն է, որ Էմիսը երիտասարդ գրողին մեղադրում էր իր «Երկտողեր Ռեյչելի մասին» (The Rachel Papers) վեպից գրագողություն անելու մեջ.
«Ազդեցության և գրագողության միջև սահմանը միշտ էլ մշուշոտ է լինելու, բայց կարդալով այս գիրքը ինձ համար պարզ դարձավ, որ սահմանը, որքան էլ մշուշոտ լինի, վստահաբար խախտվել է»:
Սրան հաջորդեց Էփշտեյնի ներողությունը։ Նա ընդունեց գրագողության փաստը, բայց նաև պնդեց, որ դա միտումնավոր չի արել։ Արդյունքում «մեղավոր դուրս եկան» էփշտեյնի ձևակերպմամբ կորած կամ խառնված թղթերը, որտեղ ինքը պետք է հղումներ տար այն աղբյուրներին, որտեղից օգտվել է։
Գրագողության մեղադրանքները միայն նորահայտ գրողներին չեն սպառնում։ Դեն Բրաունը, օրինակ, ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ է հայտնվել դատարանում և ոչ թե մի քանի, այլ մեկ՝ «Դա Վինչիի ծածկագիրը» (The Da Vinci Code) գրքի համար։ Երեք տարբեր հեղինակներ Բրաունին մեղադրում էին գրագողության մեջ։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր դեպքերում էլ դատարանը Դեն Բրաունին մեղավոր չի ճանաչել։ Պարզաբանել են, որ նույնիսկ եթե որոշ թեմաներ նույնն են, դրանք շատ ընդհանրական են, որպեսզի հնարավոր լինի հեղինակային իրավունքի մասին օրենքով վիճարկել։
ՖԻԼՄԵՐ
Ֆիլմերի դեպքում պլագիատը բառի բուն իմաստով ամենատեսանելին է, բայց մյուս կողմից՝ արդարացումներ փնտրելու դաշտը ևս լայն է։ Դորոթի Փարկերն ասում էր, որ միակ «իզմը», որը բնութագրում է Հոլիվուդը, plagiarism-ն (պլագիատ) է։
Իրականում այս ոլորտում մեղադրանքներն այնքան շատ են, որ երբեմն սկսվում ու ավարտվում են խոսակցությունների մակարդակում ու միշտ չէ, որ հասնում են դատարաններ։ Երբեմն էլ կողմերը որոշում են իրար մեջ լուծել ֆինանսական հարցերն ու անցնել առաջ։ Բայց կան նաև դեպքեր, երբ մարդիկ այդքան «էժան չեն պրծնում»։
Իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին, օրինակ, արդեն մեկ տարուց ավելի է՝ գրագողության սկանդալի մեջ է, որն ուղեկցվում է դատական գործընթացներով։ Ֆարհադիին մեղադրանք է առաջադրել իր նախկին ուսանողուհին։ Աղջիկը պնդում է, որ ռեժիսորն օգտագործել է իր դոկումենտալ ֆիլմի պատմությունը՝ առանց նշելու սկզբնաղբյուրը։ Ֆարհադին էլ պատասխան հայցով մեղադրել է ուսանողին զրպարտության մեջ։ Առաջին ատյանի դատարանում ուսանողուհին երկու դեպքում էլ շահել է դատը, բայց հիմա հերթը բողոքարկումներինն է։ Մեղավորի պիտակը՝ մի կողմ, մի բան հստակ է՝ սա դասախոս-ուսանող հարաբերությունների լավագույն մոդելը չէ։
Մեկ այլ օրինակ։ Պատկերացրեք հետևյալ սցենարը. անարդարացիորեն դատապարտված հերոսին ուղարկում են հսկայական մի բանտ՝ նախագահի դստերը փրկելու համար։ Բանն այն է, որ սյուժեի այս նկարագրությանը միանգամից երկու ֆիլմ է համապատասխանում՝ Ջոն Կարպենտերի «Փախուստ Նյու Յորքից» (Escape from New York) դասական մարտաֆիլմը և շատ ավելի ժամանակակից մի մարտաֆիլմ՝ Լյուկ Բեսոնի «Lockout»-ը: Նմանությունն այնքան ակնհայտ էր, որ ֆրանսիական դատարանը «Lockout»-ի հեղինակներին մեղադրեց գրագողության մեջ։ Արդյունքում Escape from New York-ի սցենարիստը ստացավ 10,000 եվրո փոխհատուցում, իսկ Metro-Goldwyn-Mayer կազմակերպությունը՝ 50,000 եվրո։
Իսկ այ «Պարանոյա» (Disturbia) ֆիլմի հեղինակները մի կերպ, բայց կարողացել են ճողոպրել դատական մեղադրանքից։ Այս ֆիլմը պատմում է մի դեռահասի մասին, ով տնային կալանքի ժամանակ սկսում է պատուհանից հետևել իրեն շրջապատող մարդկանց։ Որքան շատ է հետևում, այնքան շատ է համոզվում, որ իր հարևաններից մեկը սերիական մարդասպան է։ Ֆիլմի կոնցեպտն ակնհայտորեն ոգեշնչված է Ալֆրեդ Հիչքոքի «Պատուհան դեպի բակ» (Rear Window) ֆիլմից, որն էլ իր հերթին Քորնել Վուլրիչի It Had to Be Murder պատմվածքի հիման վրա էր նկարահանված։
Արդյունքում հենց այդ պատմվածքի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար՝ ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգին մեղադրանք են առաջադրում։ Երկար պրոցեսից գետո գրագողության փաստն ապացուցել չի ստացվում։ Չնայած ակնհայտ նմանություններին՝ ֆիլմում լրացուցիչ, այսպես կոչված, ենթասյուժեներ և փոքր փոփոխություններ էին արվել, որոնք բնօրինակում չկային։ Արդյունքում, «Պարանոյա»-ի ստեղծողները կարողանում են ջրից չոր դուրս գալ։
ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Նորաձևության նմուշների կրկնօրինակման խնդիրը նույնքան հին է, որքան բուն նորաձևության պատմությունը: Դիզայներները, այդ թվում՝ աշխարհահռչակ նորաձևության տները, հաճախ մեղադրվում են գրագողության մեջ։
Միշտ չէ, որ ոլորտի հսկաները բաց տեքստով քննադատում են կոլեգաներին, բայց Ռոբերտո Կավալին առանց խղճի խայթի մեղադրանքների շարք ներկայացրեց Մայքլ Քորսին՝ նրան անվանելով «նորաձևության աշխարհի ամենամեծ գրագողը».
«Պարոն Քորսը կրկնօրինակում է ամեն բան։ Սա իսկապես սկանդալային է, բայց ոչ ոք համարձակություն չունի խոսել այդ մասին։ Այդպես ազնիվ չէ»։
Սկանդալի կենտրոնում է հայտնվել նույնիսկ Chanel-ը։ Շոտլանդացի դիզայները Chanel-ի դիզայներական թիմին «ուսումնասիրելու» համար տրամադրել էր իր աշխատանքներից, իսկ ավելի ուշ նմանատիպ նմուշներ տեսավ Chanel-ի ցուցադրության ժամանակ։
Նորաձևության ոլորտում ամենացավալին ու իսկապես ակնհայտն այն է, թե ինչպես են fast fashion բրենդները, օրինակ՝ Zara-ն, Forever 21-ը կամ H&M-ը, վերցնում նորաձևության տների դիզայներական աշխատանքներն ու կրկնօրինակում դրանք։ Այդ հագուստը միլիոնավոր օրինակներով է վաճառվում, երբ մարդիկ, որոնք չեն կարող իրենց թույլ տալ գնել Prada-ի 300 դոլարանոց որևէ իր, գնում են «նույնը» 20 դոլարով, օրինակ՝ Shein-ից։
ՊԼԱԳԻԱՏՆ ԱՄԵՆՈՒՐ Է
Գրագողությունն իսկապես ամենուր է, և երբեմն նույնիսկ ապշեցնող է, թե ինչ հույսով են մարդիկ զբաղվում ակնհայտ գրագողությամբ ու կարծում, թե ոչ ոք չի նկատի։ Սա միայն արվեստի, գրականության կամ մյուս ոլորտների մենաշնորհը չէ։ Հաստատ հիշում եք, թե ինչպես Մելանիա Թրամփը որպես առաջին տիկին իր առաջին ելույթով դարձավ «Մելանիա Օբամա»՝ գրեթե բառացիորեն կրկնօրինակելով Միշել Օբամայի ելույթը՝ որպես առաջին տիկին։
Գրագողության դեպքերի մի մասը ոչ միտումնավոր է և գուցե ենթագիտակցական մակարդակով է արվում, հետևաբաև կարելի է ենթադրել, որ գրագողության բոլոր դեպքերը նույն գործիքակազմով չափելը բարդ գործ է։ Ամեն դեպքում, թվային տեխնոլոգիաների զարգացումն ավելի դյուրին է դարձրել թացը չորից տարբերելու պրոցեսը։ Վերջում կրկին փաստենք ամենապարզ ճշմարտությունը. գրագողությունն անօրինական գործողություն է, և սա գուցե միակ որոշակի ու հստակ փաստն է իրավական դաշտում։