Քանյեի շոուն, Օբամաների վեճն ու Օհանյանի «առնետ-մատանին». Ամուսնության ամենատպավորիչ առաջարկները՝ Հոլիվուդից մինչև թագավորական ընտանիք
Թյուր պատկերացումը, ըստ որի՝ որքան ավելի շքեղ է նշանադրությունը, այնքան ավելի «ամուր» է սերը, կարծես, զիջում է դիրքերը։ Եթե առաջարկությունն արվել է սիմֆոնիկ նվագախմբի երաժշտության ֆոնին կամ էլ մատանին աստղաբաշխական արժեքի է, ուրեմն սերը հավե՞րժ է։ Գուցե և հավերժ է, բայց իրականությունը, ինչպես միշտ, շատ ավելի բարդ է։ Ցանկացած պարագայում՝ ամուսնության առաջարկությունը կյանքի ամենագեղեցիկ պահերից է, այն հազվադեպ պահերից, երբ մարդիկ ամեն բան հիշում են գրեթե բոլոր մանրամասներով՝ ինչ էին հագել, ինչ երաժշտություն էր հնչում, ինչ էին զգում։ Ու եթե սովորական մարդկանց պատմություններն ընտանեկան ալբոմներում են մնում, հայտնիների առաջարկությունները հաճախ փոքրիկ լեգենդներ են դառնում։ Մենք որոշել ենք առանձնացնել ամուսնության առաջարկության ամենառոմանտիկ, հիշվող ու հետաքրքիր մի քանի օրինակներ։ Այս պատմություններից մի քանիսն արդեն ավարտվել են բաժանությամբ, մյուսները շարունակում են համատեղ երջանիկ կյանքը, այնպես որ՝ հետևություններ անելիս շտապել պետք չէ։
Եթե կա մեկը, որ երբե՜ք «սահմանափակ» չի մտածում, դա ամենայն հավանականությամբ Քանյե Ուեսթն է։ Ու երբ մեր նախկին փեսան որոշեց առաջարկություն անել Քիմ Քարդաշյանին, պարզ էր, որ այդ առաջարկությունը ոչ սովորական է լինելու, ոչ էլ համեստ։ Նա վարձակալեց մի ամբողջ բեյսբոլի մարզադաշտ Սան Ֆրանցիսկոյում, հրավիրեց սիմֆոնիկ նվագախումբ, և նվագախմբի նոտաների ներքո մեծ էկրանին հայտնվեց բաղձալի տեքստը՝ «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ»։ Քանյեն էլ ծնկի իջած, մատանին ձեռքին, սպասում էր պատասխանին։ Իսկ պատասխանն, անշուշտ, «այո» էր։
Այս զույգը համատեղ չորս երեխա ունեցավ, դարձավ ամենաքննարկված, հետաքրքիր ու իսկապես iconic զույգերից մեկը, բայց, ցավոք, պատմությունն ավարտվեց։ Քանյեն ու Քիմն այսօր միասին չեն, բայց այս առաջարկությունը մինչև օրս էլ ամենահիշվողներից մեկն է։ Թերևս սա էլ հերթական ապացույցն է, որ մեծ ժեստերը միշտ չէ, որ հավասար են հավերժ սիրո մեծ պատմությունների։
Եթե Քանյեի պատմությունը հոլիվուդյան բլոքբաստեր է, ապա Ջորջ Քլունիի առաջարկությունը լրիվ հակառակ ժանրից է։ Այն մտերմիկ է, պարզ ու շատ «հողին կպած»։ Քլունին որոշել էր ամեն բան տանը կազմակերպել։ Ընթրիք էր պատրաստել, շամպայն լցրել, մի խոսքով՝ ռոմանտիկ երեկո էր կազմակերպել։ Պակասում էին միայն մոմերը ու Քլունին Ամալին խնդրեց դարակից վերցնել կրակայրիչը՝ մոմերը վառելու համար։ Դարակում, իհարկե, կրակայրիչ չկար։
Կրակայրիչի փոխարեն Ամալին սպասում էր կյանքի ամենամեծ անակնկալներից մեկը՝ մատանի ու ամուսնության առաջարկություն։ Ամալը, ըստ Քլունիի, այնպիսի շոկի մեջ էր, որ մոտ 20 րոպե չէր կարողանում պատասխանել։ Իսկ Քլունին այդ ամբողջ ընթացքում ասպետի կեցվածքով մեկ ծնկի վրա հենված սպասում էր պատասխանի։
Ռոմանտիկայի բազմաթիվ դրսևորումներ կան։ Հաջորդ զույգի դեպքում կարևոր էր ոչ թե ձևը, այլ տեղը և դրա նշանակությունը։ Արքայազն Ուիլյամը երկար ժամանակ իր հետ էր պահում մատանին։ Այն Ուիլյամի և Հարրիի մոր՝ Դիանայի ժառանգությունն էր։ Արքայազնը բառացիորեն շաբաթներով մատանին իր մոտ է պահել ու վերջապես Քենիայում, լեռան ստորոտում, առաջարկություն է արել Քեյթ Միդլթոնին։
Առանց շոուի, առանց «հանդիսատեսի», պարզ, սիրով ու նվիրումով լի վայրկյաններ։ Բայց մի կարևոր նրբերանգ կար։ Վայրի ընտրությունը պատահական չէր, այն նաև հարգանքի տուրք էր Դիանային, որը սիրում էր Աֆրիկան։ Ու այս դեպքում առաջարկությունը ոչ թե «ինչպես»-ի, այլ «ինչու»-ի մասին էր։
Թագավորական ընտանիքին դեռ կվերադառնանք, բայց հիմա մի պահ շեղվենք օվկիանոսի ու մայրամուտի գեղեցկությամբ։ Ջենիֆեր Լոպեսի համար Ալեքս Ռոդրիգեսը ընտրել էր դասական, բայց միշտ աշխատող տարբերակը՝ օվկիանոսի ափ, մայրամուտ և մանրակրկիտ պատրաստված առաջարկություն։ Մի խոսքով՝ հոլիվուդյան ռոմանտիկան իր ամբողջ ուժով։
Ռոդրիգեսն այս պահին երկար էր սպասել ու պատրաստվել։ Եվ երբ ասում ենք պատրաստվել՝ նկատի ունենք բոլոր դետալները։ Ամեն ինչ հաշվարկված էր, ու գուցե նաև դրա շնորհիվ՝ կատարյալ։ Ռոդրիգեսն մի քանի օր շարունակ փորձել էր իր խոսքը, լուսանկարիչ էր վարձել, իսկ տեսարանն առանձին կինոյի ժանրից էր։ Այս զույգը ևս բաժանվել է, Ջենիֆեր Լոպեսն այս ընթացքում անգամ հասցրել է վերամիավորվել իր կյանքի մեծագույն սիրո՝ Բեն Աֆլեքի հետ ու նաև նրանից բաժանվել։ Բայց Ռոդիգեսի անակնկալ առաջարկությունը մինչև օրս էլ մշտապես ընդգրկվում է «թոփ տասնյակներում»։
Հիմա շեղվենք դասական ռոմանտիկայից։ Ստացվել է այնպես, որ երբեմն ամենահետաքրքիր առաջարկությունները սկսվում են վեճից։ Բարաք Օբաման ու Միշել Օբաման ընթրում էին իրենց սիրելի ռեստորանում, երբ Բարաքը հանկարծ սկսեց խոսել այն մասին, որ ինքն այնքան էլ չի հավատում ամուսնությանը։ Միշելը, ինչպես ինքն է նկարագրում, բառացիորեն «վառվում էր ներսից»։ Լուրջ քննարկում սկսվեց, որը գրեթե վերաճեց վիճաբանության։
Երբ թթու խոսքերը փորձեցին քաղցր դեսերտով ընդմիջել, մատուցողը սեղանին մոտեցավ արծաթե սկուտեղով։ Կափարիչի տակ մատանի էր։ Ու, փաստորեն, ամբողջ այդ «փիլիսոփայական ելույթը» պարզապես խաղ էր։ Եվ ահա՝ տարիներ անց Միշելը դարձավ ԱՄՆ առաջին տիկինը ու մինչև օրս էլ Բարաք ու Միշել Օբամաները բազմաթիվ ամերիկացիների համար սիրո և միության գեղեցիկ օրինակ են։
Վերադառնանք առաջարկության դասական սցենարներին։ Սերենա Ուիլյամսը ու Ալեքսիս Օհանյանը ծանոթացել են Հռոմում՝ մի ռեստորանում։ Սերենայի ընկերներն այդ օրը փորձել էին «վախեցնել» Ալեքսիսին՝ ասելով, թե նրա սեղանի տակ առնետ կա։ Օհանյանը, առանց աչք թարթելու, պատասխանել էր, որ ինքը Բրուքլինից է և նման բաները իրեն չեն վախեցնում։ Իհարկե, ափսոս, որ այդ պահին չի հիշատակել նաև իր հայկական արմատների մասին։
Ինչևէ, այս դեպքից մոտ մեկուկես տարի անց Սերենան տուն է գալիս և տեսնում, որ ճամպրուկները հավաքված են։ Միայն օդակայանում է իմանում, որ օդանավը թռչում է Հռոմ։ Օհանյանը նրան տանում է հենց այն նույն ռեստորանը, նույն սեղանի մոտ։ Բայց սեղանին մատանի չկար, փոխարենը խաղալիք առնետ էր։ Անակնկալ առաջարկությունը ստացված էր։
Օհանյանը մանրակրկիտ առաջարկություն էր պատրաստել, բայց, օրինակ արքայազն Հարրիի առաջարկությունը ճիշտ հակառակն է՝ պարզ, անսպասելի և գրեթե «հակահոլիվուդյան»։ Հարրին Մեգան Մարքլին առաջարկություն է արել խոհանոցում։ Առանց որևէ հանդիսավորության՝ միասին ընթրիք պատրաստելու ընթացքում Հարրին հանկարծ ծնկի է իջել ու Մեգանին խնդրել դառնալ իր կինը։
Մեգանը հետագայում պատմել է, որ անգամ չի թողել Հարրիին ավարտել խոսքը։ Ամեն բան այնքան անսպասելի էր, այնքան անկեղծ, որ արձագանքը նույնքան անկեղծ ու միանգամից էր՝ «այո՜»։ Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը, որի կյանքի բոլոր դրվագները պապարացիների ու մամուլի ուշադրության կենտրոնում են, որոշել էր ընտրել ամենապարզ ու իրական տարբերակը։ Ու, կարծես, ստացվել էր։
Այս բոլոր պատմություններից յուրաքանչյուրն «աշխատում է» իր կոնտեքստում։ Քանյեի դեպքում բնական էր մեծ, շոուի նմանվող ժեստը։ Քլունիի համար՝ ռոմանտիկ երեկոն, Ուիլյամի համար՝ խորհրդանշական վայրն ու հիշողությունը։ Ու այստեղ ամենակարևոր եզրակացությունը երևի սա է՝ «ճիշտ» առաջարկություն չկա։ Ճիշտ է այն տարբերակը, որը համապատասխանում է հենց այդ հարաբերությանը։ Ի վերջո, կարևոր է բովանդակությունը, ոչ թե ձևը։