Կծող ու մլավող երեխաներ, արհեստական թաթ ու պոչ, կենդանիների կրկնօրինակում. Ովքեր են կվադրոբերները և ինչու են նրանցից վախենում ՌԴ ԱԳՆ-ում
Երբ երկու երկրի արտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկում են կվադրոբերների հարցը, ապա սա հստակ ազդակ է, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Կվադրոբիկայի մասին Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի կարճ երկխոսությունը շատերի համար գուցե անհասկանալի մնաց, որովհետև Ռուսաստանում մեծ թափով տարածվող այս ենթամշակույթը Հայաստանում դեռ թոփ թեմա չէ։ Մեր երկրում կվադրոբիկան հիմնականում դեռ մեմերի և հումորների մակարդակով է քննարկվում։
Ամեն դեպքում՝ փորձենք հասկանալ, թե ովքեր են կվադրոբերները, ինչպես չորքոտանիներին կրկնօրինակելը դարձավ ենթամշակույթ և ինչ հետևանքներ սա կարող է ունենալ։
ՈՎՔԵՐ ԵՆ ԿՎԱԴՐՈԲԵՐՆԵՐԸ
Կվադրոբիկան նոր շարժում է, որը, կարծես, վերածվում է ենթամշակույթի։ Այս շարժման ներկայացուցիչները հիմնականում երեխաներն ու պատանիներն են։ Եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա նրանք պարզապես տեղաշարժվում են չորս ոտքի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումներն ու ձայները։ Արտաքինով նմանվելու համար նրանք կրում են դիմակներ, ամրացնում պոչ և հագուստի այլ տարրեր։
Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա։ Մանկության տարիներին բոլորս էլ ինչ-որ խաղեր էինք խաղում, որտեղ մեզ շատ կամ կատվի կերպարանք էինք տալիս։ Բայց կվադրոբիկայի դեպքում իրավիճակը դուրս է եկել սոսկ խաղի շրջանակից։ Երբեմն կվադրոբերները կարող են հարձակվել պատահական անցորդների և անգամ իրական կենդանիների վրա։ Ի վերջո, ո՞րն է այն սահմանը, որտեղ անմեղ մանկական զվարճանքը վերածվում է «շեղված» վարքի։
Առհասարակ, կվադրոբեր անվանումն առաջացել է երկու բառից՝ «չորս» և «աերոբիկա»։ Շարժման մասնակիցներից շատերը սա անվանում են ոչ ֆորմալ սպորտաձև, բայց հարցն այն է, որ չորեքթաթ շարժվելուց զատ այս մարդիկ կրկնօրինակում են նաև կենդանիների սովորությունները՝ հաչալ, մռնչալ, կծել և այլն։ Հիմնականում կվադրոբերներն ընդօրինակում են կատուների, աղվեսների և շների շարժումները։ Ժամանակի ընթացքում նրանք պարապում են և կատարելագործում տարբեր հնարքներ, օրինակ՝ ցատկել կամ էլ մագլցել ծառերը։
ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ՇԱՐԺՈՒՄԸ
Իրականում կվադրոբիկան նոր երևույթ չէ։ Ի սկզբանե սա իսկապես սպորտային ուղղություն էր համարվում, թեև՝ ոչ պաշտոնապես։ Այն առաջացել է 2000-ականներին, իսկ հիմնադիրը համարվում է ճապոնացի արագավազորդ Կենիչի Իտոն։ Պաշտոնապես չգրանցված այս սպորտաձևն իրենից ենթադրում էր, որ մարզիկները տեղաշարժվում, վազում և ցատկում են չորքոտանու դիրքով։
2008 թվականին ճապոնացի մարզիկը ռեկորդ սահմանեց՝ 100 մետր տարածությունը չորս վերջույթով վազելով 18.58 վայրկյանում։ Յոթ տարի անց Իտոն գերազանցեց սեփական ռեկորդը՝ տարածությունը վազելով 15..71 վայրկյանում։
Ի դեպ, մինչ այս ռեկորդները մարզիկի պահվածքն այնքան տարօրինակ էր թվացել, որ ոստիկանությունը նրան սոցիումի համար վտանգավոր համարելով, մի քանի օրով մեկուսացրել էր։ Բայց մարզիկը չհանձնվեց։ Նա մեկ ամսից ավելի կտրվեց հասարակությունից ու, բնությանը մոտենալով, փորձեց կատարելագործել իր հմտությունները՝ առանց ավելորդ հանդիսատեսի։ Մարզիկի խոսքով՝ մի անգամ որսորդներն անգամ շփոթել են իրեն վայրի կենդանու հետ և քիչ էր մնում սպանեին։
Շատ լավ. չորեքթաթ վազք, մրցումներ, Ճապոնիա… Իսկ ինչպե՞ս այս ամենը հասավ հետսովետական երկրների երեխաներին։ 2020 թվականին ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին ընդօրինակել կենդանիներին։ Միտումը տարածվեց սոցիալական ցանցերի շնորհիվ։ Դեռահասները սկսեցին իրենց նույնացնել տարբեր կենդանիների հետ՝ կրկնօրինակելով նրանց սովորություններն ու վարքը։ Այս ամենը վերաճեց ու նախ դարձավ խաղ, հետո տիկտոկյան թրենդ, իսկ հիմա արդեն՝ ենթամշակույթ։
ԿՎԱԴՐՈԲԵՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆԸ
Կվադրոբերների կերպարի հիմնական տարրը դիմակներն են։ Ավելին, դրանք հաճախ ստեղծվում են հնարավորինս իրատեսական դետալներով։ Դրանց վրա պատկերված են աչքեր, քիթ, ականջներ, երբեմն նույնիսկ մորթի է սոսնձված։ Դիմակներից բացի, կվադրոբերները կրում են պոչ ու անգամ թաթեր։ Հիմնականում դիմակների համար օգտագործվում են մոխրագույն, սպիտակ, կարմիր և շագանակագույն երանգներ:
Ամենահայտնի ու տարածված «կերպարը» կատուներն են, երկրորդ տեղում աղվեսներն են, հետո միայն շներն ու գայլերը։ Ավելի հազվադեպ կարելի է հանդիպել կապիկների։ Այս դիմակը, կարծես, կվադրոբերի «վկայականը» լինի, առանց դրա մասնակիցներին թույլ չեն տա մտնել «ակումբ»։ Կարևոր չէ, թե կոնկրետ որ կենդանուն ես նախընտրում, գլխավորը դիմակ ունենալն է։ Բայց դիմակի ընտրությունն էլ պատահական չէ։ Չես կարող պարզապես խանութից մի դիմակ գնել ու միանալ զվարճանքին։ Դիմակը պետք է արտահայտի մասնակցի անհատականությունը, հետևաբար դրանք գրեթե միշտ ձեռքով են պատրաստվում։
Այս ամենի «սիմվոլիզմը», իհարկե, իր հերթին, բայց դիմակները նաև գործնական կիրառություն ունեն։ Եթե դիտեք կվադրոբերների տարբեր հնարքները կամ ցատկելու տեսանյութերը, ապա հստակ կդառնա, որ երբեմն այս գործողությունները ֆիզիկապես այնքան էլ անվտանգ չեն։ Փոքր ճյուղերն ու քարերը կարող են վնասել «կատուների» և «շների» դեմքերը, հետևաբար դիմակը պաշտպանում է դեմքը վնասվածքներից, փոշուց, կեղտից, միջատներից։
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ
Կվադրոբերների պահվածքը, գուցե, առաջին հայացքից անվնաս է թվում: Ո՞ւմ կարող են վնասել կենդանիների հագուստով պատանիները։ Ամեն դեպքում, պարզվում է, որ ծայրահեղ մոտեցումները հասարակության համար նվազագույն անհարմարություն կարող են պատճառել, իսկ առավելագույնը՝ վտանգել նրանց առողջությունը։ Բանն այն է, որ սոցցանցերում տարածված տեսանյութերում կվադրոբերները նետվում են՝ անցորդների, «հարձակվում»՝ կենդանիների վրա, փորձում կերակուր ուտել նրանց թասից, և այլն։
Հատկապես անհանգստացած են Ռուսաստանում։ Եկատերինբուրգում մետրոյում ուղևոր տղան սկսել է քսմսվել ուղևորներին, ձևանալով, թե կատու է, իսկ Կրասնոդարում կվադրոբեր աղջիկը հարձակվել է մյուսի վրա ու կծել նրան։ Մյուս կողմից՝ Նիժնի Նովգորոդում սկսում են կվադրոբինգով զբաղվելու առաջին դասընթացները։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լրջորեն մտածում են օրենսդրական սահմանափակումների մասին։ Աշխատանքային խումբն առաջարկում է սոցցանցերում կվադրոբինգի մասսայականացման արգելում, 1000-ից 5000 ռուբլու տուգանք ծնողներին՝ երեխաներին չորս ոտքով քայլեցնելու համար, նաև քրեական հետապնդում՝ այլ մարդկանց առողջությանը վնաս պատճառելու (օրինակ՝ կծելու) դեպքում։
Ուզբեկստանում ևս օրեսդրական փոփոխությունների օգնությանն են դիմել։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալով՝ գրանցվել է մի քանի դեպք, երբ իրենց կվադրոբեր համարող դեռահասները հարձակվել են անցորդների վրա, խիստ վախեցրել երեխաներին։
Վարչությունը նախազգուշացրել է, որ վարչական պատասխանատվության օրենսգրքի համաձայն, ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության և ուսուցման պարտականությունների չկատարումը, այդ թվում՝ որպես հետևանք անչափահասների կողմից վարչական իրավախախտումները հանգեցնում են մինչև 1 մլն 875 հազար սումի չափով տուգանքի։ Նախարարությունը հայտարարել է, որ նման ենթամշակույթի դրսևորման դեպքերը որակվելու են որպես ծնողների կողմից իրենց պարտականությունների չկատարում։
ԻՆՉՈՒ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐՆ ՈՒ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԸ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ
Այս երևույթը մեկնաբանելիս, հոգեբանները նկատում են, որ փոքր երեխաների համար գործնականում չկան սահմաններ երևակայության և իրականության միջև: Ի վերջո, նախադպրոցական տարիքի երեխաների համար առաջնային կարևորության ու հետաքրքրության զբաղմունքը, աշխարհի հետ շփվելու գլխավոր միջոցը խաղերն են։ Իսկ խաղը հետաքրքիր դարձնելու համար նրանց օգնության է հասնում երևակայությունը։
Իրենց ստեղծած աշխարհում երևակայական աշխարհն իրական է, կենդանիները խոսում են, վախերը՝ հաղթահարվում։ Խաղի միջոցով երեխաները նոր երևույթների են ծանոթանում, սովորում շփվել այլ մարդկանց հետ, ուսումնասիրել աշխարհը։
Բոլորովին այլ բան է, երբ այս երևույթով հետաքրքրված են դեռահասները, որոնք արդեն հստակ տարանջատում են երևակայականն ու իրականությունը։ Ըստ հոգեբանների, այս դեպքում դրդապատճառներն այլ են, թեև երևակայությունը շարունակում է գերակշռել։ Դեռահասների համար ևս երևակայությունը հոգեբանական և էմոցիոնալ զարգացման կարևոր բաղադրիչ է։ Նրանք ստեղծում են սյուժեներ, հագուստներ, սեփական խաղի կանոններ։
Մյուս կողմից, դեռահասների համար նման վարքագիծն իրականությունից ու խնդիրներից փախչելու միջոց կարող է դառնալ։ Հոգեբանների ձևակերպմամբ, պատանեկության շրջանի ամենակարևոր նպատակներից մեկն է, երբ անհատը փնտրում է իրնքն իրեն, սովորում, նաև համեմատում իրեն ուրիշների հետ։ Բայց հաճախ այդ դեռահասները «նեղանում են» աշխարհից, լցվում միայնության և հիասթափության զգացումով։ Նրանցից ոմանք գուցե աջակցություն չեն զգում ընտանիքի կողմից, կամ էլ դպրոցում ընկերներ չունեն։ Արդյունքում իրականությունից կտրվելն ու նոր կերպար ստեղծելը դեռահասի համար դառնում է բողոքի ձև կամ փորձ՝ արտահայտելու իր ներքին ապրումները։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Եթե այդ դեռահասը սկսում է իրեն ասոցացնել, օրինակ, գայլի հետ, որը թափառում է անտառում ու հույսը դնում միայն սեփական ուժերի վրա, ապա ժամանակի ընթացքում այդ դեռահասն իրեն ազատ է զգում սոցիալական նորմերից ու սպասումներից, որոնք ցանկացած այլ պարագայում ծանրաբեռնում էին իրեն։
Իրականում ցանկացած ենթամշակույթ կարող է վտանգավոր լինել երեխայի կամ դեռահասի համար, եթե այն անցնում է թույլատրելիի սահմանները։ Եթե երեխայի վարքագծում տագնապային երևույթներ են նկատվում և պատշաճ արձագանք չեն ստանում, ապա դրանք կարող են հանգեցնել մեկուսացման, դեպրեսիայի, հոգեբանական մի շարք խնդիրների։
Անհնար է միանշանակ ասել՝ երեխաների համար կվադրոբիկան վնասակար է, թե կարող է նաև օգտակար ազդեցություն ունենալ։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչպես է ընկալվում երևույթը: Եթե սա պարզապես հերթական նորաձև հոբբին է, ինչպիսին, օրինակ, վիդեո խաղերը, ապա հստակ տարանջատման ու սահմանների գծման դեպքում երևույթը կարող է երեխաների համար ժամանցի և երևակայությունը զարգացնելու միջոց լինել: Ի վերջո, յուրաքանչյուր սերունդ իր հետ նոր երևույթներ է բերում, իսկ ավագ սերունդը սարսափած ասում է՝ «մեր ժամանակ նման բան չկար»։ Բայց եթե երեխան կորցնում է խաղի ու իրականության սահմանագիծը, փորձում իրեն «շան պես պահել» տանը, դպրոցում կամ հասարակական վայրերում, առավել ևս որևէ կերպ վնասում է իր շուրջ գտնվող մարդկանց, ապա, վստահաբար, ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել ու խիստ հետևողական լինել։