#իվենթաPAN
June 15, 2023

Till, drugs և B̶D̶S̶M̶ մետալ. Rammstein-ը՝ լուրջ սեքս սկանդալի կիզակետում

Մեծ փառքի ու հանրաճանաչության հակառակ կողմն այն է, որ վայրէջքը շատ ավելի ցավոտ է լինում, քան եթե, ասենք, միջին վիճակագրական դեմք ես։ Վերջին շրջանում արևմուտքում նման դեպքերի պակաս չկա, ու շատ հաճախ չեղարկման այս մշակույթի հիմքում սեքս սկանդալներն են լինում։ Հիմա էլ հանրության դատի առջև է կանգնել գերմանական Rammstein մետալ խմբի մենակատար Թիլ Լինդեմանը։

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Խմբի մենակատարի դեմ մեղադրանքներն առաջին անգամ հնչեցին մայիսի 25-ին, երբ Հյուսիսային Իռլանդիայից 24-ամյա երկրպագուհի Շելբի Լինը բարձրաձայնեց իր հետ կատարվածի մասին։ Ի դեպ, մինչև այս ամենը ներկայացնելը կարևոր է ընդգծել, որ դատարանի որևէ որոշում և նույնիսկ հետաքննություն այս փուլում չկա։ Այնպես որ, դեպքերի հաջորդականությունը պատմում ենք՝ ըստ հերոսների վկայությունների և առանց տեսակետներ ներկայացնելու։

Վերադառնալով 24-ամյա աղջկան։ Շելբի Լինն իր հրապարակումից ընդամենը երկու օր առաջ ներկա էր եղել Վիլնյուսում խմբի համերգին: Իսկ հետո արդեն Twitter-ում և Instagram-ում մի շարք գրառումներ էր անում, որտեղ պատմում էր իր հետ կատարվածի մասին, նաև լուսանկարներ տեղադրում, որտեղ մարմինը կապտուկներով էր պատված։

Երիտասարդ կնոջ խոսքով` Լիտվա մեկնելուց առաջ ինստագրամով իր հետ կապվել է մի կին, որն ասել է, որ հատուկ ընտրված երկրպագուներին կարող է օգնել բացառիկ կերպով ներկա լինել Rammstein֊ի ելույթից առաջ և հետո կազմակերպվող երեկույթներին։ Ալենա Մակեևա անունով այս օգտատերը սոցցանցերում իրեն ներկայացնում է որպես «քասթինգի տնօրեն, որն այս պահին Թիլ Լինդեմանի հետ հյուրախաղերի է»։

Իռլանդացի երկրպագուհուն հետաքրքրում է այս առաջարկը և նրանց WhatsApp-ի անձնական խմբի միանալու հրավեր են ուղարկում։ Ու հենց այսպես նա ընդգրկվում է համերգի zero row-ում, այսինքն` զրո շարքում։ Սա Rammstein֊ի համերգների ընթացքում երկրպագուների համար նախատեսված ու բեմին ամենամոտը գտնվող VIP Zone է, որտեղ հայտնված երկրպագուները նաև մուտք ունեն վերևում նշած երեկույթներին։

Արդեն համերգի օրն իռլանդացի երկրպագուհին շատ գոհ ու երջանիկ վայելում է խմբի համերգը։ Աղջիկը պատմում է, որ ընդմիջումներից մեկի ընթացքում նրան հրավիրում են հետնաբեմ, որտեղ հայտնվում է ինչ֊որ փոքր հանդերձարանում, ուր անկողին կար։

«Երբ վարագույրը մի կողմ տարան, ես պարզապես ապշած էի։ Այնտեղ անկողին կար։ Դա խանութի հանդերձարանի չափ փոքր մի սենյակ էր։ Իձնից հետո ներս մտավ Թիլը։ Ես միանգամից ասացի, որ նրա հետ սեռական հարաբերություն չեմ ունենալու։ Նա բարկացավ ու դուրս եկավ»:

Ի դեպ, այս մեջբերումն աղջկա՝ BBC֊ին տված հարցազրույցից է։ Բայց մինչ այդ սոցցանցերում նրա արած գրառումներն այնքան էլ միանշանակ չէին։ Սկզբում նրա լղոզված տեքստերից օգտատերերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե Լինդեմանը նրան սեռական ոտնձգության է ենթարկել։ Հետո աղջիկը պարզաբանել էր, որ երգիչը նրան մատով չի կպել։

Իռլանդացի աղջիկը մեկ այլ դրվագ էլ է մեջբերում։ Նրա խոսքով՝ նախահամերգային երեկույթի ժամանակ ինքը երկու բաժակ ալկոհոլային խմիչք է խմել, բայց դրանից հետո լավ չի զգացել, հիշողության մի մասը ջնջվել է, սա աղջկան հետո վախեցրել է, ենթադրել է, որ բաժակի մեջ ինչ֊որ բան են լցրել։ Հետագայում մեզի թեստը նրա օրգանիզմում որևէ թմրանյութ չի գտել։

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես հաճախ է լինում, այս խառը պատմությունից հետո էլ մեղադրանքների նոր ալիք է սկսվում։ Թեման քննարկումների թոփում է և լրագրողների խոշորացույցի տակ։ Այս հայտարարություններից հետո գերմանական Süddeutsche Zeitung-ի և NDR-ի լրագրողներն իրականացնում են իրենց սեփական հետաքննությունը։

Անանուն աղջիկների հղում անելով լրատվամիջոցները նմանատիպ դեպքերի մասին են պատմում և ներկայացնում, որ կա մի ամբողջական համակարգ, որն աշխատում է Լինդեմանի սեռական ցանկությունները բավարարելու համար։

Մի քանի աղջիկ, որոնք ներկա են եղել Rammstein խմբի համերգներին, ներկայացրել են այն այսպես կոչված համակարգը, որտեղ երիտասարդ երկրպագուհիներին հավաքագրվում են՝ համերգների ընթացքում և դրանից հետո մենակատար Թիլ Լինդեմանի հետ սեքսով զբաղվելու համար։

Süddeutsche Zeitung-ը հոդվածում մեջբերում է մեկ այլ կնոջ, ով մասնակցել է 2019 թվականին Վիեննայում Rammstein-ի համերգից հետո անցկացված երեկույթին։ Նա ալկոհոլ է օգտագործել ու ինչ֊որ պահից կորցրել է գիտակցությունը։ Կնոջ խոսքով, երբ արթնացել է՝ հյուրանոցի համարում է եղել՝ Լինդեմանի հետ։ Կինը պնդում է, որ երգիչն իրեն հարցրել է, արդյոք նա ցանկանո՞ւմ է շարունակել, թե՝ ոչ։ Ավելի ուշ Լինդեմանը դուրս է եկել սենյակից։

Այս անանուն կանայք պատմում են, որ «զրո շարքում» իրենց լուսանկարում ու տեսանկարահանում էին այնպես, կարծես մոդելային քասթինգի էին մասնակցում։ Համերգից առաջ, ընթացքում և հետո էլ նրանց առաջարկել են կուլիսներում հանդիպել խմբի անդամների հետ, ալկոհոլ են հյուրասիրել, իսկ բջջայինները մինչև ներս մտնելը հավաքել են։

Համատեղ հետաքննության արդյունքում տասնյակ կանայք ցույց են տվել տարբեր չաթերի սքրինշոթեր, որտեղ նախկին դեմքից արդեն ձեզ հայտնի «Ալենա Մակեևան» իրենց հարցնում է՝ արդյոք գիտե՞ն աղջիկների, որոնք ևս կցանկանային հանդիպել Լինդեմանի հետ։ Նաև նրանց հորդորում է հագնվել էլեգանտ ու չլինել ամբողջությամբ սև գույների մեջ։ Այդ հանդիպումների մի մասը, ըստ անանուն կանանց, եղել են ամբողջ խմբի հետ, մյուսները՝ միայն մենակատարի։ Գերմանական լրատվամիջոցների տվյալով՝ Ալենա Մակեևան, որն ինքն էլ  Rammstein-ի երկրպագու է, պաշտոնապես չի աշխատել խմբի հետ։

Այս հետաքննության մեկ այլ դրվագով էլ լրատվամիջոցները պնդում են, որ 21 և 22 տարեկան երկու աղջիկկա հետ Լինդեմանը սեռական հարաբերություն է ունեցել՝ առանց նրանց համաձայնության։

Մեկ այլ դեպքի մասին պատմել է  21֊ամյա դերասանուհի և բլոգեր Kayla Shyx֊ը։ Նա իր յութուբյան ալիքում կես ժամ տևողությամբ վիդեոուղերձ է տեղադրել, որտեղ պատմել է, թե ինչ է կատարվել իր և ընկերուհու հետ 2022֊ի ամռանը՝ Բեռլինում։ Աղջկա խոսքով՝ նրանք մասնակցում էին Rammstein֊ի համերգից հետո կազմակերպված երեկույթներից մեկին։ Նրանց այնտեղ հրավիրել էր այս պատմության մեջ առանցքային անուն դարձած Ալենա Մակեևան։ Նրանց խոստացել էին ընդհանուր հանդիպում սիրելի բենդի հետ։ Փոխարենն աղջիկներին տարել են «մեծ սառնարանով և սև կաշվե բազմոցներով» մի սենյակ։

Աղջիկները միանգամից հասկացել են, թե ինչու են հայտնվել այնտեղ։ Բազմոցներին արդեն նստած էր ևս ութ աղջիկ, որոնք բլոգերի բնութագրմամբ «զոմբիացած» էին։ Նրանք ասել են, որ Լինդեմանն իրենց նախապես է ընտրել՝ համերգի ընդմիջումների ժամանակ իր ցանկությունները բավարարելու համար։ Արդյունքում վախեցած բլոգերը և ընկերուհին կարողացել են արագ դուրս գալ տարածքից՝ Ալենա Մակեևայի բարկացած հայացքների ներքո։ Հետո պարզվել է, որ Լինդեմանն այդպես էլ չի հայտնվել և աղջիկներից մի քանիսին տարել են հյուրանոց՝ նրա մոտ։

ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Այս սկանդալային պատմության շուրջ արձագանքները, իհարկե, միանշանակ չեն։ Նախ՝ հենց բենդի արձագանքը։ Instagram-ի էջում արված հայտարարությամբ խումբը նախ ընդգծում է, որ «չափազանց լուրջ է վերաբերվում այդ հաղորդագրություններին», հետո երկրպագուներին վստահեցնում՝

«Բեմի առջևում թե հետնաբեմում, մեզ համար կարևոր է, ու դուք ձեզ ապահով և լավ զգաք մեր համերգների ընթացքում»:

Ինչ վերաբերում է Վիլնյուսի դեմքին, խումբը պնդում է, որ համացանցում շրջանառվող այդ մեղադրանքների հասցեատերն իրենք չեն։

Անձամբ Լինդեմանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները և իրավական քայլերի է դիմելու։ Նա արդեն փաստաբանական թիմ ունի, որոնք առաջին քայլով տարածել են բոլոր մեղադրանքները հերքող հայտարարություն.

«Այս մեղադրանքներից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը և այստեղ որևէ բացառություն լինել չի կարող»:

Rammstein-ի երկրպագուներն էլ երկու ճամբարի են բաժանվել։ Մի մասը համացանցում դժգոհում է, որ խմբի արձագանքը կատարվածին համարժեք չէր և սոցիալական ցանցերում մեկ֊երկու անատամ գրառմամբ հարցից խուսափել չի ստացվի։ Մյուսներն էլ կարծում են, որ երաժշտությունը պետք է առանձնացնել արտիստից և այս երկու միավորն առանձին դիտարկել։

Այս շրջանում Rammstein-ը շարունակում է եվրոպական շրջագայությունը՝ բավականին ծանր մթնոլորտում։ Մյունխենի Olympiapark-ի մոտ, օրինակ, համերգից առաջ ցուցարարների մի փոքր խումբ էր հավաքվել։ Մյուս կողմում էլ համերգին մասնակցող երկրպագուներն էին հավաքվել։

Ցուցարարները պահանջում էին հստակ պատասխան տալ և պատասխանատվություն կրել, իսկ երկրպագուները հարցազրույցներ էին տալիս ու ասում, որ երաժշտությունը պետք է տարանջատել ենթադրյալ սխալ վարքագծից։

«Նախ, պետք է տարանջատել այդ երկու երևույթը։ Հետո՝ մինչ այս պահը դեռ ոչինչ ապացուցված չէ, հետևաբար կարծում եմ, որ դեռ կարող ենք գալ ու վայելել այս երաժշտությունը»։

​​Խնդրի մասին բարձրաձայնել է նույնիսկ Գերմանիայի կառավարությունը։ Պահանջում են բարձրացնել նման համերգների ընթացքում կանանց և աղջիկների անվտանգության մակարդակը։ Գերմանիայի ընտանեկան հարցերով դաշնային նախարար Լիզա Պաուսը կոչ է արել բանավեճ ծավալել երկրպագուների հանդեպ արտիստների և համերգների կազմակերպիչների պատասխանատվության ու դրա դրսևորումների շուրջ։ Նա նաև երաժիշտներին, պրոդյուսերներին ու ոլորտի մյուս ներկայացուցիչներին հրավիրել է միանալ «սեքսիզմի դեմ դաշինքին»։

Երկրի մշակույթի նախարարը ևս բարկացած է։ Նրա ձևակերպմամբ «հայրապետական վարքագիծը և սեռական ոտնձգությունները տեղ չունեն երաժշտական ոլորտում, և առհասարակ՝ նման վարքագիծը տեղ չունի արվեստում ու կյանքի ցանկացած բնագավառում»:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մեղադրանքների այս տարափն անհետևանք անցնել չէր կարող։ Rammstein֊ի մենակատարի անվան հետ կապվող սկանդալի շուրջ կարծես հասունանում է գերմանական Me Too֊ն։ Այս փուլում սա արտահայտվում է մի քանի առանցքային քաղաքական գործիչների, համանցանցում տարաբնույթ ակցիաների և նույնիսկ համերգասրահների առջև ակցիաների տեսքով։ Իսկ թե ինչ զարգացում կստանան այս շարժումները՝ առաջին հերթին կախված է հենց դեպքերի զարգացումներից, հնարավոր դատական գործընթացներից և նոր բացահայտումներից։

Թեև ռոք խմբի համերգները պլանավորածի պես ընթանում են և չեղարկումներ չկան, հարյուրավոր երկրպագուներ փորձում են վերավաճառել համերգների իրենց տոմսերը։ Rammstein֊ի անդամների սառը, սթափ ու առանձնապես թեման չփորփրող արձագանքից կարելի է ենթադրել, որ նրանք մեծ անհանգստություն չունեն։ Բայց իրականում ամեն բան այդքան էլ հեշտ չէ։ Ռոք խումբն այս սկանդալի ֆոնին սկսել է օգտվել մեծ անուն ունեցող իրավաբանական ընկերություններից մեկի ծառայություններից։ Ու սա էլ բավական չէ՝ վարձել են PR գործակալություն, որը մասնագիտացած է ճգնաժամային կառավարման մեջ։

Ի դեպ, այս սկանդալի ֆոնին է նաև, որ ռոք խմբի համերգներում այլևս բացառված են արդեն հայտնի «զրո շարքը» և համերգներից հետո անցկացվող երեկույթները։ Այս որոշումը երկրպագուների սրտով է, որովհետև նույնիսկ մինչև հասունացած սկանդալը շատ երկրպագուներ բողոքում էին, որ ոմանք «արտոնյալ» են համերգների ընթացքում, իսկ մյուսները՝ ոչ։

Իրավական հետևանքների մասին։ Թեև գերմանական լրատվամիջոցներն անանուն բազմաթիվ պատմությունների մասին են հայտնում, իրականում միայն Վիլնյուսի դեպքն է հաղորդվել ոստիկանությանը։ Լիտվայի ոստիկանությունն իռլանդացի կնոջ հետ հեռավար հարցաքննություն է արել։ Ոստիկանության խոսնակը The Guardian-ին ասել է, որ քրեական հետաքննություն սկսելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Rammstein֊ի մասին պատմող DW֊ի ֆիլմը

Խոսելով համագործակցային հետևանքների մասին, պետք է նշել, որ այս փուլում Rammstein֊ի մենակատարի գործերն այնքան վատ չեն, որքան կարելի էր ենթադրել։ Երգչի հետ գործակցությունը խզել է Kiepenheuer & Witsch հրատարակչությունը։ Հենց այս հրատարակչությունն էր 2020 թվականին հրատարակել  Լինդեմանի բանաստեղծությունների ժողովածուն։

Ի դեպ, դեռ այդ ժամանակ Լինդեմանի տողերը մեծ սկանդալ էին նշմարում։ Ընթերցողների խոսքով, բանաստեղծություններից մեկում նա անուղղակիորեն բռնաբարության մասին է խոսում։ Ներկայիս մեղադրանքների ֆոնին էլ այս տողերը լայնորեն տարածվում են համացանցում։

Rammstein֊ը և Լինդեմանը հայտնի են բոլոր տաբուները կոտրող իրենց ելույթներով, երգերի խոսքերով, տեսանյութերով ու մարքեթինգային հնարքներով։ Բայց, անշուշտ, կան երևույթներ, որոնք անհնար է ծածկել այդ հնարքների քողի տակ։ Մայիսի 22-ին Վիլնյուսում մեկնարկած Rammstein-ի եվրոպական շրջագայությունը կշարունակվի ամբողջ ամառ։ Դեպքերի զարգացումից կախված՝ գուցե ամռան այս ամիսներն էլ ճակատագրական դառնան խմբի համար։


✍️ Նանե Մանուկյան / PAN