Քֆուրչի բրուտալների էվոլյուցիան. Ինչ են քթի տակ ու արագ-արագ կարդում ռեփերները
«Հայկական դրախտը» դեռ պլաններում էլ չկար, երբ աշխարհը լսեց գանգստերների դրախտի մասին ու արդեն մի քանի սերունդ անց էլ բոլորը գիտեն, թե ինչ ասել է Gangsta's Paradise։ Ամերիկյան ռեփն ու հիփ հոփն ընդհանրապես փոխեցին ու փոխում են մարդկանց ընկալումները, նաև փոխվում այդ ընկալումներին համապատասխան։
«Էն, որ քթի տակ արագ կարդում են ու բան չենք հասկանում»֊ի հետևում մշակութային մի ամբողջ հեղափոխություն է։ Ու այս ամենի հիմքում ընկած ռիթմի, բառերի ու դրայվի միքսը միայն երաժշտության մասին չէ։ Ինչպե՞ս ամերիկյան ռեփերների կերպարը մի քանի տասնամյակում վերափոխվեց և ո՞ւր են բրուտալ գանգստերները. այս և այլ հարցերի պատասխանները՝ PAN-ի լոնգրիդում։
ԱՅՆ, ԻՆՉ ԵՂԱՎ ՀԵՏՈ, ՇԱՏ ՀՈՒԶԻՉ ԷՐ. 1970-ԱԿԱՆՆԵՐ
Ամեն լավ բանի հետևում հազար անգամ փորձված ու չստացվածն է։ Անկախ DJ-ների հանդեպ ձեր վերաբերմունքից, եթե ռեփի երկրպագու եք, ուրեմն պիտի ճամայկացի DJ-ների հանդեպ հատուկ վերաբերմունք ունենաք։ DJ Kool Herc֊ն անում էր այն, ինչ սիրում էր, ու անգամ կասկած չուներ, որ իր արածը փոխելու է երաժշտական աշխարհի ամբողջ ընթացքը։ Ու փոխեց։
Ռեփի պատմությունն այսպես թե այնպես կապում են սևամորթների հետ։ Ու այս կապը հաստատող բոլոր արտիստներից The Sugarhill Gang տրիոն առաջիններից է։ Նրանց Rappers delight֊ը 42 տարեկան է ու հնացել է ինչպես ամենաթանկարժեք գինին։ Եվ հենց այսպես, հենց առաջին անգամից ձայնագրված ու թողարկված գործը հաստատեց ամերիկյան ռեփի մուտքն ու հաղթարշավը։ Այս ընթացքում ռեփը պարզ բիթերի ու հստակ բառերի մասին էր։
ԳԱՆԳՍՏԵՐՆԵՐՆ ՈՒ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 1980-ԱԿԱՆՆԵՐ
Ասում են, թե ռեփը սևամորթների մենաշնորհն է, բայց սպիտակների հանդեպ ռասիստական չհնչելու համար պետք է հիշել ու արժանին մատուցել, օրինակ, The Beastie Boys֊ին։
80֊ականների ավարտին սկսվեց այն, ինչ անվանում են ամերիկյան ռեփի ոսկե շրջան։ Gangsta Rap֊ը դարձավ մեյնսթրիմ, իսկ East Coast֊ի ու West Coast֊ի միջև պատերազմը հայտարարվեց սկսված, սառը պատերազմի հիմքերում էլ՝ Ice-T֊ն ու Schoolly D֊ն։ Սա մարտ առանց կանոնների էր, որտեղ զենքը ճկուն միտքն ու լեզուն էին։
ՈՍԿԵ ՇՐՋԱՆԸ, ԱՅԼԱԽՈՀ ՌԱԴԻՈՆ ՈՒ ՌԵՊ-ՕՐՀՆԵՐԳՆԵՐԸ. 1990֊ԱԿԱՆՆԵՐ
Առավոտվա վեցին ոստիկաններից փախած self-made monster֊ի մասին Ice-T֊ի գործը Gangsta Rap֊ի առաջին օրինակներից էր։ Սոցիալ֊տնտեսական խնդիրների մասին պատմող ռեփին փոխարինեցին գանգստերական ապրելակերպի, մարդկանց կրակելու, բռնության մասին տեքստերը։ Ու սա համընկավ նաև East Coast - West Coast բեթլի ամենաթեժ փուլի հետ։
1990֊ականներն այնքան բուռն էին, որ ձանձրանալու ժամանակ չէր մնում։ West Coast֊ի Gangsta Rap֊ից նոր ենթաժանր ստեղծվեց՝ G-Funk֊ը։ Խորը բաս, հիպնոսային շեշտեր ու ստանում ենք, օրինակ, Սնուպ Դոգի Nuthin but a G Thang֊ը։
Ռեփը միայն որպես հայհոյանք ընկալող հասարակության տարբեր շերտերի, պահպանողական քաղաքական գործիչների, կրոնական առաջնորդների համար Gangsta Rap֊ի երկրաչափական պրոգրեսիայով աճող մասշտաբներն ու արձագանքը մտահոգիչ էին։ Խիստ մտահոգիչ։ Այնքան, որ շատ դեպքերում ռադիոյով արգելվում էր միացնել այդ գործերը։
Հետո մի ռադիո ալիք որոշեց, որ նույնիսկ եթե աշխարհում որևէ տեղ N.W.A.֊ի F*k da Police֊ը չեն միացնում, իրենք դա անելու են։ Ու արեցին վեց ամիս։ Քննադատության ալիքի տակ մնացին, բայց դրա պատասխանն էլ գտան… 24 ժամ անդադար միացրին N.W.A.֊ի գրաքննության դեմ «օրհներգը»՝ Express Yourself֊ը։
ԵՐԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՔՍՏԻՑ ՍԱՀՈՒՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԿՅԱՆՔ
East Coast - West Coast պատերազմի ֆոնին մրցակցությունը դաժան ու uncensored էր նաև նույն ճամբարում գտվողների մեջ, ու անհատ արտիստների թշնամանքը երբեմն անկառավարելի էր դառնում։ Bad Boy լեյբլի Notorious BIG֊ի ու Death Row֊ի Թուփակի բռնության մասին ռեփ բեթլներն ու փոխադարձ մեղադրանքներն ավարտվեցին նրանով, որ 1996֊ին սպանվեց Թուփաքը, իսկ վեց ամիս անց՝ BIG֊ը։
Թուփաքի վրա հարձակում էր եղել նաև 1994-ին, ու ռեփերը հրապարակային մեղադրում էր նաև BIG֊ին։ Կրակի վրա յուղ էր BIG֊ի Who Shot Ya֊ն։ Վարկած կա, որ BIG֊ի մատն ամեն դեպքում խառն էր Թուփաքի սպանության մեջ, ու նա դրա համար կլորիկ գումար էր վճարել: Թե ով և ինչու սպանեց BIG֊ին՝ այդպես էլ մութ մնաց: Պաշտոնապես ևս՝ գործը չբացահայտված է համարվում:
Թե էլ ինչեր կարող էին ստեղծել 24-ամյա BIG-ն ու 25-ամյա Թուփաքը, միայն կարելի է պատկերացնել ու ափսոսալ: Երբ սպանության մասին մտքերը սահմանափակվում են ռեփերների տողերում՝ ամեն ինչ լավ է, բայց երկու հզորի մահը բեկումնային կետ դարձավ։
ՍԵՓԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԵԼՈՎ. 2000֊ԱԿԱՆՆԵՐ
2000֊ականներին Միացյալ Նահանգներում հիփ հոփն անկասելի արագությամբ էր տարածվում։ Երբ ռեփից հիմնականում անտեղյակ մարդիկ փորձում են թեմայի մեջ մտնել ու մի քանի ռեփերի հիշել, հիշում են հենց 2000֊ականներին փոթորիկ անող անունները՝ Էմինեմ, Ջեյ Զի, 50 Cent, չենք մոռանում նաև փեսաներին։ Ռեփ չլսող ու չսիրող մարդիկ նույնպես, այսպես թե այնպես, այս անունները գիտեն ու ռեփն ասոցացնում են հենց նրանց հետ։
Այս շրջանում էլ ռեփերների թեմաներն ամենևին էլ քաղցր մեղր չէին։ Օրինակ էմինեմի ալտեր էգոն՝ Slim Shady֊ն, ցենզուրաները անտեսելու ու բառացիորեն ամեն ինչի մասին խոսելու մենաշնորհ ուներ։ Սևամորթների մոնոպոլիայում Էմինեմը դարձավ այն եզակի արտիստը, որ կարող էր մրցել ու հաղթել ցանկացած սևամորթի: Ռեփի ու Էմինեմի մասին ավելի խորը պատկերացումների կամ գոնե թե այլ հայացքով քննարկելու համար 8 Mile ֆիլմը դիտելը պարտադիր կամ էլ խիստ ցանկալի է:
Ի վերջո, Gangsta Rap֊ի վերջն էլ, կամ, գոնե, ենթադրվող վերջն էլ եկավ։ Ու շատերն այդ օրը 2007֊ի սեպտեմբերի 11֊ն են համարում ու ասում, որ Քանյեն սպանեց Gangsta Rap֊ը։ Այդ օրը Ուեսթի ու 50 Cent֊ի միջև պայքարում նախկին փեսայի ալբոմի վաճառքների թիվը գերազանցեց 50 Cent֊ին։ Եվ սկսվեց մի փուլ, երբ սոցիալական խնդիրների մասին պատմություն չունցող կամ բռնության մասին չգրող ռեփերները ստացան փայլելու իրենց շանսը։ Ռեփերները դարձան ճաշակ ձևավորողներ, դիզայներներ, A-lister֊ներ։ Gangsta Rap֊ի անկումը համընկավ էմոցիոնալ ռեփի ծնունդի հետ։
ՄԵՐ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ
1992֊ին գանգստերները փորձում էին ռեփեր դառնալ, իսկ 2022֊ին ռեփերները փորձում են գանգստեր դառնալ. ռեփի հավատարիմ երկրպագուների ձևակերպումներից է։ SoundCloud արտիստները Z սերնդի դեմքերն են՝ նոր գաղափարներով, ոճով, հագուկապով ու մոտեցմամբ։ Շատերը Mumble Rap֊ի «ներկայացուցիչ» են ու սա հենց այն ոճն է, որը մեր ավագ սերունդը քթի տակ մրթմրթոց է անվանում։ Եթե նախկինում ռեփերներն իրենց անցած դժվար ճանապարհի մասին էին պատմում, հիմա էմոցիոնալ այլ դաշտ ու ընդլայնում կա։ Կան նաև ռեփերներ՝ Kendrick Lamar, Drake, Nicki Minaj, J.Cole , որ old school֊ի կանոններով են խաղում ու պարզվում է, որ «դասականը երբեք չի հիասթափեցնում»։
Ի դեպ, կանանց ու ռեփի կապը մի ուրիշ պատմություն է, որ երկար ու մանրամասն կարող է գրվել։ Նիկի Մինաժը՝ հիփ հոփի նոր թագուհին, լավագույն օրինակն է։ Մինաժն անում ու ստեղծում է այն, ինչը շատ տղամարդիկ պարզապես չեն կարող։ 2015-ին ամենաեկամտաբեր համերգային շրջագայություններից մեկն է ունեցել, մոտ 22 միլիոն դոլար վաստակել։
«ՀՐԱՊՈՒՐԻՉ» ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ
Ռեփի դեմ ամենահաճախ հնչող արգումենտն այն է, որ այս ժանրը բռնությունը «հրապուրիչ» է դարձնում։ Հիմա պարզվում է, որ նոր սերնդի ռեփերներն իրենց երգերում առաջնահերթություն են տալիս հոգեկան առողջությանը։ Սա փաստական տվյալ է։ Դեպրեսիայի, ինքնասպանության, հաբերի և երիտասարդներին անհանգստացնող տաբուների մասին գործերը վերջին տարիներին զգալի են աճել։
Ոչ բրիտանացի հետազոտողները պարզել են, որ եթե 1958 թվականին 100 հիփ հոփ գործերից միայն 24֊ում էր հոգեկան առողջության թեման, ապա 2017֊ին այդ թիվը հասել է 71֊ի։
Բայց միշտ չէ, որ միլլենիալների սերնդի արտիստները մինչև վերջ անկեղծ են։ Իսկական մարտահրավեր է, երբ արտիստը որոշում է անկեղծ լինել, բայց արդյունքները կոմերցիոն առումով գոհացնող չեն։ Ու հենց այդ ժամանակ էլ որոշում են խոսել մեյնսթրիմ թեմաներից, թեկուզ դա ո՛չ իրենց առանձնապես հետաքրքիր է, ո՛չ էլ ոգևորող։ Օրինակ, Future֊ին հարցրել են, թե ինչու է իր գործերը գրեթե միշտ թմրանյութերի ու փարթիների մասին։ Պատասխանի մեջ փիլիսոփայական որևէ տարր չկա։ Ընդամենը բիզնես։ Դա այն թեման է, ինչի մասին սիրում են խոսել ու լսել բոլորը։
Նոր տեխնոլոգիաների դարում և համացանցի հաղթարշավի ֆոնին ռեփերների կերպարը լուրջ փոխակերպման է ենթարկվել։ Հիմա երկրպագուները տեղյակ են արտիստի առօրյայից, առավոտյան նախաճաշի մենյուից ու սիրելի բրենդներից։ Հիմա արտիստների հետ կապն առավել թափանցիկ է, ու սա արտահայտվում է նաև նրանց գործերում։ Ժամանակի կանոններով շարժվելու և էմոցիաներին տուրք տալու շրջան է։