#իվենթաPAN
March 7

Մահապատիժ, առևանգում, ռադիոակտիվ պոլոնիում ու նովիչոկ. Հայրենիքը քեզ չի մոռանա

Ալեքսեյ Նավալնու մահը, կամ ինչպես շատերն են նշում՝ սպանությունը, մարդկանց ստիպեց վերհիշել այն, ինչն իրականում այսօր էլ շարունակվում է ու դժվար թե մոռացվի։

Կառավարությունները, հատկապես` «ոչ այնքան դեմոկրատ» ու հանդուրժող, հաճախ իրենց գլխավոր հակառակորդներին ու ընդդիմախոսներին տապալում են ոչ թե, օրինակ, արդար նախագահական ընտրությունների, այլ սպանությունների, խոշտանգումների կամ ահաբեկումների միջոցով։ Սա մենք չենք ասում, սա փաստում են իրավապաշտպան տասնյակ կազմակերպությունների հարյուրավոր զեկույցներ։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Կառավարությունների գործակալները սահմաններ չեն ճանաչում բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով։ Նրանք թիրախին գտնում են աշխարհի ցանկացած ծայրում ու անում այն, ինչը միջազգայնորեն անվանում են անդրազգային ճնշամիջոցներ կամ transnational repression:

«ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ»

Freedom House-ի տարեկան զեկույցներն  ու հատկապես դրանց վերնագրերը սովորաբար ամփոփում են բռնաճնշումների ողջ բնույթն ու ամենաշատ քննարկված դեպքերը։ «Տեսադաշտից դուրս, բայց ոչ անհասանելի» զեկույցը 2021 թվականին ներկայացրեց դեռ 2010-ականներին գրանցված ռեպրեսիաները ու այն մեթոդները, որոնք կիրառում են բռնապետներն ու նրանց կառավարությունները։

Առհասարակ մեթոդները շատ տարբեր են և այլ երկրներում ապաստան գտած ընդդիմադիրներին, լրագրողներին կամ պարզապես ընդդիմախոս քաղաքացիներին հետապնդելու տասնյակ ձևեր կան։ Երբեմն ստացվում է այնպես, որ հյուրընկալ պետության իշխանության հետ ներքին համաձայնությունը բավարար է լինում այս կամ այն մարդուն սեփական երկիր հետ ուղարկելու համար։

Եթե հյուրընկալ երկիրը ասենք Ադրբեջանն է ու պիտի լավություն անի Թուրքիային, ապա ամեն բան 2x2-ից էլ պարզ է։ Սա Ալիևի համար լավ առիթ է բարձրանալ մեծ եղբոր աչքին ու թքած թե ինչ կասի արևմուտքը։

Բայց անշուշտ, միշտ չէ, որ ամեն բան այդքան հարթ է ընթանում։ Եթե նույն X թուրքը եվրոպական որևէ երկրում է, ասենք՝ Ֆրանսիայում, ապա պայմանավորվածություններով գործը դժվար թե գլուխ բերեն։ Հենց այս ժամանակ էլ բռնապետները դիմում են առևանգման, հետապնդումների, ահաբեկումների և սպանությունների տարբերակներին։

Եթե ֆիզիկապես տվյալ մարդուն հասնելը դժվար է՝ նոր դարը ու թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բռնապետներին իրենց թիրախին «օնլայն ոչնչացնել»՝ սպառնալիքներից մինչև համացանցում հալածում, անձնական հաշիվների կոտրում և այլն։ Իսկ եթե թիրախը տվյալ երկրում ընտանիք կամ ազգականներ ունի՝ ապա բռնապետերի գործը շատ ավելի հեշտ է դառնում։ Հայրենիքում մնացած հարազատներին ահաբեկելը ամենաարդյունավետ գործիքներից է համարվում։

Վերջերս Ուգանդա փախած ռուանդացի փախստականը անհայտ պայմաններում մահացավ Ռուանդայի կառավարության սպառնալիքներից հետո, Կամբոջայից Թաիլանդ փախած ակտիվիստը արտահանձնվեց Կամբոջա ու անմիջապես կալանավորվեց, բելառուս մի ակտիվիստի առևանգեցին հենց ինքնաթիռում, իսկ օրինակ իրանցի լրագրողի ամբողջ ընտանիքը Իրանում սպառնալիքների ու դատական գործընթացների զոհ էր դարձել։ Կարճ ասած՝ անդրազգային  ռեպրեսիաները շատ տարբեր են լինում՝ կախված կոնտեքստից ու պայմաններից։

2014-ից ի վեր, ընդամենը մի քանի տարում, 31 երկրներ 79 հյուրընկալող պետություններում այս կամ այն կերպ հասել են իրենց թիրախին, առնվազն 608 դեպք ուղիղ ֆիզիկական վտանգի մասին է փաստում։ 608-ը միայն փաստագրված դեպքերն են, որոնք Freedom House-ը ներառել է իր զեկույցում, հարյուրավոր այլ դեպքերի մասին բավարար փաստեր չկան, իսկ հազարավոր դեպքերի մասին պարզապես լռում են բոլորը։ Իսկ երկրների ցանկը երկար է՝ Ռուսաստանից մինչև Չինաստան ու Թուրքիա, Տաջիկստանից մինչև Ադրբեջան ու Սաուդյան Արաբիա, ԱՄԷ-ից մինչև Կամբոջա ու Ռուանդա, Թուրքմենստան ու Իրան։

ԹՈՒՐՔԻԱ

2021 թվական, Ղրղզստան։ Տեղի հեղինակավոր դպրոցական ցանցերից մեկի տնօրենը՝ Օրհան Ինանդին խորհրդավոր հանգամանքներում անհետ կորում է։ Հաջորդ օրը նրա մեքենան հայտնաբերում են Բիշքեկի կենտրոնում։ Մեքենայից որևէ արժեքավոր իր չեն գողացել։ Դպրոցի տնօրենի կինը վստահ է՝ ամուսնուն Թուրքիայի դեսպանատանը կգտնեն։

Անցնում է մի քանի շաբաթ ու պարզ է դառնում, որ Ինանդիին առևանգել են։ Ու առևանգողը ոչ թե ինչ-որ մաֆիայի պարագլխուխ է կամ էլ ավազակախումբ, այլ Թուրքիայի հետախուզական ծառայությունը։ Ու ամենակարևորը՝ այս մասին հպարտորեն հայտարարում է հենց Էրդողանը՝ ելույթի ժամանակ։ Ապօրինաբար մարդկանց առևանգելու ու դրա մասին հպարտությամբ բարձրաձայնելու հարցում Էրդողանը մրցակիցներ չունի։ Բայց այս բոլոր ձերբակալությունների հիմքում նրա գլխավոր մրցակիցն ու վախն է՝ Ֆեթուլլահ Գյուլենը։

Գյուլենականները Թուրքիայի ղեկավարի աչքից չեն վրիպում աշխարհի ոչ մի ծայրում։ Ու սա հատկապես 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձից հետո։ Բիշքեկում դպրոցի տնօրենը դժվար թե Էրդողանի համար կարողանար մեծ խնդիրներ ստեղծել, բայց Թուրքիայի մշակած ռազմավարությունը ենթադրում է պատժել ցանկացած մեկին, ով այս կամ այն կերպ կապ ունի Գյուլենի հետ կամ էլ հանկարծ որոշել է բարձրաձայն աջակցվել գյուլենականներին։

Օրհան Ինանդիի առևանգման մասին հայտարարելու նույն օրը Էրդողանը հավելեց, որ գյուլենական շարժման հետ կապ ունեցող ավելի քան 100 մարդ աշխարհի տարբեր հատվածներից առևանգվել ու տեղափոխվել է Թուրքիա։ Թե՛ ռազմական գործողությունների, թե՛ ապօրինի առևանգումների, թե՛ փախստականների սպանությունների դեպքում Էրդողանն ինքն իր համար մի արդարացում է հորինել՝ պայքարում են ահաբեկչության դեմ։ Իսկ իրականում  ահաբեկիչները թուրքերի ու ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված 2020-ին պատերազմում էին հայ զինվորների դեմ։

ԱԴՐԲԵՋԱՆ

Ալիևը մեծ եղբորից ավելի պրիմիտիվ է, բայց ինչպես ժամանակն ու իրողությունները ցույց տվեցին, այս բռնապետին մեկ աչքով նայել չի կարելի։ Խավիարային դիվանագիտության, նավթի հանքերի ու Եվրամիությանը գազ վաճառելու հաշվին Ալիևը կարողանում է անամոթաբար բարձր ամբիոններից Ադրբեջանը որպես առաջադեմ ու մարդու իրավունքները հարգող պետություն ներկայացնել։ Բայց փաստերը այլ բանի մասին են խոսում։ Ընդդիմադիրների ու լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումներն այս երկրի համար նորություն չեն։ Իսկ Ադրբեջանում նախորդ ամիս կայացած նախագահական ընտրությունները ու դրան նախորդող դեպքերը այս պնդումների ամենաթարմ ապացույցն են։

Այդ օրերի մասին Amnesty International-ի զեկույցում գրված է.

«Ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ուժգնացող բռնաճնշումները պարզապես հարձակում չեն մարդու իրավունքների վրա։ Դրանք համատարած և համակարգված հարձակում են քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության վրա: Իշխանությունները չեն խուսափում հաշվեհարդարից։ Նրանք հետապնդում և սպառնում են այն մարդկանց ընտանիքներին, ովքեր արդեն իսկ անարդարացիորեն բանտարկվել են՝ քաղաքական դրդապատճառներով»:

Ի դեպ, Ադրբեջանը լավագույն ապացույցն է այն փաստի, որ բռնապետների գլխավոր հակառակորդն ու թշնամին ոչ թե ընդդիմադիր գործիչներն են, այլ լրագրողներն ու անկախ լրատվամիջոցները։ Եթե հարցնեն, թե ով է Ալիևի գլխավոր քաղաքական հակառակորդը, ապա անուններ տալ կդժվարանան անգամ Ադրբեջանում, որովհետև նրա այսպես կոչված ընդդիմադիրների մեծ մասը իրենց նախընտրական ելույթներում Ալիևին են փառաբանում։

Բայց եթե հարցնեն, թե որ լրագրողներն են տրորել Ալիևի ոտքը, ապա անունները քիչ չեն լինի։ Վերջին տարիներին Ադրբեջանը թիրախավորել ու ապօրինաբար Բաքու է վերադարձրել տասնյակ լրագրողների, որոնք ապաստան էին գտել Ուկրաինայում, Վրաստանում, Թուրքիայում ու անգամ Եվրոպայում։ Աֆղան Մուխթարլին օրինակ, 2017֊ին առևանգվել է Թբիլիսիում, տեղափոխվել Բաքու ու դատվել։

Իր ցուցմունքում լրագրողն ասել է, որ առևանգման հետևում անձամբ Ալիևն է կանգնած, իսկ նրան օգնել են վրացիները։

«Իմ առևանգմանն ուղղակիորեն առնչություն ունեն Վրաստանի կառավարությունը, քրեական ոստիկանությունը, սահմանապահ ծառայության պետը և Լագոխեթիի մաքսային անցակետը»:

Առավել ծիծաղելի են այն հոդվածները, որոնցով լրագրողին մեղադրանք են առաջադրել ու դատել. սահմանի անօրինական հատում, մաքսանենգություն և իրավապահներին նկատմամբ բռնության կիրառում։

Բռնաճնշումների ամենաթարմ դեպքն էլ գրանցվել է երեկ։ Ադրբեջանի ոստիկանությունը ներխուժել էր Toplum TV անկախ լրատվամիջոցի տարածք, խուզարկություններ է անցկացրել և ձերբակալել  երկու լրագրողի։ Իրավապահների պնդմամբ հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է արևմտյան կազմակերպությունների կողմից, իսկ իրականում սա Ալիևի բռնաճնշումների հերթական օրինակն է։ Դեպքին արձագանքել է պաշտոնական Վաշինգտոնն ու հայտարարել, որ մտահոգված է անկախ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների դեմ Բաքվում իրականացվող արշավի մասին հաղորդումներով։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանը չի բավարարվում սեփական քաղաքացիներով և ինքն իրեն խայտառակում է օրինակ Ալեքսանդր Լապշինի ձերբակալությամբ ու նմանատիպ այլ գործերով։ Կարճ ասած՝ Ալիևի ձեռքից ազատվելը գրեթե անհնար է, եթե կպնում եք նրա աթոռին, փողերին ու անսահման հայատյացության նյարդին։

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լինում են դեպքեր, երբ թիրախում ընտանիքի անդամներն են։ Իսկ Դուբայի էմիր Մոհամեդ իբն Ռաշիդի դստեր` Լատիֆայի օրինակը սրա ամենաաղմկահարույց օրինակն է։ Արքայադուստրը 7 տարի ծրագրել էր իր փախուստը և արդյունքում 2018 թվականին զբոսանավով փորձեց փախչել Դուբայից։ Փախուստից առաջ Լատիֆան տեսանյութ էր պատրաստել, որտեղ պատմում էր, որ 16 տարեկանում ևս փախուստի անհաջող փորձ է արել, բռնվել է սահմանին, ինչից հետո նրան մի քանի տարով բանտարկել են ու կտտանքների ենթարկել։ Տեսանյութում նա նաև պատմում է, որ պալատը ոսկեզօծ բանտ է իր համար և նրան այնտեղ պատանդ են պահում։

Փախուստի երկրորդ փորձը ևս անհաջող էր։ Աղջկան բռնում են Հնդկաստանի ափերի մոտ ու դրանից հետո որոշ ժամանակ նրա մասին ոչ մի լուր չկար։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Դուբայի էմիրից պահանջել էր հավաստիացումներ, որ նրա դուստրը ողջ է։ Արդյունքում հավաստիացումները հայտնվեցին, իսկ վերջերս էլ Լատիֆան հայտարարեց, որ իր կյանքում ամեն բան լավ է, իրեն թույլ են տալիս ազատ ճանապարհորդել և վայելել կյանքը։ Թե այս «վայելքի» քանի տոկոսն է իրական՝ ոչ ոք չի կարող ասել։

Ի դեպ, Լատիֆան շեյխի դուստրերից երկրորդն է, որ փորձել էր փախչել։ 2000 թվականին նրա ավագ քրոջը՝ Շամսուին, բռնել էին Քեմբրիջի փողոցներից մեկում։

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

Ընտանեկան դրամաներից վերադառնանք քաղաքական ու լրատվական արյունալի իրականություն։ Տասնամյակներով ապացուցված փաստ է, որ հաճախ բռնապետները չեն բավարարվում ահաբեկումներով կամ ձերբակալություններով ու ծայրահեղ միջոցների են դիմում։ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը վերջին տարիների ամենաքննարկված ու մեծ արձագանք գտած դեպքերից էր։

Սաուդյան Արաբիայի իշխանություններին մշտապես քննադատող Խաշոգջին սպանվեց 2018-ի հոկտեմբերին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում, որտեղ լրագրողը գնացել էր իր փաստաթղթերի հետևից։

Կարճ ժամանակ անց պարզ դարձավ՝ լրագրողի մարմինը հայտնաբերել են հյուպատոսի նստավայրի այգում՝ հյուպատոսությունից 500 մետր հեռավորության վրա։ Նրա մարմինը մասնատված է եղել, դեմքը՝ այլանդակված։

Խաշոգջիին սպանելու օպերացիայում ներգրավված են եղել 15 սաուդցի գործակալներ, որոնց, ըստ որոշ պնդումների, վերապատրաստել են եգիպտացի զինվորականներ։ Իսկ ԱՄՆ հետախուզության զեկույցը եզրակացրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգն անձամբ հավանություն է տվել սպանության ծրագրին։ Ինչպես կանխատեսվում էր, քավության նոխազ դարձան հյուպատոսարանի մի քանի աշխատակից ու ևս մի քանի սաուդցի։ Բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այս սպանության համար։

ԻՐԱՆ

Իրանում ևս քաղաքացիական ակտիվիստներին ու լրագրողներին չեն սիրում։ Freedom House-ը հայտնի տասնյակ դեպքերից առանձնացնում է Ռուհոլահ Զամի առևանգումը։ Զամը փախստականի կարգավիճակով Ֆրանսիայում էր ու երբ 2019-ին այցելել է Իրաք, հենց այնտեղից նրան առևանգել ու բռնի կերպով վերադարձրել են Իրան։ 2020 թվականին լրագրողին դատել ու մահապատժի են ենթարկել։

Կան նաև դեպքեր, երբ իշխանության ձեռքը չի հասնում թիրախին ու տուժում է նրա ընտանիքը։ Մասի Ալինեժադին կալանավորելու փորձ Իրանում եղել է 1990-ականներին, հետո Ալինեժադը փախել է ԱՄՆ ու այնտեղ սկսել  «Իմ ծածուկ ազատությունը» շարժումը։ Սկզբում նա հեռվից հեռու պայքարում էր Իրանում հիջաբների կրման պարտադրանքի դեմ։

Հիմա, երբ նրան հետևողների թիվը գնալով աճում է՝ Ալինեժադին Իրանից ուղարկում են այնպիսի փաստեր ու լուսանկարներ, որոնք երբևէ պաշտոնական Թեհրանը չէր ուզենա հրապարակել։ Արդյունքում Մասի Ալինեժադը դարձել է Իրանից հեռու ապրող, բայց իշխանության համար մեծ խնդիրներ ստեղծող մեկը։ Նրան չեն կանգնեցրել անգամ Իրանում եղբոր ձերբակալությունը, քրոջն ուղղված սպառնալիքներն ու կեղծ մեղադրանքները։

Բայց վերջին տարիներին Իրանում մարդու իրավունքների պաշտպանության ամենամեծ պայքարը բորբոքվեց, երբ կրոնական բարոյականության ոստիկանությունը ոչ ճիշտ հիջաբ կրելու համար դաժանաբար ծեծեց ու սպանեց 22-ամյա Մահսա Ամինիին։ Բողոքի ակցիաներն ուղեկցվեցին աննախադեպ բախումներով և ձերբակալություններով։ Սա Իրանի վարչակարգի համար մեծ հարված էր և ուղկեցվում էր միջազգային մեծ ճնշմամբ։

ՉԻՆԱՍՏԱՆ

Չինաստանն անդրազգային ռեպրեսիաներ իրականացնելու մի ամբողջ ցանց ունի ողջ աշխարհում։ Արտասահմանում չինական ոստիկանության գաղտնի, հաճախ անօրինական գործիքակազմը մշտապես միջազգային դատապարման է ենթարկվում։ Բայց դատապարտող խոսքերից զատ կարծես ոչինչ չի արվում, որովհետև պաշտոնական Պեկինը շարունակում է նույն արդյունավետությամբ իր քաղաքացիներին տուն «վերադարձնել»։

Չինաստանն աշխարհի տարբեր երկրներում ունի այսպես կոչված «արտերկրյա ոստիկանական բաժանմունքներ»։ Սրանք ստորգետնյա ստորաբաժանումներ են, որոնք շատ դեպքերում ստեղծվում ու գործում են առանց հյուրընկալ երկրի հավանության կամ իմացության։

Իրավապաշտպանների խոսքով Չինաստանն այս ստորաբաժանումներն օգտագործում է արտերկրում ապրող այլախոհներին և ընդդիմադիրներին հետապնդելու և վախեցնելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն արձանագրում են, որ այժմ առնվազն 102 նման «ոստիկանական բաժանմունք» կա՝ աշխարհի 53 երկրներում ու բոլոր մայրցամաքներում՝ բացի Անտարկտիդայից։

Միայն 2021 թվականի ապրիլից մինչև 2022 թվականի հուլիսը Չինաստանի 230.000 քաղաքացիների «համոզել են» վերադառնալ հայրենիք ու մեղադրանքներ են առաջադրել։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Շարքը սկսեցինք ու ավարտենք Կրեմլի «քաջագործություններով»։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո կրկնապատկվել կամ գուցե եռապատկվել են դեպքերը, երբ Կրեմլին դեմ արտահայտվող կամ պատերազմը պատերազմ անվանող մարդիկ հայտնվում են սև ցուցակներում, ձերբակալվում են, զրկվում ունեցվածքից կամ էլ օրինակ միանգամից ուղարկվում են ռազմաճակատ։ Բայց այնպես չէ, որ սա նորություն է Ռուսաստանի համար։

2006 թվականին ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն Մեծ Բրիտանիայում թունավորվեց ռադիոակտիվ պոլոնիումով։ Լիտվիենկոն նախ մեկ տասնամյակ աշխատել էր խորհրդային ԿԳԲ-ում, հետո արդեն մինչև փոխգնդապետի կոչման էր հասել ՌԴ ԱԴԾ-ում։ Բայց այս պաշտոններից զատ նա Ռուսաստանի իշխանության քննադատն էր ու 2000 թվականին փախավ և քաղաքական ապաստան ստացավ Մեծ Բրիտանիայում։

Լիտվինենկոյի սպանությունը հանգեցրեց Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը, իսկ ՄԻԵԴԸ ճանաչեց Ռուսաստանի իշխանության պատասխանատվությունը՝ Լիտվինենկոյի թունավորման համար։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Կրեմլը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց ճանաչել էին որպես սպանության հեղինակներ։

Ի տարբերություն Թուրքիայի, որ միշտ հպարտանում է իր առևանգումներով, Ռուսաստանը նմանատիպ մեղադրանքները երբեք չի ընդունում։ Փոխարենը պատասխան մեղադրանքներ է հնչեցնում։

Դիվանագիտական ավելի մեծ սկանդալի պատճառ դարձավ 2018-ին Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումը՝ «Նովիչոկ» տեսակի ռազմական նշանակության նյարդապարալիտիկ նյութով։ Մեծ Բրիտանիան կանխամտածված սպանության մեջ մեղադրեց Մոսկվային ու արտաքսեց ռուս դիվանագետներին։ Ի պատասխան Ռուսաստանն արտաքսեց բրիտանացի դիվանագետների, չեղարկեց Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսարանի բացումն ու կտրականապես հերքեց Կրեմլին ուղղված մեղադրանքները։ Մի քանի տասնյակ երկիր հետևեցին Մեծ Բրիտանիայի օրինակին և արտաքսեցին ռուս դիվանագետներին։

Միջազգային իրավապաշտպան մարմինների զեկույցները, լրագրողական հետաքննություններն ու դիվանագիտական սկանդալները ինչ-որ կերպ հնչեղություն են տալիս անդրազգային ռեպրեսիաների հազարավոր դեպքերից հարյուրավորներին, բայց համակարգային լուծումների մասին խոսելը դեռ ավելորդ է, որովհետև նոր տեխնոլոգիաները միայն ավելի են հեշտացրել բռնապետերի գործն ու ավելի ծանր դարձրել թիրախների կյանքը։


Նանե Մանուկյան / PAN