#իվենթաPAN
November 23, 2023

ChatGPT-ի ու հայկական սերիալների սցենարների արանքում. Ինչպես աշխատանքից հանեցին ու 5 օրից հետ բերեցին OpenAI-ի հիմնադրին

OpenAI-ի շուրջ ստեղծված սցենարը չէր կարող գրել անգամ ChatGPT-ն։ Այս սցենարի հետ կդժվարանան մրցել անգամ հայկական սերիալների սցենարները։ OpenAI-ի տնօրենների խորհրդի եփած ճաշն արժանի մրցակից դժվար թե գտնի անգամ բրազիլական սերիալների շարքում։

Ծիծաղելի, անհանգստացնող, անհավատալի, ապշեցնող, զավեշտալի ու այս շարքը կարելի է շարունակել։ Ընդամենը մի քանի օրում մեկը մյուսից անհավանական զարգացումներն այս պատմությունը դարձրին ոչ միայն 2023-ի, այլև վերջին տարիների ամենաքննարկվող ու անհավանական պատմություններից։

Ինչպե՞ս սկսվեց, ո՞վ կամ ի՞նչն էր մեղավոր, ի՞նչ կորցրին ու շահեցին մեծ խաղացողները և առհասարակ՝ «էս ի՞նչ էր»։ PAN-ը մեկտեղել է Օսկարի արժանի պատմության բոլոր հարցերի պատասխանները։

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԸ ՓՉԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

OpenAI-ի տնօրենների խորհուրդն ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից Սեմ Ալթմանին հեռացրեց նոյեմբերի 17-ին ու այսպես փչացրեց Սեմի ու OpenAI-ի աշխատակիցների հանգստյան օրերը։ Փոխարենը լավ զբաղմունք տվեց հետաքրքրասեր աշխարհին։ Համակարգչից կամ հեռախոսից կտրվելու փոխարեն թեմայով հետաքրքրվածներն անընդհատ սպասում էին այս պատմության «նոր էպիզոդին»։

Ու թեև «հեռուստադիտողի» համար սա շատ զավելտալի պատմություն էր, իրականում այն մեծ որոշումների, մեծ գումարների ու առնվազն հարյուրավոր մարդկանց ճակատագրերի մասին էր։ Սեմ Ալթմանը OpenAI-ի համահիմնադիրներից է։ Շաբաթական 100 միլիոն մարդու սպասարկող ChatGPT-ն ստեղծվել է հենց այս ընկերության կողմից։

Տարածած հայտարարության մեջ ընկերության տնօրենների խորհուրդը նշում էր, որ Սեմ Ալթմանը հեռացվել է պաշտոնից, որովհետև տևական ժամանակ բավականաչափ անկեղծ չի եղել տնօրենների խորհրդի հետ շփումներում։ Հայտարարության մեջ արձանագրվում էր, որ այդ անկեղծության ու վստահության պակասը խանգարում է Սեմին կատարել իր պարտականությունները, հետևաբար խորհուրդը կարծում է, որ նա չի կարող շարունակել OpenAI-ի ղեկավարումը։

Եվ սկսվում է իսկական կինոն։ Երեք օրում OpenAI-ի գործադիր տնօրենի պաշտոնը երկու մարդ է զբաղեցնում։ Սեմին ժամանակավորապես փոխարինում է Միրա Մուրատին, ընկերության տեխնոլոգիական տնօրենը։ Իսկ հետո պարզվում է, որ Ալթմանին աշխատանքից հեռացրել են Google Meet-ի միջոցով։ Անգամ շարքային աշխատողներին նախընտրում են անձամբ և հանդիպման ընթացքում հայտնել նման լուրերը, բայց Սեմին այդ հնարավորությունը չեն տվել։ Միանգամից փակել են աշխատանքային էլ. հասցեն, արգելափակել են ընկերության սարքերին և բազաներին հասանելիությունը։ Ալթմանի խոսքով ինքը մեզնից ոչ պակաս զարմացած էր։

Սեմից բացի OpenAI-ին հրաժեշտ է տալիս ընկերության համահիմնադիր Գրեգ Բրոքմանը։ Նրանց միանում են նաև մի քանի ավագ հետազոտողներ։

«Ես շատ հպարտ եմ այն ​​ամենով, ինչ մենք ստեղծել ենք ութ տարի առաջ իմ տանը հիմնելուց հետո։ Մենք մասին անցել ենք դժվար և նաև հրաշալի ժամանակների միջով։ Հասել ենք մեծ հաջողությունների, չնայած այն բոլոր պատճառներին, որոնք դա անհնարին էին դարձնում։ Լուրերով հաղորդում են, որ ես հեռանում եմ…», - նշում է Գրեգ Բրոքմանը:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐԱԴԱՐՁ. ՓՈՐՁ ԱՌԱՋԻՆ

Ալթմանին հեռացնելու որոշման ու այդ որոշումը կայացնողների հաստատակամությունը փորձության ենթարկվեց հայտարարությունը տարածելու հաջորդ րոպեից։ Իսկ ժամեր անց պարզ դարձավ՝ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որոշումն էլ այնքան ամուր չէ, որ դիմակայի աննախադեպ ճնշմանը։ Այսպիսով սկսվեց բանակցությունների առաջին ռաունդը։ Ալթմանն անգամ նկար հրապարակեց, որտեղ OpenAI-ի գլխավոր գրասենյակ մտել էր հյուրի կարգավիճակով և համապատասխան անվանաքարտով։

Անորոշությունն ու ռիսկերը չափազանց շատ էին ընկերության համար, հետևաբար Սեմի հետ բանակցությունների չգնալը կարող էր ճակատագրական լինել թե՛ աշխատակիցների, թե՛ ներդրողների հետ հարաբերությունների առումով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ ընկերության գոյության առումով ևս։ Սեմ Ալթմանը ևս շահագրգռված էր որևէ լուծում գտնել, բայց ուներ իր պահանջները։ Թե ինչ քննարկվեց փակ դռների հետևում՝ պարզ չէ, բայց առաջին փորձն անհաջող էր։ Սեմը չվերադարձավ իր հիմնած ընկերություն։

MICROSOFT-Ի ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՔԱՅԼԸ

Այս բանակցությունների ընթացքում Սեմ Ալթմանը ձեռքերը ծալած չէր նստել։ Այսպես ասենք՝ աշխատանք փնտրելու կարիք չեղավ, աշխատանքն իրեն գտավ։

Իրավիճակին անմիջապես արձագանքեցին Microsoft-ից։ Ընկերության գործադիր տնօրեն Սատյա Նադելան էլ արեց ամենաանսպասելի ու իրավիճակն ամբողջությամբ փոխող քայլը՝ հայտարարեց, որ Սեմ Ալթմանը, Գրեգ Բրոքմանը և նրանց գործընկերները կմիանան Microsoft-ին՝ ղեկավարելու արհեստական ​​բանականության ոլորտում առաջադեմ հետազոտական նոր ​​խումբը,  որն իր աշխատանքներում հնարավորություն կունենա օգտագործել Microsoft-ի հաշվողական հզորությունը։

«Մենք շատ ուրախ ենք կիսվել այս նորությամբ։ Մենք կտրամադրենք նրանց անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ իրենց գործում հնարավորինս արագ հաջողության հասնելու համար»:

Microsoft-ը նաև հայտարարեց, որ աշխատանքի կընդունի OpenAI-ի բոլոր այն աշխատակիցներին, որոնք կորոշեն վերջին փոփոխություններից հետո հեռանալ ընկերությունից։ Իսկ նման աշխատակիցների թիվը ոչ թե շատ էր, այլ OpenAI-ի գրեթե ամբողջ մարդկային ռեսուրսն էր։

Ընկերության աշխատակիցների ավելի քանի 90 տոկոսը՝ 770 աշխատողից 700-ից ավելին, բաց նամակ գրեցին և հայտարարեցին, որ եթե տնօրենների խորհուրդը չվերականգնի համահիմնադիրներ Սեմ Ալթմանի և Գրեգ Բրոքմանի պաշտոնները, իրենք կհեռանան ընկերությունից։

Այս կինոյի գլխավոր շրջադարձերից մեկը. Բաց նամակի տակ ստորագրեց նաև ընկերության գլխավոր գիտաշխատող և որոշ տվյալներով Սեմի հեռացման օպերացիայի «գլխավոր ճարտարապետ» Իլյա Սուցկևերը։ Բաց նամակի հրապարակումից հետո Սուցկևերը X-ում գրեց, որ զղջում է իր որոշման համար։

«Խորապես ափսոսում եմ տնօրենների խորհդրի որոշմանն իմ մասնակցության համար։ Ես երբեք չեմ ցանկացել վնասել OpenAI-ին և կանեմ ամեն ինչ, որպեսզի վերականգնենք ընկերությունը»:

Այս պատմության մեջ մի չափազանց կարևոր հանգամանք էլ կա։ Microsoft-ը OpenAI-ի խոշորագույն ներդրողն է՝ մոտ 13 միլիարդ դոլար։ Այսինքն ստացվում է, որ եթե Սեմի պաշտոնը չվերականգնվեր, իսկ աշխատակիցների 90+ տոկոսը միանար Microsoft-ին՝ փաստացի Microsoft-ը իր 13 միլիարդ դոլար ներդրման դիմաց կստանար  90 միլիարդ գնահատվող OpenAI-ի գրեթե ամբողջ մարդկային ռեսուրսը։

Ի դեպ, OpenAI-ի տնօրենների խորհրդի անհեռատեսությունն ու  Microsoft-ի շախմատային քայլերը Microsoft-ի համար այլ օգուտներ էլ գրանցեցին։ Ընկերության արժեթղթերի գինն աճեց 2%-ով և ռեկորդային ցուցանիշ գրանցեց։ Մյուս կողմում OpenAI-ն էր՝ իր որոշումների դառը պտուղներով։ Աշխատակիցների հեռանալու վտանգին զուգահեռ կար նաև շատ տեսանելի վտանգ, որ ընկերության ներդրողները տնօրենների խորհրդի դեմ դատական հայց կարող էին ներկայացնել։ Պարզից էլ պարզ էր, որ իրադարձությունների նման զարգացումը ներդրողների համար հարյուր միլիոնավոր դոլարներ կարող էր արժենալ։

ՓՈՐՁ ԵՐԿՐՈՐԴ. ՍԵՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Եվ երբ «հեռուստադիտողներն» անհամբեր սպասում էին էպիզոդին, որտեղ Սեմը գնում է Microsoft, պարզվեց, որ սցենարիստները մեկ այլ plot twist ունեն։ Պաշտոնական հայտարարություն տարածվեց, ըստ որի OpenAI ընկերությունը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել Սեմ Ալթմանին ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում վերականգնելու շուրջ։ Ընկերություն է վերադառնում նաև համահիմնադիր Գրեգ Բրոքմանը։ Ու սա էլ դեռ ամենը չէր. OpenAI-ում ստեղծվել է տնօրենների նոր խորհուրդ։

Սեմը, կարծես, գոհ է որոշումից ու պայմաններից։ Իր միկրոբլոգում հայտարարել է, որ անհամբեր սպասում է  OpenAI իր վերադարձին։

«Տնօրենների նոր խորհրդի և Սատյայի աջակցության շնորհիվ անհամբեր սպասում եմ OpenAI վերադարձիս և Microsoft-ի հետ ամուր համագործակցությունը զարգացնելուն»:

ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իրավիճակը կարծես հանգուցալուծվում է, չնայած, նման սցենարների պարագայում այսօրվա տեղեկությունը վաղն արդեն հնացած է։ Բայց գլխավոր հարցը հետևյալն է, ո՞րն էր պատճառը, որ դրդեց OpenAI-ի տնօրենների խորհրդին նման ճգնաժամի միջով անցկացնել ընկերությունը։

Իրականում, երբ վերևում ասացինք, որ տալու ենք բոլոր հարցերի պատասխանները, այս հարցը բացառություն էր։ Իսկ պատճառն այն է, որ հստակ ու պաշտոնական բացատրություն պարզապես չկա։ Միայն վարկածներ։

Reuters-ը, օրինակ, պարզել է, որ մինչև կինոն կսկսվեր՝ արհեստական բանականության ոլորտում գիտական լուրջ առաջընթաց է գրանցվել։ Տնօրենների խորհուրդը ստացել է նամակ, որտեղ Q* անունով ծրագրի և գրանցված առաջընթացի և կարևորագույն բացահայտման մասին տեղեկատվություն է եղել։ Թե որքանով է սա ազդել տնօրենների խորհրդի որոշման վրա՝ բարդ է գնահատել։

Մեկ այլ վարկածով Սեմ Ալթմանը տարաձայնություններ է ունեցել խորհրդի անդամների ու հատկապես գլխավոր գիտաշխատող Իլյա Սուցկեվերի հետ։ Ինչպես հիշում եք, Սուցկեվերը նախ ստորագրել էր Սեմի՝ պաշտոնից ազատելու որոշման տակ, հետո որոշել էր կինոյի լավ տղայի դերը ստանձնել ու զղջալ։ Ըստ որոշ տվյալների Սեմի և Իլյայի տարաձայնությունները գլխավորապես գեներատիվ արհեստական բանականության զարգացման և մարդկությանը սպառնացող հնարավոր վտանգների շուրջ էին։

Իհարկե, համացանցն առանց հումորների չէր կարող թողնել այս պատմությունը։ Մարդկանց հատկապես դուր էր եկել վարկածը, թե արհեստական բանականությունը գրավել է OpenAI-ի իշխանությունն ու հեռացրել է ղեկավարին։

Ցանկացած պարագայում այս պատմությունն այսքանով չի սահմանափակվելու։ Իրավճակն էլ զարգանում է ոչ թե օրերի, այլ ժամերի կտրվածքով։ Ու մինչ դուք կարդում եք այս տեքստը, այն գուցե արդեն թարմացման կարիք ունի։


✍️ Նանե Մանուկյան / PAN