Բրիտանացի փոքրիկ գիտնականները, հնդիկ ֆիզիկոս Ռամանը և Հայաստանի գիտության շաբաթը
Հաճախ ենք լսում ու ինքներս էլ փաստում, որ առանց գիտության և գիտական արդյունքի, գյուտերի և հայտնագործությունների աշխարհը ոչ միայն առաջ չէր գնա ու չէր զարգանա, այլև ծանրագույն խնդիրների առաջ կկանգներ։ Տպավորություն է, որ բոլորը լռելյայն համաձայնություն ունեն գիտության դերի և կարևորության շուրջ, բայց սա սահմանափակվում է զուտ խոսքերով։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք՝ ժամանակի ընթացքում հասարակության լայն շերտերն արդեն այնքան են հեռացել գիտության և գիտնականի արժեքն ամբողջությամբ գնահատելու մտքից, որ գիտությունը հասարակությանը մոտեցնելու կարիք է ստեղծվում։
Անշուշտ, ձեզանից շատերը կհակադարձեն և կասեն, որ գիտությունն ամենուր է՝ մեր առօրյայում և կյանքի բոլոր բնագավառներում։ Սա հերքել չի լինի, բայց համաձայնեք, որ մեր օրերում կարծես «հատուկ առիթ» է պետք, որպեսզի մարդիկ խոսեն գիտական արդյունքի կամ էլ գիտնականներին հուզող թեմաների մասին։
Խնդիրն ավելի է բարդանում, երբ խոսքը գնում է ապագա գիտնականների մասին։ Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ երեխաներին խորհուրդ տան լավ կյանքի ու լավ ապագայի համար գիտնական դառնալ։ Այսքան իրավաբան ու հոգեբան ունեցող պետությանը, որը նաև անվտանգային ու տնտեսական լուրջ մարտահրավերներ ունի, վստահաբար, չէր խանգարի նույնքան գիտնական ունենալը։
Հիմա կմտածեք, թե ինչո՞ւ հանկարծ որոշեցինք գիտության մասին խոսել։ Սա ևս ցավալի տաբու է. Գիտության մասին խոսում են՝ միայն երբ առիթ է լինում։
Դե լավ, առիթ իսկապես կա։ Մեկի փոխարեն՝ միանգամից մի քանիսը։ Այս օրերին ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի շուրջ թեժ քննարկումներ են ծավալվում։ Դրան զուգահեռ՝ ընդամենը մի քանի օրից Հայաստանում առաջին անգամ Գիտության համազգային շաբաթ է անցկացվելու։
ԳԻՏԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Այս ամենի ֆոնին հետաքրքիր է, թե ինչպես և ինչ ձևաչափերով են հանրայնացնում գիտությունն այլ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում կամ էլ Կանադայում։ Հետազոտությունը ցույց տվեց, որ գիտությունը հանրահռչակող ձևաչափերն աշխարհի համար նորություն չեն։ Ցավոք, այս անգամ չենք կարող պարծենալ ու ասել, որ այստեղ էլ առաջինն էինք։
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
Գիտատեխնոլոգիական փառատոների, դպրոցներին և համալսարաններին ներգրավելու, գիտահետազոտական կենտրոնների հետ գործակցելու բազմաթիվ ձևաչափեր են գործում։ Հետաքրքիրն այն է, որ սա չի սահմանափակվում, օրինակ, զարգացած Արևմուտքով։ Գիտատեխնոլոգիական օրակարգին տարբեր փառատոների և նախագծերի միջոցով կարևորություն են տալիս Ավստրալիան, Հնդկաստանը, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Նորվեգիան, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կանադան, Բելառուսը, Ֆիլիպինները և այլ երկրներ։ Մի քանի օրինակով առավել մանրամասն հասկանանք, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։
ԱՎՍՏՐԱԼԻԱ
Ավստրալիայում գիտությանն ամեն տարի առնվազն մեկ շաբաթ նվիրում են դեռ 1997 թվականից։ Որպեսզի ավելի հստակ պատկերացնեք՝ արդեն 27 տարի գիտության հանրահռչակումն այս երկրի օրակարգում հստակ, չափելի և իրագործելի մեխանիզմներ ունի։ Այս ծրագրի շրջանակում երեք հիմնական թիրախ ունեն՝ ներկայացնել և գնահատել ավստրալացի գիտնականների ներդրումը համաշխարհային գիտության մեջ, խրախուսել հանրության շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության աճը և ավելացնել երիտասարդների՝ գիտությամբ զբաղվելու ձգտումը։
Դե իսկ մասշտաբները հասկանալու համար կարելի է ասել, որ առաջին տարում՝ 1997 թվականին, փառատոնը մոտ 200 միջոցառումից է բաղկացած եղել։ Այսօր արդեն հազարից ավելի ապակենտրոն միջոցառումները յուրաքանչյուր շրջանում իրենց համակարգող կոմիտեներն ու մանրամասն պլանավորված օրակարգն ունեն։
Որպեսզի չմտացեք, թե թեմաները սահմանափակվում են մաթեմատիկայով կամ քիմիայով, շեշտենք, որ այս միջոցառումների շրջանակում մասնակիցներն առնչվում են գյուղատնտեսությունից մինչև հանքարդյունաբերություն, հնագիտություն, բժշկություն և աստղագիտություն ներառող թեմաների։ Ի դեպ, ամեն տարի միջոցառումն ունի այդ տարվան նվիրված թեմա։ Օրինակ 2023-ի թեման հետևյալն էր. «Նորարարություն. Հզորացնել ապագայի արդյունաբերությունները»։ Թեման ներառում էր նորարարության՝ հատկապես արհեստական բանականության ազդեցությունը բոլոր ոլորտների վրա։ Սա ևս կարևոր շեշտադրում է, որովհետև գիտությունն ու տեխնոլոգիաները քայլում են համընթաց, հետևաբար նորարարական միտքը և տեխնոլոգիական զարգացումն այսպես թե այնպես զուգակցված են նաև գիտությանը։
Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք, թվարկենք նախորդ տարիների թեմատիկ անվանումերից մի քանիսը ևս։ 2021-ի թեման սնունդն էր, 2020-ինը՝ օվկիանոսների ապագան, 2019-ին էլ օրակարգի առանցքում Լուսինն էր՝ որքան շատ առաքելություններ, այնքան շատ գիտություն։
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Միացյալ Թագավորությունում գիտատեխնոլոգիական մեկշաբաթյա տոնը տարածվում է բառացիորեն ամեն տեղ՝ թանգարաններ, դպրոցներ ու համալսարաններ, առևտրի և բիզնես կենտրոններ, գրադարաններ և թատրոններ։ Այստեղ ևս տարին իր թեմատիկան է ունենում։ Օրինակ՝ աճ, ճամփորդություններ, հետազոտություն և բացահայտում, նորարարություն հանուն ապագայի և այլն։
Որպեսզի պատկերացնեք՝ այս միջոցառումները գրավում են նույնիսկ մանկապարտեզի երեխաներին։ Մի պահ պատկերացրեք. Երեխաները դեռ մանկապարտեզում ծանոթանում են գիտության և տեխնոլոգիաների անսահման հնարավորություններով աշխարհին ու դերասան կամ երգիչ դառնալու երազանքը միանգամից վերափոխվում է՝ տիեզերագնաց կամ ֆիզիկոս դառնալու ձգտման։
Սպագետիից և մարշմելոյից շենք կառուցելու մրցույթից մինչև սեփական ինքնաթիռի մոդելավորում, ջերմոցի պատրաստում, քամոտ կամ անձրևոտ եղանակների համար ապաստարանի պատրաստում, բույսերի և երաժշտության միջև կապ և շատ ավելին։ Բրիտանացիները երեխաներին ցույց են տալիս, որ գիտությունն ամենևին էլ անհասանելի երևույթ չէ, ամենուր մեզ շրջապատում է, իսկ իրենք կարող են կյանքն ու աշխարհը բառացիորեն ավելի լավը դարձնել՝ եթե որոշեն մուտք գործել այդ աշխարհ։ Հենց այսպես էլ ծնվում են ապագա «բրիտանացի գիտնականները», որոնց հետագայում ցիտելու է ամբողջ աշխարհը։
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Հնդկաստանում Գիտության ազգային օր կա։ Երևի միայն այս փաստարկն էլ բավական է՝ հասկանալու համար, թե ինչ մասշտաբի և կարևորության դաշտում է գիտական օրակարգն այդ երկրում։ Գիտության ազգային օրը փետրվարի 28-ին է՝ ի պատիվ հնդիկ ֆիզիկոս Վ. Ռամանի։
Գիտությունը բոլորի համար հասանելի ու գրավիչ դարձնելու համար գիտակրթական ու մշակութային հաստատություններում կազմակերպվում են STEM խաղեր ու մրցույթներ, հանրամատչելի դասախոսություններ ու բանավեճեր, խարույկի շուրջ զրույցներ, ինտերակտիվ հանդիպումներ գիտնականների և հետազոտողների հետ՝ ամբողջ աշխարհից, գիտական և արվեստի ինտերակտիվ ցուցադրություններ, ֆիլմեր, գրքեր, ներկայացումներ և այլն:
Սա էլ բավական չէ՝ Հնդկաստանում կազմակերպվում է նաև Գիտության փառատոն ամեն տարվա հունվար ամսին։ Փառատոնը գիտության եւ տեխնոլոգիաների առաջխաղացման հիմնադրամի ամենամյա միջոցառումն է։ Փառատոնը երիտասարդներին և, առհասարակ, լայն հանրությանը կապում է գիտնականների, ճարտարագետների, առողջապահության ոլորտի մասնագետների, բիզնես առաջնորդների, նորարարների, ստեղծագործ մասնագետների հետ՝ խթանելու գիտության հանրային ընկալումներն ու ներգրավվածությունը և համախմբելու գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերակատարներին՝ քննարկումների և գործակցության շուրջ:
ՆՈՐՎԵԳԻԱ
Գնանք Սկանդինավյան երկրներ։ Նորվեգիայի Գիտահետազոտական խորհուրդը Գիտության առաջին շաբաթը նախաձեռնել է 1995 թվականին, որից հետո փառատոնը դարձավ գիտահետազոտական գործունեության մասին հրապարակային, նպատակաուղղված տեղեկատվության ազգային ասպարեզ՝ միջոցառումներ անցկացնելով երկրի տարբեր վայրերում:
Ամեն տարի փառատոնն առաջարկում է շուրջ 450 միջոցառում, որոնք կազմակերպվում են տեղական մակարդակով՝ երկրի 160 քաղաքներում և գյուղերում: Պատկերացրեք՝ ամբողջ երկիրը՝ ամենահեռու գյուղից մինչև մայրաքաղաք՝ գիտատեխնոլոգիական առօրյայով է ապրում։ Այս միջոցառումն իսկապես նշանակալի է չափերով, աշխարհագրական տարածվածությամբ և գիտական տիրույթով։ Իսկ հաշվի առնելով Նորվեգիայի 5.4 միլիոնանոց բնակչությունը` սա հատկապես մասշտաբային իրադարձություն է:
Ենթադրաբար, դուք էլ հիմա կարդում եք ու «բարի» նախանձով լցվում այս երկրների բնակչության հանդեպ։ Ի՞նչ կլիներ, եթե տարվա մեջ գոնե մի քանի օր մենք էլ կարևորեինք գիտատեխնոլոգիական օրակարգը, ծանոթանայինք մեր երկրի ունեցած ներուժին, իսկ մեր երեխաներին ծանոթացնեինք այն բոլոր գերհետաքրքիր մասնագիտական հնարավորություններին, որ կարող են բացվել ապագա գիտնականների առջև։
ՀԱՅԱՍՏԱՆ
Այս կարևոր թեման լավ նոտայով ենք ավարտելու։ Հայաստանում առաջին անգամ այս ձևաչափով հոկտեմբերի 1-6-ը կայանալու է Գիտության Համազգային Շաբաթը։ Ապակենտրոնացված միջոցառումներն անցկացվելու են Հայաստանի բոլոր մարզերում, իսկ գիտատեխնոլոգիական փառատոնի հասցեն Ազատության հրապարակն է։ Փառատոնը երեք թեմատիկ մաս ունի՝ բոլոր թիրախային խմբերի համար։ Հոկտեմբերի 1-2-ը՝ գիտությունն ամենուրեք է, հոկտեմբերի 3-4-ը՝ մասնագիտական կողմնորոշում, հոկտեմբերի 5-6-ը՝ գիտական ֆանտաստիկա։
Դե ինչ, աշխարհը գիտական հայտնագործություններով փրկելու մեծ երազանքով և սպասումով հոկտեմբերի առաջին շաբաթն անցկացնենք գիտատեխնոլոգիական տրամադրությամբ, որովհետև, նախ՝ ինչո՞վ ենք պակաս մյուս երկրներից, և երկրորդ՝ գուցե ապագա գիտնական-փրկիչները հենց մե՜ր կողքին են ապրում։