#իվենթաPAN
August 8

Դոլարի կանաչը, կեղծ փողերն ու հայերի հպարտությունը. Հայ գիտնականից փորձում են «խլել» չկեղծվող թանաքի գյուտը

Օլիմպիական խաղերին մեր հայրենակիցների հաջողություններից ու մեդալներից հետո սոցցանցերում մարդկանց արձագանքը հերթական անգամ հիշեցնում է, որ հայերը միջազգային մակարդակով հայրենակիցների հաջողությամբ ուրախացող, հաղթանակը նաև իրենցը համարող և հատկապես օտարազգիներին այդ մասին ամեն քայլափոխի պատմող մարդիկ են։ Իհարկե, կրկնակի հաճելի կլիներ, եթե նույն տրամաբանությունն աշխատեր նաև երկրի ներսում, բայց ոչ ոք և ոչինչ անթերի չէ։

Այս նախաբանը և Օլիմպիական խաղերը մեզ հիշեցրին, թե որքան շատ ենք մենք՝ հայերս, հպարտանում նախորդ դարերում համաշխարհային նշանակություն ունեցող գյուտերի հայ հեղինակներով։ Գունավոր հեռուստացույցի գյուտից մինչև ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծում, բանկոմատի ստեղծումից մինչև հաշմանդամների սայլակի գյուտ։ Այս ցանկում հատկապես հաճախ ենք հիշում դոլարի կանաչ գույնի գյուտի հեղինակին՝ Խաչատուր Սերոբյանին։

Վերջերս ուկրաինական արմատներով բելառուս գրող Թիմ Սկորենկոն հայ գյուտարարների մասին գիրք է հրատարակել և այնտեղ պատմում է դոլարի կանաչ գույնի մասին առեղծվածներով և մութ կետերով լի մի պատմություն։ Այս պատմությունը որոշ առանցքային կետերով հակասում է գյուտի և Սերոբյանի ներդրման մասին մեզ ծանոթ պատմությանը։ Նախ` վերհիշենք, թե ինչ գիտենք մենք, իսկ հետո անդրադառնանք գրքում առաջ քաշված թեզերին ու հասկանանք, թե որտեղից են դրանք վերցված:

ՄԵԶ ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Խաչատուր Սերոբյանը ծնվել է 1825 թվականին Կոստանդնուպոլիսում։ Միացյալ Նահանգներում նա հայտնի է որպես Քրիստափոր Տեր-Սերոբյան։ Սերոբյանի ճանապարհը ԱՄՆ-ում սկսվել է 1842 թվականին, երբ մեկնել է Նահանգներ՝ կրթություն ստանալու։ Մեծ ներուժով և տաղանդով երիտասարդն ընդունվել է Եյլի համալսարան, ուսանել է քիմիա, աստվածաբանություն և բժշկություն։

Հայալեզու աղբյուրներում փաստագրված տեղեկատվության համաձայն Սերոբյանը համալսարան ընդունվելուց մեկ տարի անց՝ 1843 թվականին արդեն իսկ հաջողություններ է գրանցել։ Քիմիական բազմաթիվ փորձարկումների արդյունքում կարողացել է ստանալ ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել։

Բայց ինչ-ինչ պատճառներով գիտնականն իր գյուտը կարողացել է արտոնագրել շուրջ տասը տարի հետո՝ 1854 թվականին։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ամողջ տեղեկատվությունը մինչև օրս խիստ գաղտնի է պահվում։

Մեկ այլ հետաքրքիր դրվագ. Կա տեղեկություն, որ դոլարի ներկագույների գյուտի համար գիտնականն արժանացել է շքանշանի, ինչպես նաև իր հեղինակած ներկերով տպված՝  նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի։ Այդ գումարով Սերոբյանը շարունակել է ուսումը Յեյլի համալսարանում, ստացել դեղագործի մասնագիտություն։

1860 թվականին Սերոբյանը վերադարձել է Կոստանդնուպոլից, եղել է արքունի բժիշկ, պաշտոնավարել է օսմանյան դրամահատարանում։ Գիտնականին պարգևատրել են  Մեջիդիե շքանշանով։ Եթե ամփոփ՝ սա ամբողջ պատմությունն է, որ այս թեմայով սովորաբար ներկայացնում ենք մեր օտարազգի ընկերներին կամ զբոսաշրջիկ հյուրերին գյուտի մասին պատմելիս։

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1861 թվականին ԱՄՆ ղեկավարությունը ֆինանսական միջոցների կարիք ուներ՝ քաղաքացիական պատերազմի դեմ պայքարելու համար: Գումար հայթայթելու հարկային լիազորությունները խիստ սահմանափակ էին, փոխարենը որոշվեց տպել թղթային արժույթ: Մինչ այս բանկերն արդեն սկսել էին տպել իրենց սեփական թղթային արժույթը՝ տարբեր չափերի և ձևերի։ Հասկանալի է, որ պետությունը ցանկանում էր, որ թղթադրամը լինի միատեսակ և վստահելի, ի տարբերություն գոյություն ունեցող թղթադրամների խայտաբղետ հավաքածուներին։

19-րդ դարի սկզբից մինչև 19-րդ դարի կեսերի թղթադրամները հիմնականում տպագրվում էին սև թանաքով։ Այդ ժամանակ թղթադրամը հաջողությամբ կեղծելու համար մարդուց պահանջվում էր մեծ տաղանդ և ցածր էթիկա։ Ամեն ինչ փոխվեց լուսանկարչական տպագրության գյուտը։ Ցածր արժեքները չէին փոխվում, բայց եծ տաղանդի կարիք այլևս չկար,  կեղծարարները կարող էին բավականին հեշտությամբ վերարտադրել թղթադրամը։

Իր գրքում Թիմ Սկորենկոն տարբեր աղբյուրների հղում անելով պնդում է, որ Սերոբյանի գյուտն իսկապես նպաստել է պաշտպանել թղթադրամենրը պատճենումից, բայց այդ գյուտը կանաչ գույնի հետ այնքան էլ կապ չունի։ Սկսենք սկզբից։

Նախ, հեղինակն առաջարկում է ուշադրություն դարձնել տարեթվերին։ Նրա պնդմամբ 1850-ականների առաջին կեսին ԱՄՆ ղեկավարությունը սկզբունքորեն նպատակադրված չէր թղթադրամներ տպել, հետևաբար հավանականությունը, որ իրենք Սերոբյանի հետ համագործակցել են՝ փոքր է։ Մյուս կողմից, Սերոբյանը 1860 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, հետևաբար դրանից հետո ևս համագործակցությունը քիչ հավանական է։ Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որը հեղինակը կարծես բաց է թողնում։ Որևէ տեղ նշված չէ, որ ի սկզբանե գիտնականը պետության հետ համագործակցությամբ է սկսել իր աշխատանքները։

Ինչպես ասացինք, ԱՄՆ-ում բանկերի թղթադրամները մինչև 1861 թվականը տպագրվում էին բացառապես սև գույնով, ինչը մեծ հնարավորություններ էր բացում կեղծարարների համար։ Պետությունը ամեն կերպ փորձում էր խուսափել այս սցենարից։ Արդյունքում պայմանագիր են կնքում երկու մասնավոր ընկերությունների հետ, American Bank Note Company և National Bank Note Company։ Դրանցից առաջինը 5 և 10 դոլարներն էր տպում, երկրորդը՝ 20 դոլարը։

Այստեղ ամեն բան հետաքրքրանում է։ Գրքի հեղինակն ուշադրությունը հրավիրում է թղթադրամի վրա մանր տառերով գրված մեկ տողին՝ «Արտոնագրված է 1857 թվականի հուլիսի 30-ին»։ Այս մակագրությունը գրված է կանաչ թանաքով, առկա է բոլոր թղթադրամների վրա։  Ի՞նչ է այս առեղծվածային արտոնագիրը, որը ստացվել է դեպքերից մի քանի տարի առաջ, երբ ոչ ոք դեռ չէր ծրագրում թղթադրամներ տպել։

Արտոնագրի ուսումնասիրությունը մի քանի հետաքրքիր բան է պարզել։ Նախ, խոսքը ոչ թե ամերիկյան, այլ կանադական արտոնագրի մասին է։ Երկրորդ, այն տրվել է ոմն Ջորջ Մեթյուզին՝ կանաչ թանաքի քիմիական բաղադրության համար, որը կոչվում է Canada Bank Note Tint: Այսինքն՝ բառացիորեն սա կանադական թղթադրամ տպելու համար նախատեսված թանաք է։ Մեկ այլ տարօրինակ բան էլ կա։ Արտոնագրում գյուտի հեղինակը ոչ թե Մեթյուսն է, այլ պրոֆեսոր Թոմաս Սթերրի Հանթը։ Այս անունները հիմա ձեզ ոչինչ չեն ասի, ու երևի փորձում եք հասկանալ, թե այս պատմության մեջ որտե՞ղ մնաց Խաչատուր Սերոբյանը։

Ահա թե ինչպես է իր հետազոտությունների արդյունքը բացատրում հեղինակը։ 1825-1867 թվականներին Կանադան դժվար անցում կատարեց բրիտանական ֆունտից դեպի կանադական դոլար։ Ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում ևս կեղծարարները հսկայական շահույթ էին ստանում՝ պարզ եղանակով պատրաստվող թղթադրամները կեղծելով։ Ընդամենը անհրաժեշտ էր տպագրական սովորական թուղթ և սև թանակ։ Զեղծարարություններից խուսափելու համար Մոնրեալի քաղաքային բանկը 1857 թվականին ամերիկացի հայտնի քիմիկոս Թոմաս Սթերրի Հանթին պատվիրում է մշակել ներկ, որն իր հատկությունների շնորհիվ կնվազեցնի կեղծման հավանականությունը։ Արդյունքում քիմիկոսը ստացավ կանաչ ներկ, որն անվանեց Canada Bank Note Tint:

Հանթի բրիտանացի չէր և չէր կարող արտոնագրել գյուտը Կանադայում, դրա համար էլ այն ներկայացրել են գիտնականի կանադացի ընկեր և գործընկեր Ջորջ Մեթյուսի անունով։ Հետագայում հոնորարը փոխանցել են Հանթին։ Երբ թվում էր, թե լուծումը գտնված է, պարզվում է, որ Հանթի ստեղծած ներկն այնքան էլ իդեալական չէ։ Կանաչ երանգը հնարավոր էր առանց հետքի հեռացնել ծծմբաթթվի մեջ եռացնելով և չվնասելով մնացած հատվածները։ Այսինքն՝ մեծ հաշվով խնդիրը լուծված չէր։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչպես է ստացվում, որ անգամ այս փաստն արձանագրելուց հետո ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված էր Հանթի գյուտով և ինչու է 1861 թվականին օգտագործում այն սեփական թղթադրամների համար։

Եվ վերջապես, ո՞ւր է այս պատմության մեջ հայ գիտնականը։ Ինչո՞ւ է պատմության մեջ գիտնականի գյուտը կապվում հենց 1854 թվականի հետ։ Գրքի հեղինակն այս հարցի պատասխանը գտնում է Նաիրա Գասպարյանի հոդվածում, որը հրապարակվել է Armenian Folia Anglistika գիտական ​​ամսագրում։ 1854 թվականին Խաչատուր Սերոբյանը դարձել է պատմության մեջ առաջին հայը, որ ԱՄՆ արտոնագիր ստանալու հայտադիմում է ներկայացրել։ 1856 թվականին Սերոբյանը ստացել է US14069A արտոնագիրը, մեկ տարի անց երկրորդը՝ US17473A արտոնագիրը։ Երկուսն էլ նույն թեմայով` ներկի նոր երանգի համար, որը թղթադրամները պաշտպանում է կեղծումից։

Համադրելով մեր ունեցած տեղեկության հետ կարելի է տրամաբանական շղթա գտնել։ Գիտնականը դեռ տասը տարի առաջ էր գյուտը հեղինակել, բայց քանի որ ԱՄՆ քաղաքացի չթր՝ արտոնագրեր ստանալու հարցում կարող էր խնդիրներ ունենալ։ Գրքի հեղինակը չի գտել նաև փաստական ապացույց, ըստ որի Սերոբյանը պետության կողմից 6 հազար դոլար է ստացել, որն այսօր համարժեք է շուրջ 200 հազար դոլարի։

Ի վերջո, եթե հայ գիտնականի անունով այս գյուտն արձանագրված է, ապա ինչո՞ւմ է հեղինակի խնդիրը։ Պարզվում է, որ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ արտոնագրում կանաչ ներկի մասին խոսք չկա։ Գյուտարարն առաջարկել էր օգտագործել indիgo, այսինքն մուգ մանուշակագույն երանգ։

Եթե հիշում եք, սկզբնական փուլում խնդիրն այն էր, որ թանաքը սև էր և կեղծելը հեշտ էր։ Հետո բազմերանգ թղթադրամի դեպքում ևս զեղծարարները գտան լուծումը՝ շերտ առ շերտ գույներն առանձնացնելու միջոցով։ Այս խնդրի լուծումն էլ այն էր, որ ստեղծվեր դիմացկուն ներկ, որը առանց վնասելու թղթից առանձնացնելն անհնար կլիներ։ Ըստ վարկածի, հայ գիտնականը խնդրին հակառակ կողմից է մոտեցել։

Նա առաջարկել է թուղթը նախապես ներկել ֆոնային յուղաներկով, ապա դրա վրա տպել տեքստ և պատկերներ՝ այլ գույնով, մասնավորապես մուգ մանուշակագույնով։ Այս երկրորդ ներկը պետք է կլաներ կամ արտացոլեր լույսը նույն ինտենսիվությամբ, ինչ ֆոնը: Սա անհնար կդարձներ թղթադրամների պատճենումը, որովհետև սև և սպիտակ լուսանկարներում  և՛ թուղթը, և՛ տեքստը հավասարապես մոխրագույն էին թվում:


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


Գիտնականը նաև առաջարկել էր թղթի բազային գունավորումը հնարավորինս դիմացկուն դարձնել, իսկ պատկերների տպագրության թանակը՝ հեշտությամբ լվացվող, այդ դեպքում էլ բացառելով ցանկացած քիմիական ազդեցության դեպքում թղթադրամի պատճենումը։ Տեղական բանկերը միանգամայն օգտվեցին այս գյուտից, բայց թե ամերիկյան Bank Note Company-ն որքանով է կիրառել գիտնականի գյուտը, հեղինակը կարող է միայն ենթարել։ Տեղեկատվություն այս մասով չի պահպանվել։

Ամեն դեպքում, հեղինակը կարծում է, որ եթե 6 հազար դոլար ստանալու տեղեկատվությունը հավաստի է, ապա շատ հավանական է  Bank Note Company-ի նման խոշոր ընկերությունը կարող էր գնել գիտնականի արտոնագրերը։ Ավելին, նրա գյուտը կարող էր զուգակցվել Կանադայում ամերիկացի գիտնականի գյուտի հետ, ինչի արդյունքում դոլարն իսկապես պաշտպանված կլիներ։

Առեղծվածային այս պատմության մեջ բազմաթիվ մութ կետեր են մնում և բարդ է հստակ պատկերացում կազմելը։ Ամեն դեպքում հստակ է մի բան՝ ցանկացած մեկնաբանության և վարկածի դեպքում էլ հայ գիտնականի ավանդը, հայտնաբերած գյուտը և դրա կարևորությունը ոչ ոք հարցականի տակ չի դնում։ Խաչատուր Սերոբյանն առաջին հայն էր, որ ամերիկյան գյուտի արտոնագիր ստացավ։ Նաև առաջինն էր, որ թղթադրամները զեղծարարությունից պաշտպանելու հիմնավոր լուծում գտավ։


✍️ Նանե Մանուկյան / PAN