April 30

«Բոստանչի» հայրը, որբանոցից փախուստն ու մոր պաշտամունքը. Շիրակցի Շիրազը՝ Հովհաննես «Առյուծաբերանը»

Որբանոցից փախած տղայի կյանքը զարգանում էր հարազատ Գյումրիի փողոցներում, բայց ջուր վաճառող տղան ճակատագրով պոետ էր. Նա դառնալու էր իր ժողովրդի ամենասիրելի քնարերգուն, ազգային մտքի մարմնավորումը։

Հովհաննես Շիրազը՝ Օնիկ Կարապետյանը, ծնվել է Գյումրիում։ Նրա հայրը՝ Թադևոսը, հողագործ էր, ում գյումրեցիներն անվանում էին «բոստանչի»։ Ախուրյանի ափին փոքրիկ հողակտոր ուներ, որտեղ բանջարանոց էր պահում։ Մայրը՝ Աստղիկը, զբաղվում էր ասեղնագործությամբ։ Հովհաննեսը ծնողների միակ որդին էր, ուներ երկու քույր՝ Գոհարը և Մարիամը։

«Կգար հայրս Շիրակի հովերի հետ իրիկվա. Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես, Կգար հայրս, կհիշեմ երազի պես երեկվա, Կարծես աշխարհն էր մտնում մեր խրճիթի դռնով ներս...»

Բայց ճակատագիրը դաժան էր Օնիկի հանդեպ։ Հինգ տարեկան հասակում նա կորցրեց հորը, ով սպանվեց թուրքական արշավանքի ժամանակ՝ հենց իր խրճիթի շեմին։ Մայրը, աշխատանք չունենալով և չկարողանալով կերակրել երեխաներին, ստիպված էր որդուն տանել որբանոց։

Շիրազը հետագայում այսպես էր պատմում այդ օրերի մասին.

«Որբանոցից շատերն էին փախչում։ Մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։

Սա զուտ գեղարվեստական բնորոշում չէր։ Որբանոցի դաժան պայմաններն իսկապես ստիպեցին փոքրիկ Օնիկին փախչել այնտեղից։ Նա հայտնվեց փողոցում ու դարձավ Գյումրիի անապաստան երեխաներից մեկը։ Փողոցներում թափառում էր ու կանչում՝ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր», և փորձում էր գոյատևել, թեև, ինչպես ինքն էր խոստովանում, փորձերը մեծամասամբ անհաջող ու ձախողված էին։

«Մեկից մի սոխ, մեկից մի հաց գողանում, Գնում էինք, Արփաչայը լողանում․․․ Սոված, ծարավ, բոկոտն ընկնում սար ու ձոր, Շրջում էինք անգիտությամբ բախտավոր։»

Բայց հենց այդ ձախորդ օրերի մեջ տեղի ունեցավ մի հրաշք, որը Շիրազն անվանեց «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Մի օր, երբ սովահար տղան փողոցով քայլում էր, տեսավ մի կնոջ՝ ձեռքին սև հացի բոքոն։ Քաղցած Օնիկը փորձեց հափշտակել հացը, սակայն կինը բռնեց նրան և... սեղմեց կրծքին։ Ճակատագրի ամենաանսպասելի հեգնանքով այդ կինը նրա մայրն էր՝ Աստղիկը, որը երկար որոնումներից հետո վերջապես գտել էր կորած որդուն։

Մայրը, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տարել որդուն։ Հին ու կիսափուլ խրճիթում հայտնվելն Օնիկը համարում էր իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը։ Այդ հանդիպումը Շիրազը հետագայում անմահացրել է իր ստեղծագործություններում։

Այսպիսով՝ արհեստներով հարուստ Գյումրիում Շիրազը փորձեց բազմաթիվ ճանապարհներ։ Նա դարձավ կոշկակարի աշակերտ, ապա զբաղվեց այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք չբավարարեց նրա անհանգիստ հոգին։ Դպրոցում նա առանձնապես փայլուն աշակերտ չէր։ Հատկապես թույլ էր մաթեմատիկայից, բայց փայլում էր հայոց լեզվի և նկարչության ժամերին։

Հաճախ նրան հեռացնում էին դպրոցից՝ վատ պահվածքի համար։ Դե իսկ նրա անկանխատեսելի արարքների մասին պատմությունները դարձել են տեղական առասպելներ. մի անգամ նա շուն է բերել դասարան, մեկ այլ առիթով, նկարչության ուսուցչուհու խորհրդին «հետևելով», բնօրինակից նկարելու համար էշ է քարշ տվել դպրոց։

Բայց այս «խենթ» տղան զարմացնում էր բոլորին իր անսովոր տաղանդով։ Նա խոսում էր հանգերով, պատմություններ էր հորինում, որոնցով հրապուրում էր դասընկերներին։ Կավից արձանիկներ էր պատրաստում, որոնցով մի անգամ նույնիսկ «կաշառել էր» որբանոցի դռնապահին՝ փախչելու համար։

Շիրազը գրում էր փոքրուց, ավելի ուշ ևս ոչ մի արվեստ և արհեստ չէին ընդհատում նրա մտքի թռիչքն ու հուզական գրիչը։ Իր բանաստեղծական փորձերը Շիրազը ներկայացնում է Գյումրիում իր գրական մայրամուտն ապրող գրող Ատրպետին։ Նա դառնում է երիտասարդ Շիրազի առաջին քննադատն ու խորհրդատուն, և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է յուրահատուկ տաղանդով։

Հենց Ատրպետն էլ նրան առաջարկել է վերցնել Շիրազ մականունը.

«Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ ու ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն»։

Այստեղ նկատի է առնվում Իրանի Շիրազ քաղաքը, որը հայտնի է իր գեղեցիկ վարդերով և հարուստ պոետական ավանդույթներով։

Բայց «Շիրազ» մականվան ընտրությունն այդքան էլ միանշանակ չէ։ Շիրազն ինքը հետագայում բացատրում էր իր անվան ծագումը այլ կերպ։ Մի տարբերակով՝ Շիր-ազն նշանակում է «Շիրակի որդի»։ Մեկ այլ մեկնաբանությամբ՝ «Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան»։

«Ահա իմ անվան ծագումը. Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան», - կատակում էր բանաստեղծը։

1930 թվականին երիտասարդ Շիրազի բանաստեղծությունները տպագրվեցին տեքստիլ գործարանի թերթում, որտեղ նա աշխատում էր որպես ջուլհակ։ Երկու տարի անց՝ դպրոցն ավարտելուց հետո, նա ընդունվեց Գյումրու տեքստիլ գործարան՝ սկզբում որպես կտավագործի աշակերտ, ապա՝ ենթավարպետ։ 1933 թվականին նա փորձեց իրեն ուսուցչի դերում՝ դասավանդելով Հաջինազար գյուղում։

Բայց իսկական ճանաչումը եկավ 1935 թվականին, երբ լույս տեսավ նրա առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով։ Նույն տարում հրատարակվեց նաև «Սիամանթո և Խջեզարե» պոեմը։ Այդ ժամանակ նա արդեն ընդունվել էր Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտեց 1949 թվականին։ Շիրազի առաջին գրքերը միանգամից հիացմունք առաջացրին։ Անհամար ընթերցողներ սիրահարվեցին նրա պոեզիային։ Հրապարակումները ձեռքից ձեռք էին անցնում, իսկ գրքերը շատերի համար դարձան իսկական մասունքներ։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունը բազմաժանր է։ Նա հեղինակել է շուրջ քառասուն գիրք, որոնց մեջ կան բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ։ Շիրազի հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը, հարստացված ժողովրդական ու բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին հայ գրականության լավագույն նմուշներից։

1958 թվականին Շիրազը հրատարակեց «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները լույս տեսան համապատասխանաբար 1965 և 1974 թվականներին։ Այս ժողովածուները ներառում են բանաստեղծի պոեզիայի լավագույն նմուշները։

Շիրազի ստեղծագործական ժառանգության թագն, անկասկած, «Հայոց Դանթեական» պոեմն է, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը՝ թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում։ Այս գլուխգործոցի առաջին տարբերակը գրվել է 1941 թվականին, սակայն բանաստեղծի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ են հրատարակվել Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ՝ Բեյրութում և Թեհրանում։ Միայն 1990 թվականին, Շիրազի մահից հետո, պոեմն ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում։

Շիրազի պոեզիայում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայրենիքի և մոր կերպարները։ Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի կորստի թեման բանաստեղծի համար «ցավոտ թեմա» էր, որին նա անդրադարձել է բազմիցս։ Արարատ լեռը նրա ստեղծագործություններում դառնում է առանձնահատուկ խորհրդանիշ։ Ժամանակակիցները հիշում են նրա սիրելի արտահայտությունը.

«Բոլոր ազգերը թող հասնեն լուսնին, միայն թէ ՀԱՅը հասնի Արարատն ու Մասիս»։

Դե իսկ մոր նկատմամբ Շիրազի սերն անսահման էր։ Նա իր «Հուշարձան մայրիկիս» գիրքը ձոնեց հենց նրան՝ կնոջը, ով հրաշքով կրկին գտավ իրեն։ Այդ գրքի ազդեցությունն այնքան մեծ էր, որ մի անգամ Շիրազին մոտեցած մի ծեր կին պատմել է, որ իր որդին հինգ տարի իրեն ծերանոցում պահելուց հետո կարդացել է բանաստեղծի գիրքը և մորը վերադարձրել է տուն։

«Մայրս փոքրիկ, մայրս խեղճ, Մայրս մի մայր հասարակ, Մայրս` մի բուռ սրտիս մեջ` Գիշեր ու զօր արեգակ:»

Շիրազը հայտնի էր նաև գյումրեցուն հատուկ սուր հումորով և սրամտությամբ։ Բազմաթիվ պատմություններ փաստում են այս պնդումը։ Մի անգամ օրինակ, Շիրազը զբոսնում էր որդու՝ Սիփանի հետ և հանկարծ հանդիպում է մի խումբ հայ երիտասարդների, ովքեր արևածաղիկ էին ուտում և ռուսերեն էին խոսում։ Այն ժամանակ ռուսերեն խոսելը շատ մոդայիկ էր։ Երբ մոտենում են, Շիրազն իր որդուն հանկարծ ապտակում է ու ասում.

«Տո կեղտո՛տ արարած, դեղնակտո՛ւց դավաճան, ինչո՞ւ հայերեն չես խոսի։»

Երիտասարդները զարմացած կանգ են առնում, իսկ Շիրազը շարունակում է բարկանալ որդու վրա։ Երբ անծանոթները հեռանում են, բանաստեղծը գրկում է տղային, սրբում նրա արցունքները և ասում.

«Ներիր, բալիկ ջան, էդ հո քեզի չէի զարկե, էնոնց կզարկեի, էնպես բարձր-բարձր կըսեի, որ հասկանան, աչքները բացվի... ամաչեն, հայերեն խոսեն...»

Ըստ որդու՝ Սիփանի հուշերի, մի անգամ տան վերանորոգման համար գերմանական սալիկներ էին բերել։ Բանաստեղծը, տեսնելով դրանք, զայրացած փողոց է նետում։ Երբ ընտանիքի անդամները հանդիմանում են նրան թանկարժեք իրերը փչացնելու համար, նա պատասխանում է.

«Գերմանական է, հենց էդոր համար կթափեմ... Ի՞նչ, թողնեմ, որ Հիտլերն ու մյուսները պատերի միջից ու հատակից ինձի աշեն, հանգիստ չտան։ Քառասուն միլիոն պատերազմի զոհերը ինձ՝ բանաստեղծիս անիծե՞ն։ Չէ, ես իմ հայկականը կուզեմ։»

Շիրազի պոեզիայում ևս սատիրան կարևոր տեղ ունի։ Օրինակ, նրա «Հայոց անունները» պոեմում բանաստեղծը ծաղրում է օտարամոլությունը.

«Մարդ չգիտի խնդա՞, թե լա.
Մի՞թե չկար, որ չեն դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել են Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ է նա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել.
Մեծ աղջկան՝ Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա...»

Համո Սահյանն էլ հումորով պատասխանել է.

«Օտար անունն առել վրան՝ ծաղր է անում սրան-նրան»։

Շիրազի տուն-թանգարանը գտնվում է Գյումրիում՝ Վարպետաց փողոցում, հենց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Շենքը հին կառույց է՝ կառուցված 1868 թվականին, որը նախկինում եղել է մեծահարուստ վաճառականի տուն, իսկ հետագայում ծառայել է որպես արտադրամաս։

1983 թվականին, երբ իշխանությունները Շիրազին տուն էին հատկացնում, նրան մի քանի տարբերակներ առաջարկեցին։ Բանաստեղծը նախընտրեց հենց այս վայրը՝ Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ, ասելով.

«Վարպետի՝ Ավոյի տուն էկողը, իմ տուն էլ գուկա։»

Երբ փոքր էր, Օնիկը հենց այս թաղամասում էր ջուր վաճառելով ապրուստը վաստակում։

Ցավոք, բանաստեղծը չհասցրեց ապրել այդ տանը։ Նա մահացավ 1984 թվականի մարտին, իսկ թանգարանը գործում է 2003 թվականի սեպտեմբերից։

Հովհաննես Շիրազի կյանքն ու ստեղծագործական ճանապարհը Խորհրդային Հայաստանում անցել են բարդ և հակասական փուլերով։ Թեև նա ճանաչված էր ամբողջ Խորհրդային Միությունում, սակայն հաճախ զրպարտանքների էր ենթարկվում։

Երկար տարիներ չէին տպագրվում նրա նոր ստեղծագործությունները, որոնք համարվում էին ազգայնական։ Եթե անգամ դրանք հրատարակվում էին, ապա ենթարկվում էին կոպիտ խմբագրումների և կրճատումների։ Շիրազին՝ հայության միասնության խորհրդանիշին, խորհրդային իշխանությունները երբեք թույլ չտվեցին այցելել արտասահմանյան որևէ երկիր կամ սփյուռքահայ որևէ համայնք։

Չնայած այս ամենին, Շիրազը մեծ ժողովրդականություն էր վայելում խորհրդային Հայաստանում։ Ամեն օր, նույն ժամին, նա հայտնվում էր Երևանի կենտրոնական փողոցների խաչմերուկներում՝ Աբովյան, Ամիրյան, Տերյան, և իր շուրջը հավաքում էր արվեստի երկրպագուներին։ Գրականագետ Սուրեն Աղաբաբյանը Շիրազի մահից հետո այս երևույթը հետևյալ կերպ է մեկնաբանել.

«Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ»։

Շիրազը որդուն մի պատգամ ուներ՝ մահից հետո իր սիրտը Արարատի գագաթին ամփոփել։ 2006 թվականին այս պատգամն իրագործվեց։ Հոր մահվանից հետո Արա Շիրազը նրա սիրտը պահել էր տանը՝ ֆորմալինով լցված ապակյա անոթում։ 2006 թվականի հուլիսին չորս հայ վերելք կատարեցին Արարատ և գագաթին ամփոփեցին բանաստեղծի սիրտը:

«…Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից, Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ, Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով: Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես, Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի, Որ շիրմում էլ՝ դարավոր հուր կարոտից չմրսի:»

Հովհաննես Շիրազի ստեղծագործություններն այսօր դասական են դարձել հայ գրական ժառանգության մեջ։ Բանաստեղծի ստեղծագործությունները միշտ արդիական են հնչում։ Նրա պոեզիան մի կողմից խորապես ազգային է, ժողովրդական, մյուս կողմից՝ համամարդկային, փիլիսոփայական։ Բայց բանաստեղծի տողերում հստակ է մի բան՝ նրա կիրքն ու ապրումները, բարությունն ու զայրույթը, հույսն ու երազանքները՝ բոլորը կապված են հայ ժողովրդի ճակատագրի հետ։


✍️ Նանե Մանուկյան / PAN