#իվենթաPAN
July 18

Թրամփի «մեծ կտոր» ականջը, Լինքոլնին սպանած դերասանն ու նռնակով հայազգի ահաբեկիչը. ԱՄՆ նախագահ լինելը վտանգավոր է կյանքի համար

Այս օրերի ամերիկյան քաղաքական դրաման ու հատկապես Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը գուցե աննախադեպ մի բան են թվում, բայց իրականում սա «լավ մոռացված հինն է»։ Եթե կարծում էիք, թե ԱՄՆ-ում բռնությունից տուժում են միայն սովորական քաղաքացիները, ապա շտապենք փաստել, որ պատմությունն այլ բան է ցույց տալիս։

PAN-ը օատմում է ԱՄՆ պատմության ընթացքում սպանված կամ էլ մահափորձի ենթարկված նախագահների և նախագահի թեկնածուների մասին։ Ու Թրամփի վնասված ականջն այս պատմության մեջ չարյաց փոքրագույնն է։

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆ

ԱՄՆ 6-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը սպանվել է թատրոնում՝ ներկայացման ընթացքում։ 1815 թվականի ապրիլի 14-ին Վաշինգտոնում նախագահը դիտում էր «Մեր ամերիկացի զարմիկը» ներկայացումը, երբ սպանվեց հրազենից գլխին արձակած կրակոցից։ Իսկ մարդասպանը ոչ ավել, ոչ պակաս՝ դերասան էր։ Բայց ո՛չ, տվյալ ներկայացման մեջ Ջոն Ուիլքս Բութը դերակատարում չուներ։

Այդ օրվա ներկայացման հետ դերասանը կապ չուներ, բայց անգիր գիտեր սցենարը, շենքի բոլոր մուտքերն ու ելքերը։ Ու անգամ սպանության պահը պատահական ընտրված չէր։ Ջոն Ուիլքս Բութը նախագահական օթյակ է մտնում ու կրակում Լինքոլնի ուղղությամբ կատակերգության ամենածիծաղելի տեսարաններից մեկի ժամանակ։ Նպատակն էր՝ ծիծաղի բարձր ձայնի միջոցով խլացնել կրակոցի ձայնը։

Շատ տարբեր ու հակասական վկայություններ կան այդ երեկոյի հետ կապված։ Ըստ այդ վկայություններից մեկի՝ Բութը սպանությունից հետո բղավել է լատիներենով մի արտահայտությունը, որը թարգմանաբար նշանակում է «այսպիսին է բռնակալների ճակատագիրը»։

Ստեղծված խառնաշփոթի արդյունքում մարդասպանը կարողացել է փախնել ու թաքնվել։ Վիրավոր նախագահին էլ տեղափոխել են թատրոնի հանդիպակաց հատվածում գտնվող առանձնատուն։ Հաջորդ օրն առավոտյան նախագահը մահացել է։

‌Ընդամենը մեկ օր անց հանցագործին հայտնաբերել են Վիրջինիա նահանգում՝ ամբարում թաքնված։ Ամբարն այրել են, իսկ ատրճանակով զինված Բութը հրաձգության մեջ է մտել ու արդյունքում սպանվել։

ՋԵՅՄՍ ԳԱՐՖԻԼԴ

Սպանության զոհ դարձած ԱՄՆ հաջորդ նախագահը Ջեյմս Գարֆիլդն է։ ԱՄՆ 20-րդ նախագահի դեմ մահափորձը 1881 թվականին էր։ Առավոտյան նախագահը երկաթուղային Baltimore and Potomac Railroad Station կայարանում էր, երբ թիկունքից նրա ուղղությամբ կրակոցներ է արձակում փաստաբան Շառլ Գիտոն։

Անշուշտ, ցանկացած սպանության դեպքում, հատկապես նախագահների, շատ կարևոր ու հետաքրքիր է հանցագործի մոտիվը։ Այս անգամ այն ամենևին էլ պետական շահերի կամ մարդու իրավունքների գաղափարներով չէր փաթեթավորված։ Սա խիստ նեղացած մարդու արարք էր։

‌Գիտոն նախագահական ընտրությունների ժամանակ աջակցում էր Գարֆիլդին, իսկ նախագահի ընտրվելուց հետո վստահ էր, կամ առնվազն հույս ուներ, որ իրեն էլ ինչ-որ կարևոր պաշտոնի կնշանակեն։ Հատկապես հետաքրքրված էր դեսպան դառնալու հեռանկարով։ Ինչպես հասկացաք՝ Գիտոյի սպասումները չարդարացան, Գարֆիլդն էլ սպանվեց։

Բայց մի կարևոր նկատառում։ Նախագահի վերքը շատ խորը չէր ու կյայնքի համար կարևոր օրգանները չէր վնասել։ Նախագահի առողջական վիճակը վատանում է վիրահատությունից հետո, երբ թարախային բորբոքում է առաջանում։ Արդյունքում բժիշկներն այդպես էլ չեն կարողանում հանել գնդակը, վարակն էլ տարածվում է ամբողջ օրգանիզմում։ Նախագահը մահանում է 1881 թվականի սեպտեմբերի 19-ին։

‌Փաստաբանները պահանջում էին Գիտոյին անմեղսունակ ճանաչել, բայց դատարանը մահապատժի որոշում է կայացնում։ Ի դեպ, մինչև օրս էլ կա վարկած, որ գուցե բժիշկների քայլերը ևս պլանավորված էին ու նախագահի վատթարացած առողջական վիճակը դիտավորության արդյունք էր։ Ամեն դեպքում սա որևէ կերպ չի հաստատվել։

‌Բայց այս պատմության ամենահետաքրքիր դրվագը եղել է ոչ թե կրակոցների պահին կամ դրանից հետո, այլ շատ ավելի վաղ։ Մարդասպանը զենքի համար վճարել է 15 դոլար, որն այսօր համարժեք է մոտ 500 դոլարի։ Իր վերջին կոպեկը Գիտոն ծախսել է, որպեսզի գնի ոչ թե փայտե, այլ փղոսկրե բռնակով ռևոլվեր, որպեսզի սպանությունից հետո զենքը որպես թանգարանային ցուցադրանմուշ լավ նայվի։

ՈւԻԼՅԱՄ ՄԱՔ-ՔԻՆԼԻ

25-րդ նախագահ Մաք-Քինլին եղել է 20-րդ դարի առաջին ԱՄՆ նախագահը և Քաղաքացիական պատերազմին մասնակցած վերջին նախագահը։ Նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետի վեցերորդ ամսում՝ 1901 թվականի սեպտեմբերին Մաք-Քինլիին սպանում են Նյու Յորքում՝ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում։

Մարդասպանը անարխիստ Լեոն Չոլգոշն էր։ Անարխիզմի գաղափարախոսությունն ու քաղաքական այս փիլիսոփայությունը որպես սեփական առաքելություն ընդունող մարդասպանը նախագահին բռնաճնշումների խորհրդանիշ էր համարում։ Նա համոզված էր, որ որպես անարխիստ իր պարտականությունն էր սպանել նախագահին։

Մաք-Քինլին մարդկանց հետ սիրում էր շփվել առանց խիստ վերահսկողության։ Եվ Նյու Յորքում հերթական հանդիպումը հարմար առիթ էր սպանության փորձի համար։ Մարդասպանը կրակոցներն արձակում է հենց այն ժամանակ, երբ նախագահի հետ ձեռքսեղման իր հերթն էր հասել։

‌Մի քանի օր նախագահը ծանր վիճակում է լինում, իսկ երբ թվում էր, թե ապաքինվում է, նրա վիճակը կտրուկ վատանում է։ Ուիլիամ Մաք-Քինլին մահանում է սեպտեմբերի 13-ին։

ՋՈՆ Ֆ. ՔԵՆԵԴԻ

ԱՄՆ նախագահի սպանությունը որպես այդպիսին շոկային ու մեծ արձագանք գտնող երևույթ է, բայց Քենեդու սպանությունը գերազանցեց բոլոր պատկերացումները։ Այս սպանության մասին խոսում են մինչև օրս, մոտիվները քննարկում ու նոր տարբերակներ առաջարկում անգամ տասնամյակներ անց։

Քենեդու սպանությունը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22-ին՝ Դալաս քաղաքում։ Նախագահը  մահացու վիրավորում է ստացել դիպուկահար հրացանից արձակված փամփուշտից, երբ կնոջ հետ միասին նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։

Ի դեպ, Դալասով նախագահի շքախմբի շարժման ժամանակ ուղիղ հեռարձակումներ, չեն իրականացվել, քանի որ լրագրողների մեծ մասը նախագահական շքախմբին սպասում էին ցուցադրությունների կենտրոնում։

‌Հանցագործը ձերբակալվել է դեպքից 1 ժամ 20 րոպե անց, իսկ արդեն նույն օրը երեկոյան նրա դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Սպանությանը հաջորդող 10 ամիսների ընթացքում գործը հետաքննվում էր հատուկ ձևավորված կոմիտեի կողմից։ Արդյունքում եզրակացությունն այն էր, որ հանցագործը Լի Հարվի Օսվալդն է, որը միայնակ է գործել։

Այս վարկածը մարդկանց այնքան էլ արժանահավատ չէր թվում։ Արդյունքում թեման այնքան քննարկվեց, որ դավադրության տեսությունների ու իրականության սահմանը ամբողջովին խառնվեց։ Կային անգամ վարկածներ, որ սպանության հետևում ամերիկյան և խորհրդային հատուկ ուժերն են կանգնած։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը՝ 70 %-ից ավելին, չի հավատում սպանության պաշտոնական վարկածին։

Քենեդու մահից հետո ԱՄՆ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը ինքնաբերաբար դառնում է երկրի նախագահ։ Պատմության մեջ առաջին և դեռևս միակ անգամն էր սա, երբ ԱՄՆ նախագահի երդմնակալությունը տեղի է ունենում ինքնաթիռի մեջ, իսկ Աստվածաշնչի փոխարեն Ջոնսոնի ձեռքում փոքրիկ աղոթագիրք էր։

‌Ընդամենը հինգ տարի անց սպանվում է նաև Քենեդու եղբայրը՝ ԱՄՆ սենատոր և նախագահի հավանական թեկնածու Ռոբերտ Քենեդին։ 1968 թվականին, նախագահական ընտրություններից առաջ, Քենեդին նախագահի ամենահավանական թեկնածուն էր։ Նա սպանվում է Լոս Անջելեսում, հերթական կարևոր նախընտրական հաջողությունից հետո։

Սենատոր Ռոբերտ Քենեդին գտնվում էր Լոս Անջելեսի ամենաշքեղ «Ամբասադոր» հյուրանոցում։ Դահկիճում նախ ելույթ է ունենում սենատորների համար, դրանից հետո էլ նախատեսված էին հարցազրույցներ։ Ճանապարհը կրճատելու համար Քենեդին անցնում է երկու սրահները միավորող խոհանոցով, ու հենց այնտեղ էլ նրա ուղղությամբ կրակում է պաղեստինա-հորդանանցի ներգաղթյալ Սերխան Սերխանը։

‌ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՎՐԻՊՈՒՄ Է

Դժբախտաբար, նախագահների վրա հարձակման կամ մահափորձերի դեպքերն այսքանով չեն սահմանափակվում, բայց բարեբախտաբար՝ մյուս բոլոր դեպքերում հանցագործները կա՛մ վրիպել են, կա՛մ էլ հնարավոր է եղել փրկել քաղաքական գործիչների կյանքը։ Վերհիշենք նաև դրանցից մի քանիսը։

1912 թվականին արդեն նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը հերթական անգամ ցանկանում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնել ու նախընտրական քարոզարշավ էր անցկացնում։ Հենց այդ հանդիպումներից մեկի ընթացքում էլ հոգեբանական խնդիրներ ունեցող մի տղամարդ, որը հետո պարզվում է, որ սեփական բարն ուներ Նյու Յորքում, կրակում է Ռուզվելտի ուղղությամբ։ Ասում են, փամփուշտն անցել է այն թղթի միջով, որտեղ նախկին նախագահի ելույթն էր գրված։ Արդյունքում Ռուզվելտը փրկվում է, բայց փամփուշտը մինչև կյանքի վերջ մնում է նրա մարմնում։

1933-ին զինված հարձակում է լինեում 32-րդ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի վրա։ Իտալացի փախստականին չի հաջողվում սպանել նախագահին, բայց հրաձգության հետևանքով սպանվում է Չիկագոյի քաղաքապետը։

38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդը հաստատ բախտավոր աստղի տակ է ծնվել։ Նախ հիշեցնենք, որ նա եղել է 40-րդ փոխնախագահը Ռիչարդ Նիքսոնի նախագահության ժամանակ։ Նա առաջին մարդն էր, ով համաձայն ԱՄՆ սահմանադրության նշանակվեց փոխնախագահ, նախկինում այս պաշտոնից հրաժարված Սպիրո Էնգրյուի փոխարեն։ Իսկ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո նա դարձավ առաջին նախագահը, ով չի ընտրվել ո՛չ նախագահի, ո՛չ էլ փոխնախագահի պաշտոններում։

Ինչ վերաբերում է սպանության փորձերին՝ նրա դեմ մահափորձ է իրականացվել երկու անգամ ու ընդամենը 17 օր տարբերությամբ։ Երկու փորձերն էլ իրականացրել են կանայք, երկուսն էլ վրիպել են։

Դե իսկ Ռոնալդ Ռեյգանի դեմ մահափորձն իսկական ֆիլմի սցենար է հիշեցնում։ Դեպքը պատահել է 1981 թվականին՝ պաշտոնը ստանձնելուց երկու ամիս անց։ Նախագահը և նրա ուղեկցորդներից երեքը վիրավորվել են Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցից դուրս գալու ժամանակ։ Բարեբախտաբար, նախագահի կյանքը հաջողվել է փրկել։

‌Բայց այս պատմության մեջ ևս ամենատպավորիչը հենց մոտիվն է։ Հատկապես, որ այն առանձնապես կապ էլ չուներ նախագահ Ռեյգանի հետ։ Կրակողը Ջոն Հինքլին էր, ով ավելի վաղ հետապնդել է նաև նախագահ Ջիմի Քարթերին։ Իսկ պատճառը հիվանդագին սերն էր։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ դերասանուհի Ջոդի Ֆոսթերի հանդեպ մոլուցքը։

Տղամարդը դերասանուհուն տեսել ու սիրահարվել է «Տաքսիստ» ֆիլմում և դրանից հետո տարիներով հետապնդել է նրան, նամակներ ուղարկել ու անհանգստացրել։ Կարևոր է արձանագրել, որ այդ ժամանակ աղջիկն անգամ չափահաս չէր։ Հետո արդեն, երբ դերասանուհին ընդունվում է Յեյլի համալսարան, հիվանդագին սերը Հինքլիին տանում է նույն համալսարան՝ գրական վարպետության դասընթացների։

‌Ու քանի որ ոչ մի կերպ աղջկա ուշադրությունը գրավել չի ստացվում, տղամարդը որոշում է, որ լավագույն միջոցը նախագահին սպանելն ու այդ կերպ ամբողջ երկրի ուշադրության կենտրոնում հայտնվելն է։ Մտածում էր, որ գոնե այդ ժամանակ Ջոդի Ֆոսթերը կնայի իր ուղղությամբ։

‌Իսկ արդյունքում Հինքլին հայտնվում է միայն համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, իսկ հետո հայտնվում հոգեբուժական կլինիկայում։ Բայց իր այս քայլի համար տղամարդն այդպես էլ չի զղջում, իսկ տեղի ունեցածն անվանում է «համաշխարհային պատմության մեջ սիրո մեծագույն արտահայտում»։

Եվ էլ ի՞նչ ցանկ, որտեղ հայկական ազգանուն չի հայտնվում։ Եզրափակենք այս ցանկը 2005 թվականին Վրաստանում տեղի ունեցած դեպքով։ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի Ազատության հրապարակում էին գտնվում, երբ հայազգի Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը նրանց ուղղությամբ նռնակ է նետում։ Նռնակը մարտական վիճակում էր, բայց չի պայթել։

Վլադիմիր Հարությունյանին ձերբակալում են իր տան մոտ իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Տղամարդը դիմադրություն է ցույց տալիս ու սպանում Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության վարչության պետին։ Ձերբակալվելուց հետո էլ խոստովանական ցուցմունք է տալիս ու պնդում, որ պատրաստ է կրկնել ԱՄՆ նախագահի դեմ իրականացված ահաբեկչության փորձը։


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


‌Հարությունյանին մեղադրանք է առաջադրվում միանգամից մի քանի հոդվածներով՝ ահաբեկչություն, սպանության փորձ, Վրաստանի քաղաքական անձի վրա հարձակում, միջազգային պաշտպանության տակ գտնվող անձի վրա հարձակում և այլն։ Տղամարդուն դատապարտում են ցմահ ազատազրկման։

Հասանք մեր օրեր։ Թրամփի վնասված ականջն այս պատմություններից հետո կարծես իսկապես չարյաց փոքրագույնը լինի։ Բայց իրականում նախկին նախագահին մեկ միլիմետրն է փրկել։ Կրակողը սպանված է, ցավոք, զոհվել է նաև նախընտրական հանդիպմանը մասնակցող մի քաղաքացի։

Գուցե վատ է հնչում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում սպանության փորձը մեծացնում է թեկնածուի՝ նախագահ դառնալու շանսերը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ազդեցություն կունենա այս դեպքը Թրամփի քաղաքական ճակատագրի վրա։ Իսկ մինչ այդ Ամերիկայում ու աշխարհում տաք-տաք եփվում են մահափորձի հետ կապված դավադրության նոր տեսություններ։


✍️ Նանե Մանուկյան / PAN