#cyberPAN
May 29, 2023

Spider-Man 2, Alan Wake 2 ու MGS 3 Remake. Ինչ ցույց տվեցին PlayStation Showcase-ին  

Մայիսի 24-ին Sony-ն անցկացրեց PlayStation Showcase միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեցին խաղեր առաջին հերթին PS5 ու PS VR2 պլատֆորմների համար, ինչն ուրախալի է, որովհետև իններորդ սերնդի դուրս գալուց հետո վերջապես խոշոր խաղային ընկերությունը կենտրոնանում է ոչ թե քրոսգենի, այլ հենց նեքստգենի վրա։

PAN-ը հետևել է միջոցառմանն ու պատմում է գլխավոր նորույթների մասին։

Ներկայացվեց Haven ստուդիայի Fairgames խաղի կինեմատոգրաֆիկ թրեյլերը։ Հիշեցնենք, որ ստուդիան հիմնել է Assassin's Creed-ի պրոդյուսեր Ջեյդ Ռեյմոնդը։

Ապա ներկայացվեց Helldivers 2-ի թրեյլերը, խաղը դուրս կգա այս տարի` PS5-ի ու PC-ի վրա։

Այս տարի սպասվում է նաև Ghostrunner 2-ը, որի թրեյլերը նույնպես ներկայացվեց։

Phantom Blade 0 ֆենթեզի սամուրայական էքշնի տպավորիչ թրեյլերից հասկանալի չէ, թե որքան ու որ պլատֆորմների վրա այն պետք է սպասել, բայց PS5-ը հաստատ է։

Immortals of Aveum էքշնի գեյմփլեյ թրեյլերից հասկանալի է դառնում, որ այն դուրս կգա արդեն հուլիսի 20-ին` PS5-ի, Xbox Series X|S-ի ու PC-ի վրա։

Ներկայացվեց նաև The Talos Principle-ի սիքվելը, որի ռելիզը նույնպես սպասվում է այս տարի` PS5-ի, Xbox Series X|S-ի ու PC-ի վրա։

Խաղացողներին սպասում են նոր, բազմապիսի հանելուկներ, անսովոր մեխանիկաներ, գաղտնիքներ ու չափազանց տարօրինակ աշխարհ, հայտնում են ստեղծողները։

Devolver Digital-ը անոնս արեց նաև Neva արկածային խաղը, որով զբաղվում են GRIS-ի ստեղծողները։ Խաղը դուրս կգա մյուս տարի` PS5-ի, Xbox Series X|S-ի, Nintendo Switch-ի ու PC-ի վրա։

Այս տարի PS5-ի ու Xbox Series X|S-ի վրա դուրս կգա նաև Teardown-ը։

Միջոցառման ընթացքում հաստատվեց ավելի վաղ հրապարակված ինսայդերական ինֆորմացիան. Konami-ն ներկայացրեց Metal Gear Solid 3-ի ռեմեյքը։

Պրեզենտացիան սահմանափակվեց կարճ, սակայն խիստ տպավորիչ թիզերով, որում երկրպագուները հաստատ կճանաչեն ջունգլիները Սնեյքի օրիգինալ արկածներից։

Հիշեցնենք, որ խաղը Հիդեո Կոձիմայի լեգենդար հիմնական շարքի պրիքվելն է, իսկ իրադարձությունները ծավալվում են նախոր դարի 60-ականներին։ Ռեմեյքը ստեղծվում է PS5-ի, Xbox Series X|S-ի ու PC-ի համար, ռելիզի հստակ ժամկետները անհայտ են։

Հայտնի դարձավ նաև, որ աշնանը PS5-ի վրա դուրս կգա MGS1, MGS 2 ու MGS 3-ի ռեմաստերների հավաքածուն։ Ելնելով անվանումից (Vol. 1), կարելի է հետագայում սպասել նաև երկրորդ հավաքածուին։

Հրապարակվեց Final Fantasy XVI-ի տպավորիչ թրեյլերը։ Խաղը դուրս կգա հունիսի 22-ին` PS5-ի վրա։

Ներկայացվեց լեգենդար Alan Wake-ի սիքվելի թրեյլերը։ Խաղը դուրս կգա հոկտեմբերի 17-ին` PS5-ի, Xbox Series X|S-ի ու PC-ի վրա։

Հոլովակում կարելի է տեսնել մի շարք գեյմփլեյ ու սյուժետային դրվագներ Ալանին որոնող ՀԴԲ գործակալների մասին, ովքեր բախվում են հրեշների ու կուլտիստների։ Գործակալներից մեկին խաղում է Սեմ Լեյքը։

Alan Wake 2-ի պաստառը

Նախկինում ինսայդերներից մեկը հայտնել էր, որ Ալան Վեյքի պատմության նոր, մռայլ գլուխն իսկական նեքստգեն է լինելու։ Ամենայն հավանականությամբ, խոսքը խաղի հենց վիզուալի մասին էր։

PC-ի վրա խաղն առաջին հերթին դուրս կգա EGS-ում` Epic Games-ի կողմից նախագծի աջակցման շնորհիվ։

Բացի այդ, անոնսից հետո հայտնի դարձավ, որ սիքվելը դուրս կգա միայն թվային ֆորմատով, ինչը թույլ կտա չբարձրացնել արժեքը։

Թարմ թրեյլերով հայտարարվեց նաև Assassin's Creed Mirage-ի դուրս գալու ժամկետը` հոկտեմբերի 12-ին` PS5-ի, Xbox Series X|S-ի ու PC-ի վրա։

Հոլովակում կարելի է տեսնել ոչ միայն սյուժետային էլեմենտներ, այլև գեյմփլեյ դետալներ` թիրախների սպանությամբ ու պարկուրով։ Նախագիծը Valhalla-ի պրիքվելն է ու պատմում է Բասիմի երիտասարդ տարիների մասին։

Գեյմերների խնդրանքով, այս անգամ խաղն ավելի կոմպակտ է։ Mirage-ը այն ութ խաղերից մեկն է, որոնք Ubisoft-ը թողարկելու է մինչև 2024-ի ապրիլ։

Capcom-ը ցույց տվեց Street Fighter 6-ի սյուժետային թրեյլերը։ Խաղը դուրս կգա հունիսի 2-ին` PS ու Xbox երկու սերունդների ու PC-ի վրա։

Capcom-ը ցույց տվեց նաև Resident Evil 4 Remake-ի VR տարբերակը։

Ցուցադրվեց Dragon's Dogma 2-ի գեյմփլեյ թրեյլերը, որում հերոսներն ու իրենց թիմի անդամները կռվում են տարատեսակ հրեշների հետ։

Հոլովակում կարելի է գնահատել մեծացած մասշտաբներն ու հրեշների բազմազանությունը, ինչպես նաև մի շարք էպիկական սյուժետային պահեր։ Ռելիզի ժամկետներն ու հասանելի պլատֆորմներն առայժմ անհայտ են։

Bungie-ն հրապարակեց Destiny 2-ի The Final Shape DLC-ի կինեմատոգրաֆիկ թիզերը։

Միջոցառումն ավարտվեց PS5-ի էքսկլյուզիվ Spider-Man 2-ի գեյմփլեյ թրեյլերով, որում ցույց տվեցին Քրեյվեն որսորդին, Մողեսին, Մայլզ Մորալեսին ու, իհարկե, Պիտեր Պարկերին։

Վերջինս արդեն հագել է սև կոստյում-սիմբիոտն ու ակտիվորեն օգտագործում է դրա հնարավորությունները թշնամիների դեմ։ Տեսանյութում ակցենտը հենց այդ հնարավորությունների ցուցադրման վրա է։ Իսկ Մայլզը կարող է կիրառել թշնամու տեխնիկական հնարավորությունները, օրինակ` դրոնները։

Ըստ գեյմփլեյ թրեյլերի, երկու հերոսները հետապնդում են Մողեսին, որպեսզի վերջինիս վերածեն դոկտոր Քուրթ Քոննորսի, ով կարող է դեղամիջոց ստեղծել Հարրի Օսբորնի համար։

Ավելի վաղ, Sony Interactive Entertainment-ի ղեկավար Ջիմ Ռայանը նշել էր, որ խաղի PS5 էքսկլյուզիվությունը թույլ է տվել Insomniac-ին լիարժեք օգտագործել կոնսոլի պոտենցիալը։ Վերջիններս կարծում են, որ երկրորդ Spider-Man-ն իրենց լավագույն խաղն է։

Sony-ն ցույց տվեց նաև PlayStation Q Lite պորտատիվ սարքը` նախատեսված PS5-ից խաղերը սթրիմ անելու համար։ Դիվայսն ունի 8 դյույմանոց էկրան, իսկ քընթրոլերները ունեն նույն ֆունկցիոնալը, ինչ DualSense-ը։


✍️ Արման Գասպարյան / PAN