Սուբյեկտիվ սինգուլյարություն. Երբ գերբանականության փոխարեն ստանում ենք «կարգո կուլտ»
Ֆուտուրոլոգները սիրում են տեղի ունեցող իրադարձություններն էքստրապոլյացիայի ենթարկել` անտեսելով կամ միջինացնելով անկանխատեսելի ու ոչ գծային էֆեկտները։ Երբեմն նման էքստրապոլյացիան դուրս է գալիս բոլոր հնարավոր խելամիտ սահմաններից։ Նման օրինակներից է այսպես կոչված տեխնոլոգիական սինգուլյարությունը։
Տեխնոլոգիական սինգուլյարությունը տեխնոլոգիաների զարգացման հիպոթետիկ կետ է, որից հետո տեխնոլոգիական աճը դառնում է անդառնալի ու անկառավարելի, ինչն էլ անկանխատեսելի կերպով փոխում է մարդկային քաղաքակրթությունը։ Օրինակ, անդադար զարգացող արհեստական բանականությունը զարգացման յուրաքանչյուր նոր փուլի հետ դառնում է ավելի ու ավելի ինտելեկտուալ` ի վերջո վերածվելով գերբանականության, որը զգալիորեն գերազանցում է մարդուն։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը BarCamp Yerevan-ի ընթացքում պատմել է տեխնոլոգիական սինգուլյարության առավել իրատեսական պատկերի մասին։ PAN-ն էլ կիսվում է առավել ուշագրավ դիտարկումներով։
Տեխնոլոգիական սինգուլյարության մասին խոսակցությունները սկսում են պոպուլյար դառնալ այն ժամանակ, երբ տեխնոլոգիաների զարգացման ոլորտում նոր փուլ է սկսվում: Ցանկացած բեկումնային իրադարձություն առաջացնում է հասարակական ոգևորություն, ու մարդիկ, ովքեր ծանոթ են տեխնոլոգիական սինգուլյարության գաղափարին, սկսում են համարել, որ՝ ահա, հիմա այդ պահն է, այ հիմա սկսվել է: Ու այժմ, արհեստական բանականության զարգացման հետ մեկտեղ նման պատկերացումների հերթական աստեղային ժամն է:
Եթե փորձենք հնարավորինս ազատել տեխնոլոգիական սինգուլյարության գաղափարը լրիվ ֆանտաստիկ կոնցեպտներից, ինպիսին է, օրինակ, կիսատեխնոլոգիական-կիսակենսաբանական անմահ գերմարդու ստեղծումը, ու փորձենք այն հնարավորինս պարզ ձևակերպել, ապա կստանանք հետևյալը. տեխնոլոգիական սինգուլյարությունը տեխնոլոգիաների զարգացման այն պահն է, որից հետո դրանք դառնում են անկառավարելի, ինքնաբավ, ու շարունակում են ինքնուրույն ու հիմնականում անկանխատեսելի զարգացումը՝ մարդուց անկախ: Իհարկե, տեխնոլոգիական սինգուլյարությունը միայն տեղեկատվական տեխնոլոգիաների մասին չէ. կենսատեխնոլոգիաները, ֆիզիկայի ոլորտում ուսումնասիրությունները նույնպես կարող են դրա համար հիմք լինել, սակայն ներկայիս իրողություններում սինգուլյարության սպասումը կապված է հենց տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության հետ:
Եթե փորձենք վերլուծել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ներկայիս ժամանակներում, ապա կարող ենք ասել, որ ամեն ինչ շարժվում է դեպի արհեստական բանականություն, որը մինչև վերջերս ինչ-որ անհասկանալի տեխնոլոգիա էր մարդկանց մեծ մասի համար: Իսկ հիմա արդեն հասարակության մի նկատելի հատված իր համար հայտնաբերել է արհեստական բանականության գործիքակազմը թե բնական լեզվով տեքստերի գեներացման, թե նկարների ու տեսանյութերի գեներացման ոլորտում, ու, պրոֆեսոնալներին չհաշված, մնացած մարդիկ ամեն օր դրանով խաղում են ու զարմանում: Հենց այս զարմանքն էլ տեխնոլոգիական սինգուլյարության ժամանակակից փուլի հիմքում է:
Կարելի է ասել, որ ներկայումս մենք արհեստական բանականության նկատմամբ էնտուզիազմի փուլում ենք: Միաժամանակ, ակնհայտ է, որ մարդն ու տեխնոլոգիաները լրիվ նոր հարաբերությունների մեջ են. եթե նախկինում տեխնոլոգիաների հետ շփումը տեղի էր ունենում մեծամասամբ հրահանգների միջոցով, այսօր արդեն մարդ արարածն ինքն է ներգրավված տեխնոլոգիաների զարգացման մեջ, որպես օժանդակ մաս, որովհետև արհեստական բանականությունն անդադար պահանջում է մարդկային մտավոր ռեսուրսների ներդրում իր զարգացման մեջ. նույն ChatGPT-ի կամ ցանկացած մեծ լեզվային մոդելի աշխատանքի ու գեներացրած տեքստերի հիմքում հենց մարդկանց ստեղծագործ մտքի, կամ, ընդհանրապես՝ ցանկացած գրավոր մտքի խտացումն է: Ու հիմա մենք մի փուլում ենք, երբ մարդը հայտնաբերել է իր էկոշրջապատը ընդլայնող լրիվ նոր երևույթ:
Հասկանալու համար, թե ինչ արագությամբ է արհեստական բանականությունն աճում, դիմենք թվերին. եթե տարատեսակ սոցիալական ցանցերի կամ հավելվածների համար մեկ միլիոն օգտատեր հավաքելը տևում է ամիսներ ու տարիներ, ապա ChatGPT-ն դա արել է ընդամենը հինգ օրում, ինչը պատմական բացառիկ օրինակ է: Այդ առաջին միլիոնի մեջ, անկասկած, կային մարդիկ, ովքեր օգտագործում էին այդ գործիքը պրոֆեսիոնալ նպատակներով, բայց մեծ մասը ոգևորված մարդիկ էին, ովքեր զուտ փորձարկում էին այն: Հիմա արդեն ChatGPT ամսական մոտ 2 մլրդ մուտք է արվում:
Արհեստական բանականության գեներատիվ մոդելները ներկայումս շատ արագ զարգանում են. կա ահռելի մրցակցություն խոշոր ընկերությունների միջև, որոնք հասկանում են՝ նոր մրցավազքում հետ մնալու դեպքում ոչնչանալու են: Կա նաև քաղաքական շահագրգռվածություն պետությունների կողմից: Որքան արհեստական բանականությունը զարգանա, իսկ այն էքսպոնենցիալ է զարգանալու, այնքան մեծ գումարներ են ներդրվելու ոլորտում, որովհետև ֆինանսական տիրույթում գերիշխող դիրք ստանալու համար հենց արհեստական բանականությունն է դառնում ծանրակշիռ գործիք ոչ միայն ծառայությունների, այլև կանխատեսման միջոցների տեսքով:
Հետևաբար, առաջիկա մեկ տարում այդ գործիքները կշարունակեն բուռն զարգացումը, կառաջանա ահռելի քանակությամբ նոր գործիքակազմ՝ նոր ֆունկցիոնալությամբ: Միաժամանակ, կփոխվի ՏՏ ոլորտում աշխատանքի պատկերը, որովհետև, մի կողմից, մոդելները թույլ են տալիս, օրինակ, կոդ գրել, մյուս կողմից՝ առաջանում է նոր մասնագիտություն՝ փրոմթ ինժիներինգ, որում ներգրավված մարդիկ կարող են լեզու գտնել արհեստական բանականության հետ: Ինչ վերաբերում է սովորական մարդկանց, նրանք այս գործիքներով հնարավորություն են ստացել անել այն, ինչ նախկինում չէին կարող. ոչ դիզայները դիզայն է անում, ոչ նկարիչը նկարում է, ոչ ռեժիսորը կինո է նկարում և այլն:
Ու այստեղ մենք հասնում ենք կենտրոնականին. թե փրոմթ ինժեները, թե արհեստական բանականության գործիքները ամեն օր օգտագործող մարդիկ այն օգտագործում են, այսպես ասած, դրսից, սակայն չգիտեն, թե ինչպես է այն աշխատում: Սա սև արկղ է, որը ունի մուտք, ունի ելք, բայց անհայտ է, թե ինչպես է այն աշխատում: Այստեղ էլ շատերի մոտ ձևավորվում է զգացում, որ գործ ունեն մոգական ինչ-որ բանի հետ, առաջանում է անգամ «կարգո կուլտ»: Ու որքան աննկարագրելի, հետաքրքիր, միգուցե՝ վախենալու գործիքներ առաջանան, այնքան ամրապնդվելու է «կարգո կուլտը», ինչն էլ կունենա հեռուն գնացող սոցիալական հետևանքներ:
Կարգո կուլտ տերմինով են անվանում Մելանեզիայում առաջացած կրոնական շարժումները, որոնց հետևորդները կարծում են, որ ինքնաթիռներով նետվող օգնությունը արևմտյան ապրանքների տեսքով ստեղծել են իրենց նախնիների ոգիներն ու նախատեսված է Մելանեզիայի բնակչության համար։
Իհարկե, որոշ առումով տեխնոլոգիաների ստեղծման օրվանից դրանք աստիճանաբար էմանսիպացվում էին մեզանից՝ վերածվելով գլոբալ էկոհամակարգի տարօրինակ կցորդի՝ տեխնոսֆերայի: Սակայն մինչ վերջերս տեխնոլոգիաները այնքան առանձնացված չէին մարդուց, այնքան ինքնաբավ չէին, որքան այսօր, երբ բացի մի փոքր խումբ մարդկանցից, ոչ ոք չի հասկանում, թե ինչպես է դա աշխատում: Մենք սկսում ենք գնահատել տեխնոլոգիաները որպես հարևան, որպես մեզանից անկախ գոյություն ունեցող ու մեզանից անկախ էվոլյուցիա ապրող երևույթ: Արհեստական բանականությունը վերածվում է երևույթի, որի հետ պետք է հաշվի նստենք, որպես գնալով ավելի ու ավելի անկախացողի, որի հետևում կանգնած մարդուն հաշվի առնելն այլևս հարցական է դառնում:
Ու այստեղ էլ առաջանում է տեխնոլոգիական սինգուլյարությունը: Սովորական մարդկանց ներգրավվածությունը տեխնոլոգիական պրոցեսներում գնալով ավելի ու ավելի է նվազում, այսօր արդեն անհնար է տնային պայմաններում հեռախոս կամ ականջակալ վերանորոգել: Տեխնոլոգիաներն այնքան են բարդացել ու նրբացել, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր գաջեթներում: Այդ իսկ պատճառով միջին մարդու համար տեխնոլոգիաները սկսում են իրենց կյանքով ապրել, հետևաբար՝ առանձին մարդկանց, առանձին սուբեկտների մակարդակով տեխնոլոգիական սինգուլյարոթյունն արդեն տեղի է ունեցել: Բայց այդ պրոցեսն այնպես չի տեղի ունենում, ինչպես կանխատեսում էին փիլիսոփաները՝ միանգամից, գլոբալ, ամբողջ աշխարհով մեկ. ամեն մարդու համար, կախված իր տեխնիկական պատրաստվածությունից, սինգուլյարության պահը կգա իր կյանքի ինչ-որ ժամանակում:
Հետևաբար, տեխնոլոգիական սինգուլյարությունը իրական աշխարհում սուբյեկտիվ երևույթ է, որից խուսափելու համար անհրաժեշտ կլինի կրթվել, կամ էլ փոխել կրթական համակարգը, որպեսզի մարդը չվերածվի ուղղակի տեխնոլոգիաների կցորդի: